ՀԻՄԱ


«ՀԱՅԱՍՏԱՆ ՉԿԱ» ԿԱՐԳԱԽՈՍԸ



Հուլիսյան դեպքերի մասին արդեն երեք տեքստ եմ գրել ("Փորձության ժամ", "Իմ դիրքորոշումը", "Խոսք ընկերներիս"), բայց ասելիքը չի սպառվում։ Ուզում եմ հանգամանորեն անդրադառնալ մի հարցի, որը կենտրոնական ա էս ամեն ինչի մեջ։

Որ «Սասնա ծռեր» գործողությունը դեպի փակուղի էր տանում՝ պարզ էր հենց սկզբից։ Ուրեմն ո՞նց եղավ, որ դեպի ակնհայտ փակուղի տանող էդ գործողությունը կարողացավ ոգեւորել ոչ քիչ թվով մարդկանց։ Պատճառը կարգախոսն էր՝ "Հայաստանը կերել են, կործանել են, Հայաստան չկա"։
Ուշադրություն՝ ոչ թե կործանվում ա, այլ արդեն կործանված ա, չկա,  Հայաստան պետություն գոյություն չունի։ Ծայրահեղ հուսահատության մեջ տրամաբանություն փնտրելը անհույս գործ ա, ծայրահեղ հուսահատության մեջ արդեն մահվան օրենքն ա գործում։

«Սասնա ծռերի» հռչակած «ազգային ազատագրական» պայքարը հենց էդ ա նշանակում՝ որ Հայաստան պետություն չկա, գոյություն չունի։ Ազգային ազատագրական պայքարը վարում են թշնամի պետությունում՝ հենց էդ պետության դեմ։

Բայց ո՞նց եղավ, որ էս ինքնասպան կարգախոսի ինքնասպան բնույթը շատերը չեն տեսնում, սարսափելու փոխարեն՝ ծափ են տալիս։ Դատարկ տեղում չեղավ, իհարկե։ Սրան հասցնող էլի բաներ են եղել։

Չեք մոռացել երեւի վերջին տարիներին «անկախականների» աղաղակներն էն մասին, թե մենք Ռուսաստանի մարզն ենք արդեն, թե Հայաստանում պետություն չկա, կա Մոսկվայի ադմինիստրացիա։ «Անկախականը» չակերտների մեջ եմ առել, որովհետեւ նման պնդումներ անողը հենց Հայաստանի ինքնիշխանությանն ա խփում, հայաստանցու մեջ ամրապնդելով «ամեն ինչ Մոսկվան ա որոշում» համոզումը, ու հենց դրանով իսկ՝ հայաստանցուն հոգեբանական կախվածության մեջ ա դնում Մոսկվայից, այսինքն հասնում ա հենց նրան, ինչի դեմ իբր թե պայքարում ա։

Հայաստանի կործանված լինելու՝ ընդամենը խենթություն կամ ռոմանտիկ ծայրահեղություն թվացող համոզումի մեջ մեր երկրի իրական կործանումի սաղմը կա, կործանումի պոտենցիալը, քանի որ եթե էդ գաղափարը բավականաչափ տարածվեց հանրության շրջանում, կսկսի աշխատել որպես ինքնաիրագործվող սեւ-մարգարեւություն։

Ինքնաիրագործվող մարգարեությունը (self-fulfilling prophecy, с
амореализующееся пророчество ) գիտությանը քաջ հայտնի ֆենոմեն ա, երբ իրականության մեջ հիմքեր չունեցող պնդումը ի վերջո իրագործվում  ա, քանի որ մարդիկ, հավատալով սուտ պնդմանը, վարվում են համապատասխանաբար, եւ նրանց վարքի արդյունքում՝ սուտ պնդումը իրականություն ա դառնում, քանի որ դրա համար հարկավոր հիմքերը, որ նախապես չկային, թյուրիմացության մեջ գցված մարդկանց վարքի արդյունքում ստեղծվում են։ Եվ սուտ պնդում անողը, եթե հասավ ուզածին,  կարող ա վերջում ասել՝ տեսա՞ք, ես հենց սկզբից ճիշտ էի։ 

Չէ, դուք ճիշտ չեք, եւ հավատալով իմ ժողովրդի հավաքական առողջ դատողությանը, ասում եմ ձեզ՝ դուք երբեք էլ ճիշտ չեք դուրս գալու, «Հայաստան պետություն չկա» ասողներ։

Ես ծնվել եմ, երբ որ Հայաստան պետություն չկար։ Ես գիտեմ էդ ինչ ա՝ երբ որ Հայաստան պետություն չկա։ Ես գիտեմ տարբերությունը։

Ես հիշում եմ՝ ոնց ստեղծվեց Հայաստանի ներկա Հանրապետությունը։ Ես հիշում եմ՝ ոնց էր սկսվել 88-ի շարժումը։ Սկսվել էր որպես ավանդական-ռոմանտիկ պահանջատիրական շարժում, հետո հասունացում տեղի ունեցավ, լիդերների փոփոխություն տեղի ունեցավ, եւ շարժումը անցում կատարեց դեպի ռեալիզմ։

Ռեալիզմը էն հիմքն ա, որի վրա ստեղծվել եւ կանգնած ա Հայաստանի Հանրապետությունը, ու նաեւ՝ Ղարաբաղյան հաղթանակը։ Եվ հակառակ բոլոր խնդիրներին, հակառակ գործված մեծ ու փոքր սխալներին, Հայաստանը կանգուն ա էսօր, քանի որ հիմքն ա ամուր։

Հիմնադիր խորհրդարանը հենց էդ հիմքն ա ուզում փոխի, դրա համար էլ ասում ա՝ Չորրորդ հանրապետություն։ Պետության հիմքը առանց պետությունը քանդելու փոխել հնարավոր չի, պետության հիմքը փոխելու համար նախ պետք ա հին պետությունը քանդես, որ հետո նոր հիմքով նոր պետություն սարքես։ Դրա համար էլ՝ «Սասնա ծռեր» գործողություն։ Եվ նայելով Հիմնադիր խորհրդարանի խոսքին ու գործողություններին, ակնհայտ ա դառնում որ էդ «նոր» հիմքը հայոց անպետություն ժամանակներից մեզ քաջ ծանոթ ռոմանտիզմն ա։

Ռոմանտիզմը հմայք ունի։ Էդ թվում, եւ գուցե առավել՝ զինվածների ռոմանտիզմը։ Դրա համար էլ «Հիմնադիր խորհրդարանի» համակիրները մինչեւ վերջերս եթե մի քանի հարյուր էին, «Սասնա ծռեր» գործողությունից հետո դարձան մի քանի հազար։  Պատմությունը ցույց ա տվել՝ սեւեռուն գաղափարով զինված մի քանի հազարն էլ հերիք են պետություն քանդելու համար, եթե պետության հիմքի մեջ ճաք կա։ Բայց ես վստահ եմ՝ Հայաստանի ներկա Հանրապետությունը չի քանդվի։ Որովհետեւ ճաքը հիմքի մեջ չի, ճաքը վերեւներում ա եւ բուժելի ա։ 

Որովհետեւ Հայաստանի ներկա Հանրապետությունը հենց հայաստանցին ա ծնել եւ  ծնողը, վստահ եմ, կարիքը չունի, որ ես իրան ասեմ՝ մի՛ սպանիր զավակիդ, ինչ ա թե մարմնի վրա վերքեր կան։