ՀԻՄԱ


ՈՐ ՄԵԿԸ ՀԱԶԱՐ ԴԱՌՆԱ


Իմ նախորդ տեքստերից մեկը («ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ») վերջանում էր հետեւյալ նախադասությամբ՝ «Առանց ազգայնականության հնարավոր չի կառուցել Հայաստան երկիրը»։ Սա իմ հաստատ համոզումն ա, եւ ես ուզում եմ էս պնդումը մանրամասնել։ 

Հայաստանը, որպես երկիր, կանգնած ա պատերազմին դեմ դիմաց եւ դրա սպառնալիքը մոտակա ժամանակներում չի վերանալու։ Էդ սպառնալիքը չի վերանալու անգամ էն խիստ անհավանական դեպքում, եթե Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրվի, քանի որ էդ պայմանագիրը չի կարող նախատեսել Արցախի հանձնում Ադրբեջանին, եւ վերջինս միշտ էլ, պահը հարմար գտնելով, կարող ա ռեւանշի գնա։ 

Ուրեմն Հայաստանը չի կարող պարզապես գոյատեւել՝ որպես թույլ մի պետություն, Հայաստանը պետք  ա ուժեղ լինի, Ադրբեջանից մի քանի անգամ ուժեղ։ Հայաստանը պետք ա լինի էս տարածաշրջանի ուժեղ պետություններից մեկը։ Ո՞նց ա դա հնարավոր։ 

Նայենք մեր մեծ տարածաշրջանին եւ տեսնենք ինչն ա, որ մեզ կարող ա առաջատար դարձնի։ Նավթ՝ չունենք։ Մյուս բնական ռեսուրսներն էլ առանձնապես շատ չեն։ Տարածքով փոքր ենք, բնակչությամբ՝ քիչ։ Չունենք ռազմավարական էն տեսակ դաշնակից, որի շահերը մեր շահերի հետ արմատականորեն բռնեին, ոնց որ, ասենք, Թուրքիայի շահերն են Ադրբեջանի շահերի հետ հիմքում բռնում՝ անկախ քաղաքական տարուբերումներից։ Ի՞նչը մնաց։ Մնաց միտքը։ Ազատ միտքը։ Եվ կամքը։ Հստակ նպատակադրում ունեցող կամքը։ Ես սրան եմ ասում՝ ազատական ազգայնականություն։ 

Երեք տարի առաջ երբ եղա Հունաստանում, շշմել էի դասական Աթենքի փոքրության վրա։ Տարածական էդ փոքրությունը ես էն ժամանակ զգացի, սենց ասեմ, ոտքերով, իսկ հիմա Վիկիպեդիայում նայում եմ, գրած ա՝ դասական Աթենքի տրամագիծը մեկուկես կիլոմետր էր։ Պատկերացրեցի՞ք։ Եվ էս փոքրիկ ու քարքարոտ տարածքը տվել ա էն ֆունդամենտը, որի վրա կանգնած ա ամբողջ Արեւմտյան քաղաքակրթությունը։ Մտավոր ֆունդամենտը՝ քաղաքական, մշակութային, գիտական։ Հին Հունաստանը նման փոքրիկ քաղաք- պետություններից կազմված ոչ մեծատարած երկիր էր։ Եվ հաջողությամբ կարողանում էր հաղթել ահռելի տարածք եւ բնակչություն ունեցող Աքեմենյան Պարսկաստանին։ 

Եվրոպան դասական Հունաստանի ժառանգորդն ա, Միացյալ Նահանգներն իրա հերթին՝ Եվրոպայի ժառանգորդը։ Իսկ Հայաստանը դասական Հունաստանի ոչ թե պարզապես ժառանգորդն ա, այլ, հաշիվը խոշոր եթե վերցնենք, ժամանակակիցը։ Մենակ թե, դժբախտաբար կամ գուցե բարեբախտաբար, Հայաստանը դեռ չի ունեցել իրա ոսկեդարը։ Էս վերջին միտքս, որ ասում եմ՝ «գուցե բարեբախտաբար», խնդրում եմ որպես մազոխիզմի արտահայտություն չընկալեք, հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ։ 

Ես Աթենքում մնացի մոտ երկու շաբաթ։ Հին Աթենքը ծայրից ծայր տեսա, բայց ինձ նաեւ նոր քաղաքն էր հետաքրքրում՝ շրջեցի տարբեր, էդ թվում՝ բնավ ոչ սիրուն թաղամասերով, մասնակցեցի մայիսմեկյան ցույցերին։ Ու անգամ եթե էդ օրը ոչ մի ցանկություն չունենայի  Ակրոպոլիսը տեսնելու, մեկ ա, Ակրոպոլիսն ու Պարթենոնը անընդհատ դուրս էին գալիս հայացքիս առաջ, որովհետեւ հենց քաղաքի կենտրոնում են, բլուրի վրա, եւ անհնար ա չտեսնել։ Մեկ օր, երկու օր, երեք օր․․․ ու ես սկսեցի ինքս ինձ հարց տալ, թե ինչ ա զգում Աթենքում ապրող հույնը, երբ որ Ակրոպոլիսը սենց համառ կանգնած ա իրա աչքի առաջ։  Չէ՞ որ Ակրոպոլիսը հույնի համար ոչ միայն մարմնավորում ա անցյալի ոսկեդարը, այլ նաեւ հիշեցնում ա էն անկումը, որ կատարվել ա դրանից հետո։ Էդ անցյալը էնքան անհասանելիորեն բարձր ա, որ դրա համեմատ, ժամանակակից հույնը իրան խորը փոսի մեջ ա զգում։ Ու հենց էդ ժամանակ էլ հիշեցի տարբեր փառատոների ժամանակ հանդիպածս հույներին, որոնց մեծ մասը Հունաստանի անցյալի մասին խոսելիս, սենց ասեմ, բնավ խանդավառ չէր թվում, այլ հակառակը՝ դառնում էր զարմանալիորեն նյարդային։ Փաստորեն ոսկե անցյալը հոգեբանորեն ոչ միայն չի օգնում ժամանակակից հույնին, այլ ինչ-որ տեղ խանգարում ա։ 



Դրա համար եմ ասում՝ գուցե բարեբախտություն ա, որ մեր ոսկեդարը ոչ թե անցյալում ա, այլ ապագայում։ Հայոց պատմությունը մեծ ու չբավարարված հանրային ցանկությունների պատմություն ա։ Երբ ցանկությունը չի բավարարվում, շարունակում ա այրել։ Արդյունքում, հայ մարդկանց մեջ կա հավաքական մի նպատակադրում, որը շիկացած սլաքի ա նման՝ անցյալից ա գալիս, բայց ուղղված ա առաջ, դեպի ապագան։ Երբ որ ասում եմ հայ, նկատի ունեմ հենց էն մարդկանց, որոնց մեջ էդ հանրային ցանկությունը կա։ Հայաստանի կառուցման ցանկությունը։ Հայությունը արյունով չի որոշվում։ Լիքը մարդ կա, որ արյունով հայ ա՝ հայ հոր ու մորից ա ծնվել, հայ տատ ու պապ ունի, բայց իրան չի համարում հայ հանրության մաս, իրա ապագան չի կապում Հայաստանի կառուցման հետ, ուրեմն՝ արդեն հայ չի։ Ու լիքը մարդ կա, որի ընդամենը, ասենք, մի տատն ա հայ, կամ տատու տատը, բայց վաղը եթե իրան զգա Հայաստանի կառուցման մասնակիցը, կդառնա արդեն հայ՝ հայաստանցի։ Ու էս իմաստով, Հայաստանը մարդկային ռեսուրսի համալրման շատ մեծ պոտենցիալ ունի, բայց միայն էն դեպքում, եթե նոր Հայաստանի կառուցումը ձեւակերպվի որպես քաղաքական ծրագիր եւ սկսի իրագործվել։ 

Էդ ծրագիրը հենց ազգայնական ծրագիր պետք ա լինի, այսինք հիմքում պետք ա ունենա ազգային մենքի շահը։ Ազգային մենքն իհարկե մենքի միակ տեսակը չի, կան նաեւ ուրիշ մենքեր, օրինակ՝ դասակարգային մենքը։ Քաղաքական ծրագիրը, որը հիմքում կունենա էս կամ էն դասակարգի, էս կամ էն սոցիալական խավի շահը միայն՝ ընդդեմ մյուսի, չի կարող հասնել Հայաստանի ուժեղացմանը, քանի որ կիսելու ա եղած ռեսուրսները, հանրության ռեսուրսը հանելով կապիտալի դեմ, կամ էլ՝ հակառակը։ Իսկ մեզ պետք ա ռեսուրսները բազմապատկելու ծրագիր։ 

Ու քանի որ դրված խնդիրը ոչ թե պարզապես եղած ռեսուրսների օգտագործումն  ա, այլ դրանց բազմապատկումը, նոր Հայաստանի կառուցման ծրագիրը պետք ա լինի ազատակա՛ն ծրագիր։ Նոր Հայաստանը կառուցելու համար հայ մարդը պետք ա ազատ լինի՝ մտքով ազատ, տնտեսապես ազատ, քաղաքականապես ազատ։ Ազգային մենքը իմ անհատական եսի սահմանափակումը չպետք ա լինի, այլ ճիշտ հակառակը՝ էն հիմքը, էն կապիտալը, որի վրա հենվելով, ես հենց ԿԱՐՈՂ ԵՄ լինել ազատ։ Ազատությունը երկու պարտադիր պայման ունի՝ պետք ա ուզենաս լինել ազատ, բայց նաեւ պետք ա կարողանա՛ս լինել ազատ։ Եվ էդ կարողանալը միայն անհատական չի, միշտ նաեւ հանրային ա՝ ազատ լինել կարողանալու համար միայն իմ անհատական մտավոր եւ նյութական կապիտալը հերիք չի, դրա թիկունքին պետք ա լինի որոշակի հանրային կապիտալ, որպեսզի իմ անհատական ազատությունը հնարավոր եւ երաշխավորված լինի։ 

Էս ա անհատի եւ հայրենիքի փոխհարաբերության ամենապտղաբեր տարբերակը, որովհետեւ էդ դեպքում մեկի ազատությունը՝ որպես կապիտալ, սնում եւ հզորացնում ա մյուսին։ Եվ մեկը հազար ա դառնում։ 

(Տես նաեւ՝ ԱԶԱՏԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)