ՀԻՄԱ


ՔԱՈՍԻ ՄԱՀԱՑՈՒ բայց նաեւ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՔԱՄԻՆԵՐԸ

Էս վերջերս ամերիկյան գրական կայքերում բանավեճ նկատեցի՝ բանաստեղծության ճակատագրի մասին։ Քննարկում էին, թե ինչ ա կատարվում ամերիկյան բանաստեղծության հետ, իմաստ ունի՞ բանաստեղծություն գրելը թե չունի։ Does poetry matter?  How Much Does "Does Poetry Matter" Matter?    Is poetry dead?    The Writing Class. Էս վերջին վերնագիրն ա շատ հետաքրքիր՝ «Գրողների դասակարգը»։ Հոդվածը էն մասին ա, որ գրողներն Ամերիկայում վեր են ածվել առանձին դասակարգի՝ ապահովված, բայց փակ։



Ամերիկայի «օծման բանաստեղծ» Ռիչարդ Բլանկոն կարդում ա Օբամայի երկրորդ երդմնակալության համար գրած իրա բանաստեղծությունը

Հոդվածագիրն իհարկե առանձնապես մեծ նորություն չի ասում, ամերիկյան գրական միջավայրին քիչ թե շատ ծանոթների համար դա վաղուց ա ակնհայտ։ Ամերիկայում գործում ա գրական կյանքի հստակ մշակված հսկայական մի կոնվեյեր։ Մարդը, որը որոշել ա գրող դառնալ, գնում ա համալսարան եւ սովորում ա գրել, ոչ թե գրականություն, այլ հենց գրել՝ creative writing (մեզանում նման պրակտիկա չկա)։ Եթե սովորեց, ուրեմն ամենայն հավանականությամբ կտպագրվի, քանի որ գործում են մոտ հազար գրական ամսագրեր։ Եթե տպագրվեց, ամենայն հավանականությամբ մեծ կամ փոքր մրցանակ կստանա, քանի որ դրանք անհաշիվ են։ Կենցաղից կտրվելու եւ տրամադրող միջավայրում ստեղծագործելու համար կան անհամար կացատներ՝ ռեզիդենսներ (դրանցից երկուսում հյուրընկալվել եմ նաեւ ես)։ Կա նաեւ writer in residence-ի՝ մեզ անծանոթ պրակտիկան, երբ որ գրողները հրավիրվում են, ասենք, համալսարան կամ գրական-մշակութային որեւէ այլ հաստատություն՝ համապատասխան վճարման դիմաց դասախոսություններ կարդալու կամ զրույցներ վարելու։ Ամերիկայում կա «Դափնեկիր պոետ»՝ Poet Laurate ունենալու ավանդույթը։ Դափնեկիր պոետը նշանակվում ա Կոնգրեսի կողմից եւ ստանում ա բավական պատկառելի աշխատավարձ՝ իրա պատկերացրած եւ նախընտրած ձեւերով երկրում պոեզիայի դերը մեծացնելու միտված աշխատանք կատարելու դիմաց։ Ամերիկայում կա նույնիսկ «Օծման բանաստեղծի»՝  inaugural poet-ի պրակտիկան, երբ որ հատուկ բանաստեղծներ են նշանակվում՝ նախագահի երդմնակալության ժամանակ հատուկ դրա համար գրված բանաստեղծություն կարդալու համար։ Եւ այլն, եւ այլն։ Էս ամեն ինչը գիտենալով, դժվար ա չհամաձայնել նշածս հոդվածագրի հետ, որ գրողները Ամերիկայում առանձին դասակարգ են, կամ առնվազն առանձին խավ (writing class բառակապակցության մեջ class բառը երկու ձեւով էլ կարելի ա թարգմանել)։ Եւ ապահովված խավ (թեեւ ոչ ամենահարուստներից իհարկե)։ Լավ՞ ա սա թե վատ։ Հոդվածագրի կարծիքով՝ վատ ա, քանի որ դրա արդյունքում գրողները կտրվում են հասարակությունից եւ գրականությունը դառնում ա փակ գործընթաց՝ միայն ինքն իրանից սնվող մի բան։

Ես համանման մի բան կարծես հիշում եմ։ Համանման, բայց ոչ լրիվ նույնը։ Սովետական շրջանը նկատի ունեմ։ Իմ գրական մուտքը դրա ավարտի հետ համընկավ, բայց նախորդ վիճակներին տեղյակ եմ՝ երբ որ Գրողների միությունը ազդեցիկ, ամուր, հստակորեն գործող կառույց էր եւ ապահովում էր սեփական անդամների թե գրական կյանքի կազմակերպումը, թե նաեւ, հենց դրանով, սոցիալական հարցերը, քանի որ գրող լինելը ոչ միայն պատվաբեր գործ էր, այլ նաեւ կենսամիջոց էր ապահովում։ Բայց սովետական գրական կյանքը ամերիկյան գրական կյանքի համեմատ մի խիստ էական տարբերություն ուներ՝ ցենզուրայի առկայությունը։ Ցենզուրան կար կյանքի բոլոր բնագավառներում, խոսքի հարթակները խիստ սահմանափակ էին, եւ գրականությունը հենց էն հազվագյուտ տեղն էր, որտեղ գրաքննությունը երբեմն շրջանցվում էր։ Դրանք՝ գրաքննության շրջանցումները, իհարկե խիստ հազվադեպ էին եւ գրողից խիզախություն էին պահանջում, բայց հենց էս հանգամանքն էլ մեծացնում էր գրականության եւ գրողի վարկը հասարակության աչքում։ Սա սովետական համակարգի ամենացայտուն առանձնահատկություններից մեկն էր։




Սովետը ավարտվեց գնաց, Ամերիկան էլ օվկիանոսից էն կողմ ա, իսկ ես Հայաստանում եմ ապրում։ Նշածս երկու տարբերակներից ո՞ր մեկին ա ավելի մոտ Հայաստանի գրական կյանքը։ Ոչ մեկին։ Նշածս երկուսն էլ գրական կյանքի կազմակերպված որոշակի համակարգեր են (էին), իսկ Հայաստանում համակարգ չկա, կան առանձին գրողներ եւ առաջացող, հետո վաղ թե ուշ ցրվող գրական խմբեր։ Գրողների միությունն իհարկե ֆորմալ առումով կա, բայց փաստացի՝ չգոյություն ա, ռեալ բովանդակությունից զուրկ թղթե տնակ։ Հայաստանում գրաքննություն էլ չկա՝ Հովհաննես Իշխանյանի գիրքը գրաքննելու պաշտպանության նախարարության փորձը ավարտվեց բացահայտ ձախողմամբ։



Ուրեմն ի՞նչ։ Ուրեմն էն, որ Հայաստանում փչում են քաոսի մահացու, բայց նաեւ ստեղծարար քամիները։ Էքստրեմալ վիճակ ա, որն իհարկե հավերժ չի կարող շարունակվել, մի օր նոր համակարգը ստեղծվելու ա։ Իսկ մինչեւ էդ՝ մնում ա չզոհվել եւ օգուտ քաղել վայրենի վիճակների ընձեռած եզակի հնարավորություններից։