Գրքեր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ

2006, Ակտուալ արվեստ:  Ձեւավորումը` Մկրտիչ Մաթեւոսյանի:

Էս գրքում, բանաստեղծություններից բացի, տեղ ա գտել  նաեւ «Հայաստանի ծովափին» բանավոր վեպը, որն էնքան էլ նման չի վեպի եւ գրվել ա Հյուսիսային Կալիֆորնիայի սարերում, Djerassi Resident Artists Art Colony ստեղծագործական տանը

Գիրքը կարող եք գնել Նոյան տապան գրախանութից, Արթբրիջ,  Իլիկ,  The Club սրճարաններից։

Կա նաեւ Գլենդեյլի Ապրիլ գրատանը։






ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ
  
հայերի մի մասը
գրում ա ՀՈՒՅՍ
մյուս մասը գրում ա
ՅՈՅՍ
ու բոլորը
հայհոյում են իրար
մանուկ աբեղյանին ու
բոլշևիկներին  
բայց աբեղյան մանուկը
բոլշեիկ չէր ընդհակառակը  

ինքն ուղղակի
էնքան էլ համառ մարդ չէր
քամին էլ հակառակ էր փչում
ու իրա ծրագիրը կիսատ մնաց  

իրա ծրագիրը
ուրարտերենին
վերադառնալն էր  

Էս տեքստերը որ քեզ կարդում եմ մի հատ մեծ վեպի հատվածներն են, ու էդ վեպը կոչվում ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ: Ու չնայած ծովը, ավելի ճիշտ օվկիանոսը, էս պահին պատուհանիցս չի էրևում, մառախուղի տակ ա ու սենց շաբաթներ շարունակ կարող ա մառախուղի տակ էլ մնա քանի որ ես հյուսիսային Կալիֆորնիայում եմ ոչ թե հարավային, մեկ ա ես գիտեմ որ օվկիանոսի ափին եմ որովհետև մոտեցել տեսել եմ. ջուրը սառն ա ու իսկական: Ես միշտ սիրել եմ ծովը ու շատ լավ գիտեմ թե ինչի: Ծովը անհնարինի ներկայությունն ա ամեն օրվա մեջ։ Դրա համար էլ ես վաղ մանկությունից սկսած տարբեր ժամանակների տեքստեր եմ հավաքում ծովից ծով Հայաստանի մասին։ Քեզ համար կկարդամ դրանցից երկուսը։ Առաջինը կոչվում ա  

ԵՐԵՔ ՑՈՒՆԱՄԻ  

էն հեռավոր ժամանակը
երբ որ հայերի աչքերը կապույտ էին
առաջին ցունամիից առաջ էր
հայաստանը տարածվում էր
ատյանտյան օվկիանոսից
մինչև աղվանք
իսկ եղիշե սողոմոնյանը
դեռ չէր ծնվել  

եղիշը հասցրեց ծնվել
ուշ
էն ժամանակ երբ որ
առաջին ցունամին արդեն անցել էր
հայաստանի վրայով
դրա համար էլ ինքը
մեծացավ ռուսաստանի կարս քաղաքում
մահացավ երկրորդ ցունամիից
թաղվեց եղբայրական գերեզմանոցում
ու իրանից մնաց
անտաշ քարով սարքած տունը
թուրքական հանրապետության
կարս քաղաքում  

երրորդ ցունամիի հաջորդ օրը
ես գրիպով պառկած էի
հեռուստացույցս էլ միացած էր
CNN­ը ասեց
երկրի առանցքը
ոնց որ թե փոխվել ա
մի տասը տարուց
կարող ա գլոբալ ջրհեղեղ լինի
ջրերը կբարձրանան
ու էդ ժամանակ
հայաստանը նորից կտարածվի
խաղաղ օվկիանոսից մինչև
ադրբեջանի հանրապետություն