ՀԻՄԱ


ՄԱՐԻՆԵ ՄԱՐԻՆԵ ՏԵՍԱ՞Ր ԻՆՉ ԱՐԵՑԻՐ


2011թ

«..հիմա արդեն մենք խոսում ենք ազգային անվտանգության մասին. Մարինեն որքան էլ պնդի, թե այս նորամուծությունները կհարստացնեն ..լեզուն, բոլորդ իմացեք և հիշեք այսուհետ, սա սպանելու է հայերենը: .... Այս ոտնձգությունները պետք է կանխվեն օրենքի ուժով, մեր երկրի համապատասխան օրենքն ընձեռում է այդ հնարավորությունը: Պատկան մարմինները հասկանալով վիճակի լրջությունը պարտավոր են օրենքի ուժով կանխել այս նկրտումները....Վ այ հեղափոխականությամբ տոգորված այս կինը` այս իգական սեռի Փանջունին, ուզում է ի թիվս այլ արժեքների հանուն սեփական ամբիցիաների ոչնչացնել հայոց լեզուն հետևաբար և մեզ ու մեր սերունդների հայ մնալու իրավունքը: Անտարբեր մի անցեք, մերժեք ու կանխեցեք այս աղետը…»:

Սրանք հատվածներ են մի քոմենթից, որ դրված ա իմ բլոգի* վերջին նյութի տակ: Ստորագրված ա` Կարապետ, բայց հետո պարզվեց` Հաբեթ Մուրադյանն ա հեղինակը: Երեւի վախեցել ա որ ես չեմ տեղադրի քոմենթը, կջնջեմ, դրա համար էլ ինձանից բացի քոմենթը ուղարկել ա Թերթ.am-ի նաեւ ուրիշ բլոգերների, ընդամենը` ութ օրինակ (որպես բլոգի ադմին ես բոլոր ուղարկված քոմենթները տեսնում եմ, անգամ եթե դրանք չեն դրվում ի վերջո):

Հաբեթին անձամբ չեմ ճանաչում: Որպես բլոգեր ոչ ադեկվատ արձագանքների սովոր եմ, էս քոմենթը որ կարդացի, սկզբում ընդամենը ծիծաղեցի: Բայց հետո, երբ որ մտա Հաբեթի ֆեյսբուքյան էջը, շատ տխուր բաներ տեսա: Որովհետեւ հիշատակածս քոմենթը դրված ա նաեւ Հաբեթի էջում, իրա նախաձեռնած մի հարցումի տակ, ու իմ ֆեյսբուքյան որոշ ընկերներ մտնում, «Ինչ կարծիքի եք Մարինե Պետրոսյանի նախաձեռնած` գրական հայերենը նորացնելու գաղափարի մասին» հարցումին պատասխանում են «բացասական» կամ «խիստ բացասական», ու ձեւ են անում, թե Հաբեթի այլանդակ տեքստը չեն տեսնում: Թե՞ տեսնում են, բայց համարում են, թե իմ դեմ կագեբե քսի տալն ու հասարակության ագրեսիան հրահրելը նորմալ ա.... Տխուր ա, ֆեյսբուքյան իմ ֆրենդներ...

Իսկ ինձ թվում էր` ես խաղաղ թեթեւ բան եմ գրել: Քանի որ բլոգումս անընդհատ հարցեր էին ինձ տալիս իմ օգտագործած լեզվի վերաբերյալ, որոշել էի մի առանձին տեքստ գրեմ դրա մասին: Սկսել էի հեռվից`պատանեկությանս հուշերից, ու քանի որ տեքստը երկարել էր, ընդհատել էի որպես «շարունակելի»: Բայց վերջի էտ «շարունակելի» բառից առաջ մի նախադասություն կար, որն էլ հենց,  ոնց որ հասկանում եմ, համբերությունից հանել ա Հաբեթին ու էլի ուրիշ հաբեթականների: Էտ նախադասությունը ասում էր. «Ինչո՞ւ եմ ես խոսակցական լեզուն օգտագործում որպես գրական լեզու: Որովհետեւ իմ նպատակը գրական լեզուն փոխելն ա, ես գրում եմ էն լեզվով, որը ուզում եմ որ վաղը դառնա գրական լեզու»: Էս նախադասությունը եթե չգրեի` էսքան տգեղ հարձակումներ երեւի թե չէին լինի: Բայց ո՞նց չգրեի, եթե դա ճշմարտություն ա:

Ես գիտեմ` բավական տարածված ա էն կարծիքը, թե ես ա-ով եմ գրում, որ իմ վրա ուշադրություն հրավիրեմ, թե դրանով ես մենակ ինձ հատուկ ու անմիջապես ճանաչվող լեզու եմ ստեղծում: Եթե ես համաձայնեի սրա հետ ու իմ գրածում շեշտը սրա վրա դնեի, հարձակումներ չէին լինի կամ կլինեին շատ ավելի մեղմ բնույթի: Բայց ես չէ՞ որ գիտեմ, որ էտ չի իմ նպատակը, որ ես դրա համար չի, որ ա-ով եմ գրում: Ես ոչ մի հատուկ մարինեական լեզու ստեղծելու ցանկություն չունեմ: Եթե ներկա գրական լեզուն ինձ բավարարեր, ես հենց դրանով էլ կգրեի: Բայց չի բավարարում, ու ես հենց էն մասը, որ ներկա գրական լեզվի մեջ ինձ չի բավարարում, փոխարինում եմ խոսակցական տարրերով:

Արդեն պատմել եմ` ես իմ բանաստեղծությունների մեջ ա օժանդակ բայ եւ խոսակցական լեզվի ուրիշ տարրեր սկսել եմ գործածել 2002 թվից: Սկզբում ինձ էլ էր թվում, թե ես կսահմանափակվեմ մենակ իմ բանաստեղծության լեզվում փոփոխություններ անելով: Լավ հիշում եմ, երբ որ  2004 թվին վերադարձա Թուրքիայի խորքերը կատարած իմ մեկամսյա ճամփորդությունից եւ պետք ա գրեի իմ տպավորությունները, մտածում էի, թե կգրեմ նորմատիվ գրականով: Նստեցի որ տենց էլ անեմ, բայց զգացի որ նորմատիվ հայերենը խանգարում ա ինձ: Տեքստը անկենդան էր ստացվում: Ու իմ ձեռքը չգնաց, որ իմ սեփական տեքստը փչացնեմ: Գրեցի էն լեզվով, որով բանաստեղծություններս էի գրում: Շատ պարզ գիտակցելով, որ դա արդեն ոչ թե գրականության լեզու ա, այլ փոխված գրական լեզու, որ ես փոփոխություններ եմ կատարում գրական լեզվում:

Ծիծաղելի կլիներ մտածելը, թե ես էնքան միամիտ եմ կամ ինքնահավան, որ մտածում եմ, թե մենակ կարող եմ փոխել գրական լեզուն: Բայց չէ՞ որ էտ փոփոխությունները ես ինքս չեմ հնարում, ես դրանք վերցնում եմ արդեն եղած լեզվից` խոսակցական հայերենից: Լեզուն մշտապես փոփոխվող երեւույթ ա, բոլոր ժամանակներում լեզուն հենց էտ ճանապարհով ա փոխվում` հարստանալով խոսակցական լեզվից վերցված տարրերով: Ուղղակի սովորական ժամանակներում էտ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ` էվոլյուցիոն ճանապարհով: Բայց կան հեղափոխական ժամանակներ, որոնք պահանջում են ավելի արագ փոփոխություններ` պահանջում են ավելի շուտ ճանապարհ տալ արդեն իսկ ուրվագծվող փոխոխություններին:

Լեզվի մասին իմ նախորդ տեքստում, որն էլ հենց առիթ դարձավ Հաբեթի ու հաբեթականների հարձակումներին, ես հենց էտ բառն էի գործածել` հեղափոխական փոփոխություններ, հեղափոխություն: Գուցե ոմանց թվա, թե չափազանցություն կա նման ձեւակերպման մեջ: Բայց արձագանքների կատաղի բնույթը արդեն իսկ ցույց ա տալիս, որ դրա մեջ չափազանցություն չկար:

Ա-ի ու է-ի տարբերությունը մեկ տառի տարբերություն չի (մանավանդ, ոնց որ գրել եմ` է-ն ա-ով փոխարինելն իրա հետեւից բերում ա մի շարք ուրիշ փոփոխություններ): Ա-ի ու է-ի տարբերությունը երկու տարբեր էսթետիկաների տարբերություն ա: Կա էսթետիկա, որը գեղեցկությունը տեսնում ա վերին հավերժական ոլորտներում, կա` որ գեղեցիկը տեսնում ա իրականի մեջ, որը հավերժ փոփոխվող ա:

Մարդու էսթետիկան ու մարդու մտածողությունը փոխպայմանավորված բաներ են, հին էսթետիկան նշանն ա հին մտածողության, ու սա քաղաքական խնդիր ա: Էսթետիկան, որը գեղեցիկը պատկերացնում ա վերեւներում, միշտ իշխանական ա: Ես սրա մասին` էսթետիկայի քաղաքական հիմքի մասին, շատ եմ գրել ու գրածս միշտ աշխուժ արձագանքներ ա ունեցել: Ամենահայտնի երկու տեքստերս էին` «Նայջել Չարնոքն ու մեր վախեցած աչքերը», «Աղվանի սիրուն ծաղիկները» :

Տեքստս ահագին երկարեց նորից, դրա համար էլ ամփոփեմ: Լեզուն, որով ես գրել եմ էս տեքստը ու որով գրում եմ իմ մնացած տեքստերը, գրական հայերենն ա` հարստացած խոսակցական տարրերով, որոնք գրական լեզվի համար էսօր դեռ համարվում են ոչ նորմատիվ` սխալ: Էսօր դեռ համարվում են, բայց վաղը չեն համարվելու: Էտ վաղը անխուսափելիորեն գալու ա` հայերենի զարգացումը անխուսափելիորեն տանում ա դրան: Հարցը ընդամենը էն ա, թե երբ` ինչքան շուտ կգա էտ վաղը: Ես առաջարկում եմ, որ շուտ գա: Իմ համար` էտ վաղն արդեն եկել ա:

* (ծան․) - Էս տեքստը նախ տպագրվել ա բլոգումս եւ տակը կային բազմաթիվ քոմենթներ, բայց երբ որ բլոգս վերածվեց սյունակի, էդ քոմենթները, իմ կամքից անկախ, ջնջվեցին