ՀԻՄԱ


Ո՞ՆՑ ՄԱՆՎԵԼԸ ԴԱՐՁԱՎ ՄԱՆՎԵԼ


Երեկ, Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, ֆեյսբուքում մի գրառում կարդացի, ուր գրված էր՝ «խնդիրն ավելի խորն ա ու արժեքային դաշտում ա։ Մանվելը ստեղ էական էլ չի, իրա փոխարեն ազգի 70%-ը նույնը կաներ»։ Մտքիցս դուրս չի գալիս էդ գրառումը, որի տակ բազմաթիվ ընկերներիս լայքերը կային։ Ու խնդիրը միայն էն չի, որ դրա մեջ վիրավորանք կա, խնդիրը էն ա, որ նման ձևակերպումը, խոսակցությունը հրելով դեպի «արժեքային դաշտ»,  լղոզում ա հարցի քաղաքական կողմը։

Ես ինքս Մանվելի անունը առաջին անգամ լսել եմ Արցախի պատերազմում գործած դաժանությունների հետ կապված։ Դաժանություններ՝ իրա հրամանատարության տակ կռվող զինվորների հանդեպ։ Անհավատալի թվացող պատմություններ էին, ուզեցել եմ հասկանալ՝ ճի՞շտ են դրանք, հարցրել եմ անկախության առաջին տարիներին իշխանության մեջ եղած մարդկանցից, ասել են՝ հա, ճիշտ են, բայց ինքը շատ կարևոր գործ ա արել պատերազմի ժամանակ, հաղթանակների մեջ մեծ ավանդ ունի։ Հավանաբար, էս երկուսն էլ ճիշտ են՝ թե դաժանությունը, թե ավանդը։ Բայց դա պատերազմի ժամանակ էր, իսկ հետո՞։ Հետո Մանվել Գրիգորյանը ստացավ զանազան պաշտոններ և անօրինական միջոցներով ունեցվածք դիզելու հնարավորություն։ Եվ շարունակեց դաժանությունները՝ արդեն խաղաղ ժամանակներում, արդեն Էջմիածին քաղաքի բնակչության հանդեպ, էդ քաղաքը դարձնելով իրա կալվածքը։ Ինչո՞ւ էին Հայաստանի իշխանությունները հանդուրժում և փայփայում Մանվելին, որովհետև հարգում էին իրա ավա՞նդը Արցախյան պատերազմում։ Չեմ կարծում։ Ավելի շուտ՝ որովհետև Երկրապահների միության նախագահ Մանվելը շատ հարմար գործիք էր և որպես գործիք միշտ աշխատում էր տվյալ օրվա իշխանությունների օգտին։ Էստեղ ժողովրդի արժեհամակարգի հարց չկա, որովհետև ժողովուրդը չի, որ Մանվելին դարձրել ա Մանվել, այլ իշխանությունները՝ իրանց քաղաքական հաշվարկով։

Դա հենց էն նույն քաղաքական հաշվարկն ա՝ «դու մեզ, մենք՝ քեզ», որի արդյունքում ծնվել են հայոց օլիգարխները։ Եվ Նիկոլ Փաշինյանի արածը հեղափոխություն ա հենց նրանով, որ քանդում ա Հայաստանի ներկա հանրապետության ծննդյան օրից գործող քաղաքական էս չարագուշակ ավանդույթը։