ՀԻՄԱ


ԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ


Երեկ մայիսի 28-ն էր, լրացավ առաջին հանրապետության հարյուր տարին։ Կյանքի չէ, ստեղծման հարյուր տարին։ Առաջին հանրապետությունը չապրեց էդքան, դիմացավ ընդամենը երկուսուկես տարի։ Երկրորդը շատ ավելի երկար ապրեց, բայց էնքան էլ մերը չէր, կամ երևի սենց ասեմ՝ լրիվ մերը չէր։ Երրորդը լրիվ մերն ա, մենք ենք ստեղծել։ Ու չնայած արդեն քսանյոթ տարեկան ա, բայց գոհ չէինք մենք իրանից, մի տեսակ էն չէր, մեր ուզածը չէր։  Դրա համար էլ տեղի ունեցավ ապրիլյան հեղափոխությունը։ Իսկ ո՞րն ա մեր ուզածը, ո՞րն ա մեր ուզած Հայաստանը։ Էսօր, երբ ավարտվել ա ապրիլյան հեղափոխության առաջին փուլը, երբ իշխանափոխությունն արդեն կատարված ա և սկսվում ա երկրորդ՝ կառուցումի փուլը, արժի էդ հարցը տալ և պատասխանը փորձել ձևակերպել։

Մի քանի առանցքային հարցեր պարզ են՝ մենք ուզում ենք արդար Հայաստան, որտեղ գործի օրենքը, որտեղ իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքին կենտրոնացած չլինի և էդ մի խումբ մարդիկ մեր փոխարեն ամեն ինչ չորոշեն, որտեղ հարստությունը աշխատանքով ձեռք բերվի և բոլորը հարստանալ կարողանան։ Էս խնդիրները դժվար լուծելի, բայց լուծելի են։ Էս հարցերի լուծման ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են, և ամենայն հավանականությամբ, դրանք կշարունակվեն։

Բայց արդար Հայաստանը դեռ բավարար չի։ Ես ուզում եմ իմ երկիրը լինի աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը՝ բոլոր առումներով։ Ու ինձ թվում ա մենակ ես չէ, շատերս ենք դա ուզում։ Բայց հեշտ լուծելիք բան չի սա, դժվար խնդիր ա։ Հայաստանը ռեսուրսների քչություն ունի։ Մեր բոլոր ռեսուրսներն են քիչ, իսկ ամենասուրը երևի մարդկային ռեսուրսի հարցն ա, որը կրիտիկական սահմանի ա մոտեցել Հայաստանից կատարված հսկա արտագաղթի արդյունքում։ Մեր երազած Հայաստանը անհնար ա կառուցել առանց մարդկային ռեսուրսի հարցը լուծելու։ Վարչապետի քաղաքական թիմն իհարկե սա շատ լավ գիտակցում ա։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում խնդիր ա դրված առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը կրկնապատկել, էդ թվում՝ հայրենադարձության միջոցով, և Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում որպես նպատակ նշում ա էն, ինչը հիշատակվում ա կուսակցության ծրագրի նախաբանի հենց առաջին պարբերության մեջ՝ «հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը»։

Ո՞նց հասնել էս նպատակին։ Արդյո՞ք եթե Հայաստանում լինի օրենքի իշխանություն և արդարություն, դրսում ապրող հայերի զգալի մասը կգա ապրելու Հայաստանում։ Ինձ թվում ա՝ չէ, միայն դա բավարար չի։  Որովհետև դրսում ապրող հայերի մեծ մասը ապրում ա բարեկեցությամբ Հայաստանին մեծապես գերազանցող երկրներում, ունի աշխատանք, հաստատված սոցիալական կապեր, դրանցից հրաժարվելը արդեն հեշտ չի լինի իրանց համար, իսկ հայրենիքը, զուտ որպես հայրենիք, սիրել կարելի ա նաև հեռվից։ Եթե մենք ուզում ենք, որ աշխարհի բարեկեցիկ երկրներում ապրող հայերը գան նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, միայն մարդկանց հայրենասիրությանն ապավինելը քիչ ա, դրա համար մեր երկրում պետք ա լինեն զարգացումներ, որոնք մարդկանց կհրապուրեն դեպի Հայաստան։ Հայկական հեղափոխությունը հենց նման մի զարգացում էր, որը հայտնվեց աշխարհի լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում ու ես համոզված եմ, որ հազարավոր մարդիկ, որ երբեք իրանց հայ չէին էլ համարել, հանկարծ տեղեկանալով էդ զարմանալի հեղափոխության մասին, կապ զգացին Հայաստանի հետ, հիշեցին որ իրանց, ասենք, մորական տատն  ա հայ եղել, ու հանկարծ զգացին որ իրանք էլ են հայ։ Եթե հայկական հեղափոխությունը շարունակվի էն ձևով, որ Հայաստանում ընթանան մեր երկիրը աշխարհի զարգացումների առաջնագիծ դուրս բերող զարգացումներ, չի բացառվում, մեկ էլ հանկարծ պարզվի, որ աշխարհում ապրում ա ոչ թե յոթ-ութ միլիոն, այլ ասենք մի քսան միլիոն հայ։ Եվ էդ քսան միլիոնի մի զգալի մասը կուզեն գալ ու ապրել աշխատել Հայաստանում, իհարկե ոչ էն պատճառով, որ Հայաստանը մի հրաշքով մեկ-երկու տարում կդառնա ավելի բարեկեցիկ քան իրանց ապրած երկրները, այլ էն պատճառով, որ Հայաստանում ընթացող գործընթացները իրանց համար մարդկայնորեն հետաքրքիր և գրավիչ կլինեն։ 

Ապրիլյան հեղափոխությունը հաղթեց՝ յուրացրած լինելով և հմտորեն օգտագործելով նախորդ հեղափոխությունների, դիմադրական շարժումների հարուստ փորձը։ Եթե նույն ռազմավարությունը շարունակվի նաև հեղափոխության հաջորդ փուլերում՝ նոր Հայաստանի կառուցման ընթացքում, մենք կարող ենք, հաշվի առնելով համաշխարհային փորձը, կառուցել նոր, ժամանակակից, աշխարհի զարգացումների ավանգարդում գտնվող երկիր։