ՀԻՄԱ


ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Վերջերս, ապրիլյան պատերազմի հետ կապված, Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքում հետաքրքիր խոսակցություն սկսեց ազգայնականության շուրջ։ Եվ հաստատվեց էն, ինչը վաղուց գիտեի՝ որ «ազգայնական» բառը առավելապես բացասաբար ա ընկալվում Հայաստանում։ Պատճառը մեկը չի, մի քանիսն են։

Առաջինը՝ սովետական ժամանակներից եկող իներցիան։ Ես Սովետական Միության վերջին շրջանն եմ տեսել, ու անգամ էդ վերջին շրջանում «նացիոնալիստ» բառը հստակորեն բացասական իմաստ ուներ։ Դե իսկ Սովետի ավելի վաղ շրջանում դրա համար գնդակահարում էին՝ նացիոնալիստ լինելը բուրժույ լինելուն հավասար էր, գուցե դրանից էլ վատ։ Հետաքրքիր ա որ անգամ Սովետը քանդվելուց հետո «նացիոնալիստ» բառը չռեաբիլիտացվեց ու շարունակեց ընկալվել որպես բացասական։

Նշածս վերջին հանգամանքի մի հիմնական պատճառը հավանաբար էն ա, որ  nationalist բառը հիմնականում բացասական իմաստ ունի նաեւ ժամանակակից Արեւմուտքում։ Անգամ իսլամիստներին արեւմտյան ինտելեկտուալների որոշակի հակամեյնսթրիմ շրջանակներ համակրանքով են վերաբերվում, իսկ ազգայնականները նման «դիսիդենտական-պոզիտիվ» աուրա չունեն։ Ինչը նշանակում ա, որ միջազգային տիրապետող դիսկուրսով կողմնորոշվելու դեպքում որպես ազգայնական ներկայանալը դառնում ա ոչ էնքան հարմարավետ արարք։

Եվ վերջապես կա մի երրորդ պատճառ։ Նրանք, ովքեր էսօր Հայաստանում ամենից հայտնի են որպես ազգայնականներ, հիմնականում հակաազատական են, երբեմն նույնիսկ՝ հետադիմական։ Ու սա ոչ էնքան պատճառ ա, որքան արդյունք՝  նշածս նախորդ երկու հանգամանքների արդյունքը, քանի որ ազատական ազգայնականները, հիմնականում հենց նշածս պատճառներով, խուսափում են որպես ազգայնական ներկայանալուց։

Հիմա գամ ամենագլխավորին՝ ո՞րն ա ազգայնականությունը, ի՞նչ ա նշանակում լինել ազգայնական։ Ես պատասխանելու եմ որպես Հայաստանի քաղաքացի՝ հենվելով իմ կյանքի փորձի վրա, որը գիտեմ որ մենակ իմ փորձը չի։ Ազգայնականությունը էն ա, ինչն ինձ չի թողնում հեռանալ Հայաստանից։ Ես հստակ գիտեմ, որ Հայաստանից հեռանալու դեպքում կշահեմ թե նյութապես՝ ունենալով ավելի շատ փող, թե որպես գրող՝ անգլերեն գրելու դեպքում ունենալով անհամեմատ մեծաթիվ ընթերցող։ Բայց կկորցնեմ Հայաստանը։ Հայաստանը՝ որպես երկիր, որպես պետություն։ Ու էս հնարավոր կորուստն իմ համար ավելի ծանր ա կշռում, քան իմ շահելիքը։ Որովհետեւ ես ազգայնական եմ։

Մենակ թե չասեք՝ դա ոչ թե ազգայնականություն ա, այլ հայրենասիրություն։ Հայրենիքը կարելի ա սիրել նաեւ հեռվից։ Իսկ ազգայնական լինելը ենթադրում ա մասնակցություն Հայաստան երկրի կառուցմանը։ Հեռվից հնարավոր չի մասնակցել, մասնակցելու համար պետք ա լինել ներսում։ Հայաստանում էսօր ապրողների մի մասը մնացել ա, որովհետեւ չի կարողանում հեռանալ, մնացել ա՝ ստիպված։ Մյուս մասը չի հեռանում, որովհետեւ պաշտոն ունի ստեղ կամ բիզնես, որն ուրիշ տեղ չի կարող ունենալ։ Եվ կա երրորդ մասը, որը կարող ա հեռանալ, բայց չի հեռանում, եւ իրա շահը նյութական չի, քաղաքական ա։ Էս վերջինները հենց ազգայնականներն են՝ նրանք, որոնց համար Հայաստանի կառուցումը առաջնահերթություն ա, առաջնային ա՝ որպես քաղաքական արժեք։

Առանց ազգայնականության հնարավոր չի կառուցել Հայաստան երկիրը։

Տես նաեւ՝  ԱԶԱՏԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՐ ՄԵԿԸ ՀԱԶԱՐ ԴԱՌՆԱ)