ՀԻՄԱ


ՄԱՐԴԸ՝ ՄԱՐԴՈՒՆ


Զորիկ Գալստյան, ինչ անակնկալ դու մահացար։ Առանց զգուշացնելու եւ միանգամից։ Մահն էլ երեւի քե՛զ չէր զգուշացրել, թե չէ մի բան կգրեիր, հեռանալուց առաջ, դրա մոտեցող կեղտոտ շնչի մասին։ Բայց չէ, միանգամից չեն մահանում։ Ուղղակի վերջին րոպեների մասին արդեն անհնար ա պատմել։ Վերջին րոպեներին արդեն մարդիկ չկան, որ իրանց ինչ-որ բան պատմես, վերջին րոպեներին մարդը լրիվ մենակ ա մահվան հետ։ 


Նկարը՝ Աղասի Մարգարյանի

Իսկ քանի դեռ վերջին րոպեները չէին վրա հասել, դու անընդհատ պատմում էիր։ Դու էնքան անընդհատ էիր պատմում, որ ես, անկեղծ ասած, զարմացել էի ու մտածում էի՝ էս ինչ տարօրինակ մարդ ա էս մարդը։ Քո մասնագիտությունն ախր լրիվ ուրիշ էր, ծրագրավորումը պատմելու հետ կապ չունի։ Որպես ծրագրավորող դու շատերին ես օգնել, բայց մեկ ա, կարծում եմ քեզ որպես ծրագրավորող չէ, որ հիշելու են։ Քեզ հիշելու են որպես ֆեյսբուքի Զորիկ։  Էն որ համով ստատուսներ էր գրում ու սիրուն նկարներ էր անում։ Քո նկարները ոնց որ հեղեղ լինեին։ Ոնց որ գետն ա հոսում անընդհատ ու ձրի, տենց քո նկարներն էին։ Հիմա դու չկաս, քո նկարները կան։

Քո հետ առաջին անգամ կարծեմ «Ուտոպիանայի»՝ Բաղրամյանի վրայի գրասենյակում եմ հանդիպել։ «Ինքնագրի» մեր քննարկումների նփակյան փուլն ավարտվել էր, ուտոպիանական փուլն էր սկսվել, Վիոլետը ֆեյսբուքում դնում էր մեր հանդիպումների միջոցառումը, ահագին նոր մարդիկ էին սկսել գալ մեր հավաքներին։ 2010-ի սկիզբը պետք ա լիներ։  Հետո դու ինձ ֆեյսբուքում ասեցիր «Մարատ», ու ես քեզ ջնջեցի ընկերներիս ցանկից։ Խոսակցության մանրամասները չեմ հիշում, բայց հիշում եմ Մարատ ասելով ինչ նկատի ունեիր՝ հեղափոխականի ֆանատիկ տեսակը։ Ես քո ասած Մարատը չեմ, դու ճիշտ չէիր, դրա համար էլ ջղայնացա ու քեզ ջնջեցի։ Հետո նորից ընկերացանք, ու հաջորդող հինգ տարիների ընթացքում շատ անգամներ ենք վիճել, բավական սուր, բայց բանը էլ իրար ջնջելուն չէր հասնում, որովհետեւ իրար արդեն ճանաչում էինք։ Մարդն ամենալավը վեճի մեջ ա ճանաչվում։

Մեզ բաժանող ահագին բան կար։ Իմ համար անընդունելի էր քո վերաբերմունքը ժամանակակից արվեստին։ Գրականության շուրջ մենք համարյա երբեք չէինք խոսում՝ նույն պատճառով։ Քաղաքական հարցերում լիքը բան տարբեր ձեւով էինք տեսնում։ Բայց հիմա, երբ որ դու չկաս ու երբ որ նայում եմ քո դատարկ տեղին, էնքան հստակ ա թե ինչ ա պակասել։ Պակասել ա մարդը, որ եղբայր էր ինձ, հակառակ որ շատ հարցերի ուրիշ հայացք ուներ։ Մանր մունր՝ համակարգչային, հեռախոսային, այփադային հարցերից բացի, առիթ չեղավ որ ես քո օգնությանը դիմեմ։ Բայց ես գիտեի որ եթե հանկարծ կարիք լիներ, դու կաս։ Կօգնես, ինչքան որ կկարողանաս։ Ինչքան որ կարող ա օգնել մարդը՝ մարդուն։

Դու աթեիստ էիր, Զորիկ։ Ես էլ եմ աթեիստ։ Աթեիստները չեն հավատում հավերժական կյանքին։ Կյանքը մինչեւ մահն ա։ Էնքանը, ինչքան հասցնում ես ապրել։ Բայց մենք առանձին չենք ապրում, մենք Ռոբինզոնի պես կղզու վրա չենք։ Մենք բոլորս միասին ենք ապրում՝ մեր հայրենիքում։ Եվ յուրաքանչյուրիս կյանքը, էս կամ էն ձեւով, էս կամ էն չափով, բոլոր մնացածներից ա կախված։ Կախված ա նրանից, թե ինչ երկիր ենք կարողանում կառուցել։ Էդ շինարարությունը անվերջ  ա ու դրան բոլորս ենք մասնակցում, մեկս շատ, մեկս քիչ։ Դու շատ էիր մասնակցում։ Եվ քո մասնակցության մի հիմնական գործիքը ֆեյսբուքն էր, մեկ էլ քո լուսանկարչական ապարատը։ Քո լուսանկարներում էսօրվա Հայաստանն ա, բայց քո լուսանկարներին նայողների սրտում արդեն վաղվա Հայաստանն ա, Զորիկ։ Որովհետեւ քո բոլոր գրածների մեխը հենց էդ էր՝ թե ոնց կառուցել վաղվա Հայաստանը, հիմնվելով եղածի վրա եւ ներառելով բոլորին։ Դու դեմոկրատիա բառը չէիր գործածում, դու ընդհանրապես վերացական բառեր քիչ էիր գործածում, բայց քո էջը ամենադեմոկրատականներից մեկն էր ամբողջ ֆեյսբուքում եւ քո ընկերների ցանկը ամենաներառականներից մեկն էր երեւի՝ ներառում էր սոցիալապես եւ գաղափարապես տարբեր հայաստանցիների համարյա ամբողջ ներկապնակը։

Դու չկաս արդեն, իսկ ես խոսում եմ քո հետ։ Ես խոսում եմ քո հետ, իսկ ինչ-որ մեկը լսում ա։ Դու գիտեիր, որ սենց ա լինելու։ Գիտեմ որ՝ գիտեիր։