ՀԻՄԱ


ՌՈՒԲԵՆ ԱՐՄԵՆՅԱՆ



Վերեւի նկարն արված ա Պոլսում, անցած դարասկզբին։ Աջից երկրորդը իմ պապն ա՝ Ռուբեն Արմենյանը։ Ռուբենը 1915-ին սովորում էր Պոլսի Կեդրոնական վարժարանում։ Պահպանվել են պապիս աշակերտական թղթերը.




Ռուբենի հայրը՝ Գրիգորը, նույնպես Պոլսում էր, երբ որ տեղահանությունն ու կոտորածները սկսվեցին։ Իսկ ընտանիքը Կեսարիայի Մանճըսըն գյուղում էր ու անհետ կորավ։ Ոչ մի լուր։ Մայրս պատմում էր, որ պապս մինչեւ կյանքի վերջը տեղեկություններ էր փնտրում կորած հարազատների մասին, բայց ապարդյուն, ոչինչ չիմացավ։



«Սիրելի եղբայրս Ռուբեն Արմենյան նամակդ առի շատ ուրախացի․․․ Մայրիկս ալ, Աննիկն ալ, Գարեգինըն ալ շատ աղեկ ին։ Գարեգինն ալ կքալե կոր, ամեն տեղ կերթա կոր ․․․ Քիչ մը ինձի թուղթ բեր։ Ես ալ դպրոց կերթամ կոր Մեղրագետ կկարդամ կոր, Աննիկն ալ Քերական կկարդա կոր, հայրիկս ի՞նչ կընե կոր։
Ուստա աղվեսն օյինպազ
եկավ եկավ վազնե վազ
ճամփուն մեջտեղ կամացուկ
պառկեցավ հոն սուտ մեռուկ։
Տակավին պիտի գրեի յա թուղթս չի բավեր ես ալ չի գրեցի․․․ հայրիկիս ալ շատ բարեւ կընեմ․․․» 


Էս Հայկուհի Արմենյանն ա, նամակ ա գրում Մանճըսընից Պոլիս՝ Ռուբեն եղբորը։ Մեղրագետը դասագրքի անուն ա, օյինբազ աղվեսը երեւի դրա միջից ա դուրս եկել։ Հայկուհին ու Աննիկը փոքր էին դեռ, իսկ Գարեգինը էլ ավելի փոքր էր, դեռ դպրոց չէր գնում, տառերը չգիտեր ու նամակ գրելու տեղ թաթիկն էր թանաքոտում ու թղթի վրա դաջում՝ որպես բարեւագիր։ Երեքն էլ կորան մայրիկի հետ, տեղահանության ճամփեքին։ Փրկվեցին միայն Ռուբենն ու Գրիգորը, որովհետեւ Պոլսում էին։


 
Վերեւի թուղթն արդեն 15-ից հետո պետք ա գրված լինի, ֆրանսերեն ասում ա թե Ռուբեն պապիս հայրը՝ Գրիգորը, հյուսն էր աշխատում Գյուլխանեի հիվանդանոցում։ Իսկ Ռուբենն ուսանող էր Ստամբուլի անասնաբուժական ինստիտուտում եւ ներքեւի նկարում արդեն ոչ թե փողկապով ա, այլ ֆեսով (Սա պետք ա ինստիտուտի ավարտական լուսանկարը լինի կամ դրա նման մի բան)։



Բայց Ռուբենը երկար չմնաց ֆեսով, Գրիգոր հոր հետ 1922-ին եկավ Հայաստան։ Երեւանում էր ապրում, բայց պարբերաբար շրջաններ էր մեկնում, քանի որ գլխավոր անասնաբուժ էր աշխատում՝ խիստ կարեւոր մասնագիտություն սովի եզրին գտնվող Հայաստանում, որտեղ գյուղերում մոլեգնում էր անասունների համաճարակը, իսկ բարձրագույն կրթությամբ մասնագետներ շատ քիչ կային։



Վերեւի նկարում ճանաչեցիք երեւի Ռուբեն պապիս՝ նստածն ա, ձախինը, ու հասկացաք նաեւ երեւի, որ արդեն սովետական Հայաստանում ենք։ Չգիտեմ ինչու ա նկարը պատռված, չգիտեմ նաեւ թե որ թվին ու որտեղ ա արված՝ երբ որ էս նկարը գտա, արդեն ոչ մայրս էր կենդանի ոչ քեռիս, որ հարցնեի։ Ռուբեն պապս, անխտիր բոլոր ճանաչածների պատմելով, արտակարգ զուսպ մարդ ա եղել, զգացմունքները միշտ խորը թաքցրած եւ մտքերը ոչ բոլորի մոտ արտահայտող։ Բայց մեկ ա՝ էս նկարում պապիս աչքերի մեջ ջղայնություն կա։ Եւ աչքերից ավելի՝ պապիս ձեռքերի մեջ ջղայնություն կա։ Նայում եմ կողքի սապոգավորի ծխախոտ բռնած ձեռքին, նայում եմ պապիս ձեռքերին, ու ինձ թվում ա գիտեմ ինքը ինչ ա մտածում՝ «գրողի տարած ճակատագիր»․․

Բայց մյուս կողմից, հենց էդ նույն գրողի տարած ճակատագրի դաժան զիգզագները հանգեցրին նրան, որ Ռուբեն Արմենյանը Երեւանում ամուսնացավ 1927-ին Պոլսից Հայաստան եկած Հնազ Մեսիայանի հետ, որ հետո ծնվի մայրս, ու հետո ծնվեմ ես։ Բայց ես Ռուբեն պապիս երբեք չտեսա՝ մահացել էր 1956-ին, երբ ես դեռ չկայի։



PS – Հայկուհի Արմենյանի մասին կարող եք կարդալ նաեւ իմ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ էսսեում, որը կա ԿԱՐՄԻՐ ԱՖԻՇ գրքումս (էջ 20), իսկ առաջին անգամ հրապարակվել ա “Հայկական ժամանակում”, 26 ապրիլ 2007թ։ 

Տես նաեւ՝ ՈՐ ԵՍ ԵՐԵՎԱՆՈ՛ՒՄ ԾՆՎԵԻ