ՀԻՄԱ


ԱՆԱՐԳԱՆՔԻ ՍՅՈՒՆԵՐ ՄԻ՛ ՍԱՐՔԵՔ


Մի քանի օր մեր Արալանջի հողամասում էի, ինտերնետ չունեի։ Կիրակի վերադարձա, մտա ֆեյսբուք, առաջին կարդացածս Անահիտ Սահակյանի գրառումն էր, ասում էր՝ «Մարդիկ պնդում են, իբր ես ծեծին կողմնակից եմ արտահայտվել։ Էսօր առավոտ էլ տեսա, որ Lala Aslikyan ը գրածս սքրինշոթ ա արել ու ընդգրկել ա ծեծին կողմ արտահայտվող մարդկանց ցուցակի մեջ»։ Հասկացա որ բան ա պատահել, Անահիտի էդ սքրինշոթ արված գրառումը գտա կարդացի, Լալայի պատը մտա, իրա կարծիքով սխալ բաներ ասած մարդկանց ցուցակը/սքրինշոթերը և ուրիշ գրառումներ կարդացի, Շուռնուխում կատարվածի մասին լիքը նյութ կարդացի, տեսանյութեր նայեցի, ֆեյսբուքի քննարկումներին հետևեցի, գլուխս սկսեց ցավել։ Էն, ինչ կատարվել ա Շուռնուխում, շատ տխուր ա և ցույց ա տալիս, որ նույնասեռականների նկատմամբ հայաստանյան հասարակության շատ շերտերում առաջվա պես կա ատելության հասնող հակակրանք։ Բայց Շուռնուխի դեպքերին արձագանքողներին սքրինշոթ անելու փաստը ոչ պակաս տխուր ա,  որովհետև դրանից հետո արդեն սկսում ես  կասկածել, թե էս հարցում մոտ ապագայում կլինեն դրական փոփոխություններ։ Մարդկանց մեջ նստած ատելությունը վերացնելու համար նախ պետք ա դրանց պատճառները հասկանալ, Անահիտն իրա գրառման մեջ հենց դա էր փորձում անել, Լալա ջան, իսկ դու իրան դրա համար անարգանքի սյունին արժանի համարեցիր։ Քո սքրինշոթի ցուցակը, Լալա ջան, հենց էդ ա՝ անարգանքի սյուն, իսկ անարգանքի սյունին գամելը, ոնց որ հենց բառակապակցությունն ա հուշում, նույնպես յուրօրինակ բռնության ձև ա, ընդամենը՝ էսօր արդեն ոչ ֆիզիկական։ Էս ճանապարհով եթե գնանք, մենք ոչ մի տեղ չենք հասնի։

Մենք ուզում ենք նույնասեռականների նկատմամբ Հայաստանում վերաբերմունքը փոխվի՞, ուզում ենք նույնասեռականությունից չվախենան և  նույնասեռականներին չատե՞ն, նորմալ, սովորակա՞ն վերաբերվեն, թե՞ դա կարևոր չի, կարևորը՝ մարդիկ վախենան որ նույնասեռականների մասին սխալ կամ սխալ հասկացված բան ասելու դեպքում անարգանքի սյունին կգամվեն։ Սրանք շատ տարբեր, խորքում՝ հակադիր մոտեցումներ են։

Ես ինքս առաջին մոտեցման՝ Հայաստանում նույնասեռականների նկատմամբ հանգիստ, նորմալ մթնոլորտ ձևավորելու  կողմնակից եմ։ Ու հասկանում եմ, որ դրան հասնելու համար պետք ա լսել, արտահայտվելու իրավունք տալ նաև նրանց, ովքեր նույնասեռականությունից վախենում են, դա վտանգավոր բան են համարում, և հենց էդ պատճառով էլ՝ նույնասեռականներին չեն սիրում։ Անահիտն ըստ էության հենց դրանից էր խոսում, Լալա ջան, իսկ դու իրան վիրավորեցիր։ Եթե դու Անահիտի նման ազատամիտ մարդուն թշնամի ես հռչակում, չես գիտակցո՞ւմ, որ դրանով քեզ համար թանկ գործի պաշտպանների դիրքերն ես թուլացնում։