ՀԻՄԱ


ՈՐ ԵՍ ԵՐԵՎԱՆՈ՛ՒՄ ԾՆՎԵԻ


Ես լսեե-ցիի միի ա-նուուշ ձայն ․․․

Եվ մե-ղեե-դիին տխուր, մայրեե-նի / Հիշեց մանկուու-թյան օրեր,/ Մոո-րըս համ-բույրն ես ըզ-գաա-ցի, / Ա՜խ, ափսո՜ս որ եե-րազ էր։

Ես էս երգի տակ եմ մեծացել։ Մամաս երգում ու լացում էր։ Երբ որ արդեն էնքան մեծացա, որ երգի բառերը հասկանում էի, գլխի ընկա որ երգը մամայիս մոր հետ էր կապված, ինքը դրա համար էր լացում։ Ես երկու տատիկ ունեի, ոնց որ բոլորը, մորական տատս Հերմինե տատիկն էր, ճիշտ ա երբ որ ջղայնացնում էի վրաս գոռում էր, բայց ինձ շատ էր սիրում, ես էլ իրան էի սիրում, ու Հերմինե տատիկս հիվանդ չէր, ուրեմն ինչո՞ւ էր մամաս լացում։ Ինչքան մեծանում էի, էնքան էս առեղծվածն ինձ ավելի էր տանջում, ու մի օր, երբ որ մամաս նորից էդ երգն էր երգում ինձ քնացնելիս, հարցրի՝ «Մամ, էս Հերմինե տատիկի մասի՞ն ա»։ Մամաս չպատասխանեց, ասեց՝ քնի։ Հետո, արդեն քանի օր էր անցել, մեկ էլ մեր նկարների ալբոմը բերեց, բացեց թերթեց ու մատը դնելով մի նկարի վրա, ասեց՝ «Դու ուրիշ տատիկ ունես։ Է՛ս ա քո տատիկը»։ Նկարում երեք կանայք էին, մամայիս մատը մեջտեղինի վրա էր եւ էդ մեջտեղինը բնավ նման չէր իմ Հերմինե տատիկին։ «Էս քո Հնազ տատիկն ա», երեւի հասկանալով ինչ եմ հարցնելու, հարցս կանխեց մայրս։ Ու էլ բան չասեց։ Մայրս քիչ էր խոսում։



Էդ ալբոմը հիմա էլ կա՝ մուգ վարդագույն թավշե կազմով, որն էն ժամանակ դեռ մաշված չէր։ Էն հազվագյուտ օրերին, երբ որ սենյակում մենակ էի մնում, հանում էի դարակից ու նայում էի, նայում։ Արդեն ֆիքսել էի տատիկիս դեմքը, որը տարբեր նկարներից ինձ էր նայում շշմելու տարբեր կերպարանքներով՝ մեկ 20-րդ դարի Փարիզի մոդայով, մեկ ազգային տարազով, մեկ էլ հանկարծ ավելի պարզ ու ծանոթ հագուստով, բայց հոգնած ու տխուր։ Կային երկու նկար, որ կատարելապես առեղծված էին։ Դրանցում պատկերված էին, մի հին դռան առաջ երկու շարքով շարված, վեց հոգի։ Երեքը կին՝ ալբոմի մյուս նկարներից ինձ արդեն ծանոթ, երեքը կարծես նորից կին, նորից ծանոթ, բայց՝ տղամարդու պսե հագնված։ Ոչ թե պարզապես շալվարով, այլ հենց տղամարդու պես հագնված։ Ու էդ երեքից մեկը կարծես իմ տատիկն էր։ Բայց համ էլ ինքը չէր։ Էդ երկու նկարը տարիներ շարունակ տանջեցին իմ մանուկ հոգին, մինչեւ որ ես մեծացա, տեսա հայտնի դերասանուհի Սիրանուշի լուսանկարները Համլետ խաղալիս, եւ հանկարծ գլխի ընկա, որ մեր ալբոմի էդ նկարներն էլ են արված ներկայացումից հետո։ Տատիկս ու իրա հինգ ընկերուհիները Պոլսում ներկայացում են խաղացել՝ տղամարդու եւ կանանց դերերով, հետո բոլորով միասին նկարվել են։



Էս որ պատմեցի, էէէ՜ երբ էր, անցած դարում, տասնամյակներ են անցել դարձել, մամաս չկա արդեն։ Իսկ թավշե կազմով ալբոմը կա, դրած ա առջեւս, բացել նայում եմ, ու ականջներիս մեջ արձագանքում ա մամայիս ձայնը՝ «դու ուրիշ տատիկ ունես»։

Իմ ուրիշ տատիկը Հնազն ա՝ Հնազ Մեսիայան, ծնված 1905-ին՝ Սեբաստիայում։ Սեբաստիան Փոքր Հայքի քաղաքներից ա, Փոքր Հայքի թագավորության անկումից հետո եղել ա Պոնտոսի կազմում, Հռոմեական կայսրության կազմում, Բյուզանդիայի կազմում։ Տատիս ծնվելու ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր արդեն վաղուց եւ կոչվում էր Սըվազ` թուրքական արտաբերմամբ, բայց իմ ականջները միշտ լսել են Սեբաստիա՝ բնօրինակը: Մեսիայանները բժիշկների հայտնի գերդաստան էին, էդ կողմերում հաստատված դեռ 17-րդ դարից։ Հնազի հայրը՝ Կոզմաս Մեսիայանը նույնպես հայտնի բժիշկ էր։ Ի դեպ, մեծ պապիս անսովոր հնչող անունը՝ Կոզմաս, նույպես կապված ա բժշկության հետ։ Կոզմասն ու Դամիանոսը եկվորյակ բժիշկներ էին կիլիկյան Այասից, նահատակվել են վաղ քրիստոնեության շրջանում՝ Դիոկղետիանոսի հայտնի հալածանքների ժամանակ եւ քրիստոնեական եկեղեցու կողմից սրբացվել ու պաշտվում են որպես բժշկության հովանավորներ։ 1914-15-ին Սեբաստիայի հայությունը ենթարկվեց տեղահանության եւ կոտորածի։ Բայց Կոզմաս Մեսիայանի կարգի բժիշկներ Օսմանյան կայսրությունում քիչ կային, եւ նրան հնարավորություն տվեցին ընտանիքով տեղափոխվել Պոլիս՝ ռազմական բժիշկ աշխատելու։ Կորավ միայն ավագ որդին՝ Հրանտը, անհայտ հանգամանքներում։ Մյուս որդին՝ Հրաչը, մինչեւ էդ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 1927-ին Կոզմաս Մեսիայանը չորս դուստրերի եւ փոքր որդու հետ տեղափոխվեց Երեւան։ Ընդ որում չորս դուստրերից մեկը որդեգրված էր՝ մեծ պապս Սեբաստիայի փողոցներից մեկում տեսել էր փոքրիկ անապահով աղջկան, հետաքրքրվել համոզվել էր որ ընտանիքը միջոցներ չունի նրան պահելու, եւ որդեգրել էր Մարիամին՝ դարձնելով իր դուստրը։

Կոզմաս Մեսիայանը Երեւանում նույնպես զբաղվում էր բժշկությամբ։ Եւ ֆինանսապես անապահով չէր, մանավանդ որ Պոլսից հետը գումար էր բերել։ Բայց դրա մասին փառապանծ կագեբեն (կամ ոնց էին չեկիստները էդ ժամանակ կոչվում՝ արդեն չեմ հիշում) իհարկե գլխի էր ընկնում: Մեծ պապիս սկսում են առեղծվածային այցելուներ այցելել՝ հարցեր տալով ու շանտաժ անելով, որ փող պոկեն։ Փող չստանալով, ձերբակալում են։ Մեծ տատիս անունը Փարիզ էր, Փարիզ Շահինյան-Մեսիայանը գնում ա ձերբակալված ամուսնուն այցելության։ Կարծելով թե մենակ ա տեսակցության սենյակում, մեծ պապս կնոջն ասում ա՝ «Փարիզ, ես վախենում եմ սրանցից, գլուխս կուտեն, արի սրանց ուզածը տանք, ազատվեմ,հետո կտեսնենք», եւ ուզում ա կնոջը բացատրի թե որտեղ ա փողը, ոնց բերի։ Բայց Փարիզ տատը ավելի գլխի ընկնող ա լինում, հասկանում ա որ սենյակում մենակ չեն, մատը նախ տանում ա բերանին, թե՝ «սուս մնա», հետո մեկնում ա դեպի սենյակում գտնվող պահարանը։ Մեծ պապ դու մեծ պապ, վայրկենապես սլանում ա դեպի պահարանն ու բացում դուռը։ Մեջը նստած ա լինում մի փառապանծ չեկիստ։

Մայրս մեծ պապիս չէր տեսել, էս պատմությունները մամայիս մորաքրոջ զավակներն են ինձ պատմել։ Կոզմաս Մեսիայանը սովետական բանտ չնստեց, չեկիստների ուզած փողը սկզբում տվեց ազատվեց, բայց կուլ չտվեց անարդարությունը, հետամուտ եղավ, նամակներ գրեց էս ու էն կողմ, մինչեւ որ շորթվածը հետ ստացավ։ Համառ էր փաստորեն, բայց սիրտը չդիմացավ, 1936-ին մեծ պապս հանկարծամահ եղավ։ Երեք տարի անց, 1939-ին, մահացավ Փարիզ տատիկը, իսկ հաջորդ տարի՝ 1940-ին, թոքերի հիվանդությունից մահացավ նրանց աղջիկը՝ Հնազ Մեսիայանը՝ 35 տարեկանում։ Մայրս
՝ Արմինե Արմենյանը, կար արդեն, 5 տարեկան էր։ Ներքեւի նկարը Սոչիում ա արված, վրան թվական չկա, բայց դատելով մորս ու Արմեն քեռուս տարիքից՝ տատիս մահվանից երկու կամ երեք տարի առաջ ա արված, Հնազն արդեն հյուծված ա, մահվան ներկայությունը՝ աչքերի մեջ։



Մայրս 1940-ին կար արդեն, որովհետեւ տարիներ առաջ, 1922-ին, Պոլսից Երեւան էր տեղափոխվել Ռուբեն Արմենյանը եւ Արաբկիրի էն փողոցում, որն էսօր Ավետ Ավետիսյանի անունն ա կրում, հանդիպել էր 1927-ին Պոլսից Երեւան տեղափոխված Կոզմաս Մեսիայանի աղջկան։ Հանդիպել էր ու սիրել։ Ես չեմ տեսել իրանց՝ ոչ Ռուբենին, ոչ Կոզմասին, ու իրանք չկան, որ ասեմ՝ շնորհակալ եմ, շնորհակալ եմ որ չգնացիք փարիզներ կամ ամերիկաներ, այլ եկաք Երևան։ Որ ես Երևանո՛ւմ ծնվեի։

Տես նաեւ՝ 
ՌՈՒԲԵՆ ԱՐՄԵՆՅԱՆ