ՀԻՄԱ


Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՍԵՆԹ ԼՈՒԻՍՈՒՄ


Ամառվանից Սենթ Լուիսում արածս նկարներն էի դնում Ինստագրամում ու ֆեյսբուքում։ Շատ երկար տևեց ոչ միայն էն պատճառով, որ նկարներն էին շատ՝ հազարից ավելի, այլ որովհետև ես չէի ուզում արագ ավարտել, մտքումս կինոժապավենի պես հետ ու առաջ էի պտտում եղածը եղածը, լավ հասկանալու համար թե ինչ կատարվեց։ Ամերիկայում իհարկե առաջին անգամ չէի, շատ էի եղել, ու շատ ավելի մեծ ու հայտնի քաղաքներում էի եղել՝ Նյու Յորք, Վաշինգտոն, Լոս Անջելես, Սիեթլ, Սան Ֆրանցիսկո։ Բայց Սենթ Լուիսը ուրիշ էր։ Էս ճամփորդությունս ընդհանրապես ուրիշ էր, լրիվ ինքնուրույն գծել էի երթուղիս, մեջը ներառելով հինգ շատ տարբեր քաղաքներ՝ իրարից շատ հեռու հինգ նահանգներում։ Էդ քաղաքներից մենակ առաջինը՝ Սիեթլն էր ինձ լավ ծանոթ։ Սան Դիեգոյում մի քանի ժամ էի միայն անցկացրել, էս անգամ ապրեցի երկու շաբաթ, AirBnb բնակարանում, և երկու բանաստեղծական ընթերցումի մասնակցեցի՝ կարդալով իմ գործերը անգլերեն։ Սան Անտոնիոյում երբեք չէի եղել, եղա, տեսա Տեխասը, որը Ամերիկայի մեջ կա ինչ-որ տեղ որպես առանձին երկիր՝ անկախության տասը տարիների չխամրող հուշով։ Շատ հետաքրքիր էր նաև փոքրիկ քաղաք Բոկա Ռաթոնը՝ ֆլորիդայում, գիտեի, լսել էի որ Ֆլորիդայում հարուստների սիրած լողափերն էն, բայց չգիտեի որ հայտնվելու եմ ավանգարդ ճարտարապետության գրկում։ Էս ամեն ինչը, որ պատմեցի, շատ լավն էր, բայց Սենթ Լուիսում անկացրածս օրերը, որոնք իմ ճամփորդական երթուղու ամենավերջում էին, հիշողությանս մեջ մեխվել են որպես իմ էս ճամփորդության մեխը։ Ինչո՞ւ։

Կարծում եմ երկու հիմնական պատճառ կա։ Նախ՝ Սենթ Լուիսն իմ տեսած ամերիկյան / և ոչ միայն ամերիկյան/ բոլոր քաղաքներից ամենալարվածն էր։ Հենց առաջին օրը, տեսնելով որ հեռախոսը ձեռքիս շրջում, նկարներ եմ անում փողոցներում, ինձ Սենթլուիս հրավիրած Քրիսը ասեց, թե քաղաքում լիքը վտանգավոր հատվածներ կան, լավ կլինի ես դրանցով չանցնեմ, ոտքով չքայլեմ, այլ զանգեմ ու ինքը ինձ մեքենայով իմ ուզած տեղը կհասցնի։ Հարցրի ՝ի՞նչ կլինի եթե ոտքով անցնեմ, ասեց՝ քեզ կարող ա թալանեն, ու եթե փող էլ չունենաս մոտդ, առնվազն՝ հեռախոսդ կարող ա թռցնեն։ Ընդ որում խոսքը ոչ թե գիշերվա կամ երեկոյան ժամերի, այլ լույս ցերեկվա մասին էր։ /Փակգծերում ասեմ՝ ի վերջո հեռախոսս չթռցրին, իսկ շատ սիրելի կուրտկաս գողացան, բայց ոչ թե փողոցում, այլ բարում, որն ուղեկիցս  ինձ ներկայացրել էր որպես ապահով տեղ/։ Առաջին օրերս Tower Grove-ում անցկացրի, որը քաղաքի ապահով թաղամասերից էր։ Հետո երկրորդ հյուրընկալս՝ Թոմը եկավ և ինձ տարավ քաղաքի հյուսիս, որտեղ հիմնականում սևեր են բնակվում։ Մեքենայից իջանք, բակով անցնում էինք որ տուն մտնենք, հնչեցին առաջին կրակոցները։ Թոմը ուշադիր նայեց դեմքիս, ու թեթևացած տեսնելով որ չեմ վախեցել, ասեց՝ մեր թաղում շատ են կրակում։ Էս թաղամասի բոլոր նկարներս կամ պատուհանից եմ արել, կամ մեքենայի միջից։ Մի անգամ շատ հետաքրքիր, կիսաավերակ տուն տեսա թոմենց տան մոտերքում, խնդրեցի որ մեքենան կանգնացնի, իջնեմ նկարեմ, կանգնացրեց, բայց զգացի որ դեմքին լարված արտահայտություն կա։ Ինքն էլ իջավ, երկուսով մոտեցանք տանը, հեռախոսս բարձրացրի որ նկարեմ, ու հանկարծ նկատեցի տան առաջ կանգնած մարդկանց, սենց ասեմ, ոչ քաջալերիչ հայացքը։ Հասկացա որ պետք ա հեռանալ, և ուրիշ անգամ էլ չփորձեցի։

Մյուս էական հանգամանքը, որն առանձնահատուկ դարձրեց իմ սենթլուիսյան այցը, էն էր, որ ես ապրում էի ամերիկացիների տներում։ Նման նախադեպ դեռ չէր եղել։ Իմ ամերիկյան այցերի ընթացքում, բացի հայերի տանը մնալուց կամ Airbnb-ով սենյակ վարձելուց, ես իհարկե երկու անգամ գրական կացատանն էի ապրել՝ ամերիկացի, և ոչ միայն ամերիկացի, գրողների հետ միասին, մեկը Նյու Յորքի հարևանությամբ էր, մյուսը Սան Ֆրանցիսկոյի, և դրանք շատ հետաքրքիր էին ամերիկյան գրական միջավայրը պատկերացնելու առումով։ Բայց գրական կացատունն ուրիշ ա, տունն ուրիշ,  երբ ապրում ես մարդկանց հետ իրանց տանը, տեսնում ես ոնց են լույսը դեռ չբացված, ժամը վեցին, գնում աշխատանքի, տեսնում ես իրանց առօրեական հոգսերը, ճանաչում ես իրանց հուզող հարցերը, էդ լրիվ ուրիշ փորձառություն ա։ Երբ առաջին հյուրընկալիս՝ Ջոնին հարցրի, թե ինչու են փողոցային գողությունները Սենթ Լուսիսում էդքան տարածված, ինչո՞ւ ես օրը ցերեկով պետք ա վախենամ թե ինձ  կկողոպտեն, զրուցակցիս պատասխանից անակնկալ մի պատկեր ուրվագծվեց։ Ասեց՝ որովհետև շատերի համար դա փող վաստակելու միակ ձևն ա։ Գործազրկության պատճառո՞վ, հարցրի։ Գործազրկությունն իրա հերթին, պատասխանեց, բայց անգամ նրանք, ովքեր աշխատանք ունեն, հաճախ չեն կարող էդ աշխատանքով նորմալ ապրել, միայն գոյատևում են, իսկ եթե ամուսնանան և երեխա ունենան, անգամ գոյատևել չեն կարողանա։ Այ քեզ բան, էդ ի՞նչ աշխատանքներ են, զարմացա ես։ «Էն պարզ աշխատանքները, որոնք կարելի ա անել առանց լավ կրթություն ունենալու, ասենք՝ Մակդոնալդսում մատուցող աշխատելը։ Դրանով ընտանիք չես պահի մեր նահանգում, Կալիֆորնիայում՝ գուցե»։ Պարզվում ա՝ ԱՄՆ նահանգների միջև հսկայական տարբերություններ կան կենսամակարդակի հարցում ու մասնավորապես՝ մինիմալ աշխատավարձի հարցում։ Կալիֆորնիայում, որտեղ ապրում ա ամերիկահայերի մի զգալի մասը, կենսամակարդակն ու մինիմալ աշխատավարձը ամենաբարձրերից են, Միսուրի նահանգում, որտեղ գտնվում ա Սենթ Լուիսը, ամենացածրերից։

Կարճ եթե ասեմ, Սենթ Լուիսում ապրածս օրերը իմ մեջ փոխեցին էն տեղը, դիրքը, որտեղից ես նայում եմ Ամերիկային։ Ես Սովետական Միությունում ապրել եմ, հիշում եմ դրա վերջին՝ բրեժնևյան շրջանը։ Պաշտոնական պրոպագանդան շարունակում էր ԱՄՆ-ը ներկայացնել որպես «նեխած կապիտալիզմի երկիր», որպես կոմունիզմի կառուցման գլխավոր թշնամի, բայց քանի որ կոմունիզմի կառուցմանը իմ տեսած Սովետական Միությունում արդեն ոչ ոք չէր հավատում, հանրային գիտակցության մեջ պաշտոնական պրոպագանդայի գծած պատկերը շրջվում էր գլխի վրա, «նեխածը» շրջվում դառնում էր դրա հակառակը՝ ծաղկուն ու փթթուն, մանավանդ որ սահմաններն արդեն մի քիչ բացվել էին և Ամերիկայում եղածները վերադառնալով հենց դա էին պատմում՝ որ Ամերիկան բոլորովին էլ փտած չի, ճիշտ հակառակը՝ հարուստ ա և զարգացած։ Դե եթե Ամերիկան Սովետից ավելի հարուստ էր ու զարգացած, ուրեմն դուրս էր գալիս իրանց սոցիալ-քաղաքական համկարգը ճիշտ էր, մերը՝ սխալ, ու երբ Սովետը փուլ եկավ, հայաստանցիների մեծ մասը, ես էլ հետները, կարծում էինք թե փտած սովետական համակարգից կազատվենք, կներմուծենք ազատ շուկան և արագ կդառնանք հարուստ ու ծաղկուն։ Բայց տենց չեղավ։ Տենց չեղավ, հակառակը եղավ, հայաստանցիների մի մեծ մասը սկսեց սոցիալապես շատ ավելի վատ ապրել, քան սովետական տարիներին էր ապրում, և ահագնացավ արտագաղթը։ Արտագաղթողների մի մեծ մասը հենց Ամերիկա ա գնում, գնացածների հարազատներից, ընկեր ծանոթներից շատերն էլ դրան նայում են նախանձով, իրանք էլ են երազում գնալ։ Ինչը ոչ պակաս էական ա՝ հայաստանցիների հանրային գիտակցության վրա ազդեցություն ունեցող գործիչների մեծագույն մասը ամերիկյան մոդելը դիտում ա որպես կատարյալ, ընդօրինակելի մոդել, և Հայաստանի խնդիրները բացատրում ա նրանով, թե մենք չենք կարողանում էդ մոդելը մեզանում կիրառել, թե մեզանում իրականում իբրև թե սովետական մոդելն ա գործում՝ ազատ շուկայի անվան տակ։

Երբ գնում Ամերիկան տեսնում ես ներսից, խորքից, հասկանում ես որ էդ ներքևից վերև հայացքը՝ թե իբր մեր խնդիրների պատճառը ամերիկյան, և ավելի լայն առումով՝ արևմտյան, կապիտալիստական մոդելը ճիշտ ընդօրինակել չկարողանալն ա, հիմնովին սխալ ա։ Մոդելն ինքը, կապիտալիստական համակարգն ինքը, էսօր խորագույն խնդիրներ ունի, ճգնաժամի մեջ ա։ Աշխարհում եղած մյուս համակարգերն էլ՝ կամ ոչ պակաս խորը ճգնաժամի մեջ են, կամ քանդվել են արդեն։ Արդյունքում՝ ամբողջ աշխարհն ա ճգնաժամի մեջ։ Ու եթե ամբողջ աշխարհն ա ճգնաժամի մեջ, ուրեմն կարիք չկա գլխավոր նպատակ դարձնել էս կամ էն մոդելը առավել ճշգրիտ ընդօրինակելը, այլ ամբողջ աշխարհի հետ միասին պետք ա փնտրել նոր մոդել։ Երբ հարցը էս հարթության մեջ ենք դիտարկում, սովետական ժառանգությունը տեսանելի ա դառնում նոր կողմով՝ որպես նոր մոդել փորձարկելու թեև ձախողված ու ողբերգական, բայց օգտակար փորձառություն, որն աշխարհի քիչ ազգեր ունեն։

Տես նաև՝ ԹԵ ՈՆՑ ԿԼԱՐԱՆ ԾՆՎԵՑ ԳՐԱՆԻՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ ՌԱՍԸ ԸՆՏՐԵՑ ԹՐԱՄՓԻՆ  http://marinepetrossian.com/hy/clara-takmajian


 
Նկարում՝ իմ սենթլուիսցի հյուրընկալներից Քեթրինը