ՀԻՄԱ


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եւ ԴՊՐՈՑ. հավերժական կռիվ

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ դպրոցում հանդիպում մինչեւ էդ չէի ունեցել։ Առաջինն էր։ Չէի պատկերացնում, որ էդքան սուր կլինի։ Բայց խնդիրը մենակ սրությունն էլ չէր, խնդիրը էն ա, որ նոր հասկացա՝ դպրոցում գրականության մասին խոսելու մեջ պարադոքսալ բան կա։ Կոնֆլիկտային։

Երբ որ անցած կիրակի իմ հանդիպումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտների եւ ուսուցիչների հետ ավարտվեց, հանկարծ մեջս խուժեցին հիշողություններ դպրոցական պատանեկությունից, երբ որ ընկեր Աթոյանը Պետրոս Դուրյան էր բացատրում, իսկ իմ սիրտը ջղայնությունից պայթում էր։ Ես հիմա շատ եմ փոխվել, դպրոցական տարիքում լրիվ ուրիշ բնավորություն ունեի, ջղայնությունս խոսքի կամ գործողության սովորաբար չէր փոխվում, մնում էր մեջս, եթե էն ժամանակ էսօրվա բնավորությունն ունեցած լինեի, երեւի մի տեղից հրացան ճարեի ու մեր ընկեր Աթոյանին գնդակահարեի՝ էնքան անտանելի էր վիրավորանքը իմ սիրած գրողների համար, որոնց մեր հայերենի ուսուցչուհին տափակացնում, վերածում էր տափակ դասանյութի։ Ամբողջ խնդիրն էն ա, որ էդ տափակացումը խոշոր հաշվով անխուսափելի ա, ախր դպրոցում դասավանդում են՝ դաս են տալիս, այսինքն սովորացնում են՝ ինչն ա ճիշտ ինչը սխալ։ Ի դեպ, եթե նայեք Սեբաստացի կրթահամալիրում նշածս հանդիպման տեսագրությունը (ստեղ), կնկատեք որ էս դեպքում դաս տալու հակում ցուցաբերում էին ավելի շատ աշակերտները, քան ուսուցիչները։ Սեբաստացի կրթահամալիրը հայտնի ա որպես նորարարական դպրոց, ու կոնկրետ էս դեպքում նորը ոնց որ թե դրանում էր արտահայտվում՝ դասատու-աշակերտ ավանդական հարաբերությունը չկար, չէր զգացվում, փոխարենը՝ աշակերտներն էին նման դաս տվողի։
Կարճ եթե պատմեմ, նշածս հանդիպման ընթացքում ինձանից պահանջում էին ասել, թե որն ա իմ գրականության ասելիքը, ես էլ պատասխանում էի՝ ձեզ բացատրել չեմ կարող։ Ասում էին՝ չենք հասկանում թե ձեր գրածը ինչու պետք ա համարենք բանաստեղծություն, բացատրե՛ք, հակառակ դեպքում չենք համարի բանաստեղծություն, ես պատասխանում էի՝ ձեզ բացատրել չեմ կարող։Պարադոքսը հավանաբար գալիս ա նրանից, որ կրթական հաստատությունները էն քիչ հանրային հաստատություններից են, ուր գրականությունը հաստատուն տեղ ունի՝ որպես պարտադիր բաղկացուցիչ։ Ու դրա դիմաց՝ դպրոց մտնելու համար գրականությունից պահանջում են անցաթուղթ, լրացված անկետա։ Ինչը հակացուցված ա գրականության համար։ Դրա համար էլ դպրոցի եւ գրականության հարաբերությունները եղել են եւ կարծում եմ միշտ կլինեն բարդ ու կոնֆլիկտային։Ասածս կոնֆլիկտը չի վերաբերում միայն ժամանակակից՝ դեռ դասագիրք չմտած գրողների գրականությանը, կոնֆլիկտ կա նաեւ դասականների դեպքում, որոնց անունից հաճախ հանդես են գալիս աշակերտ եւ ուսուցիչ՝ ընդդեմ ժամանակակից գրողի։ Եթե ժամանակակից գրողին անպաշտպան ա դարձնում անկետա չունենալը, դասական գրողին էլ անպաշտպան ա դարձնում հենց էդ անկետան ունենալը։ Անկետան էն բացատրություններն են, որ դասական ստեղծագործությունների մասին շարադրված են դասագրքերում։ Քանի որ դասագիրքը, գրված լինելով աշակերտների համար, պարտավոր ա լինել հանրամատչելի, գրականությունը հաճախ հանգեցվում ա հանրամատչելի «ասելիքի»։ Այսինքն սպանվում ա։ Հենց դրա համար էլ ես ատում էի մեր գրականության դասատու ընկեր Աթոյանին, որն իրականում շատ մեղք չուներ։ Թե՞ ուներ։ Գուցե կա՞ն, գուցե կարո՞ղ են լինել տաղանդավոր ուսուցիչներ, որոնք, անգամ դպրոցում, գրականությունը ներկայացնեն ոչ որպես դասի առարկա, այլ որպես գրականություն։ Երեւի կան, երեւի կլինեն։ Բայց եթե անգամ էդ տեսակ բացառիկ ուսուցիչներ լինեն, մեկ ա՝ դասականներին դասագրքի անկետաներից հանողն ու ներկայի մեջ վերադարձնողը ամենից առաջ գրողն ա՝ ժամանակակից գրողը, որի արածը չի տրվում հանրամատչելի բացատրության եւ չի տեղավորվում անկետաների մեջ։

27 փետրվարի, 2014

Տես նաեւ՝ ԻՆՉՈ՞Ւ ԱՆՀՆԱՐ ԴԱՐՁԱՎ ԶՐՈՒՅՑԸ