ՀԻՄԱ


ԻՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ


Հետաքրքիր մի բան նկատեցի՝ «Սասնա ծռերի» գործողությունից հետո, առաջին օրերին։ Երբ զրուցում եմ պարզ հայաստանցիների հետ, կամ ավելի լավ ա սենց ասեմ՝ ոչ ակտիվիստների հետ, բառիս լայն իմաստով, արձագանքը կատարվածին զարմանալի ռացիոնալ ա ու տրամաբանված, հիմնականում ասում են՝ լավ բան են ուզեցել անել տղերքը, բայց արդյունքում դժվար լավ բան ստացվի։ Իսկ երբ հանրային ակտիվություն ունեցող ընկերներիս արձագանքն եմ նայում ֆեյսբուքում, ակնհայտ ա ոգեւորություն։ Հասկանալի ա, որ զինված գործողությամբ սեփական կյանքը վտանգի տակ դնելու մեջ հերոսական պահ կա եւ ըստ երեւույթին հենց դա ա ընկերներիս ոգեւորել՝ որպես ապատիայից դուրս գալու ճանապարհ, բայց ես էդ ոգեւորությունը հենց սկզբից չեմ կիսել, ու չնայած սրա պատճառների մասին մի տեքստ արդեն գրել եմ (Փորձության ժամ), բայց մեկ ա, էլի ասելիք կա դրա հետ կապված, ու ցավոք, դեռ երեւի շատ երկար ժամանակ կլինի, քանի որ փակուղին, որ առաջացավ Սասնա ծռեր խմբի գործողության արդյունքում, դեռ երկար ա իրան զգացնել տալու։

Անվանենք էս գործողությունը զինված ապստամբություն, ոնց որ հեղինակներն են անվանում։ Ո՞րը կարող ա լինել էդ գործողության դրական արդյունքը։ Ամենից հաճախ հնչող պատասխանն ա թե՝ Սերժը կհեռացվի ապստամբության հաղթելու դեպքում, իսկ եթե անգամ ապստամբությունը չհաղթի, մեկ ա ՝ իշխող վարչախումբը կհասկանա, որ «մեր դեմ խաղ չկա»-ի ժամանակներն անցել են։

Նախ քննենք առաջին՝ զինված ապստամբության հաղթելու տարբերակը։ Եթե մի խմբավորում զինված ապստամբություն ա կազմակերպում եւ հաղթում, հենց ինքն էլ գալիս ա իշխանության՝ սա պարզագույն տրամաբանություն ա։ «Սասնա ծռեր» գործողության կազմակերպիչը, բոլորս էլ գիտենք, Հիմնադիր խորհրդարանն ա։ Եթե Սերժի ռեժիմը հեռացվի եւ Հիմնադիր խորհրդարանը վերցնի իշխանությունը, արդյո՞ք դրա արդյունքում Հայաստանը շարժվելու ա առաջ։ Առնվազն երեք պատճառ կան, որ ինձ դրդում են ասելու՝ ոչ։

Պատճառ առաջին՝ ո՛չ Հիմնադիր խորհրդարանը, որպես քաղաքական կառույց, ո՛չ դրա հիմնական դեմքերը, որպես քաղաքական գործիչներ, բավարար ժողովրդականություն չունեն Հայաստանում, որպեսզի, անգամ նման ցանկություն ունենալու դեպքում, ի վիճակի լինեին Հայաստանը կառավարելու՝ դեմոկրատական մեթոդներով։ Բոլոր էն հայաստանցինները, ովքեր գոնե նվազագույնս հետեւում են հանրային կյանքին, կհիշեն որ Հիմնադիր խորհրդարանը, կամ դրա եղբայր կառուցները՝ Սարդարապատը, Նախախորհրդարանը, Նոր Հայաստանը, միշտ, երբ ակնկալել են զանգվածային աջակցություն՝ հանրահավաքների, երթերի ժամանակ, երբեք էդ ակնկալված աջակցությունը չեն ստացել։ Ամենաթարմ մերժումը ընդամենը վերջերս էր՝ երբ Նոր Հայաստանը, սահմանադրական հանրաքվեն բոյկոտելով հռչակեց հանրային պայքար եւ Նոր տարին անցկացրեց Ազատության հրապարակում,  բայց էլի հանրային աջակցություն չստացավ։ Նման քաղաքական ուժի անդամները, եթե արդեն վա բանկ են գնացել, զինված պայքարի են դուրս եկել, իրանց կյանքն են վտանգել, հեչ հավատալի չի, որ հաղթելու դեպքում կգնան իսկապես ազատ ընտրությունների, քաջ իմանալով, որ դրանցում իրանց հաղթելու հավանականությունն աննշան ա։

Երկրորդ պատճառը, որն ինձ թույլ չի տալիս հավատալու, թե Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած զինված ապստամբությունը Հայաստանը դեպի առաջընթաց կտանի, էն ա, որ ես բավական լավ ծանոթ եմ Հիմնադիր խորհրդարանի անդամների մի մեծ մասի հայացքներին։ Դրանք ազատամտությամբ, մեղմ ասած, աչքի չեն ընկնում, փոխարենը աչքի են ընկնում պարզունակ, արխայիկ պատկերացումներով, իսկ արխայիկ պատկերացումները, պատմությունը դա հստակ ցույց ա տվել, հաճախ թունավոր պտուղ են տալիս՝ նման պատկերացումներ կրող ուժի իշխանության գալու դեպքում։

Եւ վերջապես՝ երրորդ պատճառը, որն ինձ թույլ չի տալիս ոգեւորվել։ Քաղաքականության մեջ ամեն գործողություն ստեղծում ա նախադեպ, իսկ մանավանդ հաջողության հասնելու դեպքում՝ հրապուրիչ նախադեպ ։ Հայաստանի նման երկրում, որտեղ զանգվածային դժգոհություն կա ու նաեւ՝ պատերազմական գործողությունների փորձ ունեցող մեծաթիվ մարդիկ կան, նման նախադեպի կրկնությունները խիստ հավանական են ու կդառնան աղետ։

Էս ամեն ինչը ասում էի էն դեպքի համար, եթե զինված ապստամբությունը հաղթի՝ կարողանալով ստիպել, որ Սերժը հեռանա։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Սերժը կարողանա խեղդել զինված ապստամբությունը։ Տղաները կպարտվեն ու կհերոսանան։ Հերոսական օրինակը, անգամ պարտվելու դեպքում, կրկնվելու մեծ հավանականություն ունի։ Հասկանալով սա՝ հասկանալով որ զինված գործողությունները կարող են կրկնվել,  Սերժը ի՞նչ կանի։ Եթե քաղաքական պատմությանը նայենք՝ նման դեպքերում սովորաբար բռնաճնշումներ են սկսվում։ Սա հավանական տարբերակ ա նաեւ Հայաստանի համար։ Ու վարդագույն հեռանկար չի։
 

Ստացվեց փակուղի։ Այո, էսօրվա վիճակով ունենք փակուղի։ Եթե ուզում ենք վաղը դուրս գալ էս փակուղուց, ճիշտ կլինի որ մենք՝ ընդդիմադիր դիսկուրսի կրողներս, գիտակցենք որ մեր պատասխանատվությունն էլ կա էս փակուղու մեջ։

Ընդդիմադիր դիսկուրսը թարմացման կարիք ունի՝ դուրս գալու համար նեգատիվիզմի ակնհայտ փոսից։

Տես նաեւ՝ "ԽՈՍՔ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ", «ՀԱՅԱՍՏԱՆ ՉԿԱ» ԿԱՐԳԱԽՈՍԸ