ՀԻՄԱ


ԱՐԵՎԱԴԱՐՁԻՑ ԱՌԱՋ


Մի քանի ժամից ձմեռային արեւադարձի գիշերն ա։ Դեռ դպրոցական տարիներից, դժվար բացատրելի մի հուզմունք եմ զգում էդ բառն արտասանելիս՝ արեւադարձ։ Արեւը «դառնում ա»՝ շուռ ա գալիս։ Եվ արեւի ամեն դառնալու հետ, կես տարի էլ ա ավելանում մեր ապրած կյանքին, կամ պակասում մեր ապրելիք կյանքից՝ նայած որ կողմից նայես։ Ու հիմա, ձմեռային էս հերթական (թե՞ ոչ հերթական) արեւադարձից առաջ, նստել եմ համակարգիչիս առաջ որ ամփոփեմ անցնող տարին ու փորձեմ գծագրել եկողը։

Ես գոհ եմ անցած տարուց։ Լույս տեսավ նոր գիրքս՝ «Ատրճանակը կրակեց» (ինչ հավես բառ ա չէ՞՝ լույս տեսավ )։ Լուր եկավ իսպաներեն գրքիս մասին, որ կհրատարակվի շուտով՝ Արգենտինայում։ Կայք ունեցա՝ իմ սեփական կայքը։ Վաղուց էի մտածում կայք ունենալու մասին, բայց մտքովս չէր անցնում, թե ինչքան բան կփոխվի դրանով իմ կյանքում ։ Մի քանի ամիս պատրաստվում էի՝ կայքիս մեջ տեղադրելիք նյութերն էի հավաքում, ու հանկարծ զգացի, որ փոխվում եմ մի տեսակ։ Տեսնում էի՝ շոշափելիորեն, նյութականացված տեսնում էի, որ ահագին բան եմ արել մինչեւ հիմա, ու էդ արածիս հիմքի վրա՝ լիքը բան կարող եմ անել, ու միաժամանակ՝ շոշափելիորեն զգում էի դրա համար ինձ մնացած ժամանակի քչությունը։ Բուն նորությունը հենց էդ շոշափելիության մեջ էր՝ էն, ինչ առաջ էլ կարծես թե գիտեի, դարձավ մի տեսակ առարկայական, ու պարզվեց՝ էդ լրիվ ուրիշ իմանալ ա։

Ու քանի որ ես հիմա գիտեմ, շոշափելիորեն գիտեմ, թե ինչքան քիչ ժամանակ ա մնացել ինձ՝ անելու համար էն, ինչի համար ես բանաստեղծություն սկսեցի գրել հեռավոր դպրոցական տարիներիս, էս նոր, եկող տարին կարող ա վճռորոշ լինել իմ գրական կյանքում։ Ես միշտ, հենց սկզբից, որպես վերջնանպատակ ինձ պատկերացրել եմ միջազգային գրական ընտանիքում, բայց գործնական շատ քիչ բան եմ արել դրա համար։ Միշտ մտածել եմ՝ էս գրածներս դեռ էն չեն, սրանցով դեռ չարժի ներկայանալ։ Հիմա հստակ զգացողություն ունեմ, որ հենց էն են ու որ ժամանակն ա։ Երեւի դրա համար էլ էս տարի ստացվեց էն, ինչը միշտ ուզում էի ու չէր ստացվում՝ մշտական, կայուն ռիթմով հետեւել միջազգային գրական գործընթացին։ Կապը դեռ հեռակա ա հիմնականում, դեռ ինձ համար ճշտում եմ գրական քարտեզը, որ հետո, անմիջական կապերը փորձելիս, ավելորդ ժամանակ չկորցնեմ։ Որովհետեւ ամեն տեղ էլ փնտրածս քիչն ա՝ շատի մեջ։

Նոր տարում, ոնց որ ասեցի, Արգենտինայում կհրատարակվի իսպաներեն գիրքս։ Գարնանը Փարիզում գրական-երաժշտական ներկայացում կլինի՝ ֆրանսերեն գրքերիցս մեկի հիմքի վրա։ Մարտին նաեւ Նյու Յորքի կողմերն եմ գնալու, Writers Omi International Residency at Ledig House` գրական կացատուն, որ խոստանում ա հետաքրքիր լինել։ Մինչեւ մարտ կփորձեմ ավելորդ բաների վրա ժամանակ քիչ ծախսել, որ հասցնեմ անգլերեն թարգմանել վերջին երկու գրքերիս բանաստեղծությունները։ Քանի տարի ա հա ասում ու չեմ անում, բայց Նյու Յորքի հեռանկարը հաստատ կօգնի որ էս անգամ անեմ։ Մինչեւ հաջորդ ձմեռային արեւադարձ։

Էս տեքստս նախ հրապարակվել ա իմ բլոգում՝  ԱՐԵՎԱԴԱՐՁԻՑ ԱՌԱՋ