ՀԻՄԱ


ՏԳԵՂԻ ԷՍԹԵՏԻԶԱՑՈՒՄ


Օրերս գերմանացի լուսանկարիչ Դիրք Սկիբան նամակ գրեց ինձ ֆեյսբուքով, ասում էր Երևան ա գալիս և շատ կուզենար ինձ լուսանկարել։ Սկիբան կայքէջ ունի, դրա հղումը ուղարկեց, նայեցի ֆոտոները և համոզվեցի որ գործ ունեմ լուսանկարչական էն ոճի հետ, որն ատում եմ։ Դե ֆեյսբուքյան նամակում չգրեցի «ատում եմ», ավելի քաղաքավարի ձևով Սկիբային բացատրեցի, որ չեմ ուզում ինձ լուսանկարի։ Սկիբան ոնց որ նեղվեց և երկար բացատրում էր ինձ, թե ինքը անկապ ու անհայտ մեկը չի, թե «վավերագրել ա գրական շրջանակները» Կուբայում, Բելառուսում, Վրաստանում, Ռումինիայում և այլուր, որ դա «իրա կյանքի ծրագիրն ա»։ էս պատմածս շաբաթ օրն էր, իսկ երեկ ինձ զանգեց ընկերներիցս մեկը և զարմացած հարցրեց, թե ինչու եմ մերժել գերմանացի լուսանկարչին, որը հատուկ Երևան ա եկել հայ գրողների նկարելու համար։ Ու ես հասկացա, որ արժի սրա մասին գրել։

Դնում եմ Դիրք Սկիբայի կայքից մի հղում, բացեք նայեք
http://www.dirk-skiba-fotografie.de/autoren-a-z/b

Էս նկարներում կոնկրետ մարդիկ են, այսինքն թե՝ տարբեր մարդիկ, բայց լուսանկարչի ոճը մառախուղի նման իջել և ծածկել ա բոլորին։ Էս էս ոճը կանվանեի «տգեղի էսթետիզացում»։ Ոչ թե մարդիկ են տգեղ, այլ լուսանկարչի հայացքն ա իրանց բոլորին տգեղացնում՝ կոնցեպտուալ ձևով։ Էս նկարներում էսթետիզացված ա տգեղը։ Տգեղությունը։ Տգեղության ապոֆեոզն են էս նկարները, ոչ թե ամեն մեկն առանձին, այլ բոլորը միասին։

Տգեղի էսթետիզացումն իհարկե Դիրք Սկիբայի գյուտը չի, էս ֆենոմենը հստակորեն կա ժամանակակից լուսանկարչության մեջ, մանավանդ դրա էն տարատեսակի մեջ, որը կոչում են վավերագրող լուսանկարչություն։ Ընդամենը ֆենոմեն էլ չի, այլ միտում։ Եվ էդ միտումը վերջերս հստակորեն զգացվում ա նաև հայ լուսանկարչության մեջ։ Հիշում եմ, մի երկու տարի առաջ Նազիկ Արմենակյանի հետ զրուցում էինք սրա մասին, ես խոստացա հարցին գրավոր անդրադառնալ։ Չեմ ասի իհարկե, թե էս փոքրիկ տեքստով խոստումս կատարեցի, բայց ամեն դեպքում, կարծես գտա երևույթի անվանումը՝ տգեղի էսթետիզացում։