ՀԻՄԱ


ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ ՉՏԱՆՔ ՌՈՒՍԻՆ՝ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ


(Էս տեքստը գրել եմ երկու տարի առաջ՝ 2014 թ․ մայիսին։ Բայց չի հնացել):

Չասված բան կա: Չասված, կամ ցածր ձայնով ասված: Կամ ասված մոռացված եւ տեղ չհասած: Միկոյանի արձանի հետ կապված դեպքերը, հետո արդեն՝ մայիսի 9-ի հետ կապված քննարկումները ցույց տվեցին, որ մի շատ կարեւոր բան չի ասվել, չի իմաստավորվել: Մեր հրաժեշտը սովետականությանը: Մեր ինքնուրույն, ինքնակամ հրաժեշտը: Մեր սեփական ընտրությամբ:

Ես 1988-ին արդեն չափահաս էի, շատ լավ հիշում եմ: 1988-ը սկսվեց «Ղարաբաղը մերն ա» կարգախոսով: Հարյուր հազարավոր մարդիկ անմիջապես լցվեցին փողոցները: Մեր շենքի պատշգամբը թիկունքից նայում ա Բաղրամյան 26-ին, որն էն ժամանակ Գերագույն խորհրդի նստավայրն էր: Նայում էի՝ Բաղրամյանը ամբողջ սեւացած էր, մարդիկ եկել խռնվել էին Գերագույն խորհրդի առաջ եւ գոռում էին՝ Ղա-րա-բաղ, Ղա-րա-բաղ: Էս կարգախոսը՝ Ղարաբաղ, մինչեւ վերջ էլ մնաց որպես 88-ի շարժման հիմնական կարգախոս, բայց Ղարաբաղը վերադարձնելու պահանջը իմաստային փոփոխության ենթարկվեց: Սկզբում «Ղարաբաղը մերն ա» կարգախոսի կողքին Ազատության հրապարակում կար նաեւ մեկ ուրիշ կարգախոս՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»: Կարգախոսի իմաստը էս էր՝ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոն, Ստալինի միջամտությամբ, դարասկզբին սխալ որոշում ա ընդունել, հիմա Գորբաչովից պահանջում ենք որ էս սխալը ուղղի: Սա 88-ի շարժման առաջին, պայմանական ասած՝ իգորմուրադյանական շրջանն էր, երբ որ հարթակում հնչող ելույթների կենտրոնական մոտիվը ադրբեջանցիների անմարդկային կերպի վերհանումն էր, բացատրելու համար՝ ինչու ղարաբաղցիք չեն կարող Ադրբեջանի կազմում մնալ: Շուտով հարթակում «իշխանափոփոխություն» տեղի ունեցավ, հարթակն անցավ նոր Ղարաբաղ կոմիտեին (Ղարաբաղ կոմիտե ասելով հայաստանցիները հիմա հենց էդ նոր կոմիտեն՝ հայտնի իննյակն էլ հասկանում են), եւ հարթակից հնչող խոսքն էլ փոխվեց, հակաադրբեջանական-ազգայինից անցում կատարվեց դեպի սոցիալ-քաղաքական-ազգային դիսկուրս, որը Ղարաբաղյան շարժումը տեղավորում էր ամբողջ Սովետական Միությունն ընդգրկած նորացման շարժումների կոնտեքստում:

Էս փոփոխությունը էն ժամանակ, ու դեռ մինչեւ օրս էլ, շատերը մեկնաբանում են որպես «հեռացում ազգայինից», ազգայինի տակ հասկանալով նախ եւ առաջ պահանջատիրությունը թուրքերից, Ղարաբաղի հարցն էլ տեղավորելով դրա մեջ: Այնինչ նոր Ղարաբաղ կոմիտեն հետեւում էր հիմնականում ազգայինի սոցիալ-քաղաքացիական մոտեցմանը, Ղարաբաղի շարժումը մեկնաբանելով ոչ թե որպես պատմական արդարության հիմնավորմամբ պահանջատիրություն, այլ որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման պահանջ, դա էլ միացնելով ավելի լայն՝ հանրային ազատությունների կոնտեքստին: Հետաքրքիրն էն ա, որ նոր Ղարաբաղի կոմիտեն խիստ քննադատության էր արժանանում նաեւ մեկ ուրիշ՝ հակառակ կողմից: Պարույրհայրիկյանական-անկախական թեւը պնդում էր, թե Ղարաբաղի հարցը մեջտեղ ա գցվել Մոսկվայի կողմից՝ շեղելու համար ԽՍՀՄ ժողովուրդներին ամենակարեւոր՝ անկախության հարցից, եւ մեղադրում էր Ղարաբաղ կոմիտեին էդ խաղը խաղալու համար: Պարույր Հայրիկյանը եւ մյուս անկախականները պահանջում էին անմիջապես անկախացում, իսկ Ղարաբաղ կոմիտեն էս հարցում զգուշ էր շատ, ելնելով էն մտահոգությունից, թե անկախության հարցը առաջին պլան մղելը կարող ա վնասի Ղարաբաղի հարցի լուծմանը: Էդ զգուշության հիմքում պրագմատիկ հաշվարկ կար՝ առաջ չընկնել իրադարձություններից՝ ռիսկը մեծացնելու հաշվին: Ի վերջո, Սովետական Միությունը փլուզվեց, Հայաստանը անկախացավ, եւ մի քանի տարի հետո էլ հաղթեց Ղարաբաղյան պատերազմում:

Արդյո՞ք էն հանգամանքը, որ անկախության պահանջը բնավ կենտրոնականը չէր 88-ի շարժման մեջ, հիմնական եւ էական մի գործոն էր, որը խանգարեց մեզ՝ ազատ Հայաստան կառուցելու գործում: Նման կարծիք կա, գոյություն ունի եւ մանավանդ վերջերս բավական ակտիվորեն շրջանառվում ա, մարդիկ կան ասում են՝ Հայաստանը դեռ չի անկախացել, նոր պետք ա անկախանա Ռուսաստանից: Իսկ իմ կարծիքով՝ Հայաստանը հենց հիմա, հենց էսօր ա կախման մեջ ընկնում Ռուսաստանից, իսկ 1991-ին Հայաստանը ոչ թե Ռուսաստանից էր անկախանում, այլ ստեղծվում էր որպես անկախ պետություն՝ Սովետական Միության կազմաքանդման արդյունքում: Ասածս երեւի թե լրացուցիչ մանրամասնումի կարիք ունի, փորձեմ անել դա:

Սովետական Հայաստանը, այո, ստեղծվել ա կարմիր բանակի մուտքի արդյունքում: Բայց դա Ռուսաստանի կողմից Հայաստանի օկուպացում չէր, այլ համաշխարհային հեղափոխության տարածում, որն էդ ժամանակ բոլշեւիկների ծրագիրն էր: Իհարկե, հետագայում պարզվեց, որ էդ ծրագիրն անիրագործելի էր, եւ դրա շուրջ հավաքել հաջողվեց ընդամենը Ռուսական կայսրության մաս կազմած ազգերին, բայց Սովետական Միությունը ռուսական կայսրություն չէր, Սովետական Միությունը կոմունիզմի կառուցման փորձադաշտ էր: Եւ անգամ վերջում՝ բրեժնեւյան շրջանում, երբ որ կոմունիզմի կառուցման փորձի ձախողումը բոլորի համար պարզ էր, Սովետական Միությունն էլի ռուսական կայսրություն չէր, այլ կոմունիզմի կառուցման ձախողված փորձի ձախողման արդյունքում ստեղծված մի աբսուրդ տարածություն, որտեղ աբսուրդի զոհն ու կրողն էին բոլորը՝ թե հայ, թե վրացի, թե կալմիկ, թե ռուս:

Էդ հիմա՝ հետադարձ հայացքով ա, որ ռուսները փորձում են վերաիմաստավորել Սովետական Միությունը որպես ռուսական կայսրություն: Դա ռուսական միստիկ-ռեակցիոն ազգայնականության, մասնավորապես Դուգինի եվրասիականության տեսության թեզերից ա, որը պարզ չի թե ինչու ես պետք ա ընդունեմ: Հեչ պարզ չի, եթե ես ինչու պետք ա կոմունիզմի կառուցման ձախողված փորձի ահռելի ողբերգությունը մտքումս վերաձեւեմ, փոխարինեմ Ռուսաստան-գաղութներ մելոդրամայով:

Հիտլերյան Գերմանիայի դեմ տարած հաղթանակի հուշարձանները պետք չի ոչ քանդել, ոչ էլ մոռացության մատնել, ոնց որ առաջարկում են ոմանք: Դրանք իրական հաղթանակի հուշարձաններ են: Դա ռուսների հաղթանակը չի մենակ, դա Սովետական Միության ժողովուրդների հաղթանակն ա, որոնց մեջ էինք նաեւ մենք՝ հայերս:

Էդ հաղթանակի մեջ նաեւ ողբերգություն կա, քանի որ էդ պատերազմում կռվողներն ու զոհվողները զոհվում էին «Զա ռոդինու, զա Ստալինա» գոռալով: Ու եթե մենք մոռանանք ողբերգությունը, կստացվի Միկոյանի արձանի պատմության նման անհեթեթ մի պատմություն, երբ որ ասում են՝ «դե հայ էր, հայտնի մարդ էր, աշխարհը իրան հիշում ա, ազգականներն էլ խնդրում են, արձանը դնենք, ինչ կլինի՞ որ»: Այնինչ Միկոյանը ոչ թե «հայ մարդ» էր, այլ ստալինյան ռեժիմի եւ թիմի խոշորագույն դեմքերից մեկը: Ստալինն էլ ոչ թե վրացի էր կամ ռուս, այլ թիվ մեկ բոլշեւիկն էր՝ Լենինի մահից հետո, որը փորձեց, հակառակ Մարքսի տեսությանն ու հակառակ տրամաբանության բոլոր օրենքներին, զարգացած կապիտալիզմի շրջանը շրջանցելով, միլիոնների արյան եւ ոսկորների վրա կոմունիզմ կառուցել: Արդյունքում կոմունիզմն իհարկե չկառուցվեց, բայց սովետական հանրապետությունները, էդ թվում Սովետական Հայաստանը, մոդեռնացվեցին, եւ ռուսական նախկին հետամնաց կայսրության տեղում ստեղծվեց գերտերություն, աշխարհի երկու գերտերություններից մեկը, որտեղ կատարվող գործընթացները աշխարհի քաղաքական ճակատագիրն էին որոշում:

Դա ողբերգություն էր, 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը, եւ մենք՝ էդ ողբերգությամբ հասունացածներս, էդ ողբերգության փորձի կրողներն ու էդ փորձը իմաստավորողները պետք ա լինեինք: Ես անցյալ ըղձականով նախադասությունս գրեցի՝ պետք ա լինեինք, բայց սկզբում, կարծում եմ, հենց տենց էլ կար, 88-ի շարժման հասունությունը դրա ապացույցն էր, Ղարաբաղում տարած մեր հաղթանակը 88-ի շարժման հասունության պտուղն էր, բայց հետո մի շատ կարեւոր բան սխալ գնաց, ամեն ինչ կիսատ մնաց, նույնիսկ հետ գնաց, ու հիմա հասել ենք էն վիճակին, երբ որ Միկոյանի արձանի հետ կապված ասում են՝ «դե հայ էր, հայտնի մարդ էր, աշխարհը իրան հիշում ա, ազգականներն էլ խնդրում են, արձանը դնենք»: Սա քաղաքական ինքնությունից զուրկ, հարմարվողական քաղքենու մտածողություն ա, որի կրողն են էսօր մեր իշխանությունները՝ վերից վար:

Էս վիճակից դուրս գալու ելքը անցյալը մոռանալը չի, հակառակը՝ սրա ելքը անցյալը քաջ հիշելն ու դրա դասերը մեր ներկայի դիրքերից իմաստավորելն ա, ընդ որում անցյալ ասելով ես նկատի ունեմ թե Հայաստանի ներկա Հանրապետության՝ արդեն պատմություն դարձած տարիները, թե սովետական ժամանակները: Եթե մենք չենք ուզում, որ հայ ծերուկը գեորգիեւյան ժապավեն ուզենա կապել թեւին, մենք պետք ա Հիտլերի դեմ տարած իրա հաղթանակը կապենք միացնենք ղարաբաղյան հաղթանակին, իմաստավորվենք դրա տրամաբանությամբ եւ ներկա Հայաստանն ու դրա ապագան դարձնենք էն մեկնակետը, որտեղից մենք, ու նաեւ հայ ծերունին, նայեն անցյալին:

Ռուսաստանից եկող նեոկայսերական ագրեսիայի եւ միստիկ խավարամտության դեմն առնելու համար մենք ոչ թե պետք ա հակառուս դառնանք կամ ռուսներին բաշխենք մեր ամբողջ սովետական անցյալը, այլ պետք ա ցույց տանք, որ մենք՝ հայաստանցիներս, մեր սովետական անցյալը իմաստավորելով, շարժում ենք առաջ, իսկ եթե ռուսները գերադասում են շարժել հետ՝ դա իրանց, եւ միայն իրանց գործն ա, ավելի ճիշտ՝ իրանց ողբերգությունը, որի մեջ թույլ չենք տա մեզ ներքաշել: