ՀԻՄԱ


ԿԱՍՅԱՆԸ ՓՈԽԵՆՔ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ՝ ՉԷ



Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկում ա փոխել բոլշևիկների անուն կրող փողոցների անունները մեր քաղաքում։ Ավագանիում դեռ հարցի քննարկումները չեն սկսվել, կլինեն սեպտեմբերին։ Բայց Հայաստանի հանրային դաշտում հարցն արդեն աշխուժորեն քննարկվում ա։ Արտահայտեմ իմ տեսակետը։  

Հայաստանի ստացած սովետական ժառանգությունը միանշանակ բացասական կամ դրական գնահատելը համարում եմ սխալ՝ դրա մեջ կան թե ակնհայտ բացասական, թե նաև դրական շերտեր։ Դրականներից են, մասնավորապես, Հայաստանի արդյունաբերականացումը, մոդեռնացումը։ Երևանը, որպես արդյունաբերական մեծ քաղաք,  ստեղծվել ա հենց սովետական տարիներին։ Դրա համար էլ ես շատ կտխրեի, եթե օրինակ, մետրոյի «Գործարանային» կայարանի անունը փոխվեր։ Հակառակը՝ կուզենայի որ վերականգվեր հանված «Բանվորի արձանը»։
 

Բայց սովետական կարգերը Հայաստանում չեն հաստատվել հայաստանցիների կամքով, անգամ ներքին հեղափոխություն Հայաստանում չի եղել։ Բաքվում գործող հայ բոլշևիկները նախ հմտորեն կազմակերպել են հայկական բանակի կազմալուծումը՝ թուրքական զորքերի առաջխաղացման ժամանակ, և այդպիսով՝ Հայաստանի Հանրապետության պարտությունը, հետո Սարգիս Կասյանի գլխավորած հեղկոմը Հայաստան ա մտել ռուսական կարմիր բանակի օգնությամբ և Հայաստանը հայտարարել սովետական։ Դաշնակցականները, չունենալով դիմադրելու հնարավորություն, իշխանությունը հանձնել են խաղաղ, բայց հեղկոմը, հենց անմիջապես, Հայաստանում սկսել ա կարմիր տեռոր՝ աքսորելով, գնդակահարելով և կացնահարելով հայ սպաներին, քաղաքական գործիչներին, մտավորականներին։  

Քանի որ հեղկոմը գլխավորած և դրանով իսկ՝ բոլշևիկյան տեռորի համար առաջին պատասխանատու Սարգիս Կասյանի անունը հենց էս ա սիմվոլացնում՝ անկախ Հայաստանի գլխատումը, իմ դիրքորոշումը միանշանակ ա՝ ես դեմ եմ որ Կասյանի անունով Երևանում փողոց լինի, ու քանի որ արդեն կա, էդ փողոցի անունը պետք ա փոխել։  

«Ելքի» առաջարկների մեջ կարծեմ կա նաև Մյասնիկյանի անունը։ Այ Մյասնիկյանի անունը հայտնի փողոցի վրայից հանելուն ես կողմ չեմ։ Մյասնիկյանը, այո, բոլշևիկ էր, ու դարձյալ՝ Սովետական Հայաստանի առաջին ղեկավարներից, բայց Մյասնիկյանի անունը ավելի շատ սովետական իշխանության դրական կողմերն ա սիմվոլացնում՝ կառուցումը, Հայաստանը տնտեսապես ոտքի կանգնեցնելը, դրսում ապրող հայ մտավորականներին Երևան հրավիրելն ու աշխատանքի պայմաններ ստեղծելը։ Գործողությունները խոսում են էն մասին, որ Մյասնիկյանի համար ազգային շահն ու դասակարգային շահը իրար բացառող չեն եղել, Հայաստանի շահը ստորադաս չի եղել։ Դրա համար էլ 1921 թվականի Կովկասյան բյուրոյի հայտնի նիստին, որտեղ քննարկվել ա Լեռնային Ղարաբաղի հարցը, Մյասնիկյանը դեմ ա քվեարկել Ստալինի պաշտպանած՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։  

Ես դեմ եմ նաև Լենինգրադյան փողոցի անունը փոխելուն։ Որովհետև էդ անունը ոչ թե Լենինին ա խորհրդանշում, այլ համանուն քաղաքը։ Լենինգրադյան փողոցը Երևանի պատմության մի մասն ա, ու չարժի էս պատմությունը ջնջել, դա չարդարացված ծայրահեղականություն կլիներ։ Ի դեպ, Փարիզի կենտրոնում, տեսել եմ, Ստալինգրադի անունով հրապարակ ու մետրոյի կայարան կա՝ փարիզցիք հարգում են ֆաշիստական Գերմանիայի դեմ ստալինգրադյան հաղթանակը, և բնավ չեն վախենում, թե դա կընկալվի որպես Ստալինի մեծարում։  

Ամփոփելով, նորից կրկնեմ ամենասկզբում ասածս՝ սովետական շրջանը Հայաստանի պատմության մի մասն ա, որն ունեցել ա թե ակնհայտ բացասական, թե նաև դրական կողմեր։ Մեր փողոցներից ջնջենք սովետական շրջանից եկող միայն էն անունները, որոնք պահելը հակասում ա անկախ Հայաստանի քաղաքացու մեր արժանապատվությանը, և պահենք նրանք, որոնք ուղղակի մեր պատմության մի մասն են։