Նորություններ


ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ


Սկիզբը՝ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ
 http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion

ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-2

ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-3

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-4


Հանգամանքների բերումով ստիպված ընդհատել էի անդրադարձս մանիֆեստիս քննարկմանը, ու հիմա շարունակում եմ, կիսատ թողնել չեմ ուզում, քանի որ դեռ կարևոր ասելիք կա։

Մանիֆեստիս քննարկման ընթացքում, երբ արդեն բանավեճի հիմնական կետերը գծագրվում էին, Նազարեթը մի շատ կարևոր հարց տվեց, ասեց՝ «Ի՞նչ ա նշանակում իրականությունը փոխելն իբրև գործողություն, արդյո՞ք դա մի բան ավելացները չի կամ մի բան պակասացնելը չի»։ Նազարեթը հարցի մեջ սեփական պատասխանն արդեն դրել էր, ինքը ասում ա ՝ այո,  իրականությունը փոխելու ձևը արդեն եղածին մի բան ավելացնելը կամ դրանից մի բան պակասացնելն ա։ Էս միտքը, ամենատարբեր ձևերով, ուղղակի կամ անուղղակի, մանիֆեստիս քննարկման ընթացքում հնչեց բազմիցս՝ թե հենց Նազարեթի շուրթերից, թե Աղասու շուրթերից, որ ասում էր՝ էդ դարպասները կեղծ չեն, իրանք կան, ուրեմն դու իրանց հետ պետք ա հաշվի նստես, թե Հրանտի շուրթերից, որ ասում էր՝ դու պետք ա էս իրականությունը ընդունես ու հենց դրա մեջ էլ ստեղծագործես, հենց դա էլ կլինի նորը։

Իսկ իմ պատասխանն ա՝ ոչ, պարզապես մի բան ավելացնել կամ պակասացնելը իրականությունը փոխելու հիմնական ճանապարհը չի, դա եղածը բարելավելու ճանապարհն ա։ Իրականությունը փոխվում ա, երբ փոխվում են դրա հիմքում ընկած հիմնային, առանցքային պատկերացումներն ու իրողությունները։ Իսկ պատկերացումները մտքի դաշտից են, դրանք փոխվում են մտքի դաշտում։ Դրա համար էլ, հակառակ որ քաղաքական վիճակը էսօր Հայաստանում փակուղային ա թվում, ես հավատում եմ որ փոփոխությունները հնարավոր են, և հնարավոր են հենց մեր՝ մտածող մարդկանց միջոցով։

Ներկա Հայաստանի Հանրապետությունը ծնունդ ա առել Սովետական Միության փլուզման արդյունքում։ Սովետական Միությունը ստեղծվել էր կոմունիզմ կառուցելու համար և մի որոշ ժամանակ ամուր էր թվում, բայց հետո հեշտ փլուզվեց, քանի որ վերջում պաշտպաններ արդեն չուներ՝ վերջում կոմունիզմի կառուցմանն արդեն ոչ ոք չէր հավատում։ 1990-ականներին, երբ դրվում էին ներկա Հայաստանի Հանրապետության հիմքերը, մեզ շատերիս, ու էդ հիմքերը դնողներից շատերին թվում էր, թե պետություն կառուցելու համար ոչ մի հատուկ ծրագիր էլ պետք չի, մենք հո ֆանատիկ բոլշևիկներ չե՞նք, որ կոմունիզմ կամ դրա նման մի բան կառուցենք, մենք ընդամենը «սովորական պետություն» ենք կառուցում։ Եվ մենք էս սովորական պետությունը իսկապես կառուցեցինք, Հայաստանն էսօր սովորական երկիր ա՝ աշխարհի բազմաթիվ թույլ ու աղքատ երկրներից մեկն ընդամենը։

Ինչո՞ւ ա Հայաստանը թույլ ու աղքատ, որովհետև մեր ռեսուրսներն էսքա՞ն են։ Այո, մեր ռեսուրսներն էսքան են, եթե մեր նպատակը սովորական երկիր կառուցելն ա։ Որովհետև սովորական երկիր կառուցելիս չի աշխատում, չքանում ա էն ամենամեծ ռեսուրսը որ մենք ունենք՝ մեծ ու դժվար գործեր անելու ցանկությունը, մոտիվացիան։ Պատկերացնո՞ւմ եք Արցախի կռիվը մենք ինքներս մեր համար ձևակերպած լինեինք որպես սովորական, շարքային կռիվ։ Էդ դեպքում մենք հաստատ պարտվելու էինք, որովհետև բոլոր «չեզոք» ռեսուրսներով՝ զենքով, թվաքանակով, ֆինանսով, տարածքով, Ադրբեջանը մեզ հստակ գերազանցում էր։ Մեր միակ առավելությունը ոչ նյութական էր՝ մեր կամքը, մեր վճռականությունը։ Հայ ժողովուրդը ինքն իրա համար Արցախի կռիվը ձևակերպել էր որպես ոչ սովորական, կենաց մահու պայքար, ու հենց էդ գիտակցումից ծնված վճռականությամբ էլ հաղթեց։

Արցախյան պատերազմում Հայաստանը հաղթեց և էդ հաղթանակը սովորական հաղթանակ չէր, շրջադարձային հաղթանակ էր՝ դարերով իրար հաջորդած պարտությունների երկար շղթայից հետո։ Հայաստան պետության կառուցումը էդ մեծ հաղթանակի շարունակությունը պետք ա լիներ, բայց չեղավ։ Էն հսկա էներգիան, որով ձեռք էր բերվել հաղթանակը, չդրվեց Հայաստան երկրի կառուցման հիմքում։ Հայաստանը սկսեց կառուցվել որպես «սովորական» պետություն և համարվեց, որ Արցախյան հաղթանակից ծնված մեծ ակնկալիքները արկածախնդրություն են, խանգարում են հայոց  «սովորական» պետության կառուցմանը։

Այնինչ էդ մեծ ակնկալիքները մեր ամենամեծ ռեսուրսն էին։ Ռեսուրսը չօգտագործվեց, և դրա մեջ եղած հսկա էներգիան դրականից փոխվեց բացասականի։ Էսօր արդեն հայաստանցին չի ասում՝ ես ուժեղ, հզոր Հայաստան եմ ուզում ունենալ, ասում ա՝ էս երկիրը երկիր չի։ Հիմքում նույն միտքն ա՝ էս եղածը իրա ուղած երկիրը չի, իրա ուղած երկիրը շատ ավելի լավն էր, բայց մտքի ձևակերպումը դրականից փոխվել ա բացասականի։

Ու հիմա մենք եկել հասել ենք մի հանգրվանի, որտեղից երկու շարունակություն կա։ Կամ ասում ենք՝ մեր կարեցածը էսքանն ա, մեր չափը էսքանն ա, մեր ոտքերը մեր վերմակի չափով մեկնենք։ Ու էս դեպքում նրանք, որոնց չափը նեղ չի, որոնց չափը մեծ ա, կշարունակել թողնել գնալ Հայաստանից։ Կամ ասում ենք՝ չէ, մեր չափը էսքանը չի, մենք սխալ ենք ձևակերպել մեր չափը, էս թույլ ու աղքատ Հայաստանը մեր ուղածը չի, մեր ուզածը ուրիշ ա, եկեք միասին ձևակերպենք էդ ուրիշը և միասին հասնենք դրան։

Իմ ուզածը երկրորդն ա։ Ու վստահ եմ՝ մենակ իմ ուզածը չի դա։ Հայսատանցիների մեծամասնության ուղածն ա։ Մնում ա ձևակերպել, որ կարողանանք կառուցել։ Հեշտ չի, բայց հնարավոր ա։

Շարունակությունը՝

ՎԻՈԼԵՏԻ ԽՈՍՔԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-6

Քննարկման տեսագրությունը կարող եք նայել ստեղ՝ 
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ / ՔՆՆԱՐԿՈՒՄ 
http://www.arteria.am/hy/1521278007

Տես նաև՝ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ 
http://marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto


ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ
http://marinepetrossian.com/hy/building-new-armenia