ՀԻՄԱ


ՎԱՇԻՆԳՏՈՆ - ԵՐԵՎԱՆ


Նախ տպագրվել ա «Հայկական ժամանակում», 30 հունվար 2009

Ես բնավորությամբ նախանձ չեմ, ոչ էլ սենտիմենտալ։ Բայց հունվարի 20-ին, երբ որ Եվրոնյուզը ժամերով ուղիղ ռեպորտաժ էր հաղորդում տոնական Վաշինգտոնից, դեմքս թաց էր։ Լացս ուրախությունից չէր, նախանձից էր, ու նախանձս էլ «բարի» չէր, սեւ էր։ Օբաման ճգնաժամից էր խոսում ու դժվարություններից, ասում էր` ամերիկացիները պակաս ինքնավստահ են դարձել, ասում էր` շատերը հիմա խոսում են էն մասին, թե Ամերիկայի անկումն անխուսափելի ա, իսկ ես ժպտում էի, ու իմ ժպիտի մեջ էնքան դառնություն կար, որ եթե արցունքներիս հետ ժպիտս էլ կուլ տայի, տեղնուտեղը կմեռնեի։ Որովհետեւ Օբաման դժվարությունները թվարկում էր, որ հետո ասեր. «Բայց իմացիր, Ամերիկա, մենք դրանք կհաղթահարենք»։ Ես չգիտեմ` կհաղթահարի՞ Ամերիկան էս ճգնաժամը, թե չի կարողանա, որ ճիշտն ասեմ` իմ արցունքները դրա հետ կապ չունեին, ինձ սպանողը Օբամայի բերած հիմնական փաստարկն էր։ Ամերիկայի նոր նախագահն ասում էր. եթե մինչեւ հիմա ինչ նպատակ դրել` կարողացել ենք, ինչո՞ւ հիմա չպետք ա կարողանանք, չէ՞ որ մենք չենք փոխվել, նույնն ենք։ Էս փաստարկը մտքումս անմիջապես տեղափոխվում էր Հայաստան, շուռ գալիս գլխի վրա ու դառնում մահվան դատավճիռ. «Եթե մինչեւ հիմա ոչինչ չենք կարողացել, ինչո՞ւ հիմա պետք ա կարողանանք, չէ՞ որ մենք չենք փոխվել, նույնն ենք»։ Հայաստանի ու Միացյալ Նահանգների արանքում Ատլանտյան հսկայածավալ օվկիանոսն ա ընկած, ու երբ որ ես մեզ համեմատում եմ Ամերիկայի հետ, ինձ հաճախ ասում են` էդքան տարբեր երկու բան համեմատելը ճիշտ չի, համեմատիր Հայաստանը չափով ու կշռով մեզ մոտ երկրների հետ։ Ճիշտն ասած` փորձել եմ, բայց միտքս իրա համար սնունդ չի գտնում կարճ տարածությունների մեջ, նորից շուռ  ա գալիս ու սլանում դեպի Ատլանտյան օվկիանոս։ Ասածս բանաստեղծական պատկեր չի ընդամենը, էստեղ խնդիր կա։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, որպես երկիր, համարյա ոչ մի պարամետրով նման չեն իրար, հիմնականում հակադիր են` շատ փոքր ու շատ մեծ, շատ աղքատ ու շատ հարուստ, շատ ձախողակ ու շատ հաջողակ, շատ հին ու շատ երիտասարդ, եւ այլն։ Բայց չէ՞ որ հակադրությունը, նմանության պես, առնչության ձեւ ա, հաճախ` շատ ավելի խորքային, քան պարզ նմանությունը։ Հա, մոռացա հիշատակել մեր ու Ամերիկայի տարբերություններից եւս մեկը, գուցե թե ամենակարեւորը, որն առօրյա խոսակցություններում ձեւակերպվում ա հետեւյալ կարճ ու կտրուկ նախադասությամբ` «Ամերիկացիք ազգ չեն»։ Երեւի անմիջապես հիշեցիք մեր առօրյայում խիստ տարածված եւ առաջինից ընդամենը մեկ բառով տարբերվող մյուս հայտնի նախադասությունը` «Մենք ազգ չենք» («Դե, ա՛զգ չենք, է՛լի)։ Ֆորմալ առումով որ նայում ենք, դուրս ա գալիս ոչ մենք ենք ազգ, ոչ ամերիկացիները, բայց իրականում նշված երկու նախադասություններում «ազգ չլինելը» տարբեր իմաստներով ա գործածված։ Մենք «ազգ չենք», այսինքն վատ, թույլ ազգ ենք, իսկ ամերիկացիք ուժեղ ու լավն են, բայց ազգի մեր պատկերացմանը չեն համապատասխանում` էթնիկ ծագումով միավորված ժողովուրդ չեն։ Իսկ արդյո՞ք ազգի մասին մեր էս պատկերացման մեջ թյուրըմբռնում չկա։ Ուզում եմ ասել` արդյո՞ք մեզ միավորող գլխավոր գործոնն իսկապես էթնիկ ծագումն ա։ Երբ որ ասում ենք` մենք, հայերս, էդ «մենք»-ից ներս կամ դուրս լինելու չափանիշը ո՞րն ա։ Եթե պարզապես էթնիկ ծագումը լիներ, մենք շատ ավելի մեծաքանակ պետք ա լինեինք, քան էսօր կանք։ Էս իմաստով շատ խոսուն ա ավագ ու կրտսեր Մայքլ Առլենների օրինակը։ Ավագը ծագումով զտարյուն հայ էր, բայց գիտակցաբար որոշեց հրաժարվել հայությունից, փոխեց իրա Տիգրան Գույումջյան անունը, դարձավ հայտնի անգլիացի գրող Մայքլ Առլեն։ Էս Մայքլ Առլենի եւ հույն կոմսուհի Ատալանտա Մերկատիի ամուսնությունից ծնված Մայքլ Առլեն Կրտսերը ծագումով արդեն կիսով չափ էր հայ, բայց գիտակցաբար որոշեց հայանալ եւ իրա գրքերում գրեց էդ մասին, նաեւ էն մասին, թե ինչու հայրը չուզեցավ հայ լինել։ Հայրն ուզում էր մոռանալ, որդին ուզեց հիշել։ Ի՞նչը, էթնիկ ծագո՞ւմը։ Ոչ, դրա հետ կապված պատմությունը։ Առաջին հայացքից թվում ա, թե տարբերությունը նրբերանգային ա, բայց տարբերությունն իրականում առանցքային ա` չէ՞ որ էթնիկ ծագումն անփոփոխ մեծություն ա, իսկ դրա հետ կապվող պատմությունը` փոփոխական։ «Ազգ» ասվածի կենտրոնական ու պարտադիր հատկանիշն իրականում ոչ թե էթնիկ ընդհանրությունն ա, այլ առանցքային էն պատմությունը, որը տվյալ ազգի անցյալը կապում ա ապագային։ Ամերիկացիների դեպքում դա պատմությունն ա էն մասին, թե ոնց Կիրակոսը կամ Մարտիրոսը գալիս են Ամերիկա եւ դառնում Ռոքֆելեր կամ Օբամա։ Հայերիս դեպքում դա պատմությունն ա էն մասին, թե ոնց նախ պարսիկները մեզ հաղթեցին, հետո թուրքերը մեզ կոտորեցին։ 90-ականներին, երբ որ ստեղծվում էր Հայաստանի ներկա Հանրապետությունը, էս պատմությունից հրաժարվելու փորձ արվեց։ Էսօր արդեն պարզ ա, որ էդ փորձը ձախողվել ա, ու ինձ համար ակնհայտ ա նաեւ, թե ինչու։ Որովհետեւ հին պատմությունը կարող ա դուրս մղվել մենակ մի դեպքում` եթե տեղը նորն ես դնում։ Ես սրանում վաղուց եմ համոզված, ու հենց էս պատճառով ա իմ միտքը, Հայաստանի ապագայի մասին մտածելիս, օրումեջ կտրում անցնում Ատլանտյան օվկիանոսը։ Ամերիկան Եվրոպան ա` շարունակված նոր էջից։ Նոր Հայաստանը ստեղծելու համար պետք ա անել նույն բանը` գրել նոր էջից, ու մեր դեպքում խնդիրն ավելի բարդ ա, քանի որ մենք նոր մայրցամաք չունենք մեր տրամադրության տակ։ Բայց նոր մայրցամաքը պարտադիր պայման չի, պարտադիր պայմանը շրջադարձային դեպքն ա, իրադարձությունը, գործողությունը, որը թույլ կտար շրջել էջը։ Ու փաստն էն ա, որ մեզ էդ իրադարձությունը տրվել ա, բայց մենք չենք կարողանում մեզ տրվածն օգտագործել։ Փաստն էն ա, որ մեր տարածաշրջանում, վերջին տասնամյակների կտրվածքով, մենք էսօր միակ երկիրն ենք, որ հաղթանակ ունենք տարած։ Ու էս մեր նոր կարգավիճակը, եթե դրան տեր կանգնեինք, հավասարարժեք պետք ա լիներ նոր մայրցամաքում հայտնվելուն, քանի որ մեր ավանդական կարգավիճակը սրա ճիշտ հակառակն ա եղել. մենք, դարեր շարունակ, տարածաշրջանի ամենաթույլ կետն ենք եղել, ոչ թե ամենաուժեղը։ Բայց մենք չենք կարողանում տեր կանգնել մեր ձեռքբերածին, ղարաբաղյան հաղթանակի ձեռքը էսօր կրակն ենք ընկել ու քիչ ա մնում հետ տանք էդ հաղթանակը։ Այնինչ ազատ կարող ա լինել միայն հաղթողն ու ուժեղը։ Անցած երեքշաբթի օրը, հունվարի քսանին, երբ որ Եվրոնյուզի տեսախցիկը խոշոր պլանով ցույց էր տալիս իրանց նոր նախագահին ողջունելու եկած ամերիկացիներին, ես հիշում էի Սերժ Սարգսյանի մենավոր «նախագահադրումը» անցած ապրիլին։ Էն ժամանակ ինձ թվում էր` Սերժը երկու ամիս էլ չի ձգի։ Բայց Սերժը աթոռին ա արդեն ինն ամիս։ Աշնանը, երբ որ ընդունվեց հանրահավաքները դադարեցնելու որոշում, Ղարաբաղը բերվեց որպես պատճառ։ Բայց եթե ընդունված լիներ հակառակ որոշումը` երկրորդ շնչառություն հաղորդել հանրահավաքներին, շատ ավելի մեծ հաջողությամբ Ղարաբաղը կարելի էր բերել որպես պատճառ, էս անգամ` հակառակ նշանով։ Ուզում եմ ասել` Ղարաբաղը էն քարն ա, որը կամ դնում ես շենքիդ հիմքում եւ վրան կառուցում շենքը, կամ էլ դուրս ես թողնում կառուցածիցդ, ու էդ դեպքում դուրս թողնված քարի վրա անընդհատ կսայթաքես եւ կընկնես։ Գնացքը, թվում ա, արդեն գնաց։ Բայց գնացքները տարվա եղանակների նման են` գնում են, որ վերադառնան։ Մնում ա բաց չթողնել հաջորդ գնացքը, որն անպայման գալու ա, էս անգամ` երեւի հակառակ կողմից։