ՀԻՄԱ


ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ


Ա

Ձմեռ ա, ձյուն ա, 
մի քանի օրից Նոր տարի ա գալիս, 
Լևոնն ասում ա հաշտություն կնքենք, 
թե չէ պատերազմ կլինի։

Ու ես հիշում եմ՝
տարիներ տարիներ առաջ 
ձմեռ էր նորից բայց վերջն էր արդեն, 
գարուն էր դիմացը ու լիքը մարդ կար փողոցներում, 
քայլում ու խոսում խոսում էի բոլորի հետ, 
չնայած էն ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում,
ընդամենը հենց նոր մի շարք էի տպագրել 
Գարուն ամսագրում,
բայց էդ կապ չուներ, որովհետև բոլորն էլ 
նոր էին դուրս եկել փողոց 
և ոչ մեկն էլ մյուսին չէր ճանաչում, 
բայց բոլորը նույն բանից էին խոսում, 
ու էդ բանի անունն էր՝ 
Ղարաբաղ։


Բ

էսօրվա պես հստակ հիշում եմ
մի ֆենոմեն,
որը շատերը կհաստատեն երևի։
1988-ը ավարտվել էր
ու վանկարկող մարդկանց հեղեղը չկար արդեն փողոցներում,
բայց հենց մեկը շենքում բացում էր ջուրը,
կամ միանում էր կենտրոնական ջեռուցումը,
հանկարծ հստակ լսվում էր ձայնը՝
ՂԱԱ - ՐԱ - ԲԱԱՂ
ու չնայած տեսնում էիր որ կողքիդ մարդիկ չկան, 
պարզ հասկանում էիր որ էդ ջուրն ա հոսում ձեր շենքի խողովակներով, 
բայց մեկ ա ձայնը հստակ էր ու հատու,
հետո, ջուրը փակելուն պես, կտրվում էր։

Էսօր, երբ գրում ես էս տողերը, արդեն հունվարն ա,
Տեր-Պետրոսյանի սկսած բանավեճը շարունակվում ա,
ընկերներիցս ոմանք համաձայն են Լևոնի հետ,
ու գիտեմ, կարդալով վերևի պատմությունը, ասելու են՝
տեսնո՞ւմ ես, Մարինե, դու խաբկանքների ես հավատում։

Մի կարևոր Գրքում 
իզուր չի գրված, թե ամենասկզբում Բառն էր։
Էս աշխարհը տեքստ ա, 
որն ամեն մեկը մեկնաբանում ա յուրովի։


Գ

ես Ղարաբաղում առաջին անգամ եղել եմ 2008-ին, 
իսկ մինչև դա՝ էդ կողմերում ոչ մի ծանոթ չունեի,
ուրեմն ինչո՞ւ էի ես 1988-ին իջել փողոց,
և ինչո՞ւ էր սիրտս խփում, երբ լսում էի էդ բառը՝
Ղարաբաղ։

Հիմա, երբ գրում եմ էս տողերը, արդեն 2017-ի հունվարն ա,
ու քանի որ էս տարում շարունակվելու ա բանավեճը
Ադրբեջանի հետ հաշտության հասնելու վերաբերյալ, 
վերևում տվածս հարցը շատ կարևոր ա,
քանի որ մենակ իմ սիրտը չէր որ խփում էր,
ու մենակ ես չէ որ իջել էի փողոց,
այլ հարյուր հարյուր հազարները:

Դ

Բրեժնևյան Սովետական Միությունում, որտեղ ես ծնվել էի
ցույցեր չկային, կային շքերթներ։ Կար մայիսմեկյան շքերթը,
կար նոյեմբերիյոթի շքերթը, առաջինը աշխատավորների համերաշխության
օր էր կոչվում, երկրորդը հոկտեմբերյան հեղափոխության օրն էր՝
նոր տոմարով, և դրանցից ոչ մեկը հայաստանցու մտածումների հետ
առանձնապես կապ չունեին, հոկտեմբերյան հեղափոխությունը
եղել էր վաղուց, անցել էր պատմության գիրկը, դրանից մնացել էին
միայն պետական ծեսերը՝ շքերթների տեսքով,
իսկ ներկան, որն էդ հեղափոխության ծնունդն էր, թվում էր անշարժ,
անփոփոխելի, հավերժ։ Ու մեկ էլ հանկարծ՝
Ղա-րա-բաղ, Մի-ա-ցում։  

Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը, չնայած արվել էր
ՍՍՀՄ սահմանադրության տառին համապասխան, լրիվ դուրս էր
սովետական կյանքի տրամաբանությունից։ Ինչո՞ւ եք ուզում
Հայկական ՍՍՀ-ին միանալ, եթե Ադրբեջանական ՍՍՀ կազմում
ձեզ տնտեսապես ավելի ձեռնտու ա, հարցնում էին սովետական լրատվամիջոցները՝ Ստեփանակերտում և Երևանում ցույցի դուրս եկած հայերիս։
Այ էս հարցը լրիվ բրեժնևյան Սովետի տրամաբանության մեջ էր,
որովհետև ըստ էության էս էր ասում՝ ինչո՞ւ եք ձեր անցավ գլուխը զոռով
ցավի տակ դնում, հանուն ինչի՞։
Եվ իսկապես՝ հանուն ինչի՞։  

Չնայած ստալինյան ժամանակները անցյալում էին, բայց մեկ ա,
ձերբակալվելու վտանգը շատ ռեալ էր ցուցարարների համար, ու գիտենք՝
ի վերջո շատերը հայտնվեցին բանտերում, բայց մարդիկ հազար հազարներով
լցվել էին փողոցները՝ Ստեփանակերտում, Երևանում, դեռ Հայաստանի մյուս քաղաքներից էլ ոտքով գալիս էին Երևան, իսկ երբ պարզ դարձավ, որ Մոսկվան հստակ «չէ» ա ասում Արցախի միավորման պահանջին, «Ղարաբաղ» գոռացողները չքչացան, հակառակը՝ շատացան։
Ինչո՞ւ։ Հանուն ինչի՞։


Ե

Սովետական Միությունում կար պաշտոնական օրակարգ՝ կառուցում ենք կոմունիզմ, բայց էդ օրակարգը վաղուց արդեն մնացել էր
միայն կինոներում ու դասագրքերում, որոնք կարդում էին
դաս պատասխանելու և թվանշան ստանալու համար, ու որոնց ոչ ոք
արդեն չէր հավատում։  

Իսկ Սովետական Հայաստանում, որը Սովետական Միության
մի մասն էր, մարդիկ դասագիրք սերտելուց, դաս պատասխանելուց և Լենինի
ու Կամոյի մասին կինոներ նայելուց բացի կարդում էին
պատմավեպեր։ Էդ պատմավեպերը կարող էին գրված լինել տաղանդավոր
կամ ոչ էնքան տաղանդավոր ձեռքով, դրանցում դեպքերը կարող էին
կատարվել միջնադարում, կամ էլ մեր ժամանակներին ավելի մոտ
դարերում, բայց դրանց բոլորին միավորում էր մեկ բան՝ դրանք բոլորը
փոխանցում էին ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ։

Ի՞նչ էր ասում էդ հայկական օրակարգը։ Ասում էր՝ հավաքում ենք
հողերը որոնց վրա հայեր են ապրում։ Ասում էր՝ ՀՈՂԱՀԱՎԱՔ։
Ինչո՞ւ հողահավաք, ինչո՞ւ ենք հողերը հավաքում։
Որ դրանց վրա մեր պետությունը վերակագնենք, որը ունեցել
բայց հետո կորցրել ենք։ ՀՈՂԱՀԱՎԱՔ։ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ։ Էս էր հայկական օրակարգը։ Հենց էդ օրակարգն էր
հարյուր և հարյուր հազարների հանել Երևանի փողոցները։
Ղարաբաղ։ Միացում։ Հայաստան։

Զ

Էսօր, երբ գրում եմ էս տողերը, արդեն 2017-ի
հունվարն ա, 88-ից անցել ա 29 տարի՝ մեկ երրորդ դար,
էդ անցած 29 տարում մեր հայկական օրակարգի շուրջ—հողահավաք, 
պետականության կայացում—
տարօրինակ բաներ են կատարվել։ Մենք ոտքի կանգնեցինք,
ու մնացինք կանգնած էնքան, ինչքան պետք էր, հետո
Ադրբեջանը պատերազմ սկսեց մեր դեմ, ու մենք էդ պատերազմում
հաղթեցինք։ Բայց Ղարաբաղը մինչև հիմա Հայաստանին միացած չի։
Ու Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, որին
անվանում են նաև հիմնադիր նախագահ, ասում ա, թե
Ղարաբաղի հարցը խանգարում ա մեր պետականությանը։
Տարօրինակ ա չէ՞։


Է
ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայաստանի առաջին նախագահը ունի խարիզմա, 
և բոլոր խարիզմատիկ գործիչների նման,
ունի պաշտողներ, ունի դիվականացնողներ։
Դրանց թիվը պարբերաբար փոխվում ա,
մեկ առաջիններն են գերակշռում մեկ երկրորդները,
բայց երկուսն էլ միշտ կան,
ու երբ առաջին նախագահը խոսում ա,
ոնց որ խոսեց անցած դեկտեմբերին, ՀԱԿ համագումարում,
պաշտողների և դիվականացնողների միջև անմիջապես խաղարկվում ա
սպիտակների ու սևերի սրբազան պատերազմը,
որը վարագույրի պես ծածկում ա ասվածի բուն իմաստը
և դրա հնարավոր հետևանքները։  

Ես ոչ առաջին նախագահին պաշտողների մեջ եմ,
ոչ դիվականացնողների,
դրա համար էլ ուզում եմ անջատել
սրբազան պատերազմ խաղարկող էդ կինոն,
և որպես մարդը մարդուն,
Լևոն Տեր-Պետրոսյանին ուզում եմ տալ մի հարց։  

Եթե համոզված եք և միշտ համոզված եք եղել,
ոնց որ դեկտեմբերի ելույթում ասեցիք,
թե Հայաստանի թիվ մեկ խնդիրը Ադրբեջանի հետ հաշտություն կնքելն ա,
իսկ մնացած հարցերը՝
աղքատությունը, արդարության բացակայությունը, կոռուպցիան,
ընդամենը դրա հետևանքն են՝ այսբերգի երևացող մասը,
ինչո՞ւ ուրեմն դուք 2007-2008-ին, Ազատության հրապարակում,
հազար հազարների առաջ,
խոսում էիք ավազակապետության դեմ պայքարից,
այլ ոչ թե նրանից, ինչը, ձեր կարծիքով, ամենակարևորն ա։
Գուցե է՞ն պատճառով, որ էդ դեպքում
ձեր թեկնածությունը կպաշտպանեին ոչ թե հազար հազարներ,
այլ ընդամենը մի փոքր խումբ մարդիկ։
Բայց չէ՞ որ սա, մարդկային պարզ լեզվով ասած,
կոչվում ա՝ խաբել։ 

(Լռություն)

Ը  
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ձմեռ ա, ձյուն ա, հունվարն ավարտվեց,
շուտով ձմեռն էլ կավարտվի, իսկ գարնանը
ընտրություններ են, և էդ ընտրություններին
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը,
ծնված 2007-2008-ի շարժումից, գնում ա
«խաղաղություն հաշտություն բարիդրացիություն» կարգախոսով։  

Խաղաղություն—ինչ լավ բառ ա չէ՞,
հաշտությունն էլ ա լավ բառ,
բայց ո՞նց, ո՞նց հաշտություն կնքենք մեր բարի դրացիների հետ,
եթե էդ բարի դրացիների բարի ղեկավար
Իլհամ Ալիևը համաձայն չի, անգամ յոթ շրջանները վերադարձնելու
դիմաց, ընդունել Ղարաբաղի ինքնորոշումը։
Ուրեմն ո՞նց, ո՞նց հաշտություն կնքենք, Ղարաբաղը
վերադարձնելով Ադրբեջանի՞ն։  

Կարևոր չի, կարևոր չի, կարևոր չի ոնց,
ասում ա Լևոն Տեր-Պետրոսյանը,
ամեն գնով պետք ա, ամեն գնով, պետք ա հաշտություն կնքել, անպայման
պետք ա էսօր կնքել, եթե էսօր չկնքեցինք, վաղը
ավելի վատ ա լինելու, 
վաղը շատ վատ ա լինելու, շատ վատ,
աղետ ա լինելու,
մեր ռեսուրսը սպառված ա, մենք ռեսուրս չունենք,
աղետ ա լինելու։  

Ամեն անգամ էս պնդումը լսելիս՝ թե մենք ռեսուրս չունեք,
իմ սիրտը քիչ ա մնում կանգնի, որովհետև
աչքերիս առաջ ա գալիս 2007-2008-ի Ազատության հրապարակը,
ու չնայած Հայաստանի առաջին նախագահը չպատասխանեց
իմ տված առաջին հարցին, մեկ ա,
ես տալու եմ երկրորդ հարցը,
գուցե վերջինը, գուցե՝ ոչ։  

Դուք ո՞նց կարողացաք, 
2007-ին, 
շշմելու վարպետությամբ, 
հանճարեղ վարպետությամբ,
իրար գլխի հավաքել էդ հսկա ռեսուրսը, 
հետո 2008-ին, 
նույն շշմելու վարպետությամբ, 
հանճարեղ վարպետությամբ,
տանել ու ջուրը լցնել էդ հսկա ռեսուրսը, 
որ հիմա գաք ու 
հանճարեղ իմաստնությամբ,
հանճարեղ անմեղությամբ, 
ասեք՝ 
Հայաստանը ռեսուրս չունի։


Թ
ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ

Անցած օրը ընկերներիցս մեկը,
Հայ ազգային կոնգրեսի համակիր,
ինձ ասեց՝
Մարինե,
դու շուտ շուտ ես կարծիք փոխում,
ժամանակին Լևոնին քննադատեցիր,
հետո ասեցիր որ սխալվել ես,
որ ցավում ես դրա համար,
հիմա նորից ես քննադատում,
գուցե վաղը նորի՞ց ասես որ սխալվել ես։  

Շատ ցավոտ հարց ա,
գուցե մյուս ընկերներիս մտքում էլ էս հարցը կա,
ուզում եմ սրա մասին խոսել։  

Հա, տխրում եմ,
տխրում եմ նրա համար ինչ եղավ,
տխրում եմ որ նորից հավատացի, նորից խաբվեցի,
բայց տխրելով հանդերձ,
չէ, չեմ ափսոսում,
մտածել եմ դրա մասին,
շատ,
ու չէ, չեմ ափսոսում
Լևոնին հավատալու իմ վերջին փորձի համար։  

Չեմ ափսոսում,
որովհետև, իմ սիրելի ՀԱԿ համակիր ընկերներ ջան,
եթե ես կրկնակի խաբվելու էս ցավոտ փորձը չունենայի,
չէի կարողանա հասկանալ էն առեղծվածը,
թե ոնց ա լինում,
որ դուք,
ազնիվ լինելով հանդերձ,
խելոք լինելով հանդերձ,
էսօր պաշտպանում եք
Լևոնի սարսափելի դիրքորոշումը
Հայաստանի ապագայի հարցում։  


Ժ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ

Ընկերներ ջան,
ես գիտեմ
ինչն ա ձեզ պահում,
ինչն ա որ ձեզ չի թողնում
հեռանալ ՀԱԿից
ու Լևոնից:

Կարոտը։

2007-2008-ի
էն հրաշք օրերի
կարոտը 
երբ Ազատության հրապարակը
բոլորիս տունն էր։

Էդ օրերին
հարթակում Լևոնն էր։

Բայց հիշեք`
մենք Ազատության հրապարակում էինք
ոչ թե պարզապես գոռալու՝ Լևոն, 
այլ ասելու,
որ մենք ենք Հայաստանը՝
ազատ և ուժեղ։

Ու հիմա
երբ Լևոնը պարզ հայտարարեց,
թե մենք ոչինչ ենք, 
ոչ մի բան ենք,
թե մեր երկրի զարգացումը մեզանից կախված չի,
թե ամեն գնով պետք ա հաշտվենք Ադրբեջանի հետ՝ 
էդ ա ամենակարևորը,
թե արտագաղթի 
ու մեր բոլոր խնդիրների պատճառը 
Ղարաբաղյան հարցի չլուծված լինելն ա,
իսկ ավազակապետություն բան էդ սաղ բլեֆ էր,
էդ արդեն կարևոր չի, 
դուք համաձա՞յն եք իրա հետ։

Իսկ եթե համաձայն չեք,
ինչո՞ւ եք լռում։



Ի  
ՄԱՐԴԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ

Լևոն Տեր-Պետրոսյանը
չի հավատում
հայաստանցիներիս
կարողությանը`
Ղարաբաղի հարցում
և ընդհանրապես։  

Էդ իրա,
որպես մարդու,
իրավունքն ա՝
հավատալ կամ չհավատալ
ինչին ուզում ա։  

Բայց քանի որ Լևոնը
Հայաստանի Հանրապետության
առաջին նախագահն ա
և որոշիչ դեր ա խաղացել
մեր երկրի հիմնադրման մեջ
ու մեր երկրի
հետագա զարգացումներում,

Ու քանի որ Լևոնը
անգամ հիմա,
անգամ երկրորդ անգամ պարտվելուց հետո,
զգալի ազդեցություն ունի
Հայաստանի քաղաքական և ինտելեկտուալ
շրջանակներում,
չխոստովանվող, բայց մեծ ազդեցություն ունի
անգամ իրա քաղաքական հակառակորդների շրջանակներում,  

Լևոնի՝
հայաստանցիներիս ուժին չհավատալը
էն գլխից եղել ա
ու էսօր էլ դեռ կա
որպես դաշույնի հարված
Հայաստանի Հանրապետության
սրտին։



Լ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Բրեժնևյան տարիներին 
սովետական պրոպագանդան դեռ սևացնում էր Արևմուտքը, 
բայց հակառակ դրան 
մենք՝ Սովետում ապրողներս 
արդեն գիտեինք, տեղյակ էինք, 
որ Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում 
կյանքն ավելի բարեկեցիկ ա, 
մարդիկ ավելի ազատ են ապրում, քան մենք, 
դրա համար էլ երբ որ Սովետը քանդվեց 
ու Հայաստանն անկախացավ, 
մենք կարծում էինք 
թե մեզ պարտադրվածը արագ դեն կշպրտենք, 
ազատ շուկայի առաջ դռները լայն կբացենք, 
ազատ շուկան կգա, 
մեզ կդարձնի ազատ, հարուստ ու երջանիկ։   

Բայց չէ, 
տենց չեղավ։   

Կյանքը, ավելի բարեկեցիկ դառնալու փոխարեն, 
դարձավ ավելի անապահով,  
ավելի լարված,
 
ավելի դաժան։   

Էդ ժամանակ Բաղրամյան 26-ում 
Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ 
Հայաստանի ներկա Հանրապետության 
առաջին նախագահը, 
ընտրված հսկա ոգևորության ալիքի վրա։   

1996-ին, 
երկրորդ նախագահական ընտրությունների ժամանակ, 
էդ ոգևորությունն արդեն չկար, 
կար հուսախաբություն, 
կար ջղայնություն 
և կային շատ հարցեր։   

Թվում էր՝ 
նոր նախագահական ընտրությունները 
էն հարթակն էին, 
որտեղից փորձ կարվի 
պատասխանելու էդ հարցերին, 
մանավանդ որ 
96-ի ընտրությունների երկու հիմնական թեկնածուներն էլ՝ 
թե Լևոն Տեր-Պետրոսյանը, 
թե Վազգեն Մանուկյանը 
88-ի շարժման առանցքային դեմքերից էին։   

Բայց չէ, 
տենց չեղավ։   

1996-ի ընտրությունները անցան ոչ թե բանավեճի, 
ոչ թե Հայաստանը զարգացնելու հարցում 
տարբեր ծրագրերի ներկայացման,
այլ փոխադարձ մեղադրանքների, 
ատելության, 
ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտում, 
դժվար ա հետադարձով հիմա հասկանալ՝ 
ով ինչքան ձայն էր հավաքել իրականում,
բայց հաստատ ա որ կեղծիքներ եղան, 
հաստատ ա որ հայաստանցիների մի մեծ մասը 
էդ ընտրությունների պաշտոնական արդյունքերին 
չհավատաց, 
եղան բողոքի հզոր ցույցեր, 
ցուցարարները ջարդեցին Ազգային ժողովի պարիսպները, 
դիմեցին բռնության, 
իշխանությունը Երևան մտցրեց տանկեր։

Ու տենց ստեղծվեց 
կեղծված ընտրությունների, 
դրանց հաջորդող բողոքի ու բռնությունների 
չարագուշակ նախադեպը, 
որն ական ա 
դրված Հայաստանի Հանրապետության 
ամենահիմքերում։   

Էդ չարագուշակ 
նախադեպը ստեղծող ընտրություններից
հազիվ մեկ տարի անց 
Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց 
«Պատերազմ թե խաղաղությունը» 
ու հրաժարական տվեց։  



Խ
«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»

Չորս տարի առաջ էր, հավաք էի կազմակերպել քաղաքական թեմաներով, ու էդ հավաքի մասնակիցներին հրավիրելիս, նախ առանձին զրուցում էի հետները: Էդ զրույցներից մեկի ժամանակ խոսակիցս, սենց ասեմ՝ բնավ ոչ ընդդիմադիր, հանկարծ մեկ էլ ասեց (գուցե գարեջուրը ինչ-որ չնախատեսված թունդ էր)` «դե Սերժ Սարգսյանը գուցե իսկապես լավագույն ղեկավարը չի, բայց ինքը ղարաբաղցի ա, էդ շատ կարևոր ա, ինքը կկարողանա ղարաբաղցիներին համոզի, Ադրբեջանի հետ կհաշտվենք, ու դրանից հետո Հայաստանն արդեն արագ կզարգանա»։ 

Ես ահագին անակնկալի եկա՝ Լևոնի հայտնի դրույթը լսելով, սենց ասեմ, ոչ ընդդիմադիրի շուրթերից, ու պարզ հիշում եմ որ հենց էդ ժամանակ, տարիների խորքից, մեջս արթնացավ մեկ ուրիշ հիշողություն։ 1998-ն էր, մամաս դեռ կենդանի էր, վիրահատությունից հետո ճառագայթում էր ընդունում, միասին հիվանդանոցում էինք, իսկ մի քանի օրից ընտրություններ էին։ Մեկ էլ բժշկուհին ներս մտավ, ու ոչ էնքան ոգևորված, բայց սկսեց քարոզել, թե պետք ա ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Ինչո՞ւ։ «Որովհետև ինքը ղարաբաղցի ա, կկարողանա համոզել ղարաբաղցիներին, Ղարաբաղի հարցը վերջապես կլուծվի, ու մենք կկարողանանք շունչ քաշել»։ Հիմա որ լիներ, հարցեր կտայի բժշկուհուն, հասկանալու համար՝ հրահանգավորվածը միայն քարո՞զն էր՝ Քոչարյանի օգտին, թե նաև էդ քարոզի գլխավոր փաստարկն էին հուշել՝ ղարաբաղցիներին համոզել կարողանալու պահով, բայց էդ իրականում շատ կարևոր չի։ 

 Կարևորն ու տխուրը՝ Լևոնի «Պատերազմ թե խաղաղության» գլխավոր պնդումը՝ «Քանի Ադրբեջանի հետ հաշտություն չենք կնքել, Հայաստանում վատ ա լինելու», մարդկանց կողմից յուրացվել ա, աշխատում ա, գործում ա։ 

 Գործում ա որպես թակարդ։ 

 P.S. Տեսնես «Պատերազմ թե խաղաղությունը» գրելիս Լևոնի մտքով կանցնե՞ր, որ դրա գլխավոր թեզը կաշխատի իրա քաղաքական ախոյանների օգտին։ Չնայած, Սերժն ու Ռոբերտը միշտ չէ, որ Լևոնի ախոյաններն են եղել, ընդհակառակը՝ անկախության առաջին տարիներին Սերժն ու Ռոբերտը Լևոնի թիմն էին՝ Ղարաբաղում։

Ծ
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ

/օրեր առաջ մամուլում գրվեց էն մասին, թե Հայաստանի դպրոցներում շուտով կանցնեն «Ցեղասպանություն» առարկան։ Շատերը ջղայնացան, շատերն էլ պատասխանեցին ծաղր ու ծիծաղով։ Շուտով պարզվեց՝ լուրը ճշգրիտ չէր, «ցեղասպանություն» առարկա դպրոցներում անցնելու մտադրություն չկա, խոսք ա գնում ընդամենը ձեռնարկի մասին, որով ուսուցիչներին կսովորացնեն՝ ոնց տարբեր տարիքի աշակերտներին ներկացնել ցեղասպանության եղելությունը։ Աղմուկը լռեց։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ կատարվածին, որովհետև դրա հետևում շատ վտանգավոր մտածողական-հոգեբանական թնջուկ կա։ Ու քանի որ ծաղրական քոմենթներ գրածներից շատերը իմ ընկերներն են, ուզում եմ նախևառաջ հենց իրանց էլ դիմել/


Ընկերներ ջան,
դպրոցում ցեղասպանությունը անցնելու մեջ
ի՞նչն էր զվարճալի,
ինչո՞ւ էիք դուք ծիծաղում։

Համաձայն չէի՞ք, կարծում էիք պետք չի՞,
հանգիստ քննարկեիք,
բայց ինչո՞ւ էիք ծիծաղում։

Արդեն գիտեք երևի,
որ տեղեկությունն աղավաղված էր,
խոսքն ընդամենը գնում ա ուսուցչական ձեռնարկի մասին,
ոչ թե ցեղասպանություն առարկայի։

Բայց ես ձեր ծիծաղը
չեմ կարողանում մոռանալ։

Ու ինձ թվում ա ես հասկանում եմ
ինչու էիք դուք ծիծաղում։

Որովհետը տհաճ ա, ահավոր տհաճ ա հիշելը 
ինչ որ եղել ա։
Տհաճն էլ էն բառը չի, չգիտեմ ինչ բառ գտնեմ։
Երևի ասեմ՝ զզվելի։
Դուք ծիծաղում էիք, որ հաղթահարեք զզվանքը։
Ձեր ծիծաղն ասում էր՝ «հերիք ա խոսեք էդ մասին»։

Բայց դուք կարծում եք մոռանալը ե՞լք ա,
կարծում եք եթե մոռանանք ամեն ինչ լուսավոր կլինի 
ու պայծա՞ռ։

Էն, ինչ որ կատարվել ա մեր հետ 1915-ին,
իսկապես տհաճ ա, ահավոր, զզվելի,
բայց էդ ամեն ինչը եղել ա,
ու եղել ա հենց երեկ, 
ու մեր էսօրը մի խոշոր չափով հենց էդ երեկվա արդյունքն ա,
ու եթե ուզում ենք մեր վաղը լուսավոր լինի ու պայծառ,
պետք ա հիշենք,
պետք ա վերլուծենք,
որ կատարվածի պատճառները
և հետևանքները
ճիշտ հասկանանք,
որովհետև էդ պատճառները
և հետևանքները
ուղիղ գծով
մեր ներկայի հետ կապ ունեն
ու մեր ապագայի։

Իրականում 1915-ին տեղի ունեցածը
դեռ մինչև էսօր
մնում ա քաղաքականապես չիմաստավորված,
մնում ա հուզական, ենթագիտակցական մակարդակում,
ու հենց դրա արդյունքում էլ
շատերի մեջ նստած կա
բարձրաձայն չարտասանվող էն մտայնությունը, թե
"եթե մենք մեզ լավ պահեինք,
եթե շատ վեր վեր չթռնեինք,
1915-ը չէր լինի»։

Ու էս ամեն ինչը անցյալին չի վերաբերում,
էս ամեն ինչը մեր ներկային ա վերաբերում
ու մեր ապագային։

Որովհետև նշածս պատրանքը, թե
«1915-ի պատճառը
մեր մեծ ախորժակն էր,
հակառակ դեպքում
թուրքերը մեզ չէին կոտորի»,
էսօր,
ենթագիտակցության ոլոր մոլոր ուղիներով,
գալիս հանգում ա մեկ ուրիշ պատրանքի՝
եթե վերցրած հողերը վերադարձնենք,
Ադրբեջանի հետ կհաշտվենք 
ու ամեն ինչ պայծառ
լուսավոր կլինի։

Ու էս էն պատրանքն ա,
որը կարող ա մեզ ամենաթանկը արժենալ`
մեր կյանքը
ու մեր հայրենիքի գոյությունը։


Կ
ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ


«Ինչո՞ւ եք ծիծաղում»ից հետո, «Զրույց բարձրաձայն»ի հաջորդ մասում, մտադիր էի գրել 1915-ի հետ կապված վտանգավոր պատկերացումների մասին, որոնք նաև մեր էսօրվա հետ են կապված, մեր էսօրվան են խանգարում։ Արդեն սկսել էի, բայց չհասցրի ավարտել, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց Հ1-ով, ու էդ ելույթում շշմելու մանրամասներ կան, որոնց անդրադառնալը չեմ ուզում հետաձգել։   

Լևոնը ասեց, մեջբերում եմ [րոպե 1.10]՝ «խնդիրը մեր ու Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր ու աշխարհակարգի միջև է»։   

Ուշադրություն դարձրեք էս բառին՝ աշխարհակարգ։ Քիչ օգտագործվող բառ ա, բավական տպավորիչ, բայց նաև՝անորոշ։ Աշխարհի կարգը ո՞րն ա, էն որ հզորնե՞րն են սահմանել, էդ հզորները ջղայնացա՞ծ են, վախենա՞նք։   

Հա, պետք ա վախենանք, ասում ա Լևոնը, և վաղուց ա ասում, հիշո՞ւմ եք «Պատերազմ թե խաղաղության» էս հատվածը՝

«Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք՝ վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել: Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել»:   

Էս խոսքերն ասվել են 1997-ին, դրանց հաջորդած քսան տարիները, թվում ա, լիուլի բավական էին հասկանալու համար, որ ոչ մի ձեռնոց էլ չկա, որ «միջազգային հանրությունը» կամ «աշխարհակարգը» առանձնապես չեն այրվում Արցախի հարցը լուծելու կրքոտ ցանկությամբ, առավել ևս՝ իրանց չեն դրսևորում որպես "Ղարաբաղի հակառակորդ", բայց Լևոնը շշմելու համառությամբ շարունակում ա նույնը կրկնել։ Ինչո՞ւ։ 

Անկեղծ եմ ասում՝ իմ համար առեղծված ա սա։ Տարօրինակ։ 

Նայեք Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման էն հատվածը, որտեղ Լևոնը իբրև թե հակադարձում ա իր ընդդիմախոսներին՝  Ղարաբաղի հարցը ոչ թե էսօր, այլ մեր երկիրը տնտեսապես կարգի բերելուց և ռազմականապես ուժեղացնելուց հետո լուծելու կողմնակիցներին։ 36-րդ րոպեից հետո եկող հատվածն ա։ Լևոնն ասում ա՝ «Հիմա էդ մարդիկ պիտի գնան, Պուտինին, Օլանդին և Թրամփին ասեն՝ գիտեք ինչ, պարոնայք, դուք սպասեք, մենք գնանք տնտեսապես զարգանանք, ռազմականապես հզորանանք, հետո կխոսենք տարածքների վերադարձի մասին։ Սա ի՞նչ է։ Մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի․․․ »   

Մանկապարտեզի հոտ իսկապես որ գալիս ա նման մեկնաբանությունից։ Ինչո՞ւ ա Լևոնը Ղարաբաղի հարցի ռազմավարության մասին ասվածը հանգեցնում Պուտինին, Օլանդին և Թրամփին տրվող պիոներական զեկույցի։ Սա հոգեբանական անկեղծության պա՞հ ա։ Հնարավո՞ր բան ա։ Թե՞ ընդդիմախոսներին ծիծաղելի հանելու քարոզչական հնարք ա։ Այսինքն Լևոնը ունկնդրին էնքան ախմախ ա պատկերացնում, որ մտածում ա՝ էդ պարզունակագույն հնարքը չե՞ն նկատի։   


Հ
ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ

Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ ժլատ ու բծախնդիր էր հարցազրույցների հարցում, բայց հանկարծ գնաց ու էս նախընտրական ամենաթեժ պահին հարցազրույց տվեց Հ1-ին։ Ինչո՞ւ։ Որ ասի ընտրողներին՝ ընտրեք կամ ՀԱԿ-ին կամ Հանրապետականին։   

Չե՞ք հավատում ասածիս։ Իսկապես անհավատալի ա, բայց նաև՝ փաստ։ Նայեք Հ1-ին Լևոնի տված հարցազրույցի 38րդ րոպեն։ Լևոնը ասում ա՝ «Ես ժողովրդին միայն մի բան կասեմ՝ շատ հեշտ բան կա կողմնորոշվելու այս ընտրություններում։ Ղարաբաղի հարցից կարևոր հարց այսօր չկա․․․ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեին ընդամենը մեկ հարցի․․ համաձա՞յն եք Մինսկի կողմից առաջարկված և Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը թե ոչ։ Մենք ասում ենք՝ համաձայն ենք, շատ հստակ չի ձևակերպել, բայց հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է ․․ մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է․․ Ես մեր ընտրողին ուղղակի կոչ կանեի՝ եթո տեսնում եք այս հարցի պատասխանը չկա, այդ կուսակցություններին պետք է ուղղակի դեմ քվեարկել»։   

Շշմելու բան ա չէ՞։ 2007-ին մարդկանց հանես պայքարի, իշխող համակարգն անվանես մոնղոլ թաթարների համակարգ, ասես կենաց մահու պայքար ա, մոնղոլ թաթարները Հայաստանը կործանում են, ոտքի՛ ելեք, մարդիկ ոտքի ելնեն, զոհեր լինեն, մեկ էլ հիմա գաս ու ասես՝ քվեարկեք կամ մեր, կամ հանրապետականի օգտին, իրանք արդեն մոնղոլ թաթար չեն, Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ի միակ դաշնակիցն են, էդ ա կարևորը։   

Ո՞նց ա սա հնարավոր դառնում, ո՞նց ա Լևոնը գնում էս խայտառակ քայլին, ո՞նց չի ամաչում։ Որովհետև գիտի՝ անձի պաշտամունքի գերի մարդիկ կան, որ անգամ սրանից հետո ասելու են՝ Լևոնը սկզբունքային ա։ Բայց չեմ կարծում, թե նրանց վրա ա Լևոնի գլխավոր քաղաքական հաշվարկը, չէ։ Բա ո՞ւմ, կամ ինչի՞։ Նայեք տեսանյութի 37-րդ րոպեից սկսվող հատվածը՝ «և էս խեղճուկրակ ժողովուրդը որ կա․․ գիտեք, էն հիմնական ակտիվ մասը, և քաղաքականապես և տնտեսապես ակտիվ մասը էլ Հայաստանում չեն արդեն․․ [և էս խեղճուկրակ ժողովուրդը] ուզում եք էս խառնիճաղանչից, էս ժխորից բա՞ն հասկանա։ Մենք որքան կարողանում ենք, փորձում ենք հասկացնել, բացատրել․․»։ 

Հասկացա՞ք։  ՀԱԿ-ի «Խաղաղություն՝ հիմա» կարգախոսն ու քարոզչությունը հենց Հայաստանում մնացած ժողովրդի մասին Լևոնի էս պատկերացման վրա են կառուցված։ «Խեղճուկրակ» ժողովուրդ են, կլսեն թե ասում են՝ խաղաղություն ա գալու, իրանց զավակները էլ չեն զոհվելու, կհավատան։ ՀԱԿ-ը կասի՝ մենակ մենք ու Հանրապետականն ենք խաղաղություն բերում, կհավատան։ Բա մոնղոլ թաթարնե՞րը։ Ի՞նչ մոնղոլ թաթարներ, ինչ բան, էդ բոլորը անցյալում ա, գնացել մոռացվել ա, խեղճուկրակ ժողովուրդը բա էդքան հին բաներ կհիշի՞․․

Սերժը մոնղոլ թաթար չի, Սերժը իշխանություն ա, որին «մենք ենք ընտրել»։ Իմ վրա մի ջղայնացեք, էդ ե՛ս չեմ ասում, Լևոնն ա ասում, նայեք տեսագրությունը, րոպե 34-րդ՝ «Մենք ընտրել ենք իշխանություն, և իշխանության պարտքն է, պատասխանատվությունն է՝ լուծել այս հարցը»։   

 Վերևում բերված վերջին հատվածը շատ հետաքրքիր հատված ա, արժի ավելի մանրամասն անդրադառնալ։ Ուրեմն, հաղորդավար աղջիկը հարց ա տալիս, րոպե 34րդ՝ «Պարոն նախագահ, իրականում դատող մարդիկ չեն ասում՝ ոչ մի թիզ հող, ասում են՝ այո, զիջենք, բայց Արցախի վերջնական կարգավիճակի դիմաց, Արցախի անկախության դիմաց»: Լևոնը պատասխանում ա՝ «Շատ լավ, բայց դա իմ, քո, մյուսի, մյուսի ցանկությունը չի, մենք ընտրել ենք իշխանություն, և իշխանության պարտքն է ու պատասխանատվությունը՝ լուծել այս հարցը։ Ոչ մեկը իրավունք չունի հիմա էսպիսի բաներ առաջարկել կամ էսպիսի պայմաններ դնել։ ․․ Ժողովուրդը մի բան պիտի պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը․․ ինքն է ընտրել, ինքը միայն մի բան պետք է պահանջի՝ լուծեք այս խնդիրը, վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին, մեր երեխաների ամենօրյա զոհերին սահմաններում»։   

Լևոնի հարցազրույցի մեխը փաստորեն հենց էս աննման միտքն ա՝ Սերժին ժողովուրդն ա ընտրել, Սերժն էլ Ղարաբաղի հարցը կլուծի՝ «խեղճուկրակ» ժողովրդի պահանջով, ՀԱԿ առաջնորդի իմաստուն խորհուրդները լսելով։   

 Բա ո՞նց չասես՝ մաշալլա ՃՃ   

Ձ
ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Էսօր երկու հազար տասնյոթ թվի 
մարտի քսանյոթն ա, 
իմ Զրույց բարձրաձայնի նախորդ գլուխները 
մեծ արձագանք ունեցան, 
էդ թվում՝ զայրացած, 
ու զայրացածներից ոմանք ինձ ասեցին 
թե քաղաքական լուրջ հարցերի մասին 
բանաստեղծությամբ խոսելը 
լուրջ չի։   

Ես հիմա բաաարձր, շատ բարձր ծիծաղում եմ, 
Եղիշն էլ իրա գլխարկն ա թափահարում, 
ասում ա՝ Մարինե, սպասում եմ, 
ու ես շարունակում եմ իմ բարձրաձայն մտորումները 
մեր արցախյան շարժման, 
մեր արցախյան շարժման ալիքի վրա Բաղրամյան 26 հասած 
Հայաստանի առաջին նախագահի 
տարօրինակ վարքագծի շուրջ։   

Հ1-ին տված Լևոնի հարցազրույցի մասին արդեն գրել եմ, 
բայց էդ հարցազրույցում 
մի շշմելու հատված կա, 
որին ուզում եմ առանձին անդրադառնալ։   

Միացրեք հաղորդման տեսանյութը
գտեք 35-րդ րոպեն, 
Լևոնը ասում ա՝ 
«Ժողովուրդը մի բան պիտի պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը․․ ինքն է ընտրել (sic!), ինքը միայն մի բան պետք է պահանջի՝ լուծեք այս խնդիրը, վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին․․» 
Էս հատվածն արդեն մեջբերել էի, 
բայց նորից դրեցի որ շարունակությունը լավ հասկանաք։   

Շարունակությունը էս ա [35.20-րդ րոպե]՝ 
«Ասեմ, սա օրինակներ ունի՝ Միացյալ Նահանգներին Ամերիկայի ժողովուրդը պարտադրեց դադարեցնել Վիետնամի պատերազմը․․»։   

Հասկացա՞ք։ 
Հիշո՞ւմ եք որ պատերազմի մասին ա խոսքը։ 
Վիետնամի պատերազմը 
ամերիկյան իմպերիալիզմի պատերազմն էր ընդդեմ 
ամերիկյան մայցամաքից բազում մղոններ հեռու գտնվող 
Վիետնամի։ 
Ամերիկյան հանրությունը իսկապես պահանջում էր 
սեփական կառավարությունից 
դադարեցնել էդ պատերազմը,  
որովհետև դա 
ամերիկյան ժողովրդի պատերազմը չէր։   

Ինչո՞ւ ա Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, 
բանասեր-պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանը 
Արցախի մեր պատերազմը 
համեմատում Վիետնամի պատերազմի հետ,
Հայաստանին դնելով
իմպերիալիստական 
Ամերիկայի տեղը։

Ելույթները միշտ նախօրոք գրող, 
ամեն բառը ծանրութեթև անող 
քաղաքական գործիչը
չի՞ հասկանում դրանով  ինչ ա անում։   

Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանող խաղաղասերներ ջան, 
տվածս հարցին պատասխանելուց առաջ 
հիշեք որ Վիետնամի պատերազմի հարցով 
միջազգային հանրության պահանջով 
1967 թվին գումարվել ա միջազգային տրիբունալ, 
որը դատապարտել ա 
Միացյալ Նահանգներին 
Վիետնամում գործած 
ռազմական հանցագործությունների համար։   

Դուք մտածեք էս մասին, իսկ ես ասեմ, 
որ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած 
էս սարսափելի 
համեմատությունը լսելով 
ես հիշեցի անցած դարասկզբի 
խաղաղասեր բոլշևիկների 
բաժանած թռուցիկները, 
հիշեցի դրանցում եղած կոչը՝ 
ուղղված հայ ժողովրդին՝ 
«Մի՛ մասնակցեք Թուրքիայի դեմ 
Հայաստանի վարած
իմպերիալիստական պատերազմին»։   

Ու ես հիշեցի 
թե ոնց ընկավ Կարսը։

Ղ
ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ

Հ1-ից հետո 
Լևոն Տեր-Պետրոսյանը 
հարցազրույց տվեց նաև Պետրոս Ղազարյանին։   
Կրկնեց նույնը,
ինչ ասել էր արդեն,
բայց կային հիշարժան մի քանի դրվագ։
Բերում եմ առանց մեկնաբանության․   


ԴՐՎԱԳ 1-ին  , Լևոնն ասում ա՝ /youtube-ի տեսանյութ, րոպե 26.40/

«Լավ, ոչինչ, մինչը հիմա նրանց [Մինսկի խմբի] համբերությունը բավարարել է, մեզ հետ գլուխ են դնում, մի օր գալու է պահը, երբ որ ասելու են՝ դե լավ, մենք մեր որոշումը փոստով կուղարկենք, էլ ձեզ հետ խոսելու բան չունենք»։  

   
ԴՐՎԱԳ 2-րդ, Լևոնն ասում ա՝ /youtube-ի տեսանյութ, րոպե 1․04 50 /

«Ելքը» [նախընտրական ծրագրում գրել է]՝ Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու՝ Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»։ ․․Այս պայմանով նրանք ամրագրել են Ղարաբաղի հարցի անլուծելիությունը։ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ հազար տարի էլ անցնի։ Այնպես, ինչպես սփյուռքը,  դաշնակցությունը, չեն ճանաչում Արևմտահայաստանի բռնակցումը Ադրբեջանին» (sic!)   


ԴՐՎԱԳ 3-րդ /youtube-ի տեսանյութ, րոպե 22րդ։ Սա, ոնց որ հասկացաք, հաղորդման ավելի սկզբներում ա, բայց ես որպես իմ տեքստի վերջաբան եմ դնում, որովհետև գլուխգործոց ա ՃՃ /

Պ
ետրոս Ղազարյանի հարցը՝ 

«Ձեր քննադատներն ասում են՝ մեր վերցրած տարածքները ստրատեգիական նշանակություն ունեն, երաշխավորում են մեր անվտանգությունը, եթե դրանք վերադարձնենք և որպես երաշխիք մնա միայն միջազգային հանրությունը, արդյո՞ք դա ադեկվատ երաշխիք կլինի, մենք դրան չենք հավատում»։   

Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը՝ 

«Ասում են՝  չենք հավատում։ Է ես ինչ անեմ։ Քրիստոսին էլ շատ մարդիկ չէին հավատում, Հուդան չհավատաց, դավաճանեց ․.»

Ճ
ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ

Մի շաբաթից գնում եմ Նահանգներ,
էն որ Թրամփն ա նախագահը,
տարբեր քաղաքներում եմ լինելու,
ուզում եմ հարցնեմ մարդկանց՝
էդ ո՞նց եղավ Թրամփին ընտրեցիք,
և ուզում եմ գրեմ լսածս պատասխանների մասին,
գրեմ որ դուք կարդաք։

Ու քանի որ Ամերիկա եմ գնում շուտով,
ուրեմն իմ էս «Զրույց բարձրաձայնը»
բավական երկար ժամանակով
շուտով կընդհատվի,
բայց էդ մեծ ընդմիջումից առաջ,
ուզում եմ դնել «Զրույց բարձրաձայնիս» էն նոր գլուխը,
որը վաղուց գրել էի,
բայց Լևոնի Հ1յան ելույթի պատճառով
ուշացավ։

Էս նոր գլուխը գրել եմ
«Ինչու եք ծիծաղում» գլխից անմիջապես հետո,
կոչվում ա
«Որ Հայաստանը չլինի»,
մեր անցյալի
ու մեր ներկայի կապի մասին ա,
էն մասին
որ քանի դեռ
մեր անցյալի ու մեր ներկայի կապը
մենք սխալ ենք պատկերացնում,
չենք կարողանալու կառուցել
մեր ապագան։


Մ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ

Փորձեք հարցեր տալ
ձեր շուրջն ապրող հայաստանցիներին
1915-ի մասին,
կտեսնեք՝
բոլորը գիտեն որ,
սարսափելի բաներ են կատարվել,
թուրքերը կոտորել են հայերին,
բայց եթե հարցնեք
պատճառների մասին,
շատ տարբեր ու հաճախ շատ անորոշ
պատասխաններ կլսեք,
մի մասն էլ կասի՝
«որովհետև թուրքերը գազան են»։

Ու ահա շատ հայաստանցիք,
որ լսել էին՝ «թուրքերը գազան են»,
գնում են Թուրքիա,
տեսնում են՝ չէ, թուրքերը գազան չեն, մեր նման մարդ են,
և ընկնում են մտածմունքի մեջ։
Շատերը մտածում են՝ լավ, էս մարդիկ ո՞նց կարող էին
տենց գազանություններ անել, էդքան մարդ կոտորել,
ուրեմն նրանք ուրիշ թուրքեր էին, իսկ սրանք ուրիշ թուրքեր են,
անցյալը թող մնա անցյալում,
էն ահավոր անցյալի մասին էլ չխոսենք,
նոր էջ բացենք։
Շատերն էլ մտածում են՝
բայց էս թուրքերը նորմալ մարդիկ են,
ինչ որ չի բռնում
էն ահավոր պատմությունների հետ որ մեզ պատմում էին,
կարո՞ղ ա սխալ են պատմել,
կարո՞ղ ա չափազանցել են ահագին,
հոգնել եմ, էլ չեմ ուզում էդ սարսափների մասին լսել,
ինչ եղել ա եղել ա,
հարևաններ ենք, նոր կյանք սկսենք։
Ու կան մարդիկ նույնիսկ, որ մտածում են՝
լավ, էս թուրքերը եթե սենց նորմալ մարդիկ են,
ուրեմն ինչի՞ են տենց բաներ արել,
կարո՞ղ ա մենք ենք մեղավոր,
կարո՞ղ ա մենք ենք համը հանել։

Էս երեք տեսակի մտածումներն էլ,
որ ներկայացրի,
իրական են, հնարված չեն,
դրանք ես լսել եմ իմ ընկերներից ու ծանոթներից։
Ու քանի որ հաճախ նյարդերս տեղի են տվել,
չեմ կարողացել հանգիստ ու սառնասիրտ պատասխանել,
ուզում եմ հիմա դա անել,
հանգիստ կշռելով ամեն մի բառս,
դիմելով բոլոր էն հայրենակիցներիս,
որոնք երբևէ նման մտածումներ են ունեցել
կամ երբևէ կունենան։

Հայրենակիցներ ջան,
1915-ը
թուրքերի գազան լինել կամ չլինելու հետ
չի կապված,
1915-ը կապված ա
Հայաստանի լինել չլինելու հետ։
Քսաներորդ դարասկիզբը
կայսրությունների փլուզման ժամանակն էր,
կայսրությունները փլվում էին,
կայսրությունների ժողովուրդները վերականգնում էին իրանց պետությունները՝
իրանց հողերի վրա։
Հայկական հողերի մեծ մասը Օսմանյան կայսրությունում էր,
փոքր մասը՝ Ռուսական կայսրությունում,
հայերի մեծ մասն էլ Օսմանյան կայսրությունում էր ապրում,
և Օսմանյան կայսրության փլուզումից հետո
դրա արևելյան մասում՝ Հայկական բարձրավանդակում,
ստեղծվելու էր Հայաստանը։
Երիտթուրքերը 1915-ին կազմակերպեցին հայկական կոտորածները,
որ էդ Հայաստանը չստեղծվեր,
և էդ Հայաստանը չստեղծվեց,
տեղում հիմա Թուրքիան ա։

Բայց բոլոր հայերին կոտորել չհաջողվեց,
մի մասը փրկվեցին,
էդ փրկվածների մեծագույն մասի սերունդները
ապրում են ներկա Հայաստանում՝
էն Հայաստանում, որը ստեղծվեց
Ռուսական կայսրության մեջ մտած հայկական հողերի
մի փոքրիկ մասի վրա։

1991-ին
նորանկախ Հայաստանի
առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝
հայ-թուրքական հաշտության
ամենահամոզված կողմնակիցը,
և ՀՀ իշխանություններն իրանցից կախված ամեն ինչ արեցին
ցույց տալու որ
Թուրքիայի հետ լավ հարաբերությունները
իրանց առաջնահերթություններից են։
Բայց Թուրքիան
որպես պատասխան
անգամ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց
Հայաստանի հետ։

Ի՞նչ ա սա նշանակում։

Սա նշանակում ա՝
Անկարայում շատ լավ հիշում են
ինչ են իրանք արել և ինչու,
և Անկարայում գիտեն՝
իրանց արածը էն բաներից ա
որոնք չեն մոռացվում և չեն ներվում։
Ու եթե անգամ Հայաստանի տասը նախագահ էլ
իրար հետևից
հայտարարեն հայ-թուրքական հաշտության մասին
մեկ ա
Անկարայում դրան չեն հավատալու։

(Շարունակելի)