ՀԻՄԱ


ՄԵՆՔ ՈՒ ՆՐԱՆՔ


Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո կարդում եմ հայոց ֆեյսբուքն ու շշմում եմ։ Կան ապշեցնող ոչ ադեկվատ արձագանքներ։ Էդ թվում, ինչը շատ տխուր ա, ընկերներիս կողմից։ Տեսել են ընտրակեղծիքների ծավալն ու հուսահատվել են։ Այնինչ հուսահատվելու բնավ հիմք չկա։ Սերժի հաղթանակն իրականում պյուռոսյան հաղթանակ ա։ Պետք ա գիտակցել դա եւ վստահ առաջ շարժվել։

Հիշեք՝ ինչ կանխատեսումներ կային հանրաքվեից առաջ։ Ասում էին՝ հանրաքվեն էն հարցը չի, որ ժողովրդին հուզի։ Ասում էին՝ ակտիվություն չի լինի։ Մանավանդ որ՝ ընդդիմությունը թուլացած ա։ Էս վերջին առումով իհարկե ճիշտ էին ասում՝ ցավագին պարտություններից հետո ընդդիմությունն իսկապես թուլացած էր։ Էդ էլ կարծես քիչ էր, ընդդիմության մի մասը կոչ արեց բոյկոտել հանրաքվեն։ Իրավիճակը նախանձելի չէիր անվանի։ Եվ ի՞նչ։ Եվ էն, որ մարդիկ զանգվածաբար գնացին ու զանգվածաբար ՈՉ քվեարկեցին։ Պաշտոնական թվերով, հանրաքվեին մասնակցել ա իրավունք ունեցողների 50 տոկոսը։ Ընդդիմության հաշվարկներով, թվերը ուռճացված են, իրական թիվը պետք ա լինի 40 տոկոսի կարգի։ 40 տոկոս մասնակցությունը,  թե՛ տեղական, թե՛ միջազգային ստանդարտներով, հանրաքվեի դեպքում շատ ակտիվ մասնակցություն ա նշանակում։  Ինչ վերաբերում ա հանրաքվեն վերահսկելուն, ակտիվությունն էս առումով ուղղակի աննախադեպ էր։ Դժվար ա հիշել մեկ ուրիշ ընտրություններ, որտեղ խախտումների դեմ էսքան համառ պայքար մղվեր, դրանք էսքան շատ նկարվեին։ Դեկտեմբերի 6-ի հենց առավոտից համացանցը ողողված էր տարբեր տեսագրություններով եւ խախտողներն ի ցույց էին դրվում բոլորին ի տես։ Ոնց հասկանում եմ, էս հանգամանքը պարադոքսալ ազդեցություն ա ունեցել ոմանց վրա։ Տեսել են եւ հուսահատության անդունդն են գլորվել՝ «էս ինչքան կեղծարար կա հայոց աշխարհում»։ Կարծես թե նոր իմացան դրա մասին։ Երեւի առաջ կարծում էին ՍԵրժը մենակով ա ընտրությունները կեղծում։ Այնինչ ակնհայտ ա, որ նախորդ տարիների համեմատ ընտրակեղծարարնե՛րը չէ, որ ավելացել էին էս անգամ, այլ դրանց դեմ պայքարողներն էին ավելացել։ Շատ լավ աշխատեցին ՀԱԿ-ի, Ժառանգության դիտորդները, վստահված անձինք, հանձնաժողովի անդամները։ Շատ լավ աշխատեցին ՀԿ-ները, լրագրողները, պարզապես ակտիվ քաղաքացիները, որոնք ինքնակամ զինվորագրվել էին ընտրակեղծարարության դեմ պայքարին։

Գիտեմ, հիմա ասելու եք՝ ինչ օգուտ, եթե ի վերջո Սերժն իրա ուզածին  հասավ՝ Մուկուչյանը հայտարարեց, թե Այո-ն հաղթել ա։ Նախ՝ ամեն ինչ դեռ ավարտված չի, ընտրախախտումների ֆիքսված վկայությունները շատ շատ են եւ արդյունքները վերանայելու համար լուրջ պայքար ա տարվելու։ Բայց եթե անգամ էդ պայքարը հաջողությամբ չպսակվի եւ նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնի, դրանից չի հետեւի թե Սերժն իրա ուզածին հասավ։ Դուք հիշում եք չէ՞, որ Սերժի ուզածը նոր սահմանադրությունը չի, այլ դրա միջոցով՝ սեփական իշխանության երկարաձգումը։ Նոր սահմանադրության մեջ նախագահն արդեն սիմվոլիկ պաշտոն ա եւ ժողովրդի քվեարկությամբ չի ընտրվում։ Սա արվել ա ոչ միայն էն պատճառով, որ Սերժը երրորդ անգամ այլեւս նախագահ լինել չի կարող, այլ որովհետեւ հենց նախագահական ընտրությունների ժամանակ էր Հայաստանում դիտվում հանրային ամենամեծ ակտիվությունն ու ամենամեծ դիմադրությունը։ Սերժին թվացել ա,  թե չեզոքացնելով էս վտանգը՝ բացառելով նախագահի համաժողովրդական ընտրությունը, ինքը կկարողանա հանրությանը հեռու պահել քաղաքականությունից եւ ստեղծել քաղաքական փակ համակարգ։ Սա էն պայմանն ա, որի դեպքում Սերժի իշխանության երկարաձգումը հնարավոր ա դառնում։ Ղեկի մոտ մնալու համար ՍԵրժը պետք ա  դառնա կամ վարչապետ, կամ Ազգային ժողովի նախագահ։ Իսկ դա հնարավոր կլինի, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հաղթի։ Եթե հանրությունը քաղաքականությունից հեռու մնա եւ ընդդիմությունն էլ թուլացած մնա, հանրապետականի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում ապահովված ա։ Էս ա Սերժի հաշվարկը։ Ու հենց էս իմաստով՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն շրջադարձ էր։ Եթե հանրությունը էսքան ակտիվացավ սահմանադրական հանրաքվեի՝ ոչ պոպուլյար համարված հարցով, ուրեմն պատկերացրեք որքան կակտիվանա խորհրդարանական ընտրություններին, որոնք, նոր սահմանադրության գործելու դեպքում, դառնալու են կենտրոնական քաղաքական իրադարձությունը։ Ինչ վերաբերում ա քաղաքական ընդդիմությանը, հանրաքվեն հնարավորություն էր՝ թուլացած վիճակից դուրս գալու համար, եւ շրջադարձը իսկապես տեղի ունեցավ։ Չեմ պնդի, թե ՀԱԿ-ի հեղինակության վերականգնումը կտրուկ ընթացք ունի, բայց որ կա՝ իմ համար ակնհայտ ա։ Նույնիսկ Ժառանգությունը, որ համարյա քանդված էր թվում, նորից հավաքվում ա։ Հիմնադիր խորհրդարանը հանրաքվեն բոյկոտեց, բայց մեկ ա՝ դա չհանգեցրեց ՀԱԿ-ի հետ առճակատման, հակառակը՝ ակնհայտ էր համագործակցությունը։ Սա չի եղել առաջ, հնարավոր ա  դարձել հիմա։ Ոչ-ի շարժումը մի խոշոր մասով երիտասարդներն էին տանում՝ թե՛ ՀԱԿ-ից, թե՛ Ժառանգությունից, թե՛ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններից եւ հասարակական կազմակերպություններից, ու մեր աչքի առաջ էդ երիտասարդներից շատերը հասունացան։ Սրանք բոլորը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անժխտելի դրական արդյունքն են, որոնք տեսնել եւ իմաստավորել ա պետք՝ հետագա մեծ հաջողությունը հնարավոր դարձնելու համար։ Իշխող ռեժիմն ունի, մշակել ա ընտրակեղծիքների հսկա մի մեխանիզմ, որը աշխատացնում ա իրա հենարանը կազմող մարդկային զանգվածի օգնությամբ։ Էդ զանգվածը առանձին սոցիալական շերտ չի, դրա մեջ կան բոլոր շերտերից՝ հարուստից մինչեւ ծայրահեղ անապահովը։ Սերժի հենարանը կազմող էդ մարդկանց միացնում ա ուժին հարմարվելու բնազդը։ Հանրաքվեի ընտրատեղամասերում նկարված տեսանյութերում մենք տեսանք բախումը՝ մարդկային էդ տեսակի եւ դիմադրող տեսակի միջեւ։ Կադրերում էնքան զզվելի տեսարաններ կային, որ շատերի մոտ հոգեբանական փսխուք առաջացավ ու երբեմն էլ՝ սարսափ։ «Էս ինչքա՞ն սրիկաներ կան մեր կողքին»։ Սարսափել պետք չի, եղբայրներ եւ քույրեր, ինչպես բնության մեջ կան թռչուններ եւ սողուններ, այնպես էլ ցանկացած հասարակության մեջ կան մութի մեջ ապրողներ եւ լույսի մեջ ապրողներ։ Մութի մեջ ապրողներն էլ ունեն կյանքի իրավունք, բայց իրանք չպետք ա իշխեն մեր վրա եւ չպետք ա որոշեն մեր ճակատագիրը։



Քաղաքականությունը շրջադարձային պահերին միշտ բաժանում ա՝ ՄԵՆՔ ու ՆՐԱՆՔ։ Դրանից պետք չի վախենալ։ Ուղղակի պետք ա, որ էդ մենք ու նրանքը մեզ ճիշտ տեղ տանի։ Դեկտեմբերի 6-ին Հայաստանում հանրաքվեի էր դրված պարզ ու ոչ էնքան սուր թվացող մի հարց՝ ուզո՞ւմ ես սահմանադրությունը փոխվի, թե չէ։ Ես չեմ բացառում իհարկե, որ Հայաստանում եղած լինեն մարդիկ, ովքեր անկեղծ պատասխանած լինեն՝ այո։ Դա իրանց իրավունքն ա։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ պատասխանը կեղծվեց։ Հաստատ գիտենք։ Ուրեմն ճամփաբաժանը չի անցնում այո եւ ոչ ասածների միջեւ, մենք ու նրանքի ճամփաբաժանում նրանքը կեղծողներն ու կեղծիքը արդարացնողներն են։ Ինչո՞ւ ես իմ ձայնը կեղծել, հայրենակից, ինչո՞ւ ես մասնակցել կեղծումին, ինչո՞ւ ես գործիք դարձել։ Ինչ էլ պատասխանես, քո արածն արդարացում չունի, ես քեզ չեմ ների։ Սա շատ հետաքրքիր ճամփաբաժան ա, անմեղ թվացող մի հարցից անսպասելի, բայց բնական ճանապարհով առաջացած մի ճամփաբաժան, որը Հայաստանը բաժանեց մի նոր մենք ու նրանքի։ Սա նախագահական ընտրությունների ժամանակ առաջացող մենք ու նրանքը չի՝ ես իքսին եմ ուզում նախագահ տեսնել, իսկ դու՝ իգրեկին։ Նոր բաժանումը պարզագույն, բայց նաեւ կարեւորագույն մի հարցի շուրջ ա՝ խաբել թե չխաբել, կեղծել, թե չկեղծել, ու եթե մենք կարողացանք մեր դիմադրության հետագա պայքարը կառուցել էս բաժանումի հիմքի վրա, վաղը կունենանք լրիվ ուրիշ Հայաստան։


Էս տեքստը նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝  ՄԵՆՔ ՈՒ ՆՐԱՆՔ