ՀԻՄԱ


ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՌԵՍՈՒՐՍ


Էն, ինչ կատարվեց Հայաստանում էս ապրիլին, նախադեպ չուներ ներկա Հայաստանի  Հանրապետության պատմության մեջ՝ ոչ մի անգամ երկրի ղեկավարը չէր հեռացել հանրային դժգոհության և բողոքի արդյունքում։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ․հրաժարական տվեց, բայց Հայաստանի առաջին նախագահի հեռանալը ուժայինների կողմից ներկայացված վերջնագրի արդյունքում եղավ, ոչ թե ընտրությունների կամ ժողովրդական բողոքի Իսկ բողոքը կար և շարունակվում էր, բողոքի ալիքները հաջորդում էին մեկը մյուսին, մեկը գալիս, խփվում էր պատին, հետ էր գնում, մյուսն էր գալիս։ Ու տենց՝ երկու տասնամյակից ավելի։ Մինչև որ Սերժ Սարգսյանը փոխեց սահմանադրությունը, կրճատեց նախագահի լիազորություններն ու հանեց նախագահի՝ համաժողովրդական քվեարկությամբ ընտրվելու կետը։ Թվում էր, թե դրանով քաղաքական բողոքների նախորդ ամբողջ շղթան մկրատի մի հարվածով կտրվեց և շրջանը փակվեց՝ գրանցելով զրոյական արդյունք։ Ու ահա հենց էդ ժամանակ, երբ թվում էր՝ քաղաքական բողոքի քառորդդարյա շրջանը, առանց արդյունք բերելու, փակվել ա, երբ թվում էր՝ հայոց քաղաքական դաշտը հիմնովին կաթվածահար ա արված, տեղի ունեցավ թավշե հեղափոխությունը։

Ես ինքս սկզբից չհասկացա ինչ ա կատարվում։ Ինձ թվում էր քաղաքական դաշտը էնքան հիմնովին և հմտորեն կաթվածահար ա արված, որ արդյունքի հասնել հնարավոր չի լինի։ Բայց ես սխավեցի, արդյունք եղավ և արդյունքը աննախադեպ էր։ Քաղաքացիական բողոքի ալիքը հանգեցրեց իշխանության թիվ մեկ դեմքի հրաժարականին։ Այսինքն տեղի ունեցավ էն, ինչը անցյալում երբեք տեղի չէր ունեցել, չնայած անցյալում, ֆորմալ առումով, դրա համար ավելի մեծ հնարավորություններ կային և սահմանադրությունը փոխելով Սերժը փորձել էր հենց էդ հնարավորությունները վերացնել։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը կարողացավ անցած բոլոր պարտություններից կուտակված ջղայնությունը գումարել իրար և մինուս նշանը պլյուս նշանի փոխելով՝ ստանալ հաղթանակ։ Պարզվեց, Հայաստանի քաղաքացիական ռեսուրսը էնքան մեծ էր, որ աշխատեց անգամ էն ժամանակ, երբ թվում էր թե ամեն ինչ արված էր էդ ռեսուրսը չեզոքացնելու համար։

Անվերջ չհաջողելու արդյունքում արդեն անհնար թվացող էս մի բանը՝ հանրության պահանջով իշխանության հեռացումը, իրականություն դարձավ, կատարվեց։ Հանրությունը իշխանության բերեց նրան, որին հավատաց և հավատում ա։ Սա շատ կարևոր էր, բայց մեկ ա՝ գործի կեսն ա դեռ։ Գործի մյուս, ոչ պակաս կարևոր, գուցե թե՝ առավել կարևոր մասն էն ա, որ սրա արդյունքում՝ հանրության պահանջով իշխանությունը փոխվելու արդյունքում, Հայաստանում կատարվեն բոլորի համար տեսանելի, էական փոփոխություններ՝ երկիրը շարժվի առաջ։ Իսկ սրա համար պետք ա, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե հիմնական գործը կատարված համարեն՝ իրանց ուզած առաջնորդին բերելով իշխանության, այլ հասկանան որ ամենադժվար գործը հենց հիմա ա սկսվում և էդ գործի մեջ նաև իրանց մասնակցությունն ա պետք։ Որովհետև հենց Հայաստանի քաղաքացիներն են Հայաստանի հիմնական ռեսուրսը։ Երբ էդ ռեսուրսը խաղից դուրս ա գալիս, Հայաստանը մնում ա առանց ռեսուրս և թուլանում ա։

Փաստ ա, որ Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը Հայաստանի զարգացման հիմքում չի դրել նշածս ռեսուրսը՝ հանրային ակտիվությունը։ Երկրորդ և երրորդ նախագահները ուզեին էլ, չէին կարող դա անել, քանի որ հենց սկզբից չունեին հանրային աջակցություն։ Առաջին նախագահը իշխանության էր եկել հանրային ակտիվության բարձրագույն ալիքի վրա, բայց չկարողացավ և կարծես անգամ փորձ էլ չարեց պահել էդ գործոնը որպես կառուցողական ռեսուրս, ի վերջո էդ ալիքը ուղղվեց հենց իրա դեմ, և Լևոն Տեր-Պետրոսյանը հանրային ակտիվության գործոնը հանեց Հայաստանի ռեսուրսների ցանկից , հայտարարելով թե առանց արտաքին գործոնների փոփոխության՝ առանց Ղարաբաղի հարցի լուծման, Հայաստանը զարգացման ներքին ռեսուրս չունի։

Նիկոլ Փաշինյանը, հայաստանցիների հանրային ակտիվության վրա հենվելով, կարողացավ կոտրել փակ շղթան և Հայաստանը դուրս բերել քաղաքական ճաճհացումից։ Եթե նոր վարչապետն ու իրա թիմը, արդեն իշխանափոխությունից հետո, արդեն որպես իշխանություն,  կարողանան գտնել ձևը՝ հանրային ակտիվությունն օգտագործելու որպես կառուցողական ռեսուրս, որպես մեր երկրի նորացման և հզորացման հիմնական մի գործոն, Հայաստանի նորացումն արդեն վերջնական ու անշրջելի կլինի։ Դժվար ա բայց ոչ անհնարին։