ՀԻՄԱ


ԽՈՍՔ՝ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ



Էս տեքստը մինչեւ գրեցի դրեցի, իրավիճակ փոխվեց՝ "Սասնա ծռեր" խումբը զենքը ցած դրեց։ Բայց գրածիս հիմնական ասելիքը չի հնացել, եւ ցավոք՝ դեռ երկար չի հնանա


Ես արդեն հրապարակային հայտնել եմ իմ դիրքորոշումը «Սասնա ծռեր» գործողության եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակի հետ կապված։ (տես՝ "Փորձության ժամ" եւ "Իմ դիրքորոշումը")։ Բայց զգում եմ, որ հերիք չի, էլի ասելու բան կա։ Ուզում եմ դիմել ընկերներիս, որոնց ազնվությանը չեմ կասկածում, բայց որոնց դիրքորոշման հետ, էս հարցում, համաձայն չեմ։

Ընկերներ ջան, ես գիտեմ՝ ինչ ա ոգեւորությունը։ Ոգեւորությունը մարդուն տալիս ա թեւեր։ Ես գիտեմ՝ ինչ ա անարդարությունների արդյունքում կուտակված ջղայնությունը։ Էդ ջղայնությունը մարդուն տալիս ա վճռականություն։ ԲԱյց մեկ ա՝ եթե անգամ ունես թեւեր եւ ունես վճռականություն, դրանք հերիք չեն՝ իմ ու ձեր ուզած տեղը հասնելու համար, եթե սխալ ա ընտրված թռիչքի ուղղությունը, եթե շարժվում ես մի ճանապարհով, որտեղ դիմացը պատ ա, եւ վերեւում էլ՝ պատ։

Ես գրեցի՝ «իմ ու ձեր ուզած տեղը հասնելու համար», որովհետեւ վստահ եմ՝ մեր ուզած տեղը նույնն ա՝ էն Հայաստանը, որտեղ մենք կապրենք ազատ ու արժանապատիվ։ Ու ես հեչ ոգեւորված չեմ «Սասնա ծռեր» գործողությամբ, քանի որ պարզ տեսնում եմ, որ դրա արդյունքում իմ ու ձեր երկիրը չի դառնալու ոչ ավելի ազատ, ոչ ավելի արժանապատիվ։

Եթե դուք համաձայն չեք իմ հետ, եթե դուք տեսնում եք ճանապարհը, թե ոնց էս ամեն ինչի արդյունքում Հայաստանը կարող ա շարժվի առաջ՝ դառնա ավելի ազատ ու արժանապատիվ ապրելու տեղ, խնդրում եմ ասեք թե ոնց եք դա պատկերացնում։ Ես բավական ուշադիր հետեւում եմ ձեր բոլորի գրածներին, բայց հարցիս պատասխանը չեմ ստացել։

Ձեզանից շատերը ասում են՝ մենք անձնազոհության գնացած, իրանց կյանքը վտանգած տղերքին ենք պաշտպանում, մենք ոտքի ենք ելել, որ իրանց արյունը չթափվի։ Իսկ դուք մտածե՞լ եք՝ որ էդ արյունը հենց էս ծրագրի մեխն ա, որ ծրագիրը, որի թակարդում հայտնվել ենք բոլորս, հենց էդ արյունն ա շահարկում՝ որպես հաջողության գրավական։

Ծրագիր որ ասում եմ՝ չերեւացող ուժերի նախագծերը նկատի չունեմ։ Չի բացառվում որ սրա թիկունքում լինեն չերեւացող ուժեր, բայց ես դրանց մասին տեղեկություն չունեմ եւ չեմ խոսի։ Ես խոսում եմ նրա մասին, ինչը թաքուն չի, հայտարարվում ա Հիմնադիր խորհրդարանի կողմից եւ մեր աչքի առջեւ իրագործվում։ Էդ ծրագիրը բնականաբար ոչ Պավլիկն ա կազմել, ոչ Միայնակ գայլը, ոչ էլ մյուս էն տղերքը, որ ուղղակի կռված տղերք են։ Էդ ծրագիրը կազմել ա Հիմնադիր խորհրդարանի քաղաքական «ուղեղը»։

Սկզբում գրավված գնդի տարածքից հայաստանցիներին դիմում ասում էին՝ մենք գունդը գրավել ենք, լիքը զենք ունենք, ճեղքեք ոստիկանական պատնեշը, եկեք միացեք մեզ։ Մի րոպե պատկերացրեք՝ հանկարծ ու կատարվեր էդ փորձը։ Արյունը գետի նման էր հոսելու։ Բայց էդ տարբերակը չաշխատեց։ Հիմնադիր խորհրդարանը հիմա հայտարաում ա, որ եթե հանկարծ իրանց վրա գրոհ լինի, իրանք ոչ միայն Երեւանը, այլ ամբողջ Հայաստանն են դնելու ականների վրա, համանման գրավման գործողություններ կատարելով ուրիշ բնակավայրերում։ Եվ դուք նման հեռանկար գծագրողներին համարում եք հերո՞ս։ Հայաստանը սարքենք Լիբիա՞։ 

Հա, Հիմնադիր խորհրդարանի պահանջներից մեկն էլ էն ա, որ Սերժը հրաժարական տա։ Բայց դուք ինձանից լավ գիտեք, որ դա դեկլարատիվ պահանջ ա, որ Սերժը հրաժարական չի տալու։ Ու քանի որ Սերժը հրաժարական չի տալու, մեծ հավանականություն կա, որ շուտով արյուն ա թափվելու, նաեւ տղերքի արյունը, եւ դուք ասելու եք՝ Սերժի վրա ա էդ արյունը։ Հա, եթե թափվեց, Սերժի վրա ա մնալու էդ արյունը, բայց դրա մեջ ի՞նչ լավ բան կլինի իմ ու ձեր երկրի համար, ասեք իմանամ, ընկերներ ջան։

Մի՞թե էս փակուղու առաջ Հայաստանը կանգնացնողներին կարելի ա համարել հերոս։ Ես՝ չեմ համարում։ Եւ ասում եմ՝ ուղիղ։ 

Տես նաեւ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ ՉԿԱ» ԿԱՐԳԱԽՈՍԸ