ՀԻՄԱ


ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ


(Զրույց բարձրաձայն, Կ)


«Ինչո՞ւ եք ծիծաղում»ից հետո, «Զրույց բարձրաձայն»ի հաջորդ մասում, մտադիր էի գրել 1915-ի հետ կապված վտանգավոր պատկերացումների մասին, որոնք նաև մեր էսօրվա հետ են կապված, մեր էսօրվան են խանգարում։ Արդեն սկսել էի, բայց չհասցրի ավարտել, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց Հ1-ով, ու էդ ելույթում շշմելու մանրամասներ կան, որոնց անդրադառնալը չեմ ուզում հետաձգել։  

Լևոնը ասեց, մեջբերում եմ [րոպե 1.10]՝ «խնդիրը մեր ու Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր ու աշխարհակարգի միջև է»։  

Ուշադրություն դարձրեք էս բառին՝ աշխարհակարգ։ Քիչ օգտագործվող բառ ա, բավական տպավորիչ, բայց նաև՝անորոշ։ Աշխարհի կարգը ո՞րն ա, էն որ հզորնե՞րն են սահմանել, էդ հզորները ջղայնացա՞ծ են, վախենա՞նք։  

Հա, պետք ա վախենանք, ասում ա Լևոնը, և վաղուց ա ասում, հիշո՞ւմ եք «Պատերազմ թե խաղաղության» էս հատվածը՝

«Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք՝ վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել: Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել»:  

Էս խոսքերն ասվել են 1997-ին, դրանց հաջորդած քսան տարիները, թվում ա, լիուլի բավական էին հասկանալու համար, որ ոչ մի ձեռնոց էլ չկա, որ «միջազգային հանրությունը» կամ «աշխարհակարգը» առանձնապես չեն այրվում Արցախի հարցը լուծելու կրքոտ ցանկությամբ, առավել ևս՝ իրանց չեն դրսևորում որպես "Ղարաբաղի հակառակորդ", բայց Լևոնը շշմելու համառությամբ շարունակում ա նույնը կրկնել։ Ինչո՞ւ։  

Անկեղծ եմ ասում՝ իմ համար առեղծված ա սա։ Տարօրինակ։

Նայեք Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման էն հատվածը, որտեղ Լևոնը իբրև թե հակադարձում ա իր ընդդիմախոսներին՝  Արցախի հարցը ոչ թե էսօր, այլ մեր երկիրը տնտեսապես կարգի բերելուց և ռազմականապես ուժեղացնելուց հետո լուծելու կողմնակիցներին։ 36-րդ րոպեից հետո եկող հատվածն ա։ Լևոնն ասում ա՝ «Հիմա էդ մարդիկ պիտի գնան, Պուտինին, Օլանդին և Թրամփին ասեն՝ գիտեք ինչ, պարոնայք, դուք սպասեք, մենք գնանք տնտեսապես զարգանանք, ռազմականապես հզորանանք, հետո կխոսենք տարածքների վերադարձի մասին։ Սա ի՞նչ է։ Մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի
․․․ »
 

Մանկապարտեզի հոտ իսկապես որ գալիս ա նման մեկնաբանությունից։ Ինչո՞ւ ա Լևոնը Արցախի հարցի ռազմավարության մասին ասվածը հանգեցնում Պուտինին, Օլանդին և Թրամփին տրվող պիոներական զեկույցի։ Սա հոգեբանական անկեղծության պա՞հ ա։ Հնարավո՞ր բան ա։ Թե՞ ընդդիմախոսներին ծիծաղելի հանելու քարոզչական հնարք ա։ Այսինքն Լևոնը ունկնդրին էնքան ախմախ ա պատկերացնում, որ մտածում ա՝ էդ պարզունակագույն հնարքը չե՞ն նկատի։  

/շարունակելի/

Տես նաև՝ ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ՄԱՐԴԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ

ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ
ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ
ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ


ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ