ՀԻՄԱ


ՏՂԵՐՔԸ ՔԱՔԻ ՄԵՋ ԸՆԿԱՆ



Ես Հայաստանի նախագահը չեմ,
ինձ թիկնապահներ պետք չեն։

Բաղրամյանի վրա մեր դպրոցն էր
ու մեր պոլիկլինիկան։

Երբ որ Հայաստանը անկախացավ,
ես չէի պատկերացնում 
ամեն ինչ էսքան դժվար կլինի։

Ինձ թվում էր՝ տղերքը գլուխ կհանեն,
ես էլ իմ բանաստեղծությունները կգրեմ։

Բայց տղերքը քաքի մեջ ընկան։

էս Վիկտոր Համբարձումյան փողոցն ա, 
էն ժամանակ կոչվում էր՝ Գայդար։

Էս փողոցի վրա էր ապրում
մեր դասարանի Պետրոսյան Արան։

Հիշում եմ՝ դասամիջոցներին 
Ամերիկայից էր հա խոսում,
ասում էր՝ Սովետի նման չի,
Ամերիկայում մարդիկ կարան շատ հարուստ լինեն։

Բայց Արան Ամերիկա չգնաց,
Սովետը քանդվեց ու Արան դարձավ
փոխնախարար։

Էդ առաջին նախագահի ժամանակ էր,
հետո հայտնի ուժերի պահանջով
առաջին նախագահը հրաժարական տվեց,
ու երկրորդը եկավ,
հետո երկրորդը կրակեց,
ու երրորդը եկավ,
իսկ մեր դասարանի Պետրոսյան Արան
միշտ մնում էր
փոխնախարար։

Ես Համբարձումյանով հաճախ եմ իջնում Բաղրամյան,
էս շենքի մոտով անցնելիս
որտեղ էն ժամանակ ապրում էր
մեր դասարանի Պետրոսյան Արան,
մեկ մեկ մտքովս անցնում ա՝
գնամ իրան գտնեմ,
ասեմ՝
էս քսանվեց տարվա մեջ
դու ինձանից շատ բան ես տեսել,
էն էլ բավական մոտից,
ի՞նչ ես կարծում
մենք ո՞նց եկանք հասանք էս օրվան
երբ որ հայաստանցիների կեսը
թողել գնացել ա Հայաստանից,
մնացած կեսն էլ ամբողջ օրը լացում ա։
Դու կարծում ես ամեն ինչ հենց սենց էլ պետք ա լինե՞ր,
թե՞ կար ուրիշ տարբերակ։

Տեսնես ի՞նչ կասի։