Նորություններ


ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ



ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԸ  

Ա  

Ես Մարինեն եմ,
Մարինե Պետրոսյանը,
ինձ Հայաստանում շատերն են ճանաչում,
որովհետև ես տեքստեր եմ գրում,
ու նաև՝
որովհետև իմ գրած տեքստերի հետքերով
ինձ հաճախ հրավիրում են հեռուստատեսություն
խոսելու իմ ու ձեր կյանքից։  

Գրածներս սկզբում, երկար տարիներ, միայն բանաստեղծություն էին,
հետո դրան ավելացան նաև քաղաքական հոդվածները,
սկզբում էդ երկուսը առանձին էին ու տարբեր՝
իմ բանաստեղծությունները և իմ քաղաքական հոդվածները,
հետո վերջին տարիների ընթացքում դրանք կամաց կամաց մոտեցան իրար,
ու մեկ էլ լրիվ միացան,
դա կատարվեց իմ «Զրույց բարձրաձայն» շարքում։  

«Զրույց բարձրաձայնը» սկսվում ա սենց՝
Ձմեռ ա, ձյուն ա,
մի քանի օրից Նոր տարի ա գալիս,
Լևոնն ասում ա հաշտություն կնքենք,
թե չէ պատերազմ կլինի։  

Մի հիմնական մասով
«Զրույց բարձրաձայնը» բանավեճ ա Տեր-Պետրոսյանի հետ,
նաև արցախյան խնդրի լուծման հարցում
Տեր-Պետրոսյանի սկզբունքները պաշտպանող ընկերներիս հետ,
ու իրանցից ոմանք ջղայնացան, որ ես քաղաքական բանավեճը
որպես բանաստեղծ եմ վարում,
իրանց համար բանաստեղծությունը երևի պատին կախելու նկարի պես բան ա՝ նայես հիանաս /կամ ոչ/,
իսկ իմ համար բանաստեղծ լինելը վաղուց արդեն էն ա, ինչը հայերեն բառի մեջ կա՝ բան ա ստեղծ՝ բան ստեղծող,
մի բան որը առաջ չկար ու հիմա կա,
կա ոչ թե որպես պատին կախելիք,
այլ որպես մի բան որով կյանքն արդեն ուրիշ ա։  

Դրա համար էլ իմ գրածների անունը
ես վաղուց արդեն բանաստեղծություն չեմ դնում,
ասում եմ՝ տեքստ,
ես տեքստեր եմ գրում որ բան ստեղծեմ,
բան որ առաջ չկար,
ես հենց դրանով եմ բանաստեղծ։  

Մի ժամանակ ես վստահ էի,  
թե քաղաքական գործիչներն են փոխելու Հայաստանը,
թե քաղաքական գործիչներն են ստեղծելու նոր Հայաստան,
ու ջղայնանում էի իրանց վրա, որ չեն կարողանում,
հետո հասկացա որ չէ, ջղայնանալ պետք չի,
իրանք չեն պատկերացնում էդ նոր Հայաստանը, էլ ո՞նց ստեղծեն,
էդ ես պետք ա անեմ, էդ ես պետք ա կարողանամ անեմ,
եթե ես բանաստեղծ եմ։  

Ստեղծեմ նոր Հայաստանը, ստեղծեմ նախ իմ տեքստերում,
որ հետո տեքստերս իջնեն քաղաք,
իջնեն իրականություն։  


Բ 

(տեսանյութը մեծ ֆորմատով կարող եք նայել յութուբում)

 

Էս տեսանյութում դուք տեսնում եք իրական պատկերներ,
դրանք կան, ես դրանք նկարել եմ մեր հողամասում՝

Արալանջ, Արագածոտնի մարզ։

Ես լուսանկարներ անել շատ եմ սիրում,
քանի որ դրանք լի են անակնկալներով։
էս անգամ էլ, մութն ընկնելուն մոտ էր արդեն,
պետք ա էդ օրը Երևան վերադառնայինք,
արագ արագ նկարեցի, վազեցի իրերս հավաքելու,
ու մենակ ճանապարհին, մեքենայում,
սկսեցի հեռախոսի մեջ թերթել արած նկարներս, թերթեցի ու․․․ ապշեցի․․․
էս ի՞նչ ա․․․
էս ի՞նչ են էս կողպեքները, ցանցերը, դարպասները,
ախր դրանք դատարկության մեջ են կանգնած,
ախր դրանք ոչ մի բան չեն կողպում, ոչ մի բան չեն փակում․․․  

Թե՞ փակում են։
Ո՞նց չեն փակում, դրանք փակում են տեսադաշտը,
դրանք ստեղծում են կեղծ տեսադաշտ։  

Մեզ թվում էր՝ գլխավորը Սովետի քանդվելն ա,
Սովետը կքանդվի, կկառուցենք մեր ուզած Հայաստանը,
Սովետը քանդվեց, բայց մեր ուզած Հայաստանը չի կառուցվում,
Սովետը քանդվեց, տեղում առաջացավ անհասկանալի ինչ որ բան։  

Ու քանի որ անհասկանալիի մեջ ապրելը դժվար ա,
մենք փորձում ենք տալ բացատրություն,
մեզ մեկ թվում՝ ա Սովետը քանդելով վերադարձել ենք հետ,
դեպի նախասովետական ֆեոդալիզմ,
դեպի նախասովետական գավառ,
եկ էլ թվում ա թե մենք Սովետը ոչ էլ քանդել ենք,
թե մեր իշխանավորները նույն սովետական ֆունցիոներներն են,
թե մեր շուրջը բրեժնևյան ժամանակների աբսուրդն ա։  

Ու ինչը որ մեզ թվում ա, հենց էդ էլ առարկայանում ա մեր մտքում,
ոնց որ էս կողպեքները, ցանցերը, դարպասները,
դրանք կարող են ինչ-որ բան կողպել միայն մի դեպքում՝
եթե դրանք կանգնած են մեր մտքում։  

Ու պետք չի, հայաստանցիներ ջան, պայքարել դրանց դեմ,
րովհետև եթե դու մի բանի դեմ պայքարում ես,
էդ բանը գալիս ու կանգնում ա քո մտքում։

Բա ո՞նց անենք, որ սրանք չլինեն։
 

Պատասխանն իմ համար պարզ ա արդեն՝
պետք ա կառուցել նորը,
կառուցել նորը նախ խոսքի մեջ,
որ հետո էդ նորը տեղափոխվի իրականություն։

--
Մանիֆեստը կարդացվել ա մարտի 14-ին, Ակտուալ ակումբում։ Հետո եղավ քննարկում։ Քննարկման տեսագրությունը կարող եք նայել ստեղ՝ 
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ / ՔՆՆԱՐԿՈՒՄ
http://www.arteria.am/hy/1521278007









Քննարկման մասին՝ 

ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ
  http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion

ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-2

ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-3

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-4

ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion- 5

ՎԻՈԼԵՏԻ ԽՈՍՔԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-6

Տես նաև՝

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ
http://marinepetrossian.com/hy/building-new-armenia

ՄԱՆԻՖԵՍՏՍ ՃԻՇՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
https://www.marinepetrossian.com/hy/manifesto-came-true