Նորություններ


ԻՄ ՎԵՊԸ



Վեպս սկսեցի։ Նախնական կոչվում ա՝ «Հայաստանի ծովափին»։ Առաջին գլուխը, որը նախաբանի պես բան ա, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին կարդացի Իլիկ սրճարանում։ Էլի մի քանի գլուխ արդեն պատրաստ են, շուտով կկարդամ։ Արդեն որոշել եմ՝ վեպիս մասերը առցանց չեմ տեղադրելու, ընթերցումները չեն նկարահանվելու։ Մի քիչ էլ գրեմ, արդեն Մկրտիչ Մաթևոսյանի հետ կսկսենք մաս առ մաս վեպիս հատվածները հրատարակել։ Ընթերցում-քննարկումներից հետո երևի գրեմ քոմենթներ՝ #գլուխներիարանքում


#գլուխներիարանքում 1

Երեկ երբ որ վեպիս առաջին գլուխը Իլիկում կարդացի, ոմանք, զգացի, մի տեսակ շվարեցին։ Շվարումի պատճառը ոչ միայն էն էր, որ գլուխը կարճ էր՝ երկար բանաստեղծության չափ, այլ նաև էն, և գուցե առաջին հերթին էն, որ տեքստը անձնականով սկսվում ( «Էսօրվա պես հիշում եմ /թախտը որի վրա պառկած էի/կարճ յուբկան որ հագիս կար/կապույտ գծերով․․․») ու միանգամից անցում էր կատարում քաղաքականի։ Շվարումը մի պահ ինձ էլ փոխանցվեց, ու մի պահ ինձ թվաց արանքում օղակ եմ բաց եմ թողել։ Բայց հիմա նայում եմ՝ չէ, ոչ մի բան էլ բաց չեմ թողել։ Թախտի վրա պառկած, տասնյոթ տարեկան, իմ երազանքը, հստակ հիշում եմ, հենց քաղաքական էր։ Իմ երազանքը պատը քանդելն էր։ Ես էդ պատը ֆիզիկապես զգում էի։ Հիմա էլ եմ զգում։ Էդ էն պատն ա, որ կա իմ խոսքի ու աշխարհի արանքում։ Դա անձնական ա ու դա քաղաքական ա։ Էսքան տարի ես քայլել քայլել քայլել եմ որ հասնեմ էն տեղը ուր էդ պատը չկա։ Հասնեմ Հայաստանի ծովափին։ Ուզում եմ վեպս էնքան գրեմ մինչև էդ ծովափը լինի։ Էսօր երկուհազարտասնութ թվի հոկտեմբերն ա։ Սկսել եմ։

#գլուխներիարանքում 2


Վեպիս երկրորդ գլուխը Իլիկում կարդացի նոյեմբերի 7-ին։ Անունը դրել էի՝ «Ինչո՞ւ են բոլորը վազում»։ Շատ հավանական ա սա դառնա ամբողջ վեպի վերնագիրը։ Տեսնենք։ Իհարկե հնարավոր ա նաև որ գրելու ընթացքում վերնագրի մի երրորդ տարբերակ էլ առաջանա /առաջինը «Հայաստանի ծովափին»-ն էր/։

Էս երկրորդ ընթերցում/քննարկումը բավական տարբեր էր առաջինից։ Նախորդում մթնոլորտը շատ ծանոթ էր, իմ նախորդ ընթերցում/քննարկումների շարունակությունն էր։ Իսկ էս մեկի ժամանակ խոսքից ոչ պակաս, գուցե ավելի, էն լռությունն ա տպավորվել, որով ներկաները կարդացածս լսում էին։ Ընդ որում երկու անգամ կարդացի, երկրորդ անգամ լռությունը նույնիսկ ավելի խորն էր։ Ես էդ լռությունը ընկալեցի որպես նշան, որ իմ գրածի մեջ իսկապես նոր բան կա, նոր տեղ տանող մի բան։

Վեպիս հաջորդ գլխի պատրաստի մեկ-երկու տարբերակ արդեն կար, բայց միտքս փոխեցի, հիմա ուզում եմ լրիվ նոր բան գրել, ուրիշ կողմ տանող մի բան։ 
#գլուխներիարանքում 2

Գարնանը մանիֆեստս կարդացի, հեղափոխությունը սկսվեց։ Եվ սկզբում թվում էր, թե հեղափոխությունը սխալ հանեց մանիֆեստս։ Որովհետև մանիֆեստիս մեջ գրել էի, թե քաղաքական գործիչները նոր Հայաստանը ստեղծել դեռ չեն կարող, նոր Հայաստանը պետք ա նախ խոսքի մեջ ստեղծվի, խոսքի միջոցով՝ մեր մտքի մեջ ստեղծվի, որ հետո քաղաքական գործիչները դա իրականացնեն։ Թվում էր՝ սխալ եմ, թվում էր՝ քաղաքական թիմը Նիկոլի գլխավորությամբ հեղափոխությունն արեց և ուր որ ա նոր Հայաստանը կստեղծվի։ Բայց կամաց կամաց պարզ դարձավ, որ Նիկոլի պատկերացրած նոր Հայաստանը կապիտալիստական Հայաստանն ա։  Որն իրականում բնավ էլ նոր բան չի, այլ հենց էն ա, ինչը որ կար։
Իմ մանիֆեստը հենց նրա մասին էր, որ մենք՝ մեր մեծ մասը, սխալ ենք պատկերացնում խնդիրը։ Մեզ թվում ա, թե խնդիրը սովետական անցյալի մնացուկներն են, վերացնենք դրանք, կառուցենք ճիշտ, իսկական կապիտալիզ, և մեր երկիրը կծաղկի, մենք էլ հետը։ Իսկ իրականում՝ չէ, տենց չի։ Սովետական անցյալի մնացուկները կան, բայց դրանք նման են դատարկության մեջ կանգնած էն դարպասներին ու կողպեքներին, որ նկարված էին իմ տեսանյութում։ Էդ դարպասներն ու կողպեքները  դատարկության մեջ են կանգնած և ոչ մի բան էլ չեն փակում, չեն կողպում։ Մեծ խնդիրը դրանց մեջ չի։ Մեր առաջ կանգնած գլխավոր խնդիրը հենց կապիտալիզմի մեջ ա։ Մենք կապիտալիստական երկիր ենք, գլոբալ կապիտալիզմի մի մասն ենք։ Իսկ գլոբալ կապիտալիզմն էսօր ճգնաժամի մեջ ա և մտածող մարդիկ նոր ուղիներ են փնտրում ապագայի համար։ Եթե մենք հասնենք սրա գիտակցմանը, կփոխվի մեր տեսադաշտը։ Մենք կդադարենք վազել «ճիշտ» կապիտալիզմի հետևից, կսկսենք մասնակցել նոր ուղիների որոնմանը։ Եվ էս դեպքում մեր սովետական անցյալը մեր համար կդառնա ոչ թե բեռ, այլ շատ արժեքավոր փորձառություն, որը քիչ երկրներ ունեն։
 
#գլուխներիարանքում 3

Վեպիս երրորդ գլուխը գրեցի։ Մեջը արյուն կա։ Ու սահման կա մեջը։ Սահմանագիծ։ Ես պարբերաբար ինքս իմ համար սահման եմ գծում։ որ անցնեմ վրայով ու գնամ առաջ։

Կկարդամ դեկտեմբերի 5-ին, Իլիկում։



Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի