Նորություններ


ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Սկիզբը՝ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ
 http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion

ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-2

ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-3


Հրանտ Տեր-Աբրահամյանն ասեց, որ հավանաբար գրավոր կանդրադառնա մանիֆեստիս ու դրա քննարկման ժամանակ հնչած մտքերին, բայց քանի որ դեռ չի արել, ուզում եմ պատասխանել իրա բանավոր խոսքին։ Քննարկման ընթացքում ես արդեն հասցրել էի մի քիչ խոսել նոր Հայաստանի իմ պատկերացումների մասին, և Հրանտն ասեց, թե հակասություն ա տեսնում իմ մանիֆեստում եղած պատկերների ու իմ հետագա խոսքերի միջև

« ․․ ես սկզբից սենց հասկացա քո բերած էդ դարպասի պատկերը, որ մենք [սխալմամբ] կարծում ենք ինչ որ բան ահավոր սխալ ա, դրա դեմ պայքարում ենք և ուզում ենք քանդել ու նորից նոր բան սարքել, բայց հետո դու մոտավորապես նույնը ասեցիր։ Երբ որ դու ասում ես նորը պետք ա ստեղծել, ես հասկանում եմ ինչի ա մարդկանց մեջ, նույն Վոլետի մեջ, բողոք առաջանում․․․․ եթե դու նորն ես ուզում ստեղծել, դու ոչ թե պետք ա զրոյից սկսես, այլ ներկա իրականությունը ընդունես։  Մենք անընդհատ ասում ենք՝ փորձեցինք անկախ Հայաստան  ստեղծել, ձախողվեց էդ փորձը, հիմա պետք ա վերցնենք ու նորից ստեղծենք։ Տենց չի լինում։ Չի ձախողվել էդ փորձը, դու հիմա ապրում ես էդ անկախ Հայաստանում, որը [եթե էս ա] , ուրեմն էսքանն ա մեր ներուժը։ էսքանն ենք ստեղծել և էսքանի մեջ դու պետք ա շարունակես ստեղծագործել։ Ոնց որ թե Նազարեթն էլ էդ ասեց, ․․․․ Էդ դարպասը որ դու ասում ես, էն դիսկուրսն ա որի մեջ բոլորս ապրել ենք ու  վերարտադրել ենք դա, էդ թվում ես։  Տարիներով գրել ենք թե էս ամեն ինչը սխալ ա, ձախողված ա, պետք ա վերցնել ու սենց մի հատ նորից ստեղծել, բայց տենց չի լինում։ Նորից ոչ մի բան զրոյից չես կարա ստեղծես։ Կա իրականություն, էդ իրականության մեջ դու ստեղծագործի, և դա կլինի իրոք նորը։ Իսկ զրո դաշտում չես կարա ․․․․»։

Հրանտը շշմելու հստակությամբ փաստորեն ձևակերպեց իմ համոզմունքներին տրամագծորեն հակադիր թեզը՝ «ուրեմն էսքանն ա մեր ներուժը»։ Քննարկմանը մասնակից շատ ուրիշներն էլ էին էդ ասում, բայց տենց հստակ չէին ձևակերպել։ Ու քանի որ հակադիր թեզը սենց հստակ ձևակերպված ա, դա հեշտացնում ա իմ գործը, ես ավելի պարզ կարող եմ ձևակերպել իմ ասածը։

Հրանտ ջան, Հայաստանը, այո, չի ձախողվել, Հայաստանը կայացել ա որպես սովորական թույլ պետություն։ Այո, ոչ մեր կոռուպցիայի մակարդակն ա աշխարհում ամենաբարձրը, ոչ էլ աղքատությամբ ենք մենք առաջին տասնյակում։ Ես վերջերս շատ եմ շրջում աշխարհում, և գիտեմ որ ոչ էլ մեր պրոբլեմներն են ամենադժվար լուծելին։ Էս իմաստներով, այո, մենք սովորական պետություն ենք։ Մենակ մի ցուցանիշ ա Հայաստանում շշմելու բարձր, էդ ցուցանիշով մենք հնարավոր ա աշխարհի առաջին տասնյակ դուրս գանք։ Էդ ցուցանիշի անունն ա ՝ դժգոհություն։ Ահռելի մեծ դժգոհություն։ Երբ որ դու ինձ կոչ ես անում ընդունել իրականությունը ոնց որ կա, դրա՝ էդ իրականության մեջ, հայաստանցիներիս խեղդող ահռելի դժգոհությունը մտնո՞ւմ ա թե չէ։ Ես դրա հետ հաշտվե՞մ։ Թե՞ մտածեմ՝ տենց էլ պետք ա լիներ։ Չէ, տենց չպետք ա լիներ։ Ու խնդիրը ոչ միայն էն ա, որ էդ ահռելի դժգոհությունը էսօրվա վիճակով, կառուցողական ելք չգտնելով, քայքայում ա Հայաստանը, այլ էն, որ իրականում էդ ահռելի դժգոհության տակ հենց էն մեծ ներուժն ա, որը դու կարծում ես թե  չունենք։ Եթե ներուժը կիրառում չի գտնում, փոխարկվում ա թույն ու թարախի և քայքայում ա կրողի մարմինը։ Բայց էդ ներուժը միշտ չէր թույն ու թարախ, առնվազն երկու անգամ՝ 1988-ին և  2008-ին, ես ու դու տեսել ենք էդ հսկա ներուժը՝ հրապարակում ծփացող։

Հայաստանցիների մեծամասնությունը դժգոհ ա էսօրվա Հայաստանից և ուզում ա ուրիշ Հայաստան։ Էդ դժգոհությանը, կոնցեպտուալ առումով, հնարավոր ա երկու հիմնական պատասխան։ Առաջին պատասխան՝ ուրիշ Հայաստան հնարավոր չի, ինչ որ կա էս ա, փոփոխություններ եթե լինեն էլ, լինելու են դանդաղ։ Դու, ոնց հասկացա քո խոսքից, հենց էս մոտեցման կողմնակիցն ես։ Բայց էս մոտեցման դեպքում, տրամաբանության բոլոր օրենքներով, Հայաստանը շարունակելու ա դատարկվել։ Եվ շարունակելու են հեռանալ ոչ միայն նրանք, որ սոցիալական վատ պայմաններում են, այլ նաև նրանք, որ ունեն մեծ ծրագրեր՝ շարունակելու են հեռանալ տաղանդավորներն ու համարձակները։

Կա՞ սրան այլընտրանք։ Այո, կա։ Այլընտրանքը՝ երկրորդ պատասխանը, ուրիշ Հայաստանի ծրագիրն ա՝ որպես մեզ խեղդող դժգոհությունը կառուցողական դաշտ դուրս բերելու եղանակ։

Ընդդիմությունը, անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, միշտ օգտագործել ա երկրում առկա հսկա դժգոհությունը, բայց երբեք չի կոնկրետացրել իրա քաղաքական ծրագիրը։ Կարճաժամկետ առումով դա քաղաքանապես ձեռնտու ա՝ տարբեր մարդիկ տարբեր բաներից են դժգոհ, տարբեր բաներ են ուզում, եթե չես կոնկրետացնում, խարիզմատիկ լիդերի դեպքում դու կարողանում ես բոլոր դժգոհներին հավաքել մի հրապարակում և ունենում ես իշխանությունների վրա ճնշում գործադրելու ավելի մեծ զանգված։ Բայց խոշոր հաշվով սա փակուղի տանող ճանապարհ ա ու միշտ հանգեցրել ա ֆիասկոյի, քանի որ եթե ընտրություններում հաղթել չկարողացար, զանգվածն ի վերջո ցրվում ա, և ամեն ինչ դրանով ավարտվում ա։ Մեր աչքի առաջ էս ցիկլը կրկնվել ա մի քանի անգամ։ Բայց էլ չի շարունակվի, պառլամենտական համակարգի անցումով էս ցիկլի հետագա կրկնությունները կանխվեցին։ Ու Հայաստանը մտնում ա քաղաքական անշարժության փուլ։

Բայց անշարժությունը մահ ա Հայաստանի համար։ Եթե ամեն ինչ մնա ոնց որ կա, հասարակության անխտիր բոլոր շերտերում էսօր առկա հսկա դժգոհությունը վերջնականորեն դատարկելու ա Հայաստանը՝ բառիս բոլոր իմաստներով։ Մարդիկ շարունակելու են հեռանալ, իրանց հետ տանելով Հայաստանի մարդկային, սոցիալական ու ֆինանսական ռեսուրսը։  Ու դրա այլընտրանքը մեկն ա՝ դժգոհությունը հանել կառուցողական հուն։  Եթե մենք դժգոհ ենք  էն Հայաստանից որը կա, ուրեմն փորձենք ձևակերպել՝ որն ա էն Հայաստանըւ, որը ուզում ենք որ լինի։ 

Իհարկե, էդ ուրիշ՝ ցանկալի Հայաստանը, չի կարող բոլոր հայաստանցիների համար նույնը լինել։ Բայց քննարկումների միջոցով հնարավոր ա հասնել նրան, որ գծագրվեն մի քանի հիմնական տարբերակ։ Դրանում ոչ մի անհնար բան չկա։ Երբ որ էդ հիմնական տարբերակները հստակեցվեն, դրանք մտային դաշտից արդեն կարող են տեղափոխվել քաղաքական դաշտ։ Ու կախված նրանից, թե ինչ տարբերակներ են դրանք, թե որ սոցիալական շերտերը կկանգնեն դրանց թիկունքին, ըստ այդմ էլ կգծագրվեն դրանք կյանքի կոչելու հնարավոր ձևերը։ 

Ու վերջում մի երկու բառ էլ ուզում եմ ասել տեսադաշտի փոփոխության հետ կապված, որից խոսք էր գնում իմ մանիֆեստում։ Անկախացման առաջին տարիներին կար և հիմա էլ իներցիայով դեռ շարունակվում ա մի պատկերացում, թե մեր հիմնական խնդիրները սովետական ժառանգությունից են գալիս, եթե դրանք վերացնենք ու «ճիշտ» կապիտալիզմ կառուցենք, ամեն ինչ լավ կլինի։ Սա էն ա, ինչին ես ասում եմ հին, հնացած տեսադաշտ։  Որովհետև երբ որ էսօր նայում ես աշխարհի երկրներին, պարզ տեսնում ես որ ոչ մի «ճիշտ կապիտալիզմ» էլ չկա։ Նախ՝ կապիտալիզմը մեկը չի, կան դրա ամերիկյան, եվրոպական ու շվեդական տարբերակները։  Շվեդականը շատերը սոցիալիզմի տարատեսակ են համարում, ամերիկյանը սոցիալիզմի ճիշտ հակառակն ա, իսկ եվրոպականը էս երկուսի մեջտեղներում  ա։ Ու էս երեքից առաջին երկուսը էսօր էնքան էլ իդեալական վիճակում չեն, չեմ սխալվի եթե ասեմ՝ ճգնաժամի մեջ են։ Իմ առաջարկած նոր տեսադաշտը էն ա, երբ որ Հայաստանի համար առավել ցանկալի համակարգը քննարկելիս չենք ելնում արդեն հնացած դրույթից, թե ամեն սովետական բան վատն էր, իսկ ամենալավը էն տարբերակն ա, որը սովետականից ամենահեռուն ա։  Այլ աշխարհին նայում ենք ավելի հանգիստ ու հավասարակշիռ հայացքով, ու սովետական մեր փորձն էլ օգտագործում ենք ոչ թե ամեն ինչում դրան հակադրվելու համար, այլ դրանում եղած լավը, եթե կա /քննարկենք տեսնենք՝ կա թե չկա/ նաև վերցնելու համար։

Շարունակությունը՝  

ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-5

ՎԻՈԼԵՏԻ ԽՈՍՔԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-6

Քննարկման տեսագրությունը կարող եք նայել ստեղ՝ 
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ / ՔՆՆԱՐԿՈՒՄ 
http://www.arteria.am/hy/1521278007

Տես նաև՝ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ 
http://marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto


ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ
http://marinepetrossian.com/hy/building-new-armenia