ՀԻՄԱ


ՌՈՒՍՆԵՐՆ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Աննա մորաքույրս կենդանի լիներ, գնայի Մոսկվա, մի քիչ մնայի իրա տանը, փորձեի հասկանալ ինչ ա կատարվում էդ երկրում։ Վերջին 20 տարում լրիվ կտրվել եմ Ռուսաստանից։ Ոչ ռուսական ալիքներ էի նայում մինչև վերջերս, ոչ էլ նույնիսկ Ռուսաստանի գրական կյանքին էի հետևում՝ փառատոներն ու միջազգային գրական միջոցառումները, որոնց մասնակցել եմ, բոլորը ոչ Ռուսաստանում են եղել։ Ու դա ինչ որ տեղ սկզբունք ա եղել, մի երկու անգամ գրել եմ դրա մասին՝ մոռանալ Ռուսաստանը։ Ոչ ատել, ոչ սիրել, մոռանալ։ Ու իրականում ահագին մոռացել էի։ Բայց Ռուսաստանն իրա մասին հիշացրեց ու արդեն պարզ ա՝ էն ինչ կատարվում ա էդ երկրում էսօր, մենակ ռուսներին չի վերաբերվում, այլ ամբողջ տարածաշրջանի վրա ա ազդելու, ինչ-որ տեղ նաև՝ աշխարհի։ Իսկ ամենից առաջ՝ մեզ։

Ռուսաստանից իմ հիշողությունները հիմնականում ամառային հիշողություններ են։ Հեռավոր հիշողություններ։ Զվենիգորոդ, Պոդմասկովիե։ Անտառ։ Ռուսական անտառ։ Եղևնիներ։ Գետ։ Մոսկվա գետը։ Լողանում էինք գետում։ Զվենիգորոդը փոքրիկ քաղաք ա Մոսկվայի մոտերքում, հանգստավայր։ Ես մեծ չէի, երևի հինգերորդ թե վեցերորդ դասարան։ Աչքերս որ փակեմ, հիշողությանս մեջ կամաց վերականգնվում ա վարձած սենյակը, որտեղ մնում էինք։ Տան առաջի խուճուճ ծաղիկները։ Բաց մանուշակագույն։ Հեռուստացույց մեր սենյակում չկար, տանտիրուհու մոտ էր, երեկոները հաճախ միասին կինո էինք նայում։ Մեծ մասամբ՝ պատերազմի ու ֆաշիստների մասին։ Ու հիշում եմ՝ հաճախ սենյակում, տանտիրուհուց ու իրա աղջկանից բացի, նաև տղամարդ կար, որը, հասկացել էի, տանտիրուհու ամուսինը չէր։ Մեկ գալիս, մեկ անհետանում էր էդ տղամարդը, ու համարյա չէր խոսում, բայց դեմքը ծիծաղկուն էր։ Մայրս մի տեսակ լարվում էր՝ անհասկանալի կարգավիճակով էդ մարդու ներկայությունից։ Հայրս ժպտում էր։

Գետի ափին անցկացված ամառային հանգիստը էդ մեկն էր, մնացած դպրոցական օգոստոսներս ծովի ափին են անցել հիմնականում։ Սև ծովի։ Սոչիի մոտակայքում գյուղ կա, կոչվում ա Գալավինկա։ Էդտեղ բացատ կար, մեջտեղը՝ հսկա մի ծառ, ահռելի փչակով, կոչվում էր՝ Տյուլպանովոե դերեվո։ Մենք ընտանիքով էդ բացատի կողքի տանն ենք հանգստացել մի քանի ամառ։ Բացատի շուրջը պնդուկի այգիներ էին, կոլխոզի ժողովուրդը հիմնական բերքը հավաքում էր, հետո արդեն բաց էին այգիները՝ թողնում էին մտնես մնացած պնդուկները քաղես, ու էդ մնացածը ահագին շատ էր, մենք ամեն անգամ մեծ պարկով պնդուկ էինք մեր հետ բերում Երևան՝ Նոր տարվա ուրախություն։ Բայց էդ արդեն մաքրված տկլոր ձմեռային պնդուկից առավել, ես մատշաղ ամառային պնդուկն էի սիրում՝ կանաչ տերևային մասը դեռ վրան։

Պնդուկ ասեցի, ռուս ծերուկին հիշեցի, որի հետ ծանոթացել էի Գալավինկայի ծովափին։ Միայնակ ծերուկ էր և ուտելիքը խնայում էր։ Էն ժամանակ սոված լինելը շատ անհավանական բան էր, առնվազն Հայաստանում։ Հարուստ մարդ շատ քիչ կար, երևի մենակ կուսակցական նոմենկլատուրան որի հետ ես շփում չունեի, բայց աղքատներն էլ էին քիչ, ու անգամ շատ աղքատների մեջ՝ սոված մնալը հազվադեպ բան էր, քանի որ սնունդը շատ էժան էր։ Բայց էն ձևից, որով հիշածս ծերունին տոպրակից հանում էր մատշաղ պնդուկները և ուտում, ես հասկանում էի որ դա իրա համար ուղղակի համով չարազ չի, ոնց որ իմ համար, այլ քաղցը հագեցնելու միջոց ա։ Չեմ հիշում ոնց սկսվեց մեր առաջին զրույցը, բայց հիշում եմ որ ծերուկը երկար խոսում էր Դոստոևսկուց ու Տոլստոյից, մի քիչ էլ, եթե ճիշտ եմ հիշում՝ հեղափոխությունից ու բոլշևիկներից։ Ծովափին ես հաճախ էի անծանոթ մարդկանց հետ զրույցի բռնվում։ Մյուս զրուցակիցս, որ վառ մնացել ա հիշողությանս մեջ, դարձյալ տարիքով ինձանից տարբեր էր, բայց էս անգամ՝ հակառակ տարբերությամբ՝ ես երևի տասներորդ թե իններորդ դասարան էի արդեն, իսկ ինքը ութ թե ինը տարեկան փոքրամարմին տղեկ էր, որ ծովից մեդուզաներ էր բռնում և ժամերով խոսում դրանց մասին։ Պատմում էր մեդուզաները ինչ տեսակ են լինում՝ թունավոր թե ոչ թունավոր, պատմում էր թե ոնց են ապրում՝ ինչով են սնվում, և թե ոնց են մեռնում՝ ովքեր, ինչ կենդանիներ են մեդուզաներին ուտում։ Ասեմ որ դպրոցական տարիներին ես էսօրվա Մարինեն չէի, ինքնամփոփ էի շատ, Հայաստանում նույնիսկ հարազատներիս հետ առանձնապես չէի շփվում։ Հետադարձով որ նայում եմ, հասկանում եմ որ ռուսների հետ իմ էդ զրույցների մեջ մեծ էր նաև ծովափի գործոնը՝ ծովափը առօրյա կենցաղից դուրս մի տեղ ա, որտեղ մարդկանց շփումներն ուրիշ բնույթ ունեն։ Բայց էն ժամանակ ինձ թվում էր, թե ռուսներն են տարբեր՝ տարիքային-հարազատական ստատուսին էնքան մեծ ուշադրություն չեն դարձնում, ինչքան հայերս, դրա համար էլ հնարավոր են դառնում հիշատակածիս նման զրույցները։

Դպրոցական տարիներս ավարտվեցին, իսկ մի քանի տարուց՝ ավարտվեց նաև Սովետական Միությունը։ Չափահաս տարիքում երբ որ հայտնվեցի Մոսկվայում՝ Սովետն արդեն չկար, ու ես արդեն անկախ երկրի քաղաքացի էի, Կրեմլի թանգարանն էր կարծեմ՝ մտնելիս օտարների համար նախատեսված թանկ տոմս առա և ուրախ էի դրա համար։

(մաս երկրորդ)

Ես Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանում մենակ մի անգամ եմ եղել՝ 2000 թվին։ Մակեդոնայում «Ստրուգայի բանաստեղծական երեկոներ» փառատոնին մասնակցելու հրավեր էի ստեցել, ուղիղ չվերթ չկար դեպի Մակեդոնիա, Մոսկվայով գնացի, ու քանի որ մորաքույրս դեռ կենդանի էր, արանք թողեցի թռիչքների արանքում, մի քանի օր Մոսկվայում իրա տանն անցկացրի։ Աննա հորաքույրս տարիքն առած էր արդեն, ասել էր որ չի կարող գալ ինձ դիմավորելու, ինքնուրույն գտա Теплый Стан թաղամասում գտնվող իրա տունը, որտեղ նախորդ անգամ շատ վաղուց էի եղել, դեռ դպրոցական ժամանակ։ Հիշում եմ որ լարվել էի շատ ու լարվածության պատճառով երևի՝ փոքրիկ արկածների մեջ ընկա դեռ օդանավակայանից։ Ինքնաթիռից որ իջանք, ոչ Ռուսաստանի քաղաքացիներս փաստաթուղթ պետք ա լրացնեինք՝ Մոսկվա մտնելուց առաջ։ Փաստաթուղթը լրացրեցի, անձնագիրս թողեցի սեղանիկի վրա ու գնում եմ։ Գնում եմ գնում եմ, մեկ էլ զգում եմ մեկը վազում ա հետևիցս։ Շուռ եկա՝ տեսնեմ փոքրիկ ռուս տղա ա, էնքան արագ էր վազել քրտինքի մեջ կորել էր, ասեց՝ вы кажется забыли свой паспорт, ու անձնագիրս մեկնեց ինձ։ Հուզվեցի ճիշտն ասած։ Էդ որ վերևում ասեցի՝ լարվել էի, ամենից առաջ նրանից էի լարվել, որ Մոսկվայից արդեն սկսել էին վատ լուրեր գալ՝  «կովկասցիների» սպանությունների մասին լուրեր։ Իսկ իմ արտաքինը շատ լավ մատնում ա իմ «կովկասցի» լինելը։ Մի խոսքով ..։ Երկրորդ արկածը պատահեց ինձ Теплый Стан-ի մոտերքը հասցրած երթուղային ավտոբուսից իջնելուց հետո։ Իջա, գնացի դեպի մետրոն, մտա, մոտեցա տոմս եմ ուզում առնել, մեկ էլ տեսնեմ՝ պայուսակս չկա, ճամպրուկս վերցրել եկել եմ, պայուսակս, որ ահագին մեծ էր (ես միշտ սիրել եմ մեծ պայուսակներ), թողել եմ երթուղայինի մեջ։ Դուրս եկա մետրոյից ու վազում եմ դեպի կանգառ։ Հետն էլ մտածում եմ՝ չէ, Մակեդոնիայի փառատոնին ես ոնց որ չհասա։ Ախր պայուսակիս մեջ ոչ միայն ամբողջ ունեցածս փողն էր, այլ նաև տոմսերը։ Հասա կանգառ, տեսնեմ՝ ինձ բերած երթուղայինը դեռ տեղում ա, չի հեռացել։ Բարձրացա, տեսնեմ՝ պայուսակս տեղում ա։ Վերցրի, նայում եմ վարորդին, վարորդն ասում ա՝ ааа, это ваш чемоданчик? ։ Ու ժպտում ա։ Ես էլ։

Մի խոսքով՝ ես մորաքրոջս տուն էդ օրը հասա։ Մորաքույրս կիսով էր հայ,  հայրը իմ պապիկն էր, բայց մայրը իմ տատիկը չէր, ուրիշ էր՝ ռուս։ Հիշում եմ ասում էր՝ «ես ոչ մի տեղ մերոնքական չեմ, Հայաստանում տեսնում են որ հայ չեմ, Ռուսաստանում էլ նկատում են որ ռուս չեմ»։ Դրա համար էլ երևի՝ Աննա մորաքուրս պացիֆիստ էր, ինձ ասում էր՝ ինչո՞ւ ադրբեջանցիների հետ չեք կարողանում լեզու գտնել։ Ես բացատրում էի՝ ինչու։ Բայց չէր համոզվում։ Հենց տեսնում էի արդեն վիճելու ենք լուրջ, ասում էի՝ ես գնացի, պայուսակս վերցնում իջնում էի քաղաք։

«Կովկասյան» արտաքինիս հետ կապված խնդիրներ հիշում որ Մոսկվայում էդ անգամ չունեցա։ Բայց գիտեի որ խնդիրը կա, հնարված չի։ Ու գիտեի նաև, որ խնդիրը ընդամենը սրվել ա Սովետի քանդվելուց հետո, իսկ եղել ա՝ միշտ, դեռ էն ժամանակներում, երբ ես դպրոցական էի, իսկ Սովետական Միությունը հավերժ էր թվում։ Առաջին անգամ ես դրան բախվել էի Յալթայում։ Վարձով սենյակ էինք երկար փնտրում, վերջապես մեկը գտանք որ հարմար էր, ծովին բավական մոտ, արդեն մտել իրերն էինք դասավորում, հանկարծ լսեմ տանտիրոջ ծեր մայրը պատուհանի տակ տղայի հետ վիճում ա՝ «Էս ո՞ւմ ես տվել, ես քեզ չէի ասել՝ մերոնց կտաս մենակ»։ Մերոնց՝ нашим։ Հիշում եմ որ կոկորդս սեղմվեց, ու ես ծնողներիս երկար փորձում էի համոզել, որ գնանք ուրիշ սենյակ փնտրենք, չմնանք էնտեղ,, որտեղ մեզ չեն սիրում։ Բայց չկարողացա համոզել՝ տեղը շատ հարմար էր, ու հայրս չուզեց տեղափոխվել։

Երկրորդ անգամ «մերոնք-ձերոնք» ձեակերպումն ինձ հանդիպեց դարձյալ ծովափին հանգստանալիս, բայց էս անգամ՝ Ադլերում։ Ճաշարանում էր, երկու կին՝ մեկը մեծահասակ, մյուսը ավելի ջահել, կողքի սեղանին նստած, խոսում էին էն մասին, թե ինչքան են իրանց կողմերում շատացել «ոչ մերոնք»։ Ու մեկ էլ ջահելը ասեց՝ «Ես չեմ հասկանում, ոնց ա տենց լինում, երբ որ կարգադրություն կա՝ կովկասցիների չգրանցել»։ Երբ որ տուն եկանք, մորս խնդրեցի, հարցրեց մեր տանտիրուհուն՝ արդյո՞ք տենց բան կա, և տանտիրուհին, որի հետ բավական ջերմ հարաբերությունների մեջ էինք, չժխտեց դա, ասեց՝ իրանց մոտ ներքին հրաման կա՝ դրսից եկածներին, մասնավորապես կովկասցիներին, քաղաքում չգրանցել, և դրա մասին բոլորը գիտեն, դա արվում ա «հանգստություն ապահովելու համար»։

«Կովկասցիների» և ռուսների հակամարտությունը Սովետական Միության հմտորեն քողարկված միակ հակամարտությունը չէր իհարկե։ Յալթայի մասին վերևում հիշատակեցի։ Ղրիմում գտնվող էդ քաղաքում հանգստանալիս համարյա չէր նկատվում, որ Ուկրաինայում ենք, ուկրաիներեն չէր լսվում ոչ մի տեղ։ Բայց հենց էդ քաղաքում էլ, հիշում եմ, ինձ հանդիպեց էն ուկրաինացին, որի աչքերի փայլը չեմ մոռացել էսքան տարիներ անց։ Չեմ հիշում ինչից, ոնց սկսվեց խոսակցությունը, հստակ չեմ հիշում նույնիսկ ով էր մասնակցում խոսակցությանը, երևի՝ հայրս, իսկ ես լուռ հետևողն էի, բայց հիշում եմ որ զրույցը գնաց հասավ ռուսներին, մեկ էլ հանկարծ ուկրաինացիս ինչ-որ կոպիտ բան ասեց ու աչքերը փայլեցին ատելության աննկարագրելի փայլով ։ Ջահել տղա էր, էսօրվա պես հիշում եմ ծովի ավազները, ավազներին փռված ծածկոցը, իրան՝ ծածկոցին կանգնած։ Աչքերը կապտագորշ էին, ու մեջն էնքան ատելություն կար, որ մի տեսակ քարացել էի ես։ Էն ժամանակ Ուկրաինայի պատմությունից շատ քիչ բան գիտեի, Голодомор-ի ՝ արհեստականորեն սարքված ահավոր սովի մասին չէի լսել, ու լավ չէի հասկանում՝ ինչու պետք ա ուկրաինացին էդքան ատեր ռուսներին, բայց ատելությունը փաստ էր՝ աչքիս առաջ։

Մորաքույրս չկա արդեն, 2000 թվինը մեր վերջին հանդիպումն էր։ Չգիտեմ՝ ով ա հիմա ապրում Теплый Стан-ի էդ բնակարանում, որտեղ երկար վիճում էինք՝ Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։ Հենց զգում էի՝ վեճը լրջանում ա, ուր որ ա գուցե կռվենք, ասում էի՝ ես գնացի, պայուսակս վերցնում էի ու իջնում Մոսկվայով թափառելու։ Էդ թափառումների ժամանակ, հիշում եմ, մեկ էլ լրիվ անսպասելի հայտնվեցի ռուսական պառլամենտի ուղիղ դռան առաջ՝ նայում էի ցուցատախտակին ու աչքերիս չէի հավատում։ Ով կմտածեր որ պառլամենտը կարող ա ոչ ցանկապատ ունենա իրա շուրջը, ոչ բակ,  դուռը հենց ուղիղ մայթի վրա բացվի։ Մյուս անսպասելին Կրեմլն էր։ Մինչև էդ Կրեմլը իմ համար միշտ սովետականության, Սովետի պատմության հետ էր ասոցացվել, իսկ էս անգամ լրիվ ուրիշ բան էի տեսնում իմ առաջ՝ Ռուսաստանի ֆեոդալա-կայսերական անցյալի հետ կապված մի բան։

Հիշում եմ, Կրեմլ բարձրանալիս որոշել էի Ստալինի գերեզմանը տեսնել, բայց մոռացա, անցա գնացի, ահագին հեռացել էի նոր հիշեցի ու ալարեցի հետ դառնամ։ Փոխարենը հենց նույն երեկո, մորաքրոջս գրադարանը աչքի անցկացնելիս հանկարծ նկատեցի Ստալինի հատորները։ Կյանքումս Ստալինից բան չէի կարդացել, մի երկու բան աչքի անցկացրի՝ հետաքրքրեց շատ, ու քանի որ ափսոսում էի Մոսկվայում գտնվածս մի քանի օրը Ստալինի գրածների վրա ծախսեի, խնդրեցի մորաքրոջս, որ ինձ նվեր անի էդ երկու հատորը, բերեմ հետս Հայաստան ու կարդամ։ Բայց մերժում ստացա, պարզվեց՝ մորաքույրս իրա գրադարանի բոլոր գրքերի հետ հուզական կապ ուներ և չէր ուզում բաժանվել դրանցից ոչ մեկից։

Մեկ մեկ մտածում եմ՝ եթե մորաքույրս էդքան կապված չլիներ իրա գրադարանի հետ ու ես Ստալինի էդ հատորները հետս Երևան բերած լինեի, գուցե Ռուսաստանի պատմությունը ուրիշ ձևով զարգանար ՃՃ։ 
Իսկ եթե լուրջ՝ ես էսքան գրեցի ու հասկացա, որ Ռուսաստան գնալու ժամանակն ա։ Մի առիթ գտնեմ՝ գնամ։ 

2014 թ․



Ես ու Աննա մորաքրոջս աղջիկը՝ Ալինան