ՀԻՄԱ


ՎԱ ԲԱՆԿ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


2015-ն ավարտվեց։ Լավ տարի էր իմ համար։ Գրական ճամփորդությունների տարի։ Նյու Յորք, Փարիզ, Բուենոս Այրես։ Վատ եռանկյունի չի։ Բուենոս Այրեսում գիրքս հրատարակվեց իսպաներեն։ Շնորհանդեսին էի գնացել, որ իրանց հանրահայտ ազգային գրադարանում էր ու շատ լավ անցավ։ Հետաքրքիր հարցազրույցներ եղան, էդ թվում՝ հեղինակավոր Página/12 օրաթերթի մեկնաբանի հետ։ Audisea-ն՝ գիրքս հրատարակողը, փոքրիկ հրատարակչություն ա, որի անդամների հետ ծանոթացա ու շատ լավ տպավորություն ստացա։ Ձախական հայացքների տեր ջահելներ են, որ թարգմանական պոեզիա հրատարակելու դժվար գործով են զբաղվում տնտեսական ծանր պայմաններում գտնվող Արգենտինայում։ Ես արդեն վերադարձել էի Բուենոս Այրեսից, երբ որ աջերը անսպասելի հաղթանակ տարան Արգենտինայի նախագահական ընտրություններում։ Պատկերացնում եմ ինչքան տխրած պետք ա լինեն նոր ընկերներս։

Արգենտինան առաջին լատինամերիկյան երկիրն էր, որ այցելում էի։ Ու կրկնակի հետաքրքիր էր էդ այցը՝ Միացյալ Նահանգներից հետո, քանի որ երկու Ամերիկաները՝ հյուսիսայինն ու հարավայինը, հայտնի բան ա, հակադիր Ամերիկաներ են։ ԱՄՆ-ում գարնանն էի, գրական կացատուն էի գնացել՝ Writers Omi International Residency at Ledig House, որ Նյու Յորքի նահանգում ա, Հուդզոն քաղաքի մոտերքում։ Մոտ 15 գրող էինք՝ աշխարհի ամենատարբեր կողմերից։ Շաբաթավերջին մեզ հյուր էին գալիս խմբագիրներ, հրատարակիչներ Նյու Յորքից, որոնց հետ շատ հետաքրքիր էր զրուցելը։ Իսկ ամենակարեւորը՝ ես հնարավորություն ունեցա բանաստեղծություններս կարդալու ամերիկյան ընթերցողի համար՝ մի անգամ կացատանը, մի անգամ Հուդզոնում եւ մի անգամ էլ Նյու Յորք քաղաքում։ Կարդացի ու տեսա, որ ամերիկացի ունկնդիրը սիրեց իմ գործերը՝ իմ իսկ թարգմանությամբ։ Հստակորեն տեսա, քանի որ ամերիկացին եթե մի բան սիրում ա ա, մեջը չի պահում, արտահայտվում ա, հարցեր տալիս։ Եւ իմ առաջիկա ամենակարեւոր գործը լինելու ա անգլերեն թարգմանություններիս քանակը մեծացնելն ու ի վերջո Ամերիկայում գիրք հրատարակելը։ Դժվար գործ ա, բայց անհնար չի։


Երկու Ամերիկաների արանքում Փարիզն էր ընկած, որի մասին դեռ համարյա ոչ մեկին չեմ պատմել, բայց հիմա ուզում եմ ասել։ Տարիներ առաջ, կարծեմ 2011-ին էր, նամակ էի ստացել Փարիզից՝ մեկը շատ էր հավանել ֆրանսերեն երկրորդ գիրքս՝ Վահե Գոդելի թարգմանությամբ, Երեւան էր գալիս, առաջարկում էր հանդիպել։ Եկավ, հանդիպեցինք։ Ուզում էր ներկայացում անել Փարիզում՝ բանաստեղծություններիս հիման վրա, իմ համաձայնությունն էր խնդրում։ Կիսով հայ էր, կիսով կարծեմ բելգիացի, ինչքան հիշում եմ առաջին անգամ էր Հայաստանում, Գորիս գնալիս՝ առաջարկեց ուղեկցեմ, ճամփին զրուցեցինք։ Նորմալ տպավորություն թողեց, համաձայնությունս տվեցի։ Էն ժամանակ Փարիզը դեռ անսովորի թովչանքն ուներ իմ համար, ու ես իրականում շատ չմտածեցի համաձայնություն տալուց առաջ։ Մարդը գնաց ու մի քանի տարի ձայն չկար։ Մեկ էլ 2014-ին նամակ գրեց, թե վերջապես լինում ա ներկայացումը, պրեմիերան կլինի 2015-ի գարնանը, ու ես հրավիրված եմ։ Նաեւ մի փոքրիկ ձայնագրված հատված էր ուղարկել ներկայացման փորձից, նայեցի՝ կարծես նորմալ էր։ Բեմադրիչը հեղինակային վճարման պայմանագիրը ուղարկեց, ինքնաթիռի տոմսերը առավ, ասեց որ Փարիզում մնալու համար ինձ բնակարան կտրամադրի։ Մայիսին թռա Փարիզ։ Ներկայացումը մշտական տեղ չուներ, փոքրիկ խմբի կողմից խաղացվում էր տարբեր բեմերում։ Առաջինը, որ նայեցի, Փարիզի արվարձաններից մեկում գտնվող մի թատրոնում էր ներկայացվում։ Մի քիչ շուտ էինք գնացել, որ նաեւ թաղամասը նայենք։ Թաղամասն ինքը, հայտնի ավանդական ձախականությամբ, շատ հետաքրքիր էր, հետո հանդիսատեսը սկսեց գալ, հանդիսատեսի հետ զրուցելն էլ էր հետաքրքիր, բայց դերասանուհին հենց սկզբից, ինձ ուղղված տափակ կոմպլիմենտներով, վատ տպավորություն թողեց եւ սիրտս սկսեց վատ բան գուշակել։ Դահլիճը լցվեց, լույսերը հանգեցին, եւ իսկապես՝ սիրտս ճիշտ էր գուշակել, ներկայացումը վատն էր։ Ամենավատը դերասանուհու տոնայնությունն էր՝ համարյա գոռում էր։ Հազիվ էի դիմանում, որ դահլիճից դուրս չգամ։ Ներկայացումն ավարտվեց, հնչեցին ծափահարություններ, բավական երկար։ Մտքումս մտածում էի՝ տեսնես ինչո՞ւ են սենց ուժեղ ծափահարում, իրանց իսկապե՞ս դուր ա եկել։ Բավական հայեր կային հանդիսատեսի մեջ, բայց մեծամասնությունը կարծես հայ չէր։ Գուցե շատերը բեմադրիչին անձամբ ճանաչում էին դրա՞ համար էին ծափահարում։ Թե՞ հայտնի կոնտրաբասիստի նվագն էին սիրել դրա համար էին ծափահարում։ Մոռացա ասել, որ բեմադրիչը ներկայացումը կառուցել էր երկու շերտով, որոնք կուլմինացիայում հատվում էին՝ իմ ֆրանսերեն տեքստերն ու Ֆրանսիայում բավական հայտնի մի երաժիշտ-կատարողի նվագը, ընդ որում երաժիշտը մասնակցում էր ներկայացմանը՝ կենդանի կատարումով։ Ինչեւէ։ Դեմքիս գրված էր երեւի ինչ եմ զգում, բայց բան չասեցի։ Ուղղակի բեմ չբարձրացա։ Սպասեցի, որ ծափերը հնչեն, հետո լռեն։ Հետո բեմադրիչի հետ գնացինք սրճարան։ Ընթրեցինք։ Բեմադրիչը հարցրեց՝ ո՞նց էր ներկայացումը։ Վատն էր, ասեցի։ Շատ վատն էր, ավելացրի։ Էն, ինչը ես ատում եմ եւ ամեն ինչ անում եմ, որ տեքստերումս չլինի, ներկայացման մեջ լիուլի էր։ Ֆալշը։ Մնացած գինին լուռ խմեցինք, դուրս եկանք։ Զգացի, որ մարդու վրա ահագին ազդել ա ասածս՝ մի քանի օր չէր զանգում։ Մեկ էլ կասկած ընկավ սիրտս՝ կարո՞ղ ա չափազանցում եմ, կարո՞ղ ա էդքան վատը չէր։ Որոշեցի հաջորդ ներկայացմանն էլ գնալ, որն արդեն ուրիշ տեղ էր լինելու՝ Սենայի վրա, նավի մեջ սարքված մի դահլիճում։ Գնացի։ Աննշան բարելավում կար դերասանուհու խաղի մեջ՝ էլ չէր գոռում, բայց մեկ ա՝ նորից վատն էր ներկայացումը։ Հենց նույն օրերին Պիտեր Բրուքի թատրոնի ներկայացումը նայեցի։ Զինե Մամոյանն էր գտել՝ ինքը Փարիզում ա ապրում եւ թատրոնը մոտից գիտի, խնդրել էի, որ լավ ներկայացում ճարի, գնանք։ Երջանիկ պատահականությամբ, ներկայացման մեջ տեքստեր կային, բանաստեղծություն էր կարդացվում, ես լսում էի, պատկերացնում էի՝ նույն դերասանները նույն որակով բանաստեղծություններս կարդան, ու սիրտս քիչ էր մնում կանգներ։

Էս պատմության մեջ մեղավոր եթե կա, մեղավորը ես եմ իհարկե, որ տարիներ առաջ էդքան հեշտ համաձայնություն էի տվել, առանց կարգին նայելու, համոզվելու թե ո՞վ ա էդ մարդը, ի՞նչ պրոֆեսիոնալ խումբ եւ փորձ ունի։ Սա կոչվում ա՝ փոքր երկրի գրողի համախտանիշ, երբ որ ուրախանում ես մենակ նրա համար, որ գործերիդ հիման վրա Փարիզում ներկայացում կանեն։ Ես ծանոթ եմ, գիտեմ դա ինչ ա, բայց արդեն հաղթահարել եմ էդ փուլը։ Դառը սխալների վրա արդեն սովորել եմ ճանաչել Փարիզի եւ Նյու Յորքի Շորին ու Շորշորին։ Ու գիտեմ արդեն, հստակ գիտեմ ինչ ա պետք անել, պայմանական ասած ՝ Պիտեր Բրուքի թատրոն հասնելու համար։ Գիտեմ, բայց ժամանակ քիչ ա մնացել։ Ժամանակ քիչ ա մնացել, անգամ եթե առանց վթար հասնեմ կյանքիս վերջնակետին, բայց մահացու հիվանդությունը, որ ես ունեմ, դժվար ինձ թույլ տա նման բան։ Ուրեմն՝ ժամանակը ոչ թե պարզապես քիչ, այլ մահացու քիչ ա, ու ես ստիպված եմ գնալ վա բանկ։ Գուցե լավն էլ էդ ա, որ ստիպված եմ գնալ վա բանկ, հակառակ դեպքում՝ շարունակելու էի ամեն ինչ հետաձգել, մինչեւ որ անվերադարձ ուշ լիներ։ Երբ որ անցած տարի, գրքիս բաժանորդագրության օրերին, ես հայտարարեցի «Գրքիս իմաստուն բարեկամ» մրցանակը սահմանելու մասին, գիտեի որ հայտվում եմ ծիծաղելի դառնալու եզրին, ամենաեզրին։ Բայց գիտակցաբար էի գնում դրան։  Հիմա եթե չկարողանամ, չհասցնեմ անել էն, ինչ պետք ա անեմ, իսկապես կլինեմ ծիծաղելի, ուրեմն ես պե՛տք ա հասցնեմ անել անելիքս, ինչքան էլ որ քիչ լինի ժամանակը։ Ես բանաստեղծությունների հինգ գիրք ունեմ հրատարակած իմ հայրենիքում, բայց չունեմ ոչ մի մրցանակ։ Չեմ ամաչում դրա համար, ճիշտ հակառակը՝ հպարտանում եմ, որովհետեւ դա իմ ստեղծածի նոր եւ աննախադեպ լինելու ամենահստակ ցուցանիշն ա։ Եթե վաղը, հանկարծ ու, մեկը Հայաստանում առաջարկի ինձ մրցանակ, ես չեմ վերցնի արդեն, ուշ ա, ես սահմանել եմ ի՛մ մրցանակը։  2014-ին մրցանակները շնորհեցի ես ինքս՝ որպես դրանց ազդարարում, բայց էս տարի մրցանակ չեղավ եւ սրանից հետո չի լինի, մինչեւ որ ստեղծվի ֆոնդը, որը կշնորհի դրանք։ Ես երեխա չունեմ, ոչ էլ ուրիշ բնական ժառանգորդ, որն իմ մահվան դեպքում տնօրիներ իմ թողածն ու չթողներ կորչի։ Ուրեմն ես պետք ա ֆոնդ ստեղծեմ, որը կանի դա։ Եւ մնացած չգիտեմ քանի տարում, որը դեռ ունեմ ապրելու, ես պետք ա անեմ էն գործը, որը չի թողնի՝ իմ էս գրածը լինի ծիծաղելի։

Տես նաեւ՝ ՄԱՆԻՖԵՍՏ ԱՇԽԱՐՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ , 
ՄԻ ՔԱՆԻ ԼՐԱՑՈՒՄ ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԻՆ ,
ՎԵՐՆԱՏՈՒՆ, ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՄԱՐԻՆԵ ՋԱՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ