ՀԻՄԱ


ՈՆՑ ՀԱՍՆԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Ես կուզենայի տեսնել էն օրը, երբ մեր ու Ադրբեջանի սահմանը բաց կլիներ և հակամարտությունը՝ ավարտված։ Բայց ո՞նց հասնել դրան։

Սրանից երեք տասնամյակ առաջ՝ 1988-ին, Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվեց։ Ադրբեջանը պատասխանեց նախ Սումգայիթյան կոտորածով, հետո արդեն, Սովետական Միության քանդվելուց հետո, պատերազմով։ Մենք էդ պատերազմում հաղթեցինք։ Ադրբեջանը չի հաշտվել պարտության հետ, Ղարաբաղի ինքնորոշումը հարգելու ոչ մի ցանկություն չունի և պատրաստվում ա ռևանշի։ Էս տարվա ապրիլյան հարձակումը հենց նման ռևանշի փորձ էր, որը խոշոր հաշվով ձախողվեց, բայց մի փոքրիկ տարածք Ադրբեջանն այնուամենայնիվ կարողացավ վերցնել։ Առաջիկա տարիներին Ադրբեջանը չի բացառվում որ նորից հարձակվի։

Իրավիճակը իսկապես բարդ ա և որոշիչ։ Եկող ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում էս հարցը պարզ ա որ չի կարող շրջանցվել։ Օրերս տեղի ունեցած ՀԱԿ համագումարում ելույթ ունենալով, Լևոն Տեր-Պետրոսյանը խաղաղության հասնելու հրամայականը հռչակեց որպես ՀԱԿ նախընտրական պայքարի առանցք։ Ցավոք, ՀՀ առաջին նախագահը անընդունելի մեկնակետից ձևակերպեց էդ հրամայականը՝ ուրիշ ճար չունենալու մեկնակետից: Մեջբերում եմ բառացի՝ «Մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն [sic] կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը»։

Ունկնդրին սարսափահար անելով հաշտության ԱՆՀԱՊԱՂ չկնքման դեպքում ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ աղետի խոստումով, Տեր-Պետրոսյանը չի անդրադառնում էն կարևորագույն հարցին, թե արդյո՞ք իրատեսական ա հաշտության կնքումը էսօր՝ էսօրվա կոնկրետ պայմաններում։ Չէ՞ որ բանակցությունները անզիջողականությամբ ձախողողը էսօր Հայաստանը չի, այլ Ադրբեջանը, որի նախագահը, ոչ թե ինչ-ինչ քաղաքական ուժեր, այլ հենց նախագահը, բազմիցս հանդես ա եկել պատերազմի սպառնալիքով, Հայաստանի մայրաքաղաք Երևանը անվանելով ադրբեջանական պատմական տարածք։ Ադրբեջանն էսօր ոչնչով ցույց չի տալիս, թե պատրաստ ա հարգելու Արցախի ինքնորոշումը։ Եթե Արցախի ինքնորոշումը չի հարգվելու, մենք մեր զիջումը պետք ա անենք ինչի՞ դիմաց։ Եթե մի պահ ընդունենք Տեր-Պետրոսյանի վարկածը, թե «մի քիչ էլ հապաղելու» և հաշտություն չկնքելու դեպքում մեզ «անխուսափելիորեն» աղետ ա սպասում, դրանից կհետևի, թե էդ աղետը կանխելու համար պետք ա ստիպված համաձայնենք Ադրբեջանի առաջարկած պայմաններին, իսկ Ադրբեջանի պահանջածը բոլոր տարածքները վերադարձնելն ա, առանց Արցախի ինքնորոշման հարգման ոչ միայն երաշխիքի, այլ խոստումի անգամ։ Բայց սա փոխզիջում չի, անգամ զիջում էլ չի, այլ՝ կապիտուլյացիա։

Հայաստանն իսկապես շատ բարդ իրավիճակում ա էսօր, բայց էդ բարդ իրավիճակից դուրս գալու համար սարսափն ընտրել իբրև խորհրդատու՝ ամենասխալ լուծումը կլիներ, որովհետև սարսափի ազդեցությամբ կատարված քայլերը սովորաբար տրամաբանական չեն լինում։ Այո, վախենալու բան կա, բայց խուճապի մեջ ընկնել պետք չի, մենք պետք ա սթափ նայենք իրավիճակին և կարողանանք գտնել էն մեկնակետը, էն ռեսուրսը, որի վրա հենվելով՝ Հայաստանը գնա դեպի վերելք, ինչից հետո միայն՝ ուժեղ Հայաստանի դեպքում, հնարավոր կդառնա հաշտությունը։

 Իսկ ո՞նց ուժեղանանք, ո՞րն ա մեր ռեսուրսը։

Եկեք միասին հիշենք էս տարվա ապրիլյան օրերը, երբ պատերազմը հանկարծ պայթեց մեր գլխին։ Էդ օրերը հսկա խոշորացույց էին, որոնք պարզ ու հստակ ցույց տվեցին թե՛ մեր ռեսուրսը, թե՛ էն խնդիրները, որոնք խանգարում են մեր ունեցած ռեսուրսի լիարժեք օգտագործմանը։

Հայաստանի հիմնական ռեսուրսը Հայաստանի հանրությունն ա՝ գործելու, փոփոխությունների հասնելու հսկա կամքով։ Ղարաբաղյան պատերազմում մենք հենց էդ ռեսուրսով ենք հաղթել։ Բայց մյուս՝ ներքին ճակատում, Հայաստան պետության կառուցման և հզորացման գործում, մենք մեր ռեսուրսը լիարժեք օգտագործելու ձևը մինչև հիմա չենք գտել։ Դրա համար էլ ապրիլյան ոգևորությանը շատ արագ հաջորդեց ջղայնության ալիքը, քանի որ խողովակները, որոնցով անցնելով հանրային կամքը պետք ա դառնա պետության ուժը, խցանված են։

Եթե համեմատենք մեր ու Ադրբեջանի հիմնական ռեսուրսները, կտեսնենք որ դրանք տարբեր տեսակի ռեսուրսներ են։ Նավթը շատ հեշտ իրացվող ռեսուրս ա՝  ծախում ես փող ես ունենում, զենք ես առնում, մենակ թե՝ նավթը սպառվող ռեսուրս ա, և միջազգային շատ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի նավթի սպառվելուն մի քանի տարի ա մնացել։ Հանրության կամքը շատ ավելի բարդ իրացվող ռեսուրս ա՝ չես ծախի զենք առնես, պետք ա գտնես երկրի տարբեր սոցիալական շերտերի շահերն ու պատկերացումները իրար գումարելով հանրային արդյունք ստանալու բարդագույն խնդրի բանալին։ Այո, մերը շատ ավելի բարդ իրացվող ռեսուրս ա, բայց միևնույն ժամանակ, բանալին գտնելու դեպքում, ոչ թե սպառվող, այլ անվերջ աճող ռեսուրս ա, ու երբ հայացք ենք նետում աշխարհի քարտեզին, պարզ տեսնում ենք որ ամենահզորն ու զարգացածը էն երկրներն են, որոնք ոչ թե նավթի կամ այլ բնական ռեսուրսի, այլ հանրային կամքի իրացման հիմքի վրա են կանգուն։

Հանրային կամքի իրացումը քաղաքական գործընթաց ա։ Եկող ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Ես իմ ձայնը կտամ էն քաղաքական ուժին, որը կառաջարկի հայաստանցու հանրային կամքի ռեսուրսը իրագործելու ծրագիր։ Ծրագիր, որի օգնությամբ հասնենք նրան, որ հայաստանցին իրան հիմնական գործող անձ և լիարժեք տեր զգա սեփական  հայրենիքում։ Հեշտ չի նման ծրագիր կազմելն ու առավել ևս՝ իրագործելը։  Սակայն ծայրահեղ իրավիճակներում մարդը, ու նաև հասարակությունը,  հաճախ երկրորդ շնչառություն են բացում ու կարողանում են անել էն, ինչը չէին հաջողել անել առաջ։

Այո, հավանական  պատերազմի սպառնալիքը էսօր կանգնած ա Հայաստանի գլխին, բայց դա մեզ պետք ա ստիպի ոչ թե ընկնել հուսահատության գիրկը, այլ թափ տալ մեզ և դուրս գալ փոսից։ 

Տես նաև՝ ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ