/Նախաբանս գրված ա 2015 թվին/։ 

Պաբլո Քաչաջյանի հետ ծանոթացա անցած ամառ, Բուենոս Այրեսի հայտնի Ազգային գրադարանում, գրքիս շնորհանդեսին։ Շատ հետաքրքիր էս գրողին Հայաստանում կամ ընդհանրապես չգիտեն, կամ եթե գիտեն, լսել են միայն Բորխեսի այրու բացած դատի հետ կապված՝ «Ալեֆը» գողանալու մեղադրանքով։ «Գողությունը» էն ա, որ Քաչաջյանը էդ հանրահայտ պատմվածքի հիման վրա նոր պատմվածք ա գրել, ավելացումներ կատարելով  Բորխեսի տեքստի վրա եւ անունը դնելով «Չաղացած Ալեֆը» (կարելի ա թարգմանել նաեւ «Պարարտացված Ալեֆը»)։ Նման remake-ները հայտնի բան են ժամանակակից գրականության մեջ ու հենց Բորխեսի ոգով են, կարելի էր ծիծաղել էս պատմության վրա, բայց արի ու տես, հակառակ որ Քաչաջյանի պաշտպանությամբ հանդես եկան թե՛ Արգենտինայի գրական շրջանակները, թե՛ բազմաթիվ միջազգային գրական կազմակերպություններ, դատական գործը կարծես դեռ չի փակվել, եւ գրողի վրա ընդհուպ բանտարկության սպառնալիք կա կախված։


Պաբլոն գրքիս շնորհանդեսին, Բուենոս Այրեսի Ազգային գրադարանում

Պաբլոն ինձ պատմում էր, որ Հայաստանում իրա գործերը թարգմանելու եւ գիրք տպագրելու ծրագրեր կան։  Շատ լավ կլինի, եթե դրանք շուտով իրագործվեն։ Իսկ առայժմ իմ նման մեկի համար, որ իսպաներեն չգիտի, Քաչաջյանը հասանելի ա միայն անգլերեն եւ ֆրանսերեն թարգմանություններով։ Հենց անգլերեն էլ գտա էս տեքստը, որն ինձ շատ դուր եկավ, ու որոշեցի թարգմանեմ, որ դուք էլ կարդաք։ Տեքստը վերնագիր չունի, պայմանական կոչեմ՝

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Մի ձեռքս սրտիս սեղմած, ես քայլ եմ անում դեպի առաջ եւ խոսք եմ ուղղում Ք-ին՝ թշնամի առաջնորդին։ Ք-ն լսում ա՝ ոնց որ հասկանալիս լիներ ինձ, բայց ես գիտեմ՝ դա անհնար ա, քանի որ մեր լեզուները տարբեր են։ Երբ ես վերջացնում եմ խոսքս, Ք-ն բարձրացնում ա ձեռքը եւ նրա օգնականներից մեկը մոտ ա գալիս։ Մի ամբողջ շարք հրամաններ լսելուց հետո, օգնականը վազելով հեռանում ա։ Թիկունքիս կանգնած, իմ օգնականներն անհանգիստ են։ Ք-ն սկսում ա խոսել, ձեռքերը ուժեղ թափահարելով, դեմքին՝ մեծահոգի մի արտահայտություն, ինչն իմ մեջ կասկածներ ա արթնացնում։ Հենց նույն պահին Լիլոն, օգնականներիցս մեկը, մոտենում ականջիս ինչ-որ բան ա ասում, բայց ես ոչինչ չեմ հասկանում, քանի որ Ք-ի ձայնը շատ բարձր ա։ Ամեն դեպքում, անհարմար վիճակից խուսափելով, ձեռքի շարժումով հասկացնում եմ օգնականիս որ հաշվի կառնեմ ասածը։ Իսկ Ք-ն շարունակում ա խոսել, ասես ոչինչ չի եղել։ Սա ինձ է՛լ ավելի կասկածելի ա թվում, քանի որ ուրիշ դեպքում գիտեմ որ Ք-ն կջղայնանար ու կգոռար, սպառնալիք տեսնելով օգնականիս միջամտության մեջ։ Մեկ էլ գլխումս փայլատակում ա, որ Ք-ն ուզում ա վիճակը ձգի ու ժամանակ շահի։ Բայց ինչո՞ւ։ Հանկարծ գլխի եմ ընկնում ու հանում եմ սուրս։ Նույն վայրկյանին Ք-ի թիկունքից հսկա մի բանակ ա հայտնվում, հենց նույն էն օգնականի հրամանատարությամբ, որին քիչ առաջ կանչել հրամաններ էր տվել։ Մենք ընդամենը տաս հոգի ենք եւ փախչելուց բացի ուրիշ ելք չունենք։ Ք-ն խրոխտ ծիծաղում ա, իսկ ես վազելիս նկատում եմ, թե ոնց են նետերը խրվում օգնականներիս մարմնի մեջ։ Մի քանի րոպե չանցած, արդեն մենակ ես ու Լիլոն ենք կենդանի մնացել, իսկ նետերն էնքան խիտ են, ոնց որ մեր կողքից վազելիս լինեն։  Լիլոն հարցնում ա՝ «Ինչո՞ւ հաշվի չառաք իմ զգուշացումը»։ Դեռ չեմ հասցրել պատասխանել, նետը խրվում ա նրա վիզն ու դուրս գալիս աչքի միջով։ Լիլոն դեռ վազում ա ու նորից ա նույն հարցը տալիս՝ «Ինչո՞ւ հաշվի չառաք իմ զգուշացումը»։ Էս անգամ նետը նրա ոտքն ա խրվում։ Բայց Լիլոն էլի վազում ա, ես ուզում եմ պատասխանել, փորձում եմ մի բան հնարել, ու հենց էդ ժամանակ նետի սուր ծայրը երեւում ա նրա բերանի մեջ։ Լիլոն նայում ա ինձ, ու ես տեսնում եմ թե ոնց նետի արյունոտված սլաքի շուրջ իրար են գալիս բառերը՝ «Ինչո՞ւ հաշվի չառաք իմ զգուշացումը»։ Էս անգամ հարցը անհոդաբաշխ ա, բայց ես հասկանում եմ, որովհետեւ նույնը արդեն լսել եմ։ Լիլոն անկենդան ընկնում ա գետին, ու հենց նույն պահին նետը, մտնելով իմ մի ականջով, դուրս ա գալիս մյուսից։ Զգացածս ցավն ու զարմանքը շատ մեծ են, բայց ես չեմ մեռնում, վազելով հասնում եմ միջնաբերդին։ Ինձ անմիջապես պառկացնում են ու հարցեր տալիս, բայց ես ոչ մի բան չեմ լսում։ Բժիշկը զգուշությամբ դուրս ա հանում նետը, ու ես ոչ մի բանի տեղ արդեն բվվոց եմ լսում։ Հարցնում եմ՝ «Էս ի՞նչ բվվոց ա», իսկ պատասխանը չի լսվում, տեսնում եմ որ բժշկի բերանը շարժվում ա, բայց նորից նույն բվվոցն ա լսածս։ Մի քանի փորձարկում անելով, ես հասկանում եմ որ բվվոցը գալիս ա ոչ թե ականջներիս միջով, այլ ուղղակի գլխիս միջով։ Վեր եմ կենում ու անմիջապես էլ ցած եմ ընկնում, ինձ բարձրացնում են եւ դուրս տանում։ Բվվոցի միջով տեսնում եմ, թե ամբոխը ոնց ա ինձ ողջունում՝ մարդիկ բարձրացնում են ձեռքերը, բացում են բերանները, մոտ են գալիս, փորձում են ձեռք տալ, ու տենց շարունակ։ Հանկարծ ամբոխը ճեղքվում ա եւ հայտնվում ա իշխանուհին՝ կինս, նա լալիս ու ինչ որ բան ա գոռում, որը ես հասկանում եմ որպես «Իմ սեր»։ Փաթաթելով ինձ գրկի մեջ, կինս նորից ինչ-որ բան ա ասում, բայց ես չեմ լսում ու չեմ հասկանում։ Բոլորը ծիծաղում են, իսկ ես լացի ու ցավի մեջ եմ։ Բայց մենակ էդ չի պատճառը, որ ինձ էդքան հեռու եմ զգում բոլորից։ Ախր Ք-ի հետ դաշինքը ձախողվեց, իմ ինը մարդիկ նետահար եղան, ես վիրավորվեցի ու հիմա խուլ եմ, բայց կինս չի էլ նկատել դա, իսկ ժողովուրդս ապուշային ցնծության մեջ ա։ Ուրեմն ի՞նչ պետք ա անեմ ես։ Պետք ա նորից կռվի դուրս գամ, որովհետեւ գիտեմ որ Ք-ն հարձակում ա պատրաստում ու իրանից պետք ա առաջ անցնել։ Գիտեմ նաեւ, որ ինքը գիտի իմ խլանալու մասին, քանի որ օգնականներիս մեջ լուր տանողներ կան։