Նորություններ


ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Սկիզբը՝ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion

Իմ մանիֆեստի մաս կազմող տեսանյութը կոչվում ա «Կեղծ տեսադաշտ»։ Դրանում դատարկության մեջ կանգնած դարպասներ են, ցանցեր, կողպեքներ։ Դատարկության մեջ՝ այսինքն էն բանը, որ դրանք պետք ա փակեն ու բացեն, չկա։ Մանիֆեստիս մեջ ես գրել էի, որ դրանով դրանք մի կողմից կեղծ, ոչ իսկական դարպաս ու կողպեք են, մյուս կողմից վտանգավոր են, քանի որ փակում են մեր տեսադաշտը։ Ու ես առաջարկում էի դրանց դեմ իզուր չպայքարել, քանի որ հենց դրանց դեմ պայքարելու դեպքում ա որ ոչ մի բան չկողպող էդ կողպեքները գալիս կանգնում են մեր մտքում և փակում մեր մտքի տեսադաշտը։

Էս «տեսադաշտ» բառի վրա ոնց որ թե ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձրել, չնայած տեսանյութիս մեջ մեկի փոխարեն մի հինգ անգամ գրել էի։ Մենակ Արտակ Կիրակոսյանը տեսադաշտ հասկացությանը մոտեցավ, ասելով՝ էդ կողպեքները ջարդելու մեր պայքարը ինչ-որ տեղ տանո՞ղ ա, թե՞ կջարդենք ու վերջում էլի կհայտնվենք դատարկության առաջ։

Իսկ քննարկումը բացեց Աղասի Թադևոսյանը և ասեց թե դեռ 1987թվից դաշտերում լինելով որպես ազգագրագետ, մի 50-60 տենց պարիսպ ու կողպեք ա տեսել, ու դրանք իրան ոչ թե կեղծ են թվում, այլ բնական, որովհետև շատ լավ ներկայացնում են էն հետսովետական իրականությունը, որի մեջ մենք կանք։ Հետո Աղասին բացատրեց, թե ոնց ա հասկացել իմ առաջարկը, ասեց՝ «Որպես մարդ ես իմ մեջ ունեմ լիքը տենց իրականություններ, ես գալիս եմ էդ շրջանից, ու ինքս իմ մեջ ունեմ լիքը տենց կողպեքներ անիմաստ, որ դրված են սովետի ժամանակներից, ես հիշողություններ ունեմ, ոնց որ էլի շատ մարդիկ ստեղ, և ամբողջ հարցն էն ա թե ես կարո՞ղ եմ ինքս ինձ հետ նենց խոսեմ, որ իմ մեջի կողպեքները ես համարեմ կեղծ ու քանդեմ, այսինքն դեմ գնամ ինքս իմ էգոիզմին, ինքս իմ՝ էդ շրջանից եկող սուբյեկտությանը, քանդեմ էդ ամեն ինչը խոսքով, ու էնքան խոսեմ որ արդեն նոր խոսք լինի ու իմ էդ նոր խոսքը փոխի էդ տիպի դարպասները, այսինքն փոխի նաև իրականությունը»։

Աղասու էս ասածին շատ մոտ մի բան էլ, քննարկման ավելի ուշ հատվածում, Նազարեթը ասեց, ասեց՝ «Մենք բոլորս էդ դարպասների նման ենք։ Մենք ինչ-որ ժամանակներից ենք գալիս։ Մենք ինքներս դրանցից ենք կառուցված։ Եթե կա խոսելու բան, դա մեր ձգտումներն են․․․ Մենք ոնց կարող ենք մեզ վերանորոգել, որպես հասարակություն, որպես մտավորական անձ․․»։

Իմ առաջարկն իսկապես փոփոխության առաջարկ ա, բայց ոչ էն ճանապարհով, որ նկարագրում ա Աղասին՝ «մեր միջի կողպեքները համարենք կեղծ ու քանդենք»։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ փոխենք մեր տեսադաշտը, մեր հայացքի ուղղությունը, նայենք ուրիշ ուղղությամբ, մեր ուզած նոր իրականության ուղղությամբ, ավելի ճիշտ դրա փնտրտուքի ուղղությամբ, որովհետև մեր ուզած նոր իրականությունը մենք դեռ պետք ա միասին փնտրենք ու գտնենք։

Ոնց որ ճիշտ նկատեց քննարկման ընթացքում Արտակ Կիրակոսյանը, «Սովետը քանդվելիս, Բեռլինի պատը քանդվելիս, մեր ազատագրական պայքարից հետո մենք սպասում էինք թե հեսա մեր առաջ մեր երազած իրականությունը կբացվի։ Բայց չբացվեց։ Հետո տիրապետող դարձավ մի թեզ, համաձայն որի հեծանիվ հորինելու կարիք չկա, կա Եվրոպան, կան էնտեղ գործող ինստիտուտները, մենք դրանք եթե ընդօրինակենք, կունենանք, ոնց որ ասվում էր՝  «նորմալ, սովորական երկիր»։ Բայց էդ էլ չեղավ։ Ու հիմա մենակ մեզանում չէ, արդեն ամբողջ աշխարհում էն ընկալումը կա, որ էդ նորմալը իլյուզիա էր, որ էդ նորմալը չկա, որ մեր ուզածը մենք պետք ա նոր կամ նորից ստեղծենք»։
 

Երբ տեսադաշտդ փոխում ես և սկսում ես առաջ նայել գլոբալ զարգացումների էսօրվա կոնտեքստում, տեսնում ես որ մեր սովետական ժառանգությունը մենակ բրեժնևյան աբսուրդը չի, մենակ դատարկության մեջ կանգնած դարպասները չեն։ Դրանք վերջում էին, իսկ դրանցից առաջ եղել ա պատմության ընթացքը փոխած մի հսկա իրադարձություն՝ կոմունիզմ կառուցելու փորձը։ Ճիշտ ա, էդ փորձը ի վերջո ձախողվեց, և ձախողվելուց առաջ էլ միլիոնավոր կյանքեր արժեցավ, բայց էդ փորձը՝ քաղաքական փորձը, մի կապիտալ ա, որ քիչ ազգեր ունեն։ Ճիշտ ա նաև որ մեր սերունդը՝ Սովետի վերջը տեսած սերունդը, 20-րդ դարի առաջին կեսի իրադարձությունների ականատեսը չէր, բայց Սովետում ապրած մարդը, անգամ Սովետի ամենավերջում ապրած մարդը, Հոկտեմբերյան հողափոխությունն ու դրան հաջորդած տասնամյակները կարող ա պատկերացնել, ոնց որ փղի պոչը բռնածը կարող ա փղին պատկերացնել, իսկ ասենք Սովետում երբեք չապրած սերունդը չի կարող,  սփյուռքահայը չի կարող։

Շարունակությունը՝  

ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ 
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-3 )

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-4

ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-5

ՎԻՈԼԵՏԻ ԽՈՍՔԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-6

Քննարկման տեսագրությունը կարող եք նայել ստեղ՝ 

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ / ՔՆՆԱՐԿՈՒՄ 
http://www.arteria.am/hy/1521278007

Տես նաև՝ 

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ 
http://marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto


ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ
http://marinepetrossian.com/hy/building-new-armenia