ՀԻՄԱ


ԱԶԱՏԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ազգայնականության մասին խոսակցությունը (տես՝ «Ազգայնականության մասին» ) Հայաստանում պահանջված դարձավ ապրիլյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ապրիլյան պատերազմը հստակորեն ցույց տվեց, թե ինչ հսկա ներուժ կա ազգային մենքի մեջ։ Պատերազմը վայրկենապես ակտիվացրեց ազգային մենքը՝ ընդդեմ հակառակորդի դուքի, եւ հայաստանցին մեր աչքի առաջ վերափոխվեց, դարձավ հզոր մի ուժ։ Ազգայնականությունը էն քաղաքական գործիքն ա, որի միջոցով հնարավոր ա ազգային մենքը ակտիվացնել նաեւ խաղաղ ժամանակ, արդեն ոչ թե ընդդեմ, այլ հանուն՝ հանուն Հայաստանի ապագայի։

Խնդիրն էն ա, որ ազգային մենքի նշածս ակտիվացումը՝ «հանուն» սկզբունքով, որը ես կարճ կանվանեմ պոզիտիվ ազգայնականություն,  շատ ավելի դժվար բան ա, քան առաջինը՝ «ընդդեմ» սկզբունքով (նեգատիվ ազգայնականություն)։ Որովհետեւ եթե առաջինը, ոնց որ տեսանք, վայրկենապես ու ինքնաբերաբար ա ստացվում, ապա երկրորդը, իրագործվելու համար, քաղաքական կամք ու ծրագիր ա պահանջում։

Երեւի զարմանաք ասածիս վրա, բայց պոզիտիվ ազգայնականության ամենահաջողված օրինակը ամերիկյան ազգայնականությունն ա։ Ամերիկայում էդ բառն ընդունված չի օգտագործել, բայց քաղաքական գաղափարախոսությունը, որի վրա կանգնած ա Միացյալ Նահանգները, իրականում հենց ազգայնականություն ա, քանի որ աշխատացնում ա ազգային մենքը, եւ աշխատացնում ա փայլուն ձեւով։ Իսկ ազգայնականության կենտրոնական  հատկանիշը հենց էդ ա՝ ազգային մենքը որպես առանցքային գործոն օգտագործելը։ Ուղղակի էդ մենքը կարող ա առաջացման տարբեր ձեւեր ունենալ։ Ավելի տարածված ա էն տարբերակը, երբ որ ազգային մենքը ժառանգված ա լինում հեռու անցյալից։ Իսկ ամերիկյան տարբերակում ազգային մենքը ժառանգված չի, այլ նոր ստեղծված մի բան ա, ընդ որում ստեղծումի էդ գործընթացը շարունակական ա, ամերիկյան ազգային մենքը անվերջ վերստեղծվում ա՝մյուս ազգային մենքերից ինտենսիվ համալրումներ ստանալով։

Ո՞նց ա Ամերիկան կարողացել հասնել նրան, որ աշխարհի բոլոր կողմներից մարդիկ գնում են Միացյալ Նահանգներ՝ ամերիկացի դառնալու։ Աշխարհի ամենահարուստ երկիրն ա, դրա՞ համար։ Բայց սա ավելի շատ հետեւանքն ա, քան պատճառը։ Միացյալ Նահանգները հենց սկզբից աշխարհի ամենահարուստ երկիրը չէր իհարկե, բայց հենց սկզբից կանչում էր, ասում էր՝ եկեք բոլոր քաջերդ, համարձակներդ, խելացիներդ, եկեք դարձեք ամերիկացի, քանի որ ամերիկացի դառնալու դեպքում դուք հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունն ունեք։ Էս էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ երկիրը ստեղծելու հիմնական կարգախոսը, եւ էսօր պարզ տեսնում ենք, որ էդ կարգախոսն աշխատել ա՝ նոր ստեղծված երկիրն էսօր դարձել ա աշխարհի ամենահզոր պետությունը։ Ընդ որում հիշենք, որ հյուսիսային եւ հարավային Ամերիկաների ներկա երկրների մեծագույն մասը, ԱՄՆ-ի նման, ուրիշ երկրներից կատարվող ներգաղթի արդյունքում են առաջացել։ Բայց գերտերություն չեն դարձել։ Ուրեմն Ամերիկայում կար մի բան, որն էդ երկրներում չկար կամ չաշխատեց։ Նոր ազգի կոնցեպցիա կար։ Եվ երազանք կար, որ էդ ազգը լինելու ա ամենաազատն ու ամենահզորը։ Երազանք, որ հիմնականում հաջողվեց իրականացնել։

Հնարավո՞ր ա արդյոք Հայաստանում կիրառել ամերիկյան ազգայնականության մոդելի նման մի մոդել։ Վստահ եմ՝ հնարավոր ա։ Ոչ միայն հնարավոր ա, այլ նաեւ անհրաժեշտ։ Անհրաժեշտ ու պահանջված։ Ո՞րն ա էն հիմքը, որն ինձ թույլ ա տալիս նման բան ասել։ Հիմա բացատրեմ։

Հայ ազգն իհարկե ամերիկյան ազգից շատ տարբեր ծագումնաբանություն ունի։ Մենք նոր չենք ծնվել, Հայկ ու Բելի ժամանակներից ենք գալիս, եւ մինչեւ էսօրվան հասնելը ճանապարհին մեր հետ ինչ ասես պատահել ա։ Լավ բաներ էլ են իհարկե պատահել՝ Տիգրան Մեծ ու այլն, բայց ավելի շատ վատ բաներ են պատահել, եւ էդ ամբողջի արդյունքում հայի մեջ նստած ա հսկա մի ցանկություն՝ ճեղքել, հաղթահարել պարտությունների շղթան եւ դուրս գալ նոր մի տեղ, ուրիշ մի տեղ, որը տխուր անցյալի հակառակը կլիներ։ Ու մենք դա արդեն արել ենք՝ Արցախի հաղթանակը հենց էդ ճեղքումն էր։ Ով որ տարիքի բերումով չէր տեսել, չէր հիշում 90-ականների սկզբի արցախյան հաղթանակը, հիմա՝ էս ապրիլին տեսավ էդ ոնց ա լինում։ Էն որ ասում են հայրենական պատերազմ, հենց էս ա՝ երբ որ հայրենիքը դադարում ա բառ լինելուց, նյութականանում ա, դառնում ա ուժ, որը մարդում մղում ա առաջ։ Եվ ձեր բակի Արթուրը, որին դուք սովորական տղա էիք կարծել, մեկ էլ տեսնում եք, դառնում ա հերոս։ 
 
Արցախյան հաղթանակը հայոց պարտությունների դարավոր շղթայի կտրումն էր՝ հաղթանակով, էն շրջադարձն էր, որի վրա պետք ա բարձրանա նոր Հայաստանը, նոր հայերի՝ հաղթական, ազատ, ինքնավստահ հայերի Հայաստանը։ Էս արդեն լրիվ նոր մենք ա, եւ որպեսզի էս նոր մենքի վրա բարձրանա նոր Հայաստանը, էդ նոր մենքը պետք ա քաղաքական ձեւակերպում ստանա՝ հայոց նոր ազգայնականության կողմից։ Սրա քաղաքական պահանջը վաղուց կա, սա վաղուց պետք ա տեղի ունենար, բայց մինչեւ հիմա տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ։

Որովհետեւ նոր ազգայնականությունը ազատական ազգայնականությունն ա, իսկ ազատականները Հայաստանում խուսափում են որպես ազգայնական ներկայանալուց եւ ազգայնականությունը ամբողջովին թողել են պահպանողականներին։ Ու խնդիրն էն չի՝ հայոց պահպանողականները լավն են թե վատը, խնդիրն էն ա, որ պահպանողականությունը միշտ հենվում ա անցյալի վրա, իսկ հայաստանցու նոր մենքը անցյալի վրա հենվելով ձեւակերպել հնարավոր չի։

Ազատական ազգայնականությունն էն ազգայնականությունն ա, որը ձեւակերպում ա Հայաստանը՝ որպես հայաստանցիների ազատությունն ու երջանկությունը ապահովող տուն։ Տուն, որը միասին պիտի կառուցենք, որպեսզի էդ տանը ավելի ազատ ու երջանիկ լինենք, քան կարող էինք լինել մենակ։ Կառուցենք ոչ թե մեր ազատության հաշվին, այլ հանուն մեր ազատության։ 

Հայոց անցյալն էս իմաստով մեզ շատ օգնել չի կարող, որովհետեւ հայոց անցյալը երջանկության անցյալ չի։ Հայոց անցյալից եկողը ազատ ու երջանիկ լինելու հսկա ցանկությունն ա, ոչ թե հիշողությունը։ Էդ ցանկությունն ասում ա՝ եղեք ուրիշ, եղեք նոր։ Այսինքն թե՝ մեր երջանկության Հայաստանը կառուցելու համար պետք ա լինել ազատ, անվախ, համարձակ եւ ՆՈՐԱՐԱՐ։ 

Տես նաեւ՝ ՈՐ ՄԵԿԸ ՀԱԶԱՐ ԴԱՌՆԱ