ՀԻՄԱ


ԻՆՉՈ՞Ւ ԱՆՀՆԱՐ ԴԱՐՁԱՎ ԶՐՈՒՅՑԸ


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ունեցածս հանդիպման մասին (տեսագրությունը՝ ստեղ) մի անգամ արդեն գրել եմ։ Բայց զգում եմ՝ ամեն ինչ չէ, որ ասել եմ։

Նախորդ գրածումս շեշտը դրել էի դպրոցի եւ գրականության բարդ հարաբերությունների մասին՝ ինքնին եւ ընդհանրապես։ («ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եվ ԴՊՐՈՑ. հավերժական կռիվ»)։ Շատ էի ջղայնացած, ու շատ ջղայնացած լինելով՝ չուզեցի կենտրոնանալ կոնկրետ հանդիպման վրա, մտածելով գուցե սուբյեկտիվ լինեմ։ Բայց հիմա որ ջղայնությունս վաղուց անցել ա, ուզում եմ դրան անդրադառնալ։
Երբ ինձ Մխիթար Սեբաստացի դպրոցից հրավիրեցին հանդիպման, ես պատկերացնում էի թե մի 10-15 րոպե բանաստեղծություն կկարդամ, հետո դրանց մասին կխոսենք։ Բայց կազմակերպիչներն ասեցին իրանց հանդիպումները էդ ֆորմատով չեն լինում, բանաստեղծոթյուն կարդալու կարիք չկա, հանդիպման եկողները արդեն իմ գրածները կարդացած կլինեն, հարցեր կտան, հանդիպումը հարց ու պատասխանի ձեւով կլինի։ Արդեն բուն հանդիպման ժամանակ երեւաց, որ մասնակիցներն իմ բանաստեղծություններն իսկապես կարդացել էին, բայց մեծ մասը գրականության մասին գիտելիք չունեին։ Խոսքը նույնիսկ ժամանակակից գրականության մասին չի, այլ գրականության մասին՝ ընդհանրապես։ Եթե մարդը գրականության մասին որոշակի գիտելիք ունի, էդ մարդու հետ հնարավոր ա բանավիճել։ Օրինակ, եթե մարդը, տվյալ դեպքում՝ աշակերտը, դաստիարակված ա, ասենք, ռոմանտիկ գրականության սկզբունքներով, տեղյակ ա էդ սկզբունքների մասին, իրա հետ կարելի ա բանավիճել, բացատրել, որ դա գրականության մի որոշակի դպրոցի սկզբունքներն են, որ կա նաեւ որիշ տեսակի գրականություն՝ ուրիշ սկզբունքներով։ Բայց կոնկրետ էս դեպքում իմ բանաստեղծություններին ոչ թե ուրիշ բանաստեղծական սկզբունքներ էին հակադրվում, այլ հնչում էր կենցաղային մակարդակի ամենատափակ պնդումը՝ «ձեր գրածը ամեն մարդ էլ կարող ա գրի, ուղղակի ձեզ փիար են անում, դրա համար էլ դուք համարվում եք բանաստեղծ»։ Եթե նախօրոք իմ մտքով անցներ, որ ես էս կարգի, էս մակարդակի արտահայտություններ կլսեմ, ես չէի համաձայնի հարց ու պատասխանի ֆորմատին, եւ ուղղակի բանաստեղծություններս կկարդայի, որից հետո, հաստատ գիտեմ, նման արտահայտությունները անհնար կդառնային։ Սա ասում եմ՝ փորձիցս ելնելով։ Ես փորձ ունեմ՝ թե ժամանակակից բանաստեղծությունից շատ հեռու մարդկանց, թե իմ, որպես բանաստեղծի նկատմամբ, բացասական տրամադրված մարդկանց համար բանաստեղծություններս կարդացել եմ, եւ գիտեմ որ անհասկացողության պատը դրանից հետո քանդվում ա։Ամբողջ խնդիրն էն ա, որ ես լսել էի, թե Սեբաստացի կրթահամալիրը լավ, ժամանակակից, նորարարական դպրոց ա եւ գնալիս պատրաստվել էի զրույցի, ոչ թե հարձակման։ Եւ զարմանքս էնքան մեծ էր, որ մենակ հանդիպման վերջում հասկացա, թե ինչ ա կատարվում։ Աշակերտը, որը ինքնուրույն մտածել չգիտի, ընդամենը կրկնում ա ուսուցչի ասածները, իհարկե շատ սիրելի բան չի։ Բայց դրա լավագույն այլընտրանքը հաստատ էն չի, երբ որ աշակերտը հերիք չի գիտելիք չունի, դեռ մի բան էլ իրան ամենագետ ա պատկերացնում ու քիչ ա մնում վրադ մատ թափ տա։Ես բնույթով բռնկուն մարդ եմ, բայց հեշտ վիրավորվող չեմ։ Հաճախ եմ ջղայնանում, բայց քիչ ա լինում որ նեղանամ։ Դրա համար էլ չնայած փետրվարի 20-ին Սեբաստացի դպրոցում ունեցածս հանդիպումից հետո ջղայնացած էի, բայց առաջին մղումս եղավ կատարվածը համարել անխուսափելի եւ հոդված գրեցի գրականության ու դպրոցի հավերժական կոնֆլիկտի մասին։ Գրեցի, բայց զգում էի, որ ամեն ինչ չեմ ասել։ Էսօր, երբ որ ջղայնությունս վաղուց անցել ա ու կարող եմ սառը դատողությամբ վերլուծել կատարվածը, իմ համար տեսանելի ա արդեն, որ զրույցի չկայանալն անխուսափելի չէր, որ դրա պատճառը ոչ էնքան գրականության եւ դպրոցի հավերժական կոնֆլիկտն էր, որքան սխալ հասկացված նորարարությունը, որի շրջանակներում հնարավոր էր դարձել, որ աշակերտները ազատությունը շփոթեն իրանց չհասկացած բանի մասին ագրեսիվ տոնով խոսելու հետ։

16 մարտի, 2016

Տես նաեւ՝ 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եւ ԴՊՐՈՑ. հավերժական կռիվ