ՀԻՄԱ


ՍԻՐՈՒՆ ՏՈՒՏՈՒԶ ՍԻՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ կամ ԻՆՉՈՒ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՁԱԽԵՐ ՉԿԱՆ


Հետաքրքիր ա շատ՝ Միացյալ Նահանգներից հետեւել Քարդաշյանի երեւանյան շրջագայությանը։ Լիքը բան ա ասում Ամերիկայի մասին։ Հա, հենց Ամերիկայի մասին ավելի շատ, ոչ թե Հայաստանի։ Հայաստանն իրականում դեռ լավ չի էլ հասկանում ինչ ա կատարվում, մի տեսակ շփոթահար ա, դիմացը մի բան ա դուրս եկել, որին ծանոթ չի դեռ, չի կարողանում տեղը բերել՝ էդ ինչ ա։

Ֆեյսբուքյան ֆրենդներիս պատին անընդհատ կարդում եմ, թե Քիմի այցի օրերին աշխարհում հայոց ցեղասպանության մասին ավելի շատ խոսեցին, քան խոսել էին նախորդ տարիներին հայոց պետական ամբողջ քարոզչության արդյունքում։ Հա, երեւի հենց տենց էլ կա։ Բայց սրա պատճառը էն չի, որ հայոց քարոզչությունը թույլ ա, այլ էն, որ Քարդաշյանը ամերիկյան շոու աստղ ա ու ամերիկյան շոուաստղի մեկ ինստագրամը ավելի շատ ա արձագանք ստանում, քան կստանար Հայաստանի ամբողջ քարոզչությունը, եթե անգամ ամենախելացի ձեւով տարվեր։

Ճիշտն ասած, մինչեւ էս այցը Քարդաշյանի մասին շատ քիչ բան գիտեի։ Տեղյակ էի որ մոդել ա ու ռեալիթի շոուների աստղ, տեղյակ էի որ շատ ամերիկացիներ, Armenia բառը լսելով, ժպտադեմ արձագանքում են՝ «Kim Kardashyan?», ու նաեւ գիտեի որ Կիմը հռչակավոր տուտուզ ունի, չէի կարող դրա մասին չիմանալ, քանի որ ֆեյսբուքի ընկերներիս, մասնավորապես Զորիկ Գալստյանի պատին, Կիմի տուտուզը հաճախ էր կատակների առարկա դառնում։ Երեկ երեկոյան նստեցի, Քիմից ահագին բան նայեցի՝ թե Հայաստանի շրջագայության նյութերը, թե հին տեսանյութեր՝ հենց նրանք, որոնցով Քիմը հանրահռչակ ա դարձել։ Նենց տպավորություն ա, որ գործ ունենք գործարար տաղանդ ունեցող մեկի հետ, որը առավելագույն հնարավոր եկամտաբերությամբ օգտագործում ա թե իրա անկրկնելի տուտուզը, թե դրա հանդեպ բազմամիլիոն ամերիկացիների սերը։ Միակ անհասկանալին հայկական ծագման եւ ցեղասպանությունը չմոռանալու պահն ա։ Իմ համար դժվար ա կողմնորոշվել՝ էդ է՞լ ա մտնում բիզնես ծրագրի մեջ, թե դրանից դուրս ա, ասենք՝ հանգուցյալ հորից փոխանցված պատգամ։ Շատ հավանական ա՝ երկուսը միասին։

Քիմ Քարդաշյանը միլիոնատեր ա՝ հարստությունը հասնում ա 64 միլիոնի։ Ինքը էդ փողը ունենալու համար ոչ մեկին չի կողոպտել։ Ուղղակի մարդիկ սիրում են սիրուն տուտուզ եւ զանգվածաբար նայում են Քիմի մասնակցությամբ հեռուստատեսային ռեալիթի շոուները։ Ամեն էպիզոդի համար Քիմը ստանում ա 40 հազար դոլար։ Արդա՞ր ա որ Քիմը էդքան փող ունի, թե՞ անարդար ա։ Բայց ինչու՞ ա անարդար, ինքը ոչ մեկի չի կողոպտել։ Հը՞։

Ամերիկայում ձախեր, որպես ուժ, չկան։ Ձախությունը սոցիալական անարդարության զգացումից ա հիմնականում ծնվում։ Բայց ո՞նց ա հնարավոր սոցիալական անարդարության դեմ ոտքի հանել մարդկանց մի երկրում, որտեղ մարդկային պարզագույն պահանջմունքները, էդ թվում՝ սիրուն տուտուզ տեսնելու իրավունքը, աստվածային օրենքի պես են հարգվում եւ բավարարվում, հարգվում են, որովհետեւ դրանց բավարարման վրա ա հենվում մեծ փողեր աշխատելու ամերիկյան մեխանիզմը։ Ինչի արդյունքում էլ Քիմ Քարդաշյանը ունի 64 միլիոն։ Իսկ միլիոնավորները թեեւ միլիոններ չունեն, փոխարենը ունեն Քիմի սիրուն տուտուզը էկրանին վայելելու սուրբ իրավունքի բավարարումը։

Իսկ Հայաստանն ունի ցեղասպանության ճանաչման գործը զանգվածների մեջ առաջ տանող միջազգային շոու աստղ, բայց, ոնց որ ասեցի, հայաստանցիները մի տեսակ շփոթահար են, դիմացները մի բան ա դուրս եկել, որին ծանոթ չեն դեռ, լավ չեն կարողանում տեղը բերել՝ էդ ինչ ա։

 Ամերիկյան չափումներ են, հայրենակիցներ ջան, ամերիկյան չափումներ։ Մարդկային պարզագույն պահանջմունքների բավարարումից ստացվող մեծ հռչակ ու մեծ փողեր։

Էս նյութը նախ տպագրվել ա բլոգումս՝ Սիրուն տուտուզ սիրելու իրավունքը ԿԱՄ ինչու Միացյալ Նահանգներում ձախեր չկան