This page needs JavaScript activated to work.
Մարինե Պետրոսյան



մայիս 27, 2024

Սարդարապատ։ Սարդարապատի ճակատամարտ։ Մեզ հաղթանակ ա պետք։ Ես հաղթանակ եմ ուզում։


մայիս 28, 2024

Հայաստանում Զարթոնքի շարժում ա սկսվել։ Ռեալ հնարավորություն կա՝ Նիկոլին հեռացնելու վերջապես։ Ռեալ հնարավորություն կա՝ նվաստ վիճակներից ազգովի դուրս գալու վերջապես։ Ռեալ հնարավորություն կա՝ Հայոց Վերածննդի։

Բագրատ սրբազանի գլխավորությամբ Շարժումը սկսվել ա, և թվում էր՝ սեփական հայրենիքը սիրող բոլոր մարդիկ պետք ա միանային։ Բայց չէ, բոլորը չեն միանում։ Խոսքս սրիկաների մասին չի, խոսքս ձեռքերը սեփական ազգի արյան մեջ թաթախածների մասին չի, խոսքս ազնիվ, նորմալ մարդկանց մասին ա։ Ինչո՞ւ ոմանք չեն միանում, ինչո՞ւ են վարանում։

Սա կլինի մեր ՄԵՆՔ ակումբի հաջորդ հավաքի թեման։

մայիս 29, 2024

Մեր ՄԵՆՔ ակումբի նոր հավաքը կլինի էս ուրբաթ։ Իմ ընկերների և ծանոթների մեջ կան մարդիկ, ովքեր չեն հավատում և չեն միանում Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը։ Ես հրավիրել եմ իրանց, որ խոսեն ու բացատրեն՝ ինչու չեն հավատում, ինչու չեն միանում։ Լսենք, հասկանանք, քննարկենք։

Ուրբաթ՝ մայիսի 31-ին, վեց անց կես, Իլիկում։

Հ․Գ․- Եթե կցանկանայիք մեր ՄԵՆՔ ակումբի հավաքին մասնակցել, բայց ilik-ի նոր տեղը դեռ չգիտեք, նամակով հարցրեք, կբացատրեմ։

#ՄԵՆՔակումբ #մայիսյանօրեր #հայոցվերածնունդ


մայիս 30, 2024

Զանգերը ղողանջում են։

Զանգերը ղողանջում, ղողանջում, ղողանջում են։

Արևը բարձրացել ա։

Ինքը էն հին արևն ա։

Էն հինն ու միակը։

Զանգերը ղողանջում են։

Զանգերը ղողանջում, ղողանջում, ղողանջում են։

Վե՛ր կացեք, հայեր։

Մեր հայրենիքն էլ ա

էն հինն ու

միակը։


1 հունիսի, 2024


Մայիսի 26-ի հանրահավաքի ժամանակ կողքիս կանգնած սև աչուկներով փոքրիկ տղեկը նայեց երկնքում բարձր ձայնով պտտվող թռչուններին և ասեց․ Մենք կհաղթենք։ Երանի նրանց, որոնց հոգում կյանքը չի սպանել հավատացող մանուկին։ Ու ոչ երանի նրանց, որոնց մեջ կյանքի դառնություններն ու կեղտը սպանել են հավատը։

Հայաստանում էսօր գնում ա կռիվ՝ հավատացողների և չհավատացողների միջև։ Նրանց, որ հավատում են Հայաստանի զորությանը և նրանց, որ չեն հավատում։ Ես սկզբում զարմացել էի, որ պարտության հետ չհաշտվելու շարժումը Հայաստանում գլխավորեց խոհարհություն քարոզող քրիստոնեության ներկայացուցիչը։ Բայց հիմա հասկանում եմ, որ զարմանալու բան չկա․ չէ՞ որ կռիվը հավատի համար ա։ Կամ հավատում ես, որ կյանքում կան ավելի կարևոր, ավելի որոշիչ բաներ, քան դոլար/մանաթ/ռուբլին և կադաստրի թուղթը, կամ էլ չես հավատում։

Բագրատ սրբազանի գլխավորած շարժումն անպայման հաղթելու ա, որովհետև հավատը միշտ հաղթում ա դատարկությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հենց մեծատառով Դատարկությունն ա։ Ոչ երանի հավատը կորցրածներին և դատարկության մեջ մնացածներին։


4 հունիսի, 2024

Քանի որ շատերն են հարցնում, ասեմ որ նոր գիրքս ոչ մի գրախանութում չեմ դրել։ Եթե ուզում եք ձեռք բերել, մտեք ilik, կամ էնպես արեք, որ փողոցում պատահաբար հանդիպեք հեղինակին ։

Ես գրքերս ինքս իմ միջոցներով հրատարակում և ինքս էլ վաճառում եմ։ Եվ քանի որ նոր գիրքս շատ արագ սպառվում ա, չի բացառվում որ գրախանութներում էդպես էլ չհասցնի հայտնվել ։

ՀԳ - Ի դեպ, Իլիկում կան նաև նախորդ գրքերս (բոլորը, բացի առաջին երկուսից )։


11 հունիսի, 2024


Ես էսօր նորից, էն հիիին ճանապարհով, իջնելու եմ Բաղրամյան։ Էդ ճանապարհով, պուճուր Մարինեի ձեռքը բռնած, տատս ինձ Կոնդի եկեղեցին էր տանում։ Էդ ճանապարհով ես դպրոց էի իջնում։ Հետո, երբ արդեն մեծացա, էդ ճանապարհով ես ցույցերի էի իջնում՝ 1988-ին և հետո։ Իսկ էսօր 2024 թիվն ա։ Ես էսօր, մի քիչ հետո, իջնելու եմ Բաղրամյան։ Որ հեռացնենք նրան ով պղծեց 1988-ը և սպանում ա Հայաստանը։

Դու էլ արի՛ էսօր Բաղրամյան։ Ինչքան շատ լինենք, էնքան արագ կգա հաղթանակը։



13 հունիսի, 2024


Փաշինյան Նիկոլ,

դու իրականություն դարձրիր

քո մանկության երազը՝

դարեր կգան, դարեր կանցնեն

և բոլորը քեզ կհիշեն։

Փաշինյան Նիկոլ,

դու հայոց պատմության

ամենասև

գործող անձն ես արդեն։

Ու տենց էլ կմնաս դարերի մեջ

որպես քո երազած ԱՄԵՆԱ-ն՝

ամենա-սևը։

Ավելի սևը

բնության մեջ չկա։



17 հունիսի, 2024

Երբ ձմռանը ոտքերս ինձ դավաճանեցին ու ես հենակներով էի ստիպված քայլել, մտածում էի՝ բա հիմա ո՞նց եմ մշակելու Արալանջի իմ այգին, էլ չեմ գնալո՞ւ, անտեր եմ թողնելո՞ւ։ Ահավոր տխրություն էր։ Բայց չէ, ես իմ այգին անտեր չթողեցի։ Ես լավացա։ Ես երեկ եմ վերադարձել մեր Արալանջից։ Այգիս ջրեցի, քաղհանեցի։ Բալը լավ բռնել էր։ Ազնվամորին լավ բռնել էր։ Իսկ խնձորենիների վրա ոնց որ պտուղ չլիներ։ Հարևանս ասեց՝ կարկուտը խփել ա, բերք չկա։ Բայց ես չհավատացի։ Ես կանգնեցի խնձորի ծառիս կողքին ու մանրամասն նայեցի, նայեցի նայեցի։ Ու հանկարծ տեսա, տեսա խնձորիկները։ Իրանք էնքան պուճուր էին որ չէին երևում։ Բայց երբ որ տեսա, արդեն երևում էին։ Իրանք կային։

Հայաստան երկիր, մի օր դու էլ ես ոտքի կանգնելու։ Եվ չես ներելու նրանց, ովքեր քեզ հաշմանդամ էին ուզում դարձնել։


22 հունիսի, 2024

Երեկ Կոմպոզիտորների տուն էի գնացել՝ համերգի։ Հազար անգամ անցել էի էդ անսովոր շենքի մոտով, բայց ոչ մի անգամ ներս չէի մտել։ Էս անգամ մտա, ու դրա համար Դավիթ Բալասանյանին եմ պարտական, որի միջոցով էլ հենց իմացա համերգի մասին։ Դահլիճում շոգ էր, բայց երաժշտությունը քանդում էր շոգը։ Համերգը կոչվում էր՝ «Նվիրում Աշոտ Զոհրաբյանին»։ Սկզբում Զոհրաբյանի գործերը կատարվեցին, հետո նրան ժամանակին աշակերտած կոմպոզիտորների գործերը, վերջում Տիգրան Մանսուրյանի գործը՝ նվիրված Զոհրաբյանի հիշատակին։ Դահլիճում շոգ էր, բայց երաժշտությունը քանդում էր շոգը։ Ու նաև՝ քանդում էր ժամանակը։ Դիմացս, բեմի վրա երգող աղջկա ոչ միայն կախարդական ձայնը, այլ նաև կախարդական շարժումներն էին քանդում ժամանակը՝ Կոմիտասը կար, իմ կողքին էր, Մեծարենցն ու Վարուժանը կային, իմ կողքին էին, նույնիսկ Շնորհալին էր իմ կողքին։ Ու մահ չկար։

Երջանիկ էի ես։ Համերգն ավարտվեց, դուրս եկա, քայլեցի քայլեցի, հասա Պռոշյան։ Ու հանկարծ՝ ոստիկանական հսկիչ մեքենան, դարպասները․․․ Կանգ առա։ Դարպասները բացվեցին, ներսից դուրս եկավ մեքենան, մեքենայի մեջ՝ արարածը․․․ էն արարածը, որ ասում ա թե՝ հայերս էն գլխից սխալ ենք եղել, որ ասում ա թե՝ հայերիս մեջ «գենետիկ կոդի» վրիպակ կա․․․ Մեքենան կանգնեց, արարածը դուրս եկավ, մոտեցավ։ Ասեց—Ուզում եմ մեռնեմ, Մարինե։ Ու ես ասեցի—Դու չես մեռնելու, դու հավերժ ապրելու ես դժոխքում։ Մահ չկա։


26 հունիսի, 2024

Ամառը ուժի մեջ մտավ։ Իրադարձությունները դանդաղեցին, համարյա ընդհատվեցին։ Ընդմիջում ա։ Ընդմիջումը կավարտվի, նոր իրադարձություններ կլինեն։ Ո՞նց անենք, որ նոր իրադարձությունները վերջապես հանեն Հայաստանը էն փոսից, որի մեջ գլորվել ենք։ Դա շատ դժվար ա, բայց հնարավոր։ Բագրատ սրբազանի սկսած շարժումը դա լրիվ հնարավոր դարձրեց։ Ինչո՞ւ հենց Բագրատ սրբազանի սկսած շարժումը։ Որովհետև Բագրատ սրբազանը քաղաքական գործիչ չի, այլ հոգևոր դաշտից ա։ Նիկոլ Փաշինյանն էլ, խոշոր հաշվով, քաղաքական գործիչ չի, ինքը մեր հոգևոր-մտային արյունատար համակարգը խցանած չարորակ ուռուցք ա։ Նման գոյացությունը քաղաքական գործողությամբ չես հեռացնի՝ ուռուցքը հենց սրտի մեջ ա, արյունը դուրս կթափվի։ Նման գոյացությունը վնասազերծելու համար արյունատար համակարգը պետք ա ուժեղանա-ինքնաթարմանա, արտակարգ ռեժիմի անցնի և իրա միջի ուռուցքը խեղդի-վերացնի։ Դա հնարավոր ա, բայց շատ շատ դժվար։

Ու էդ դժվար գործը պետք ա անեն հայոց հոգևոր-մտային դաշտի բջիջները, մեկը՝ ես։ Ամառ ա, բայց բանաստեղծները արձակուրդ չեն գնում։