ՀԻՄԱ


ԱԶԳ-ԲԱՆԱԿՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ


Բանակի հետ կապված վարչապետի երեկվա ուղիղ եթերից  հետո ֆեյսբուքում մի երկու գրառում տեսա, որոնց հեղինակները պնդում էին թե Նիկոլ Փաշինյանը դրանով պաշտպանում ա ազգ-բանակի կոնցեպտը։ Անգամ մեծաթիվ չլինելով, նման արձագանքներն ինձ անհանգստացնում են, դրա համար էլ ուզում եմ անդրադառնալ էս հարցին։

Վարչապետի որդու՝ բանակ մեկնելու փաստն ու դրա հանրայնացումը իհարկե կարևոր քայլեր են՝ բանակի նկատմամբ վստահությունը վերականգնելու ճանապարհին, իսկ բանակից էս կամ էն պատրվակով խուսափածներին ուղղված կոչը՝ ուղղել իրանց սխալը, կարող ա կոտրել որդիներին ամեն գնով բանակից ազատելու՝ որոշակի շերտերում տարածված պրակտիկան։ Բայց քանի որ Նիկոլի որդին բանակ ա մեկնում, եթե ճիշտ հասկացա, ուսումը կիսատ թողնելով, էստեղ բավական նուրբ հանգամանք ա առաջանում և որոշ հիմքեր գուցե իսկապես ստեղծվում են՝ կատարվածը ազգ-բանակ կոնցեպտի համատեքստում դիտարկելու համար։

Իսկ ազգ-բանակի կոնցեպտը բավական վտանգավոր կոնցեպտ ա և հակասում ա ապրիլյան հեղափոխությունից ունեցած իմ, և կարծում եմ ոչ միան իմ, ակնկալիքներին։ Ազգ-բանակի կոնցեպտը, ոնց որ հենց անունն ա ցույց տալիս, երկու հիմնական կողմ ունի, վերաբերում ա թե հայոց բանակի կազմակերպմանը, թե դրա հետ կապված՝ հայոց հանրության հազմակերպմանը։ Մասնագետ չլինելով, ես չեմ անդրադառնա առաջին կողմին, բայց երկրորդ կողմին անպայման ուզում եմ անդրադառնալ, քանի որ էն, թե ինչ ուղղությամբ կշարունակվի հայկական հեղափոխությունը, մեծապես կախված ա դրանից, մասնավորապես նրանից, թե մենք ինչ կոնցեպտ կկարողանանք հակադրել ազգ-բանակի կոնցեպտին։


Ազգ-բանակը ազգն ա, որը կազմակերպված ա որպես բանակ, կազմակերպված ա բանակի սկզբունքով։ Իսկ բանակի գլխավոր սկզբունքը կարգապահությունն ա, հրամաններին ենթարկվելը։  Ազգ բանակի կոնցեպտը բացառում ա ոչ միայն ժողովրդավարությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը, քանի որ դա գոյապահպանման, ոչ թե զարգացման կոնցեպտ ա։

Ազգ-բանակի կոնցեպտը ընդունվեց Սերժ Սարգսյանի օրոք, էն հիմնավորմամբ, թե մեծացել ա Ադրբեջանից եկող պատերազմի վտանգը։ Պատերազմի վտանգը իսկապես մեծացել էր, հիմա էլ մեծ ա ու ամենայն հավանականությամբ մեծ ա լինելու նաև մոտ ապագայում։ Ազգ-բանակի կոնցեպտը, որպես էդ վտանգի դեմն առնելու ձև, առաջարկում ա կծկվել, ազգ-բռունցք, ազգ-բանակ դառնալ, որպեսզի ռեսուրսներով մեզ գերազանցող հակառակորդը մեզ ջարդել չկարողանա։ Դրա համար էլ ասում եմ՝ դա գոյապահպանման, ոչ թե զարգացման կոնցեպտ ա։

Ադրբեջանը մեզ իսկապես գերազանցում ա նյութական ռեսուրսներով՝ ֆինանսով, բնակչության թվով, տարածքով և այլն, և կա միայն մեկ ռեսուրս, որով, ինչպես ցույց տվեց հայկական հեղափոխությունը, մենք ենք Ադրբեջանին, և ոչ միայն Ադրբեջանին, գերազանցում՝ դա ազատ մտածող և ինքնուրույն քայլերի ընդունակ քաղաքացին ա։ Հայկական հեղափոխությունից իմ ունեցած գլխավոր ակնկալիքն էն ա, որ մենք հենց մեր էդ ռեսուրսը դնենք նոր Հայաստանի կառուցման հիմքում, մեր առաջիկա կրթական և այլ ռեֆորմների հիմքում, որ մենք մեր էդ ռեսուրսի՝ հայաստանցու ազատ և նորարար մտքի միջոցով կառուցենք մեր երազանքների էն Հայաստանը, որը կլինի ոչ թե ազգ-բանակ կամ ազգ-ամրոց, այլ մեր տարածաշրջանի ամենազարգացած, առաջատար երկիրը։



Լուսանկարը՝ Հարություն Մարությանի