Վիեննան Ռուբիկոն էր իմ համար: Էդ Ռուբիկոնն իհարկե վաղուց էր հասունանում, միանգամից դուրս չեկավ դիմացս, բայց Վիեննայում ապրածս երկու ամիսները խփեցին վերջին մեխը:

Ես համ գրականության մեջ եմ, համ քաղաքականության: Բայց ես գրող եմ իհարկե, քաղաքական գործիչ չեմ: Ու հաստատ` միայնակ շատ բան չեմ կարող փոխել Հայաստանի քաղաքական կյանքում: Իսկ որպես գրող` մենակ եմ անելու ինչ որ անելու եմ։

Ես աշխարհական եմ: Էս իմ աշխարհականության մանիֆեստն ա: Աշխարհական` աշխարհ բառից: Իմ գրականության չափումը, համատեքստը, համակարգը ես տեսնում եմ աշխարհում, ոչ թե Հայաստանում: Հայաստանում էսօր չկա իմ գրականությունը իմաստավորելու ընդունակ քննադատ կամ գրական միտք։ Արդեն շատ երիտասարդ չեմ ու լիքը թանկարժեք ժամանակ եմ իզուր կորցրել անկարեւոր բաների վրա, բայց լավ ա ուշ, քան երբեք: Ես շրջվում եմ դեպի աշխարհ եւ փորձելու եմ գտնել իմ տեղը աշխարհի գրականության մեջ: Գիտեմ որ, մեղմ ասած, հեշտ չի լինելու` չկա ոչ մի նախադեպ, որ հայագիր գրողը կենդանության օրոք, եւ նույնիսկ ոչ կենդանության օրոք, կարողացած լինի մտնել աշխարհի գրականության համատեքստ: Էլ չեմ ասում Նոբելյան ստանալու մասին: Գումարած դրան, գրականությունը ճգնաժամի մեջ ա ոնց որ թե` ամբողջ աշխարհում:

Բայց դժվար` չի նշականում անհնար: Եվ ճգնաժամն էլ հաճախ ընդամենը նշանն ա` նոր շրջադարձի: Գրականությունը միշտ ռիսկ ա ու միայնակ ճամփորդություն անհայտ ծովերով: Եւ առանց ռիսկի` չկա հաղթանակ:

2013թ․


Տես նաեւ՝ ՄԻ ՔԱՆԻ ԼՐԱՑՈՒՄ ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԻՆ ,
ՎԵՐՆԱՏՈՒՆ, ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ ՀԵՏ ,
ՎԱ ԲԱՆԿ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԻՆԵ ՋԱՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ