ՀԻՄԱ


ՄԿՐՏԻՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


Մկրտիչ Մաթևոսյանը ցուցահանդես ա բացել Գյումրիում։ Բացումը մայիսի 26-ին էր, գնացքով գնացի։ Ես գնացք շատ եմ սիրում, իսկ Հայաստանում վերջին անգամ գնացք էէէ, մանկությանս տարիներին էի նստել։ Գյումրի տանող արագընթացը լավն էր, չհաշված մեկ-երկու տարօրինակություն, էդ թվում՝ ուղևորներին աչալուրջ հսկող ոստիկանը։ Ճամփին լուսանկարներ արեցի, նաև Գյումրիում ահագին նկարներ արեցի, մինչև ցուցադրման վայրը՝ Բեռլին արթ հոթել հասնելը։ Իսկ Բեռլին հոթելում ոչ միայն ցուցադրությունն էր հետաքրքիր, այլ նաև հետաքրքիր մարդիկ էին հավաքվել, և օրը շատ հավես անցավ։ Նաև հեռուստալրագրողներ կային, առաջարկեցին, խոսք ասեցի Մկրտիչի ցուցահանդեսից ստացած տպավորություններիս մասին, բայց հետո իմացա որ տեխնիկական պատճառներով ձայնագրությունը չի գրանցվել։  Քանի որ ասածիս մեջ կարծես հետաքրքիր պահեր կային, փորձելու եմ նորից ձևակերպել խոսքս, էս անգամ՝ գրավոր։

Էս վերջերս շատ եմ լուսանկարներ անում, մեծ հաճույք ա իմ համար։ Լուսանկարը նկարի (կամ հին բառով եթե ասեմ՝ գեղանկարի) փոքր եղբայրն ա,  ու ինձ թվում ա եղբայրների հարաբերությունները բավական բարդ են, մեկ-մեկ մտքովս անցում ա՝ եթե լուսանկարով հնարավոր ա սենց հավես պատկերներ ստանալ, ուրեմն էլ ինչո՞ւ վրձնով նկարել։ Հենց դրա համար էլ  նկարչական ցուցահանդես գնալիս ես հիմա կասկածամիտ եմ՝ հաճո՞ւյք կստանամ թե կջղայնանամ։  Գյումրիի Բեռլին Արթ հոթելում ցուցադրված Մկրտիչի նկարներին նայելիս ես չէի ջղայնանում, դրանց նայելը հաճույք էր։ Հետաքրքիր ա, որ դրանք բոլորը աբստրակտ նկարներ էին, բայց դրանց միջի աբստրակցիան տարբեր էր։ Երեք հիմնական շերտ կար կարծես՝ թանձր, ուժեղ գույներով նկարները (էս երևի թե ամենավաղ գործերն էին), նկարները, որոնցում գույները քչանում, մոտենում էին սպիտակի, և վերջապես երրորդ շերտը՝ փոքրիկ ֆորմատի սև-սպիտակները (հետո Մկրտիչն ինձ պատմեց, որ դրանք նկարված չեն, այլ յուրօրինակ տպագրական ready-made են)։ Էնքան հետաքրիր էր սենյակներով-միջանցքով պտտվելն ու էդ երեք շերտերը իրար հետ համեմատելը։ Աբստրակցիան պատմողական տարր չունի, ուղղակիորեն ոչինչ չի պատմում, բայց ակնհայտ էր որ թանձր գունային հագեցվածություն ունեցող նկարները որոշակի զգացմունքային հագեցվածություն ունեին նաև, գույնը փաստորեն ինքնին, անգամ առանց պատկերի, զգացմունք ա փոխանցում։ Գույների քչանալու հետ զգայականությունն էլ էր քչանում, իսկ երրորդ՝ վերջին շերտում զգացմունքը կարծես ընդհանրապես անհետանում էր, և աբստրակցիան հասնում էր երևի թե հնարավոր առավելագույնի, մնում էր պատկերը որպես միտք։ Միտք-պատկեր։

PS – Գրեցի վերջին նախադասությունը, ու մեջս մի միտք ծնվեց։ Հետաքրքիր կլիներ եթե Մկրտիչը փորձեր իրա ready-made-երից մեկ-երկուսը վերանկարել ձեռքով։ Տեսնես ի՞նչ տարբերություններ ի հայտ կգային։