ՀԻՄԱ


ՆԵՆՑ ՊԱՏՄԵՄ, ՈՐ ՉԻՄԱՆԱՍ


Հայաստանի նոր սերունդը, որին սիրում են անվանել անկախության սերունդ,  հիմնականում չգիտի երկրի անկախացման պատմությունը։ Սա աննորմալ մի իրողություն ա, որին ինքս հաճախ եմ անդրադառնում վերջերս, ու փաստը, որ համացանցում մեծաքանակ լսարան ունեցող Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադառնում ա դրան, անշուշտ ինձ կուրախացներ, եթե ձևը, որով կատարվել ա էդ անդրադարձը, բավական տարօրինակ չլիներ։ Մարտիրոսյանի տեքստը, որ կոչվում ա «Դուք ո՞ւր էիք, որ մենք մայդանվում էինք ստեղ», սկսվում ա սենց․

«Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով»։

Երկար մեջբերում արեցի, որ անգամ, եթե Մարտիրոսյանի տեքստը նախապես չէիք կարդացել, իմ խոսքը ձեր համար պարզ լինի։ Մի կողմից, թվում ա ճիշտ բաներ են ասվում․ և՛ Լենինի նկարների մասն ա ճիշտ՝ դրանք սկզբում իսկապես կային, և՛ Կոմկուսի լավ ու վատ թևերի մասն ա ճիշտ՝ դրանք էլ կային և դրանց մասին խոսում էին, և ճիշտ ա, որ հետո  «հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվեց»։ Բայց ամենակարևորը չկա։ Չկա էն, թե ո՞նց եղավ, ինչի՞ արդյունքում տեղի ունեցավ Սովետի էդ փլուզումը Հայաստանում։ Էս ամենակարևորի մասին պատմելու համար Ղարաբաղյան շարժմանն էր պետք անդրադառնալ, այնինչ Մարտիրոսյանն ամբողջ տեքստում ընդամենը մեկ անգամ ա հիշատակում դրա մասին (որպես «Արցախյան շարժում), և հիշատակում ա ամենատարօրինակ ձևով։ Ես էդ հատվածն ամբողջությամբ մեջբերել եմ վերևում, նորից կարդացեք մեջբերման երկրորդ պարբերությունը։ Պատկերացնենք ես ոչ թե մեկն եմ, որ սեփական աչքերով տեսել ա 88-ը, այլ դեռ ծնված չեմ եղել կամ շատ փոքր եմ եղել էդ ժամանակ և պատկերացում չունեմ  88-ի մասին։ Ի՞նչ կպատկերացնեմ ես Մարտիրոսյանի գրածը կարդալով։ Կպատկերացնեմ, թե սկզբում կար Լենինի նկարներ պարզող և կոմկուսի լավ թևի վրա հույսը դրած «Արցախյան շարժում», հետո «երիտասարդական շարժումներ» առաջացան, «ազատական, ժողովրդավարական շարժումներ» առաջացան, և «Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս»։

Բայց չէ՞ որ տենց չի եղել։

Տարբեր շարժումներ, կամ ավելի ճիշտ՝ քաղաքական խմբեր, Սովետական Հայաստանում կային դեռ 88-ի նախօրեին։ Կար «Ազգային ինքնորոշումը», կային բնապահպանները, կար լեզվի հարցերով զբաղվող «Մաշտոց» խումբը։ Բայց էն իրողությունը, որ Սովետը, ոնց որ Մարտիրոսյանն ա ասում, «հոգեբանորեն փլվեց» Հայաստանում ԽՍՀՄ-ի ֆորմալ փլուզումից շատ առաջ , կապված ա ոչ թե էդ խմբերի, այլ Ղարաբաղյան շարժման հետ, որը կարողացավ հեղափոխություն կատարել հայաստանցու գիտակցության մեջ։ 

Ղարաբաղյան շարժման ամենասկզբում, այո, կային Լենինի նկարներ, կային ««Լենին, պարտիա, Գորբաչով» պաստառներ։ Ինչո՞ւ կային։ Որովհետև նրանք, ովքեր նախաձեռնել էին շարժումը, հույս ունեին հարցը լուծել Մոսկվայի օգնությամբ։ Ստալինը դարասկզբին սխալ ա գործել՝ Ղարաբաղը տալով ադրբեջանցիներին, իսկ Գորբաչովը, Պերեստրոյկայի շրջանակներում, սխալը կուղղի՝ էս էր ակնկալիքը։ Էդ ակնկալիքը չարդարացավ։ «Վրեմյա» համասովետական լրատվական ծրագիրն ու «Պրավդա» կենտրոնական օրաթերթը Երևանի փողոցները հեղեղած հազար հազարներին անվանեցին «մի խումբ էքստրեմիստներ»։ Հետո եղավ կոմկուսի քաղբյուրոյի որոշումն էն մասին, որ սահմանների փոփոխության պահանջն անընդունելի ա։ Առաջին օրերի հովվերգական-ոգևորված մթնոլորտին շատ արագ փոխարինեց հզոր ջղայնությունը։ Ցուցարարները «Պրավդայի» դագաղն էին սարքել, հանդիսավոր պտտում էին Երևանի փողոցներով, հետո թաղեցին։  Փետրվարի 26-ին Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը Մոսկվայում հանդիպեցին Գորբաչովի հետ։ Հաջորդ օրը՝ փետրվարի 27-ին, Ազատության հրապարակում հսկայածավալ հանրահավաք էր, որտեղ ելույթ ունենալով, Զորի Բալայանը, մեծ դժվարությամբ, բայց կարողացավ համոզել մարդկանց՝ ցրվել։ Սրանով ավարտվեց 88-ի շարժման առաջին փուլը, և ավարտվեց աղետով, որովհետև հենց հաջորդ օրը սկսվեցին սումգայիթյան ջարդերը, իսկ մարտին Երևան զորք մտցվեց և հայտարարվեց արտակարգ դրություն։ Այսինքն եթե ողջ շարժումը սրանով ավարտվեր, ավարտվելու էր պարտությամբ։

Բայց առաջին փուլի ավարտով Ղարաբաղյան շարժումը չավարտվեց, շուտով անցում կատարվեց նոր փուլի՝ նոր առաջնորդներով։ Մայիսից հանրահավաքները վերսկսվեցին և շարժումը, Իգոր Մուրադյանի կողմից ղեկավարվող հին խմբի փոխարեն, ղեկավարել սկսեց նոր Ղարաբաղ կոմիտեն (հայտնի 11-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Ռաֆայել Ղազարյան, Համբարձում Գալստյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Դավիթ Վարդանյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան),  որը հրաժարվեց պայքարի պահանջատիրական տրամաբանությունից և շարժումը մտցրեց ժողովրդավարացման և ինքնորոշման կոնտեքստ։ Սա էր հենց հեղափոխությունը, որ կատարվեց հայաստանցու գիտակցության մեջ։ Ինքնորոշվողը, նախ և առաջ, իհարկե, Ղարաբաղն էր, բայց Ղարաբաղի ինքնորոշման համար պայքարում նաև հայաստանցին էր ինքնորոշվում՝ սովորում էր վստահել սեփական ուժերին, սովորում էր կազմակերպվել, ինքնուրույն գործել։ Այսինքն 88-ի շարժումը, նոր Ղարաբաղ կոմիտեի առաջնորդությամբ, փաստացի դարձավ անկախացման շարժում, հակառակ որ «անկախություն» կարգախոսը սկզբում չկար, հարթակներից հնչել սկսեց բավական ուշ։ Որովհետև երկրի անկախացումը էն չի, երբ որ բոլորը անկախություն են գոռում, երկրի անկախացումն էն ա, երբ որ ձևավորվում ա անկախ՝ ոչ թե դրսից դրվող, այլ սեփական հանրության վրա հենվող իշխանություն։ Իսկ Ղարաբաղ կոմիտեն հենց էդ էր՝ Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու արդյունքում ձևավորված փաստացի իշխանություն, որը հետո արդեն, ընտրությունների միջոցով, դարձավ նաև դե յուրե իշխանություն։

Ուրեմն, ի՞նչն ա դրդել Սամվել Մարտիրոսյանին, էս կոնկրետ պատմությունը թողած, խոսել ինչ-որ անհասկանալի «88-92թթ. երիտասարդական շարժումներից»։ Էդ ի՞նչ շարժումներ էին։ Գուցե քաղաքական տրոհումնե՞րը նկատի ունի, որոնց ենթարկվեց Ղարաբաղ կոմիտեն՝ 90-ական թվականների սկզբին։ Համաձայնեք, որ շատ տարօրինակ կլիներ դրանք անվանել «երիտասարդական շարժումներ»։

Վերադառնալով նրան, ինչ ասեցի ամենասկզբում, կրկնեմ, որ նոր եկած սերունդը հիմնականում անտեղյակ ա Հայաստանի անկախացման պատմությանը, քանի որ, քաղաքական պատճառներով, թե բուհական ու դպրոցական դասագրքերն են մեծ մասամբ աղավաղված, թե զանգվածային լրատվությունն ա մեծ մասամբ լռում դրա մասին։ Սամվել Մարտիրոսյանը, կարծես թե բարի նպատակ ունենալով ցրել էդ անտեղյակությունը, փաստացի արել ա հակառակը։ Որն էլ լինի սրա պատճառը, փաստը շատ տխուր ա։

Տեքստը նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝ ՆԵՆՑ ՊԱՏՄԵՄ, ՈՐ ՉԻՄԱՆԱՍ

Տես նաեւ՝