ՀԻՄԱ


ՄԱՐԻՆԵ ՄԱՐԻՆԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԳՐՈՒՄ Ա-ՈՎ


2011թ

Բլոգիս* այցելուները հաճախ են հարցնում, թե ինչու իմ տեքստերում «է» օժանդակ բայի տեղ «ա»-ն եմ գործածում: Ամեն անգամ նույն հարցին պատասխանելուց հոգնեցի ու որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի դրա մասին առանձին տեքստ գրեմ, ու եթե նորից հարցնեն, միանգամից գրածս տեքստին հղում անեմ:
Պատմությունը պետք ա մի քիչ հեռուներից սկսեմ, որովհետեւ «է» օժանդակ բայի հետ իմ կոնֆլիկտը վաղուց ա գալիս` դեռ դպրոցական տարիներից, երբ որ նոր էի սկսել բանաստեղծություն գրել: Զգում էի, որ «է» ով ձեւերը կեղծ են, ինձ խանգարում են, բայց սովետական կարգապահ ժամանակներում մտքովս չէր անցնի բանաստեղծությունը «ա»-ով գրել, դրա համար էլ, հիշում եմ, աշխատում էի բանաստեղծություններիս մեջ բայի քերականական էն ժամանակները գործածել, որոնցում օժանդակ բայ ընդհանրապես չկա, ասենք` գրեց, կգրի, ոչ թե գրում է, գրելու է:

Առաջին անգամ «ա» օժանդակ բայը գրավոր գործածել եմ նամակում: Դպրոցը նոր էի ավարտել, մերոնք գնացել էին Սեւ ծովի կողմերը հանգստանալու, ես մնացել էի քաղաքում ու երկաաար նամակ էի գրել` մեջը մի հարյուրի չափ «ա»: Իսկ որպես պատասխան ստացա ջղայնացած մի նամակ, որտեղ հայրս իմ արածը անվանել էր բարբարոսություն (կամ դրա նման մի բան, հիմա էտ նամակը ձեռքիս տակ չի որ ճշգրիտ բառը հիշեմ):

Կարծեմ հասկացաք, որ ժամանակները, երբ որ Սեւ ծովի կողմերը հանգստանալը էնքան սովորական բան էր, որ ես կարող էի դրանից ինքնակամ հրաժարվել ու ծնողներիս հետ գնալու փոխարեն վայելել դեռահասի իմ մենությունը Երեւանում, սովետական ժամանակներ էին: Հետո Սովետական Միությունը քանդվեց, սովետական ժամանակները ավարտվեցին, բայց ես դեռ է-ով էի գրում ու կարծես թե մոռացել էի օժանդակ բայի խնդրի մասին, մինչեւ որ օրերից մի օր (2002 թիվն էր արդեն) գրեցի էս բանաստեղծությունը.

գարուն ա անձրեւ ա գալիս
բոլորը վազում հեռանում են
մենակ ես եմ կանգնել նայում
ոնց ա անձրեւը գալիս
ու ես էլ ընդամենը էսօր
այսինքն երեւի շատ ուշ
հասկացա որ պետք չի վազել
երբ որ անձրեւ ա գալիս

Երեւի նկատում եք, որ վերեւի բանաստեղծությունը, ավելի ճիշտ` դրա առաջին տողը, գրված ա «Գարուն ա ձուն ա արել»-ի նմանողությամբ: Դրա համար էլ գրեցի ա-ով: Պատահականությո՞ւն էր: Գուցե: Բայց էտ պատահականությունն իմ գիտակցության մեջ արթնացրեց օժանդակ բայի հետ կապված հին խնդիրը, ու ես պարզ տեսա, որ խնդրի լուծումը պարզից էլ պարզ ա` ուղղակի պետք ա գրել «ա»-ով: Ու դրանից հետո տենց էլ արեցի: Հաջորդ բանաստեղծությունը էս էր`

դեկտեմբեր դեկտեմբեր վառարան առավոտ

անձյուն մի քիչ մութ մի քիչ ցուրտ կիրակի
չափազանց չափազանց սիրելի մի բան
անաղմուկ բայց անդարձ քայլերով
հեռանում ա
ամեն ինչ ամեն ինչ որ կա
թողնելով իրանից հիշատակ

Էս բանաստեղծության մեջ արդեն մենակ ա-ն չի, որ վերցված ա խոսակցական լեզվից, ա-ի ձգողությամբ հայտնվել ա նաեւ «իրանից» խոսակցական ձեւը: «Ա» օժանդակ բայը ախր շարքային դետալ չի տեքստում, հանդիպելով համարյա ամեն նախադասության մեջ` ա օժանդակ բայը փոխում ա տեքստի բնավորությունը, ու էտ նոր բնավորությունը արդեն պահանջում ա նորանոր փոփոխություններ:

հեռանում է / հեռանում ա
իրենից / իրանից

«Հեռանում է», «իրենից» ձեւերը էսօր համարվում են գրական ձեւեր, իսկ «հեռանում ա» եւ «իրանից» ձեւերը` խոսակցական:  Խոսակցական ձեւերի գործածումը արձակում բավական տարածված ա, պոեզիայում` շատ ավելի քիչ: Բայց անգամ արձակագիրները խոսակցական լեզուն մեծ մասամբ օգտագործում են որպես իրանց պերսոնաժների լեզու, իսկ որպես պատումի լեզու օգտագործում են գրական լեզուն: Եթե գրողը խոսակցական լեզուն օգտագործում ա նաեւ որպես պատումի լեզու` դա արդեն մի քիչ նման ա լեզվական հեղափոխության: Բայց իմ արածը ոչ թե պարզապես նման ա լեզվական հեղափոխության, այլ ամենաիսկական հեղափոխություն ա, որովհետեւ ես խոսակցական լեզուն օգտագործում եմ ոչ միայն որպես գրականության լեզու, այլ նաեւ որպես գրական լեզու (քանի որ «գրական» բառի արմատը կարող ա շփոթություն ստեղծել, հիշացնեմ որ գրական լեզուն ոչ թե գրականության լեզուն ա, այլ հաղորդակցության նորմավորված լեզուն):

Ինչո՞ւ եմ ես խոսակցական լեզուն օգտագործում որպես գրական լեզու: Որովհետեւ իմ նպատակը գրական լեզուն փոխելն ա, ես գրում եմ էն լեզվով, որը ուզում եմ որ վաղը դառնա գրական լեզու:

(շարունակությունը՝ ստեղ)

* (ծան․) - Էս տեքստը նախ տպագրվել ա բլոգումս եւ տակը կային բազմաթիվ քոմենթներ, բայց երբ որ բլոգս վերածվեց սյունակի, էդ քոմենթները ջնջվեցին