ՀԻՄԱ


ՄԻ ՔԱՆԻ ԼՐԱՑՈՒՄ ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԻՆ


Իմ մանիֆեստը (տես՝ ՄԱՆԻՖԵՍՏ ԱՇԽԱՐՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ / 2013թառաջին հայացքից մենակ գրականությանն էր վերաբերում, քաղաքականության հետ կապ չուներ: Բայց ինձ թվում ա` արածս քայլը կօգնի հասկանալ նաեւ իմ քաղաքական դիրքորոշումը:

Ես ընդդիմադիր չեմ էս կամ էն խավին, էս կամ էն անձին /անձերին, էս կամ էն կուսակցությանը, ես նույնիսկ խոշոր հաշվով էս կամ էն համակարգին ընդդիմադիր չեմ, ավելի ճիշտ` էս կամ էն համակարգին ես ընդդիմադիր եմ էնքանով, որքանով էդ համակարգը Հայաստանը դուրս ա դնում աշխարհի մայրուղիներից եւ դարձնում ա երրորդ կարգի` բանանային պետություն:

Ունի՞ Հայաստանը պոտենցիալ` դառնալու լիարժեք պետություն, էն տեսակ պետություն, որն իրանից բան կներկայացնի Մերձավոր արեւելքում եւ ինչու չէ` նաեւ աշխարհում: Ես վստահ եմ` ունի: Վստահ եմ, բայց ապացուցել առայժմ չեմ կարող: Ապացուցելու միակ ձեւը կլինի էն, որ Հայաստանը դառնա էդ իմ ասած եւ ուզած պետությունը: Ես իմ ուժերից կախված ամեն ինչ կանեմ դրա համար, բայց շատ պարզ գիտակցում եմ որ ես քաղաքական գիգանտ չեմ եւ վճռական դեր չեմ կարող խաղալ էս հարցում: Չգիտեմ, ճիշտն ասած, վաղը ինչ կլինի, չնայած լավատեսությունը երբեք վերջնականորեն ինձ չի լքում:

Բնագավառը, որտեղ ես ինձ ամենավստահն եմ զգում եւ գիտեմ որ միայնակ շատ բան կարող եմ անել` գրականությունն ա: Ես գիտեմ, որ իմ ստեղծածը ոչնչով չի զիջում աշխարհի էսօրվա ամենահայտնի գրողների ստեղծածին, նրանց, որ անուն ունեն, ամենամեծ հոնարարներն ու ամենախոշոր մրցանակներն են ստանում: Բայց քանի դեռ գործով չեմ ապացուցել, իմ էս ասածը լսողների մեծ մասին կթվա դատարկ մեծախոսություն: Գրականության արժեքը չի կշռվում , չի չափվում եւ չի ապացուցվում, ընդ որում հասկացողը գիտի որ մրցանակներն էլ էդ առումով ապացույց չեն, բայց մրցանակները առնվազն ուշադրություն են հրավիրում գրողի վրա եւ մեծացնում են ընթերցողների թիվը: Այ, եթե ես Նոբելյան ստանամ, հայաստանցիների մեծագույն մասը չի ափսոսա իրա մի քանի հազարը, կառնի իմ գիրքը կամ տոմս կառնի կգա իմ բանաստեղծությունները լսելու:

Անկեղծ որ ասեմ, ես իմ Նոբելյան ստանալը չեմ համարում անհնար մի բան, եթե իհարկե ճակատագիրն ինձ առնվազն մի տաս արի դեռ տա ապրելու: Բայց շատ հավանական էլ չեմ համարում: Ուղղակի քանի որ հայտարարեցի էդ մասին, սրանից հետո իմ բոլոր քայլերի չափումն ա փոխվելու` դառնալու ա աշխարհական: Հայաստանցիներիս ամենամեծ պրոբլեմը մեր չափումների փոքրությունն ա` մեր երկիրը փոքր ա, մեր խնդիրները տարբեր են զարգացած երկրների խնդիրներից` ավելի լոկալ են, մեր դիմաց սերժեր ու գալուստսահակյաններ/շարմազանովներ են, ու ինչքան էլ փորձես իրանց շրջանցել, մեկ ա իրանք են իշխանության գլուխ, ու քանի որ իրանք են իշխանության գլուխ, քո կռիվը իրանց դեմ ա, ու քանի որ իրանց դեմ ա` էդ կռվի նշաձողն իջնում ա, չի կարող չիջնել: Քաղաքականության մեջ` ես վստահ չեմ, անկեղծ ասած, թե որն ա էս վտանգավոր վիճակից դուրս գալու ելքը: Գրականության մեջ` գիտեմ:

Գրականության մեջ` նշաձողը որոշվում ա գրականության շուրջ տարվող խոսակցությամբ, որի առանցքային ֆիգուրը, գրողից բացի, քննադատն ա: Ես էնքան եմ կարեւորում քննադատի դերը, որ մի տաս-տասներկու տարի առաջ, տեսնելով որ Հայաստանում քննադատություն չկա, ես ինքս սկսեցի զբաղվել դրանով եւ գրեցի «Անտիպոեզիա կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն` Արմեն Շեկոյանի գրքի վերնագիրը դարձնելով իմ նկատած ու ձեւակերպած բանաստեղծական ուղղության անուն: Էդ էսսեն ահագին արձագանքներ ունեցավ ժամանակի գրական մամուլում, քննարկվեց: Չգիտեմ ուրիշներին ինչ ա տվել էդ քննարկումը, բայց կարող եմ վկայել որ ինձ տվել ա շատ բան` իմ էսօրվա պոեզիան մի խոշոր չափով հենց իմ ձեւակերպած գրական ուղղության իրականացումն ա (էն ժամանակ, երբ որ էսսեն գրում էի, իմ բանաստեղծական ձեռագիրն ուրիշ էր, ես հոդվածը գրել էի ոչ թե իմ, այլ Արմեն Շեկոյանի եւ Վիոլետ Գրիգորյանի տեքստերի վրա հենվելով): Հետո արդեն կար «Բնագիր» ամսագիրը, դրա համացանցային ֆորումն ու շաբաթական մեր քննարկումները` Շեկոյանի, Վիոլետի, Միսաք Խոստիկյանի եւ այլոց մասնակցությամբ, որ սնունդ էին իմ համար, գրական խոսակցությունը ամենաբարձր մակարդակի վրա պահող սնունդ: Հիմա արդեն «Բնագիրը» չկա, ֆորումը պատմություն դարձավ, մեր քննարկումները` նույնպես: Մի որոշ ժամանակ «Ինքնագիրն» էր դրան փոխարինում եւ «Ինքնագրի» քննարկումները Ուտոպիանայում, բայց էդ էլ վերջացավ: Վիոլետը վերջին տարիներին չի գրում, Շեկոյանը անցավ արձակի, վարագույրը իջավ իմ համար էնքան կարեւոր քննարկումների վրա:

Իհարկե, կա «Գրանիշը», կան բազմաթիվ նոր ջահելներ, որ բավական ակտիվ են` տպագրվում են, հավաքվում են Ծաղկաձորում եւ այլուր, գրում են, թարգմանում են, հարցազրույց են տալիս... Բայց գրական խոսակցություն չկա էսօր: Բացարձակ չկա: Գրական խոսակցությունը էն չի, երբ որ ասում ես` սա լավ ա գրում, սա լավ չի գրում, եւ նման բաներ, գրական խոսակցությունը էն ա, երբ որ էսօր ու ստեղ գրված տեքստը դրա միջոցով գնում կապվում ա երեկ ու աշխարհում գրվածի հետ` ստեղծելով գրականության ներկան:

Արդեն ասել եմ մանիֆեստիս մեջ` գրականությունն էսօր ճգնաժամի մեջ ա ոնց որ թե ամբողջ աշխարհում, ամեն դեպքում` չկան էն տեսակ վառ դեմքեր ու գրական նոր ուղղություններ, որոնց մասին լսես նաեւ հեռվից` առանց հատուկ խորանալու եւ հատուկ հետաքրքրվելու: Բայց սա իհարկե կարող ա լինել խաբուսիկ տպավորություն: Լրջորեն հասկանալու համար` ինչ ա կատարվում ժամանակակից գրականության մեջ, պետք ա խորանալ ու ավելի մոտից հետաքրքրվել: Ես որոշել եմ անել հենց դա` մոտիկից ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ընթացող գրական պրոցեսներին եւ գտնել իմ տեղը դրանցում: Լեզուների իմ իմացությունը եւ համացանցը տալիս են ինձ նման հնարավորություն:

Տես նաեւ՝ 
ՎԵՐՆԱՏՈՒՆ, ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ ՀԵՏ ,
ՎԱ ԲԱՆԿ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԻՆԵ ՋԱՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ