ՀԻՄԱ


ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ


Ինձ ոչ մեկը չէր զգուշացրել որ Թիֆլիսն էդքան սիրուն ա, դրա համար էր երեւի՝ երբ որ դեկտեմբերի շուտ վրա հասնող մութի միջով մտանք քաղաք՝ սիրտս սկսեց սովորականից արագ խփել: Մենք մեր հյուրանոցի մենակ անունը գիտեինք, իսկ տեղը՝ մոտավորապես, ու որ առաջին պատահած անցորդից հարցրինք Ռուսթավելու պողոտայի ճանապարհը, էդ անցորդը հայ էր, ու որ արդեն Ռուսթավելու վրա առաջին պատահած տաքսու վարորդից հարցրինք Վերե Պալասի տեղը՝ էդ վարորդը էլի հայերեն խոսեց, ու ես հասկացա որ դեկտեմբերյան մութի միջով մենք ոչ թե Թիֆլիս ենք մտել, այլ ուղիղ իմ տեքստի մեջ:

 Ես ինձ շատ շուտվանից եմ հիշում՝ երեւի 3 տարեկանից: Ու հստակ հիշում եմ որ լարված ինչ­-որ բան էի փնտրում: Ինձ չէին ասել իմ փնտրածի անունն ինչ ա, բայց ասել էին որ փնտրեմ ու կգտնեմ: Հետո տարիների հետ սպասման լարվածությունը թուլացավ, դրա համար էլ երբ որ էրեկ իրիկուն մութի միջով մտանք խաղաղ լուսավորված Թիֆլիս քաղաք ու սիրտս սկսեց վախենալու արագ խփել՝ ինձ սկզբում թվաց թե սիրտս քաղաքի անակնկալ գեղեցկությունից ա խփում, բայց հետո որ Քուռի առափնյակի վրա պատահած առաջին անցորդը հայ էր ու Ռուսթավելու պողոտայի վրա պատահած առաջին տաքսիստը էլի հայերեն խոսեց, ես հանկարծ գլխի ընկա որ 4x10 տարի սկզբում լարված, հետո ոչ էդքան լարված փնտրելուց հետո վերջապես գտել եմ փնտրածս, որ դեկտեմբերյան թեթեւ ցրտի մեջ խաղաղ շողշողացող էս քաղաքը ոչ թե Թիֆլիսն ա, այլ իմ սեփական տեքստը, ու ամենակարևորը՝ ես հասկացա որ սրանից հետո իմ ճանապարհին պատահած ամեն ինչն ա լինելու իմ սեփական տեքստը, մանավանդ որ մենք Մելիքիշվիլի փողոցի վրա ենք որ միակողմանի երթեւեկություն ունի՝ որ մտար մտար, էլ չես կարող հետ դառնալ, անգամ եթե էնքան հիմար ես որ մտքովդ նման բան անցնի:

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ առա / հետո հիշեցի որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկար / ու լաց էղա / սպիտակ ականջներով շան համար / որ շուկայի դռանը կանգնած էր

Էս իմ բանաստեղծությունն ա որ գրել եմ անցած տարի, այսինքն էն ժամանակ երբ որ ճամփորդելիս հետս դեռ ճամպրուկ էի վերցնում որ հյուրանոցը մի քիչ տան նման լինի: Բանաստեղծությունն ու ճամպրուկը իրականում նույն նպատակին են ծառայում, ուղղակի առաջինը քաշ չունի, դրանով էլ ավելի հարմար ա: Բայց տարօրինակն էն էր որ ես ոչ թե ճամպրուկը բանաստեղծությամբ փոխարինեցի կամ հակառակը, այլ էս տարի, կտրուկ ու միանգամից, հրաժարվեցի թե ճամպրուկներից թե բանաստեղծությունից: Ամեն դեպքում էս տեքստը որ կարդում ես էնքան էլ բանաստեղծություն չի: Չնայած ո՞վ գիտի:

Էն որ վերեւում ասեցի «կտրուկ ու միանգամից», երեւի բառացի պետք չի հասկանալ, որովհետեւ ցանկացած «կտրուկ ու միանգամից» սովորաբար նախապատմություն ա ունենում։ Տվյալ դեպքում նախապատմությունը Լենինի հետ ա կապված, ավելի ճիշտ՝ Արման Գրիգորյանի, որին Վլադիմիր Իլյիչն ասեց՝ «Ես համաձայն եմ ձեզ հետ, ընկեր Արման»։ Կամ դրա նման մի բան, հիմա լավ չեմ հիշում, եթե ունեք «Բնագրի» 8­րդ համարը կարող եք բացել ու մեջբերումս ճշտել, բայց նախորոք ասեմ որ ձեր արածը ոչ մի իմաստ չի ունենա, որովհետեւ կարեւորը Լենինի արտասանած բառերը չէին այլ իրա ձայնը որ կրկնօրինակված չէր այլ բնագիր, իսկ ամենաանսպասելին էն էր որ էդ ձայնը դողում էր, ու երբ որ ես մոտ քաշեցի աթոռս հասկանալու համար թե էդ ձայնը ինչ պատճառով ա դողում, ինքը հազաց ու ասեց՝ «Ես նախանձում եմ ձեզ, ընկեր Մարինե»։  

Երբ որ Լենինը հազաց ու ասեց՝ «Ես նախանձում եմ ձեզ, ընկեր Մարինե», դրա հետեւանքը գլխի ընկնելը դժվար չէր, մանավանդ որ էդ հետեւանքը շուտով սկսեց տեքստերի կերպարանք առնել, բայց նախադասության պատճառը ես ահագին ուշացումով հասկացա, համարյա 1 տարի հետո՝ Ռուսթավելու պողոտայի վրա, Թիֆլիսում։

Հիմա մոտս բառարան չկա որ նայեմ տեսնեմ ոնց ա բացատրած հեղափոխություն բառը, ու ոչ էլ հիշում եմ ինչ էր նշանակում էդ բառի «հեղ» արմա՞տը... Էս տեքստը որ սկսեցի գրել ամենասկզբում դեռ մի քիչ նման էր տեքստի, իսկ հիմա ժամ առ ժամ աչքիս առաջ քայքայվում ա, բայց հետդարձի ճանապարհ չկա, պատուհանիս ապակուց էն կողմ դիմացի բազմահարկը վերից վար լայն ճաքած ա, հավանական ա՝ երկրաշարժից, բայց ոչ հյուրանոցի ներսում, ոչ պատուհանիս ապակուց էն կողմ իրարանցման ոչ մի նշան չկա, ուրեմն երկրաշարժը վաղուց ա էղել ու հիմա էս ճաքը քաղաքային պեյզաժի մի մասն ա։ Ու մտային պեյզաժի մի մասը։ Մտային պեյզաժ։ Գտա։ Վերջապես։ Երբ որ էրեկ իրիկուն մութի միջով մտանք Թիֆլիս քաղաք ու Ռուսթավելու պողոտայի վրա... Կներես, էդ էրեկ իրիկուն չէր, այլ արդեն 10 օր առաջ, ու հիմա պատուհանիս ապակուց էն կողմ ոչ թե վերից վար ճաքած բազմահարկն ա, այլ Չարենցի սրտաճմլիկ արձանը՝ ձյունի տակ թաղված Ծաղկաձորի ֆոնին։ Ու Թիֆլիսն արդեն իմ հիշողության մի մասն ա՝ անբաժանելի։ Ես ասում էի՝ էրեկ իրիկուն, որովհետեւ ուզում էի քիփ մոտեցնել շշմելու էն պահը, երբ որ առանց նախազգուշացնելու աչքերիս մեջ խրվեց Ռուսթավելու խաղաղ պողոտան՝ վառվող ստվարաթղթերի կողքին տաքացող մանրավաճառներով, ու սիրտս սկսեց աննորմալ խփել անհավատալի էն կռահումից որ Վլադիմիր Իլյիչի ասածը ոչ կատակ էր ոչ էլ հալյուցինացիա։ Ես էդ կռահումը 10 օր շարունակ պահեցի ներսումս ու ընդամենը 5 րոպե առաջ, Չարենցի սրտաճմլիկ արձանին նայելիս գտա դրա ձեւակերպումը՝ մտային պեյզաժ։ Հեղափոխություն նշանակում ա մտային պեյզաժի փոփոխություն։

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ կերա / հետո հանկարծ հասկացա որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկա / ու մենակ մի տարբերակ ա մնում՝ / էդ խնձորը / սարքել

Էս բանաստեղծությունը ես չեմ գրել, Լենինն ա գրել, ես փաստորեն գողացել էի։ Ոչ թե խնձորն էի գողացել, այլ բանաստեղծությունը, իսկ խնձորն ինքը փաստորեն նվիրել ա ինձ։ Ինքնակամ ա նվիրել, թե դեպքերի բերումով՝ կարեւոր չի, կարեւորը՝ խնձորը հիմա իմն ա, ու որ կծում եմ՝ էնքան շշմելու համ ունի, որ սկզբում գլխի էլ չէի ընկնում որ էդ կերածս խնձոր ա։  

ՎԵՐՋԱԲԱՆ

Մի տարի էլ անցավ, էսօր 2006 թիվն ա արդեն, պատուհանիս ապակուց էն կողմ՝ երեւանյան պեյզաժ. շենք, շենք, էլի շենք. կառուցված շենք, կառուցված շենք, չկառուցված շենք. երկաթ, բետոն, ձյուն, զիբիլ, շուն, մարդ։  Էս ի՞նչ ա՝ հարցրեց ֆրանսիացի ծանոթս, որ եկել էր Երեւանում լուսանկարներ անելու։ Էս կկարողանա՞ս որ նկարես, ասեցի։ Էս վայ թե հեղափոխությունն ա։ Սովետական Միությունը քանդվեց, մնաց հեղափոխությունը։ Պերմանենտ։  

դեկտեմբեր 2005