ՀԻՄԱ


ՋՂԱՅՆԱՑԵ՛Ք, ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Ա


Նոր սահմանադրությանը ոչ ասողների գլխավոր հիմնավորումը՝ որ դրա նպատակը բրեժնեւյան տիպի երկիր ստեղծելն ու գործող նախագահի իշխանության հետագա երկարաձգումն ա, Սերժ Սարգսյանն իրա ասուլիսով կնքեց ու հաստատեց։

Բրեժնեւյան հոտը փչում էր արդեն բուն ասուլիսից ձեւից, երբ ընդդիմադիրների փաստարկները ներկայացվում էին անուղղակի՝ հատուկ ընտրված լրագրողների կողմից, որոնք նախագահական պալատ էին ներս թողնվել առանց օպերատորների։ Նկարում էր միայն նախագահականի օպերատորը,  եւ տեսանյութն էլ հասանելի դարձավ միայն հաջորդ օրը՝ մոնտաժվելուց հետո։  Բայց մոնտաժը նույնիսկ Բրեժնեւին չէր փրկում, ուր մնաց Սերժին փրկի։ Ինչքան էլ որ հարցերի մեծ մասին տրվեց բուն հարցումից շեղվող պսեւդոպատասխան, մեկ ա, ամենակարեւորը հնչեց՝ ասվեց, որ հանրապետականները սուտ էին խոսում, երբ ընդդիմությանը հակաճառում էին, թե Սերժը նոր սահմանադրության ընդունման դեպքում չի դառնալու ոչ վարչապետ, ոչ նախագահ, ոչ Ազգային ժողովի նախագահ։ Սա ասվեց Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան, որը մեջբերել էլ ՀՀԿ ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի համապատասխան հատվածը եւ խնդրել հաստատել։ Հաստատում չեղավ, եղավ փաստացի հերքում, որովհետեւ ասվեց թե էդ մասը «մի քիչ ճիշտ չի մեջբերված»։  Ու երբ որ Աբրահամյանը փորձեց ճշտել՝ «Հիմա հրաժարվու՞մ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ, Նախագահ և ԱԺ նախագահ», հնչեց հրաշք մի պատասխան՝ «Ես ոչ մի բանից չեմ հրաժարվում»։ Համաձայնեք, երկիմաստության եւ անկեղծության եզակի մի համատեղում ա սա։ Սերժ Սարգսյանը հրաժարվի ինչ-որ պաշտոնի՞ց։ Եւ մարդ կար, որ դրան հավատացե՞լ էր։ Ինքը ոչ մի բանից չի հրաժարվում։ Ինքը վարչապետ ա դառնալու եթե սահմանադրությունը չանցնի, եթե անցնի՝ էլի չի հրաժարվի վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ դառնալուց։

Սերժ Սարգսյանի պատասխանների մեջ բազում ուրիշ մարգարիտներ կան, մասնավորապես էն հատվածը, երբ Վասակ Սյունին պատմության ակնհայտ փաստերին հակառակ նույնացվում ա ընդդիմության հետ, որպեսզի ընդդիմությունն էլ նույնացվի վասակության հետ ու համարվի դավաճանություն։ Բայց երեւի ամենախոշոր մարգարիտը Ժառանգության կողմից թուրքերին պատերազմ հայտարարելու «սարսռազդու» հատվածն ա, որն առաջին հայացքից տարօրինակ ա թվում, բայց հոյակապ բացահայտում ա Բաղրամյան 26-ում նստածի նպատակը։ Սերժն ասում ա՝ ներկա Սահմանադրության մեջ վտանգ կա, պատկերացնո՞ւմ եք, էս Սահմանադրության պայմաններում խորհրդարանական ընտրություններում հաղթի ժառանգությունը, պառլամենտում մեծամասնություն ունենալով հասնի իր ուզած վարչապետի նշանակմանը, Ղարաբաղի անկախությունը ճանաչելով փաստացի պատերազմ հայտարարի Ադրբեջանին, հետո էլ Թուրքիայից տարածքներ պահանջելով փաստացի պատերազմ հայտարարի Թուրքիային ։ Ձեր մտքով գուցե անցավ, թե Սերժը ուզում ա ասի՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի էդ դեպքում Հայաստանի հետ։ Հավանաբար նման կերպ ա հասկացել Վարդան Օսկանյանը, որը ֆեյսբուքյան իրա էջում Սերժ Սարգսյանի ասածին առարկում ա, թե «ներկայիս Սահմանադրությունն է, որ կարող է նախագահի մատնանշած վտանգավոր իրավիճակը կանխել, որովհետև արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը բացառապես նախագահի իրավասություների մեջ են: Մի բան, որ նոր Սահմանադրությունում դրվում է վարչապետի և կառավարության վրա»: Բայց եկեք ուշադիր լինենք եւ բաց չթողնենք Սերժ Սարգսյանի արտասանած էս նախադասութունը՝  «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը»։ Սերժի դարդը ինքն ա, ոչ թե Հայաստանը, ոչ թե Հայաստանի անվտանգությունը։ Սերժի դարդը էն ա, որ ընդդիմության ձեռքում կարող են լծակներ հայտնվել։ Որ ներկա սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս ա։ Դրա համար էլ արտառոց օրինակով փորձում ա վարկաբեկել ընդդիմության ձեռքում լծակների հայտնվելու հեռանկարը։

Դժվար ա ասել՝ ինչու Սերժ Սարգսյանը շտապեց հայտարարել, թե ոչ մի բանից հրաժարվել չի պատրաստվում եւ բոլոր դեպքերում պաշտոն ա ունենալու։ Իրան շատ վստահ ա զգում դրա՞ համար, թե՞ հակառակը՝ նկատել ա որ նույնիսկ սեփական ճամբարում իրան արդեն որպես «նախկին նախագահ» պատկերացնողներ կան։ Պատճառը մի կողմ, փաստ ա որ Սերժը փորձեց հանրաքվեի նախօրեին ուժեղ քայլ անել եւ հակառակ արդյունքը ստացավ։ Կարելի ա իհարկե լրագրողներին շարել երկու շարքով եւ հասնել նրան, որ անակնկալներ չլինեն։ Բայց Հայաստանը Թուրքմենստան չի, եւ անգամ Բաղրամյան 26-ի համար անվտանգ նկատված էդ երկու շարք լրագրողների մեջ ժպտացողները քիչ էին, մեծ մասը տխուր էին, լարված ու անհանգիստ։ Դուք կարծում եք նրանց վախեցրել էր էն հեռանկարը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Զարուհի Փոստանջյանը վարչապետ կդառնան եւ Թուրքիային պատերա՞զմ կհայտարարեն։ Ժպտում եք չէ՞։

Հաստատ չեմ պնդի, թե գիտեմ՝ ինչ ա լինելու կիրակի օրը եւ դրանից հետո։ Ընդդիմությունը վերջին պարտություններից հետո դեռ մեջքը կարգին չի շտկել, հայաստանցիների մի ոչ փոքր մասը շարունակում ա հուսալքված մնալ։ Բայց Հայաստանի երիտասարդ Հանրապետության անցած 24 տարիների վկան լինելով, ես շատ եմ տեսել ոնց ա իրավիճակը մեկ էլ փոխվում, հուսալքված մարդիկ ոնց են մեկ էլ  ոտքի կանգնում եւ հույսով լցվում։ Կիրակի օրը գնալով ընտրատեղամաս, ես դրան եմ սպասելու։ Ու հաստատ ա մի բան՝ ջղայնությունը մարդկանց ոտքի կանգնելուն օգնում ա։ Սերժի ելույթը լսողները պետք ա որ հենց էդ ոտքի հանող ջղայնությունը զգացած լինեն։

Էս տեքստը նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝  ՋՂԱՅՆԱՑԵՔ, ԹԱՐՄԱՑՆՈ՛ՒՄ Ա