ՀԻՄԱ


ՄԱՐԻՆԵ ՋԱՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Էն ժամանակվա իմ գրածները որ կարդաք` կտեսնեք ինչքան ուրիշ էի: Չգիտեմ` գուցե եթե Սովետական Միությունը չփլվեր նույնիսկ, մեկ ա` ես փոխվեի: Ի վերջո` 26 տարին հսկա ժամանակ ա ու մարդիկ տարիքի հետ փոխվում են: Բայց ինձ թվում ա` ստեղ մենակ տարիքը չի, ավելի կարեւոր բան կա, որ ինձ փոխել ա: Ես հստակ հիշում եմ` ինձ ոնց էի զգում էն ժամանակ, ինչ հարաբերության մեջ էի զգում աշխարհի հետ: Մի տեսակ` մեծ, շատ մեծ քառակուսի էր, քառակուսի վանդակ, ու իմ մտքի ծայրով անգամ չէր անցնում որ ես էդ վանդակը կարող եմ ջարդել: Ասեմ որ ես էն ժամանակ էլ շատ համեստ չէի, էն գլխից մաքսիմալիստ եմ եղել, բայց առավելագույնը, որ սովետական ժամանակներում անցնում էր մտքովս, էն էր, որ ես կարող էի էդ վանդակի միջից երեւալ աշխարհին: Չէ, ես դիսիդենտական բաներ չեմ գրել, որ մտածեի էդ ձեւով երեւալ աշխարհին, իմ պատկերացրածը մոտավորապես էն ձեւով երեւալն էր, ոնց որ Հրանտ Մաթեւոսյանը փորձեց երեւալ աշխարհին` որպես սովետական գրականության մի մասը:

Ու հենց Մաթեւոսյանի օրինակի վրա պարզ երեւում ա, որ ահագին բարդ խոսակցություն բացեցի էս տոնական առավոտ գիշերով: Ախր մի կողմից` եթե Հրանտը սովետական ժամանակներում չապրեր, ռուս/սովետական քննադատների կողմից չարժեւորվեր, մնար հայ քննադատների հույսին (էսօրվա հետ համեմատած` մեկ-մեկ թվում ա էն ժամանակ ավելի լավ էր վիճակը, բայց իրականում էն ժամանակ էլ չէ՞ կարգին հայ քննադատ չկար), պարզ ա որ ահագին տուժելու էր: Իրա արածի ճիշտ չափումը հենց ռուս քննադատները, ռուս գրական շրջանակները տեսան, իսկ դա գրողի համար շատ կարեւոր ա` որ իրա արածի չափումը, իրա, սենց ասեմ, շառավիղը, փոքր չլինի, հենց սկզբից ֆիքսվի որպես մեծ:

Բայց մյուս կողմից էլ` Հրանտը ոնց որ թե չկարողացավ իրա մաքսիմալ ծրագիրը իրագործի` աշխարհի գրականություն մտնի: Ու դա իրա սովետահայտ գրող լինելու հետ կապ ունե՞ր: Երեւի թե` կապ ուներ: Գոնե մի քիչ:

Իրականում սովետահայ գրող լինելը ահագին օգնում էր գրողին: Բայց հենց օգնելով էլ` խանգարում էր: Չգիտեմ` հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում: Սովետահայ գրողը աշխարհում մենակ չէր, ջունգլիում չէր ապրում որ վրան գազան բան հարձակվեին, ավելի ճիշտ` հարձակվողներ կային իհարկե, բայց դրանք տեղական նշանակության չախկալներ էին, ու վրաները հստակ գրած էր` ինչի համար կարող են հարձակվել եւ ինչու: Էսօրվա հայ գրողը լրիվ ուրիշ ֆլորա ֆաունայում ա ապրում, իրա վրա իրականում չեն էլ հարձակվում, աշխարհը իրա գոյության իրավունքն ա ուղղակի ժխտում, ու էտ գոյության իրավունքը հաստատելու համար` գրողը քիչ ա ասել թե պետք ա առյուծ լինի, առյուծ լինելն էլ ա քիչ, գրողը պետք ա բոլոր գազանները միանգամից լինի:

Մի խոսքով` երբ որ ամեն ինչ ես կորցրել, այ էն ժամանակ ա որ կարող ես ամեն ինչ գտնել: Անկախությունից սկսեցի` ուր հասա: 

Տոնդ շնորհավոր, Մարինե ջան:

Տես նաև՝ ՄԱՆԻՖԵՍՏ ԱՇԽԱՐՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ , 
ՄԻ ՔԱՆԻ ԼՐԱՑՈՒՄ ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԻՆ ,
ՎԱ ԲԱՆԿ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ