ՀԻՄԱ


ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ

(Զրույց բարձրաձայն, Ձ)



Էսօր երկու հազար տասնյոթ թվի
մարտի քսանյոթն ա,
իմ Զրույց բարձրաձայնի նախորդ գլուխները
մեծ արձագանք ունեցան,
էդ թվում՝ զայրացած,
ու զայրացածներից ոմանք ինձ ասեցին
թե քաղաքական լուրջ հարցերի մասին
բանաստեղծությամբ խոսելը
լուրջ չի։  

Ես հիմա բաաարձր, շատ բարձր ծիծաղում եմ,
Եղիշն էլ իրա գլխարկն ա թափահարում,
ասում ա՝ Մարինե, սպասում եմ,
ու ես շարունակում եմ իմ բարձրաձայն մտորումները
մեր արցախյան շարժման,
մեր արցախյան շարժման ալիքի վրա Բաղրամյան 26 հասած
Հայաստանի առաջին նախագահի
տարօրինակ վարքագծի շուրջ։  

Հ1-ին տված Լևոնի հարցազրույցի մասին արդեն գրել եմ,
բայց էդ հարցազրույցում
մի շշմելու հատված կա,
որին ուզում եմ առանձին անդրադառնալ։  

Միացրեք հաղորդման տեսանյութը,
գտեք 35-րդ րոպեն,
Լևոնը ասում ա՝
«Ժողովուրդը մի բան պիտի պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը․․ ինքն է ընտրել (sic!), ինքը միայն մի բան պետք է պահանջի՝ լուծեք այս խնդիրը, վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին․․»
Էս հատվածն արդեն մեջբերել էի,
բայց նորից դրեցի որ շարունակությունը լավ հասկանաք։  

Շարունակությունը էս ա [35.20-րդ րոպե]՝
«Ասեմ, սա օրինակներ ունի՝ Միացյալ Նահանգներին Ամերիկայի ժողովուրդը պարտադրեց դադարեցնել Վիետնամի պատերազմը․․»։  

Հասկացա՞ք։
Հիշո՞ւմ եք որ պատերազմի մասին ա խոսքը։
Վիետնամի պատերազմը
ամերիկյան իմպերիալիզմի պատերազմն էր ընդդեմ
ամերիկյան մայցամաքից բազում մղոններ հեռու գտնվող
Վիետնամի։
Ամերիկյան հանրությունը իսկապես պահանջում էր
սեփական կառավարությունից
դադարեցնել էդ պատերազմը,  
որովհետև դա
ամերիկյան ժողովրդի պատերազմը չէր։  

Ինչո՞ւ ա Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ,
բանասեր-պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանը
Արցախի մեր պատերազմը
համեմատում Վիետնամի պատերազմի հետ,
Հայաստանին դնելով
իմպերիալիստական
Ամերիկայի տեղը։

Ելույթները միշտ նախօրոք գրող,
ամեն բառը ծանրութեթև անող
քաղաքական գործիչը
չի՞ հասկանում դրանով  ինչ ա անում։  

Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանող խաղաղասերներ ջան,
տվածս հարցին պատասխանելուց առաջ
հիշեք որ Վիետնամի պատերազմի հարցով
միջազգային հանրության պահանջով
1967 թվին գումարվել ա միջազգային տրիբունալ,
որը դատապարտել ա
Միացյալ Նահանգներին
Վիետնամում գործած
ռազմական հանցագործությունների համար։  

Դուք մտածեք էս մասին, իսկ ես ասեմ,
որ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած
էս սարսափելի
համեմատությունը լսելով
ես հիշեցի անցած դարասկզբի
խաղաղասեր բոլշևիկների
բաժանած թռուցիկները,
հիշեցի դրանցում եղած կոչը՝
ուղղված հայ ժողովրդին՝
«Մի՛ մասնակցեք Թուրքիայի դեմ
Հայաստանի վարած
իմպերիալիստական պատերազմին»։  

Ու ես հիշեցի
թե ոնց ընկավ Կարսը։

Տես նաև՝ ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ՄԱՐԴԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ
ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ
ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ

ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ
ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ