Նորություններ


ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ


Սկիզբը՝ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ
 http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion

ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-2

Մանիֆեստիս քննարկման ընթացքում Ռուզան Գրիգորյանի խոսքին ուզում եմ առանձին անդրադառնալ։ Ռուզանը մանիֆեստին նախօրոք էր ծանոթացել, խոսքն էլ նախօրոք էր պատրաստել, սկզբում պատմեց ոնց ենք ծանոթացել, ասեց որ սիրում ա ինձ ու իմ բանաստեղծությունները, սիրում ա որ ես երեխու պես եմ տպավորվում, աշխարհը երեխու պես եմ ընկալում և կարողանում եմ էդ տպավորությունը մանկական լեզվով փոխանցել։ Ասեց որ սիրում ա նաև էն, որ ես որպես գործիչ կարող եմ անընդհատ ինձ հերքել, հակասել, մոռանալ ինքս իմ ավանդույթները․․․ Հետո Ռուզանն ասեց, որ էդ օրվա իրադարձությունը / իմ մանիֆեստը/ իրա համար տխուր իրադարձություն ա, քանի որ ինքը առաջ «սենց հարցերի մասին» խոսում էր քաղաքական հետաքրքրություն ունեցող և քաղաքականություն անող մարդկանց հետ, բայց վերջերս էն տեղերը որտեղ դա հնարավոր էր, ․․քայքայվում են, ու ահա էսօր ինքը եկել ա իմ կազմակերպած միջոցառմանը, որտեղ ես պատմում եմ թե ոնց ա հնարավոր նոր տեքստով, նոր բանաստեղծությամբ քաղաքականություն անել, ու սա խոսում ա էն մասին, որ մենք ունենք ռեալ քաղաքական ճգնաժամ։

Էսքանն ասելուց հետո Ռուզանն արտասանեց մի շշմելու նախադասություն՝ «Եթե դիագնոզ տամ Մարինեի արածին, դա անկարողությունն ա հարաբերվելու հուսահատության հետ, դա անկարողությունն ա հարաբերվելու քաղաքական ճգնաժամի հետ»։ Եվ շարունակեց՝ «Դա ռեալ արվեստագետի արարք ա՝ երևակայելու, պատրանքներ ստեղծելու /sic!/, նոր իրականության մասին նոր տեսադաշտ ստեղծելու։ Բայց էդ, կներեք, անկարողությունն ա, մեր բոլորի մոտ էլ կա էդ անկարողությունը, ես կարող եմ իմ մասով ասել որ իմ համար շատ ծանր ա, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, հարաբերվել Հայաստանի իրականության հետ, և հատկապես քաղաքական իրականության հետ։ Ու ճիշտն ասած, կարող ա Մարինեն ինձ ուղղի, ես Մարինեի գործունեության մեջ, հենց ապրիլյան պատերազմից հետո, շատ կտրուկ շրջադարձ տեսա։ Մինչև ապրիլյան պատերազմը Մարինեն շատ ավելի ազատ քննադատում էր, աջ ու ձախ բոլորին կպնում էր, Հայաստանի խնդիրների մասին խոսում էր, ապրիլյան պատերազմից հետո մեկ էլ հոպ, Մարինեն մենակ օպտիմիստական տեքստեր ա ասում, միայն լեզվի մակարդակում պետք ա դրական ձևակերպումներ տա, որ իրականությունը փոխվի։ Իսկ իմ կարծիքով կա սոցիալական իրականություն, ու հնարավոր չի միայն լեզվի մակարդակում պոզիտիվ ձևակերպումներ տալով, էդ իրականությունից լրիվ կտրված ձևով ասել՝ ես համարում եմ որ էս դարպասը չկա։ Չէ, էդ դարպասը կա, մենք տեսնում ենք որ կա։ Ու խնդիր կա հասկանալու էդ դարպասը, խնդիր կա հասկանալու մենք էդ դարպասի հետ ինչ ենք անելու, խնդիր կա հասկանալու որ ռեալ քաղականություն անելու հարց կա։ Դա միայն արվեստային արարք/ով լուծելիք հարց/ չի, ռեալ ուժերի անհավասար բաշխում կա, ռեալ սոցիալական խնդիրներ կան, ռեալ շահագործվող մարդիկ կան, ռեալ տրանսնացիոնալ կազմակերպություններ կան որ էսօր մտել են Հայաստան, ու հազար ու մի տենց ռեալ խնդիրներ, /դրա համար էլ/ ես չեմ կարծում թե տեսադաշտը փոխելու հարց ա, հակառակը՝  իրավիճակի հետ ռեալ հաշվի նստելու հարց ա, և դրանից հետո նոր քայլ անելու»։

Ռուզանի խոսքի տեսագրությունը ստեղ ա, 21-րդ րոպեից՝ https://www.youtube.com/watch?v=Tci-2cgqA9M&t=1265s

Էսքան երկար մեջբերումներ արեցի, որ հետո պատասխանեմ։ Սկսեմ ընդգծածս շշմելու նախադասությունից, որտեղ էլ հենց թաղված ա շան գլուխը։ Ռուզանն իմ արածը «դիագնոզում ա» որպես «հուսահատության հետ հարաբերվելու անկարողություն»։ Դուրս ա գալիս հուսահատվելը կարողության վկայություն ա, իսկ չհուսահատվելը՝ անկարողության։ Տրամաբանությունը շուռ ա եկել գլխի վրա։

Ռուզանն ինձ ներկայացնում ա մեղադրանք, թե ես ապրիլյան պատերազմից առաջ աջ ու ձախ քննադատում էի, իսկ պատերազմից հետո սկսեցի գրել միայն օպտիմիստական տեքստեր։ Ոնց տեսնում եմ, Ռուզանը դա հասկացել ա սենց՝ որ ես հիմա անընդհատ պատերազմի մասին հիշելով, հակառակորդի մասին հիշելով, քննադատական տեքստեր չեմ գրում, որ թշնամին չուրախանա։ Մեջս կասկած կա, հիմնված մանավանդ քննարկման ընթացքում հնչած մեկ-երկու ռեպլիկի վրա, որ սենց մտածողներ էլի կան, դրա համար անպայման ուզում եմ էս հարցին մանրամասն անդրադառնալ։ Ռուզան ջան, և Ռուզանի պես մտածողներ ջան, ապրիլյան քառօրյան չէ, որ ինձ պետք ա հիշացներ հակառակորդի մասին, պատերազմի չավարտված լինելու մասին, ես դրանց մասին երբեք էլ չէի մոռացել։ Բայց ապրիլյան քառօրյան, կամ ավելի ճիշտ՝ քառօրյային հաջորդած հիվանդագին զարգացումները իսկապես կապ ունեն իմ մանիֆեստի հետ, դրանք ցույց տվեցին, որ Հայաստանի ներկա ընդդիմադիր դիսկուրսը ոչ միայն ոչ ադեկվատ ա / դա վաղուց էր երևում արդեն/, այլ ձեռք ա բերել հստակ մազոխիստական/ինքնասպան ուղղվածություն։ Չորս օրվա հսկա ոգևորությունից հետո, երբ բոլորը ուզում էին ինչ որ բան արած լինել, հանկարծ Հայաստանը մեկ էլ շրմփաց դավադրապաշտական տեսությունների կանաչ ճահճի մեջ։ Ես մեկ մեկ հարցուփորձ էի անում հուսահատված ընկերներիս, որոնք շարադրում էին իրանց վարկածները, էդ վարկածները շատ տարբեր էին, դրանցում մեկ մեր իշխանություններն էին մեր գլխին պարտություն սարքում՝ էս կամ էմ նպատակով, մեկ Մոսկվան էր Հայաստանի իշխանությունների գլխին գլխին պարտություն սարքում, ու տենց շարունակ, բայց բոլոր էդ տարբեր վարկածների համար ընդհանուր էր մի բան, մի շշմելու համոզում՝ որ մենք իբր պարտվել ենք։ Եվ էդ շշմելու ոչ ադեկվատ համոզումը գալիս էր անկարողության զգացումից։ Անկարողության զգացումից, որը էպիդեմիայի պես վարակել էր բոլորին։ Հենց էդ ժամանակ էլ ես հասկացա որ մի բան պետք ա անել։ 

Հայաստանի պահով ես անկարողության զգացում երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ։ Ճիշտ հակառակը՝ ես հավատում եմ Հայաստանի կարողությանը։ Հայաստանի կարողությունը հայաստանցին ա, հայաստանցու մոտիվացիան։ Շատ տխուր ա, Ռուզան ջան, որ դու իմ մանիֆեստը հասկացել ես որպես «պատրանքներ ստեղծելու արարք»։ Այսինքն չես հասկացել։ Նոր Հայաստանը, որը ես ուզում եմ խոսքի մեջ գծել, և բոլորին էլ առաջարկում եմ որ միասին գծենք, ոչ թե պատրանք ա, այլ մոտիվացիա։ Դրական մոտիվացիա։ Կոնկրետացնեմ։ Դու քո խոսքում ասեցիր, թե Հայաստանում կան սոցիական խնդիրներ, կա շահագործում, և էդ հարցը «արվեստային արարքով» լուծելիք հարց չի, լեզվի մակարդակում լուծելիք հարց չի։ Բայց ես չեմ էլ առաջարկում հարցը «լեզվի մակարդակում» լուծել, ես առաջարկում եմ խոսակցության և քննարկումների արդյունքում նախ ձևակերպել մեր պատկերացումը էս հարցում, ձևակերպել թե մեր ուզած արդար և շահագործումից զերծ Հայաստանը որն ա։ Հենց դա էլ կլինի տեսադաշտի փոփոխություն։ Կարծում եմ կհամաձայնես որ էդ նորի պատկերացումը դեռ չկա, փոխարենը շուրջբոլորը բոլորը խոսում են սրա նրա ագահությունից ու գռփելուց՝ էմոցիոնալ մակարդակից էն կողմ չանցնելով։  Մի շաբաթ առաջ, մի հավաքի ժամանակ, մեկը ինձ լրջորեն փորձում էր համոզել, թե գռփելու պատճառը Սերժի-Սաշիկի և օլիգարխների գենետիկ կոդն ա, եթե ստուգենք կպարզվի իրանք հայ չեն։ Այ սենց մակարդակ։ Ես առաջարկում եմ էս էմոցիոնալ աջափսանդալը փոխարինենք կոնկրետ խոսակցությամբ, որ հասկանանք մեր ուզած նոր Հայաստանը որն ա։

Իմ շարքը՝ «Կոմունիզմը որ չեկավ» http://marinepetrossian.com/hy/about-communism , հենց սրա մասին ա, ասածս  խոսակցությունը սկսելու փորձ ա։ Քննարկումը դեռ չի եղել, շուտով կկազմակերպեմ։ 

Շարունակությունը՝  

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-4

ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-5

Քննարկման տեսագրությունը կարող եք նայել ստեղ՝ 

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ / ՔՆՆԱՐԿՈՒՄ 
http://www.arteria.am/hy/1521278007

Տես նաև՝ 

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ 
http://marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto


ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ
http://marinepetrossian.com/hy/building-new-armenia